Հա

Քաղաքական

25/06/2019 - 14:00

Հայաստանը գլոբալ գործընթացների կենտրոնում է. Արզումանեանը՝ Իրանի եւ Վրաստանի վերաբերեալ

Քաղաքագէտի կարծիքով` «յետխորհրդային տարածք» հասկացութիւն այլեւս գոյութիւն չունի, մեր տարածաշրջանը դարձել է մեծ աշխարհի մի մաս՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

«alikonline.ir» - Քաղաքագէտի կարծիքով` «յետխորհրդային տարածք» հասկացութիւն այլեւս գոյութիւն չունի, մեր տարածաշրջանը դարձել է մեծ աշխարհի մի մաս՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Իրանի շուրջ ծաւալւած իրադարձութիւնները, ինչպէս նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լարւածութեան աճը պաշտօնական Երեւանի արդարացւած տագնապն են հարուցել: Հայաստանը հիմա իսկապէս նախանձելի վիճակում չէ: Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, արեւելքից եւ արեւմուտքից արգելափակւած հանրապետութեանը միայն երկու ելք է մնում դէպի արտաքին աշխարհ` Իրանի եւ Վրաստանի տարածքով:

Սակայն այստեղ էլ է անհանգիստ: Ընդ որում՝ ցանկացած արտառոց ու չսպասւած իրավիճակ կարող է կոմունիկացիոն եւ տնտեսական լուրջ տհաճութիւնների վերածւել փոքր պետութեան համար: Բացի այդ, հիւսիսից եւ հարաւից լարւածութեան այս օջախները կարող են խթանել իրավիճակի սրացումը մէկ այլ թէժ կէտում` Արցախում:

Հէնց այս մտավախութիւնն էր նկատւում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այսօրւայ ելոյթում, որը ԱԽ-ի նիստ էր հրաւիրել՝ առկա արտաքին գործընթացների հետ կապւած: Նա մասնաւորապէս ասաց, որ անվտանգութեան ոլորտում Հայաստանի շուրջ ստեղծւած իրավիճակը  ոչ միայն չի լիցքաթափւել, այլեւ հակառակը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները ստիպում են, որ Երեւանն աւելի զգօն լինի առաջացող մարտահրաւէրների առումով: Նա վստահութիւն յայտնեց, որ իշխանութիւնը կը կարողանայ անհրաժեշտ գործիք գտնել Հայաստանի համար յաւելեալ ռիսկերից խուսափելու եւ արդէն իսկ գոյութիւն ունեցողները կառավարելու համար:

Խօսելով տարածաշրջանում ծաւալւող գործընթացների վրայ որեւէ կերպ ազդելու Հայաստանի հնարաւորութիւնների մասին, քաղաքագէտ Հրաչեայ Արզումանեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նշեց, որ ազդեցութեան լծակներն իրականում այդքան էլ շատ չեն, սակայն իշխանութիւնը պէտք է հաշւի առնի բոլոր հնարաւոր սցենարները:

«Ցաւօք, մենք կարող ենք հետեւել միայն իրավիճակին եւ պատրաստւել հաւանական բացասական սցենարների: Նման տիպի սցենարները պէտք է հաշւարկել, եւ դրա համար Անվտանգութեան խորհուրդ գոյութիւն ունի: Սակայն մի բան կարելի է յստակ ասել. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լոկալ հակամարտութեան շռայլութիւն արդէն չի լինի: Ցանկացած հակամարտութիւն այստեղ սպառնում է ներքաշել տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասում է Արզումանեանը:

Ժամանակակից իրողութիւնները, փորձագէտի կարծիքով, պահանջում են Հայաստանի իշխանութեան ռազմավարութեան եւ քաղաքականութեան վերանայում: Պէտք է հասկանալ, որ «յետխորհրդային տարածք» հասկացութիւն այլեւս չկայ, մեր տարածաշրջանը մեծ աշխարհի մի մաս է դարձել՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

«Սա մեծ հնարաւորութիւններ է ստեղծում, բայց եւ՝ մեծ վտանգներ: Իրանի շուրջ ծաւալւող գործընթացները սպառնում են մեզ տնտեսական եւ աշխարհաքաղաքական բարդութիւններով, Վրաստանի շուրջ ծաւալւողները` կոմունիկացիոն եւ տնտեսական դժւարութիւններով»,- ասում է նա:

Արզումանեանը կարծում է, որ հայկական դիւանագիտութիւնը պէտք է փոխի սպառնալիքների եւ արձագանքների գնահատման եւ վերլուծման մասշտաբները:

Նրա խօսքով` Հայաստանն անկասկած, պէտք է փորձի որեւէ կերպ օգնել Ռուսաստանին եւ Վրաստանին՝ յաղթահարել ներկայիս լարւածութիւնը: Մի կողմում Երեւանի մերձակայ հարեւանն է, միւս կողմից` նրա ռազմավարական դաշնակիցը: Միեւնոյն ժամանակ պէտք է հասկանալ, որ Մոսկւայի և Թբիլիսիի կոնֆլիկտը շատ խորն է, այն մի քանի տասնամեակների պատմութիւն ունի: Ընդ որում` Արզումանեանը բացառում է, որ Հայաստանին ինչ-որ պահի կարող են ընտրութեան առաջ կանգնեցնել: Հայկական պետութիւնը բաւականին ամուր է իր շահերը պաշտպանելու և տարածաշրջանում հաւասարակշռւած քաղաքականութիւն վարելու համար:

«Հայաստանի հետ խօսել է պէտք: Նրան պէտք է օգտագործել միւս կողմին այնպիսի ուղերձներ փոխանցելու համար, որոնք անմիջականօրէն ուղարկւել չեն կարող»,- աւելացրեց քաղաքագէտը:

Ինչ վերաբերում է իրանական ուղղութեանը, ապա Հայաստանը պէտք է պահպանի Իրանի Իսլամական պետութեան հետ փոխյարաբերութիւնների ներկայիս կառուցւածքը: Նրա խօսքով, երբ իրավիճակն այսքան լարւած է դառնում, աշխարհը պէտք է հայակենտրոն դառնայ: Պէտք է ուշադրութիւն դարձնել բացառապէս սեփական շահերին:

Հրապարակումը դեռ պատրաստ չէր թողարկման, երբ յայտնի դարձով, որ յունիսի 27-ին Հայաստան կայցելի վրացական պատւիրակութիւնը՝ փոխվարչապետ Մայա Ցկիտիշւիլիի ղեկավարութեամբ: Նա կը մասնակցի տնտեսական համագործակցութեան հայ–վրացական միջկառավարական յանձնաժողովի նիստին: Կարելի է հարիւրտոկոսանոց վստահութեամբ պնդել, որ նիստում կը քննարկւի նաեւ ռուս–վրացական յարաբերութիւնների ընթացիկ իրավիճակը: Ուզում ենք յուսալ, որ հայկական կողմը կը կարողանայ արդիւնաէտ օգտագործել նիստը՝ իրեն յուզող հարցերի պատասխաններ ստանալու համար:

Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգութիւններից յետոյ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել յուլիսի 8-ից ՌԴ-ից դէպի վրացական տարածք ռուսական աւիաընկերութիւնների կողմից չւերթեր իրականացնելու արգելքի մասին:  Ռուսաստանցիներն առաջին տեղում են Վրաստան այցելող զբօսաշրջիկների շարքում: 2019 թւականի յունւարից մայիս ՌԴ շուրջ 540 հազար քաղաքացի է այցելել Վրաստան, ինչը 31%–ով գերազանցում է 2018 թւականի նոյն ժամանակահատւածի ցուցանիշը:

Կրեմլում նշել են, որ աւիահաղորդակցութիւնը դադարեցնելու մասին հրամանը հարկադրւած միջոց է ռուսաստանցիների անվտանգութեան ապահովման համար՝ Թբիլիսիում տեղի ունեցած ծայրայեղական գործողութիւնների ֆոնին: Կրեմլում նաեւ պարզաբանել են, որ արգելքը ուժի մէջ կը մտնի յուլիսի 8-ից, քանի որ այդ ընթացքում կաւարտւեն Վրաստանի ուղղութեամբ իրականացւող տուրերի մեծ մասը:

Ինչպէս նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վրաստանում «ռուսատեացութեան հիստերիա է, որը արհեստականօրէն հրահրւում է արմատական տարրերի կողմից»: Նա նաեւ նշել էր, որ Վրաստանը ներքին ճգնաժամ է ապրում, սակայն ռուսական կողմը «դա իր խնդիրը չի համարում»:

«Մեր խնդիրն է լինում, երբ դա հակառուսական բնոյթ է ստանում: Դա այն է, ինչը ստիպում է մեզ մտահոգւել»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը:

Մեկնաբանելով Թբիլիսիի բողոքի ցոյցերը` ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովն իր հերթին յայտարարեց, որ Վրաստանը` արեւմտեան աշխարհաքաղաքական ինժեներիայի հետեւանքների օրինակ է դարձել: Նա կարծում է, որ արեւմտեան «հրահանգիչները» պատրաստ են աչք փակել ազգայնամոլների անկարգութիւնների, ռուսատեացութեան վրայ, միայն թէ խզեն Ռուսաստանի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերաշարադրեն ընդհանուր պատմութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։