Հա

Քաղաքական

26/06/2019 - 10:00

«Դիւանագիտական խողովակներով կը յստակեցւեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկէտները». Դեսպան Տոլմաջեան

Ֆրանսիայի Հանրապետութիւնը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել Հայաստանի տնտեսութեան մէջ կատարած ներդրումների առումով, մեծ թափով զարգանում են Հայաստանի ու Ֆրանսիայի յարաբերութիւնները նաեւ մի շարք այլ ոլորտներում:

«alikonline.ir» - Ֆրանսիայի Հանրապետութիւնը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել Հայաստանի տնտեսութեան մէջ կատարած ներդրումների առումով, մեծ թափով զարգանում են Հայաստանի ու Ֆրանսիայի յարաբերութիւնները նաեւ մի շարք այլ ոլորտներում: Երկու երկրների միջեւ դարերի ընթացքում ձեւաւորւած բարեկամական յարաբերութիւնների ներկայիս իրավիճակի, առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի՝ Հայաստան հաւանական այցի, եւ մի շարք օրակարգային հարցերի շուրջ «Արմէնպրես»-ը զրուցել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Յասմիկ Տոլմաջեանի հետ:

 

- Տիկին դեսպան, ինչպէ՞ս կը բնութագրէք ներկայիս հայ-ֆրանսիական յարաբերութիւնները:

- Հայ-ֆրանսիական յարաբերութիւնները որակւում են, իրավամբ, որպէս «առանձնաշնորհեալ»: Այն արտայայտւում է երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակով հաստատւած քաղաքական սերտ երկխօսութեամբ եւ երկկողմ համագործակցութեան անխտիր բոլոր ոլորտներում դինամիկ զարգացում ապրող փոխգործակցութեամբ: Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ պատմականօրէն ձեւաւորւած բարեկամական յարաբերութիւններն, անշուշտ, լաւ հիմք են ստեղծել Հայաստանի անկախութիւնից ի վեր երկու երկրների միջեւ միջպետական սերտ յարաբերութիւնների հաստատման համար: Կը ցանկանայի նաեւ ընդգծել այն առանձնայատուկ դերակատարութիւնը, որ ունի Ֆրանսիայում լաւագոյնս ինտեգրւած շուրջ վեցհարիւրհազարանոց հայ համայնքը հայ-ֆրանսիական բարեկամութեան ամրապնդման գործում:

Հայ-ֆրանսիական բարեկամական աւանդոյթներն սկիզբ են առնում դեռեւս Կիլիկեան հայոց թագաւորութեան ժամանակաշրջանից: Կը ցանկանայի յիշատակել ընդամենը մէկ փաստ, ինչը վկայում է երկու ժողովուրդների միջեւ պատմականօրէն սերտ առնչութիւնների խորութիւնը. Կիլիկիայի հայոց վերջին թագաւոր Լեւոն 6-րդը միակ օտար արքան է, որի աճիւնն ամփոփւած է ֆրանսիացի թագաւորների հետ մէկտեղ՝ Սեն-Դընի տաճարի արքունի դամբարանում: Հետագայ դարերի ընթացքում, հայ-ֆրանսիական բարեկամութիւնը մշտապէս սնուցւել եւ հարստացել է մշակութային, կրթական, առեւտրական շփումների շնորհիւ: Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Ֆրանսիայում ապաստան գտած բազմահազար վերապրողներ իրենց կարեւոր նպաստն են բերել ֆրանսիական հասարակութեան բոլոր շերտերում հայ ժողովրդի նկատմամբ համակրանքի կապիտալի ձեւաւորմանը:

 

- Որո՞նք են երկկողմ յարաբերութիւնների ու համագործակցութեան խթանման հիմնականուղղութիւնները:

- Երկրի բարձրագոյն իշխանութիւնների միջեւ հաստատւած սերտ քաղաքական երկխօսութիւնը նշանակալի տեղ է զբաղեցնում հայ-ֆրանսիական առանձնաշնորհեալ յարաբերութիւններում: Այն ամրապնդւում է երկկողմ յաճախակի միջպետական փոխայցելութիւններով. վերջին մէկ տարւայ ընթացքում վարչապետ Փաշինեանը եւ նախագահ Մակրոնը հանդիպել են հինգ անգամ. երկու ղեկավարներն օգտագործեցին թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ առաջին իսկ հնարաւոր առիթը երկկողմ հանդիպման համար՝ նախորդ տարւայ յուլիսին՝ Բրիւսէլում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, սեպտեմբերին արդէն ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանեց Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահի հրաւէրով, հոկտեմբերի 4-ին նրանք կողք-կողքի էին՝ Ֆրանսիայի կողմից Շառլ Ազնաւուրին նւիրւած հրաժեշտի համազգային արարողութեան ժամանակ, յաջորդ հանդիպումն արդէն Երեւանում էր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցութեամբ, իսկ ուղիղ մէկ ամիս անց, նախագահ Մակրոնը եւ վարչապետ Փաշինեանը վերստին հանդիպեցին Փարիզում Առաջին աշխարհամարտի աւարտի հարիւրամեակի հանդիսաւոր տօնակատարութեան շրջանակում:

Յատկանշական է նաեւ, որ 2018 թ. կայացած թաւշեայ յեղափոխութիւնից ընդամենը օրեր անց Հայաստան այցելած առաջին արտերկրեայ բարձրաստիճան պաշտօնեան Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եւրոպայի նախարար Ժան-Իւ Լը Դրիանն էր: Իսկ ապրիլի 16-18-ին տեղի ունեցաւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի այցը Ֆրանսիա, ինչը հնարաւորութիւն ընձեռեց վերստին, նախարարական մակարդակով, անդրադառնալու երկկողմ համագործակցութեան օրակարգային հարցերին:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ուշադրութիւնը մեր ժողովրդի համար կենսական նշանակութիւն ունեցող հարցերի նկատմամբ: Ֆրանսիան՝ իբրեւ Մինսկի խմբի համանախագահ՝ կարեւոր ներգրաււածութիւն ունի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացում եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղութեան եւ անվտանգութեան ամրապնդման հարցում: Ֆրանսիան նաեւ ՀՀ համար առանցքային գործընկեր է ԵՄ հետ յարաբերութիւններում: Գերազանց համագործակցութիւն է հաստատւած երկու երկրների միջեւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ: Կցանկանայի առանձնայատուկ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան շրջանակում փոխգործակցութիւնը, որին նոր կարեւոր լիցք հաղորդեց նախորդ տարւայ հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

Հայ-ֆրանսիական գերազանց յարաբերութիւնների կարեւոր յենասիւներից է նաեւ միջխորհրդարանական համագործակցութիւնը, ինչպէս նաեւ երկու երկրների շուրջ մի քանի տասնեակ տեղական համայնքների եւ մարզերի միջեւ հաստատւած ապակենտրոնացւած փոխգործակցութիւնը:

Երկկողմ համագործակցութիւնը դինամիկ զարգացում է ապրում գիտական եւ կրթական ոլորտներում: Այս ոլորտում համագործակցութեան լաւագոյն օրինակ է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն արդէն աւելի քան երկու տասնամեակ պատրաստում է բարձրակարգ մասնագէտների եւ իր ուրոյն տեղն ունի մեր երկրի բարձրագոյն կրթական հաստատութիւնների շարքում: Ընթացիկ ուսումնական տարւանից համալսարանում բացւել է նոր ֆակուլտետ՝ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, որը կոչւած է պատրաստելու բարձրակարգ մասնագէտներ՝ Հայաստանում մեծ զարգացում ապրող բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար եւ, բնականաբար, կը խթանի նաեւ այս ոլորտում երկկողմ համագործակցութեան խորացմանը։

Ֆրանսիայի մի շարք համալսարաններում գործում են հայագիտութեան ամբիոններ, իսկ Ֆրանսիայի Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների ազգային ինստիտուտում հայերէնի ուսուցման սկիզբը դրւել է դեռեւս 1799 թւականին:

Գիտակրթական ոլորտում համագործակցութեան վառ օրինակներից է նաեւ Թուլուզի համալսարանի կողմից Հայաստանին գերհզօր սուպերհամակարգչի նւիրումը։ Այն տեղադրւելու է Ինժեներական քաղաքում եւ կարող է կիրառւել ռազմա-պաշտպանական, առողջապահական, կրթական, էկոլոգիական, երկրաբանական հիմնախնդիրների ուսումնասիրութիւններում, ինչպէս նաեւ այնպիսի գիտատար ոլորտներում, ինչպիսիք են միջուկային վառելիքի էլեմենտների կենսացիկլի մոդելաւորումը, միջուկային եւ թերմամիջուկային ռեակտորների նախագծումը, քւանթային համակարգիչների ստեղծումը, հաշւողական կենսաբանութիւնը եւ քիմիան։

Հայաստանը պատրաստ է նաեւ ինքը կիսել իր փորձը իր ֆրանսիացի գործընկերների հետ եւ ուրախ ենք, որ նրանք եւս որոշ դէպքերում կարող են հանդիսանալ հայկական յաջողութիւնների շահառու: Ինչպէս գիտէք, Փարիզում, մի քանի ամիս առաջ բացւեց Թումոյի մասնաճիւղը՝ Փարիզի քաղաքապետի նախաձեռնութեամբ՝ ՀՀ քաղաքապետի, ՀՀ կրթութեան նախարարի եւ ԵՄ նորարարութեան յանձնակատարի մասնակցութեամբ: Դա ոչ միայն նորարարական կրթութեան ոլորտում համագործակցութեան փայլուն օրինակ է, այլեւ ունի խորհրդանշական մեծ արժէք. Փարիզը, ներմուծելով հայկական ապրանքանիշը, այն դարձրեց միջազգային:

 

- Ինչպէ՞ս կը բնութագրէք ֆրանսահայ համայնքը եւ վերջինիս դերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ յարաբերութիւնների սերտացման գործում:

- Ֆրանսահայ համայնքը, որն աշխարհում երրորդն է իր մեծութեամբ՝ ԱՄՆ-ից եւ ՌԴ-ից յետոյ, իր գերազանց ինտեգրւածութեան, օրինապահութեան, երկրի մշակութային, հասարակական-տնտեսական, քաղաքական կեանքում ունեցած իր նշանակալի նպաստի շնորհիւ ֆրանսիական հասարակութեան մէջ ձեւաւորել է հայ ժողովրդի հանդէպ մեծ համակրանք եւ բնական կամուրջ է հանդիսանում մեր երկու պետութիւնների միջեւ:

Շառլ Ազնաւուրի դիպուկ եւ հանճարեղ ձեւակերպումը՝ իր 100 տոկոսով հայ եւ 100 տոկոսով ֆրանսիացի լինելու մասին, լաւագոյնս է արտացոլում իր հայկական արմատներին, ինքնութեանը մեծապէս հաւատարիմ եւ, միեւնոյն ժամանակ՝ Ֆրանսիայի լիիրաւ քաղաքացի հանդիսացող ֆրանսահայերին։

Համայնքը կարողացել է նաեւ ստեղծել հասարակական կազմակերպութիւնների լայն ցանց, որոնք, հիմնականում, միաւորւած են Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի մէջ։ Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի՝ վերջին տարիներին աւանդական դարձած ամենամեայ ընթրիքն իր ներկայութեամբ պատւում է Ֆրանսիայի նախագահը, ինչը եւս արտայայտում է հայ համայնքի գերազանց ինտեգրւածութիւնը, ինչպէս նաեւ այն ընդհանուր համակրանքն ու գնահատւածութիւնը, որ նա վայելում է ինչպէս իշխանութիւնների, այնպէս էլ հասարակութեան տարբեր շերտերի կողմից։ Յիշեցնեմ, որ փետրւարի 5-ին հէնց այս տարեկան ընթիքի ժամանակ էր, որ նախագահ Մակրոնը հրապարակաւ յայտարարեց Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման պետական օր հռչակելու իր մտադրութիւնը՝ ընդգծելով, որ «ֆրանսահայերի պատմութիւնը՝ Ֆրանսիայի պատմութիւնն է»: Ի դէպ, ոգեկոչման արարողութեանը Ֆրանսիայի բարձրագոյն իշխանութիւնների մասնակցութիւնը նոյնպէս Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների պատմութեան, յիշողութեան նկատմամբ վերջիններիս ուշադրութեան կարեւոր արտայայտութիւններից է:

 

- Ինչպէս կը մեկնաբանէ՞ք ֆրանսիական դատարանների կողմից Արցախի քաղաքների հետ համագործակցութեան յուշագրերի չեղարկումը:

- Բնականաբար բոլոր, այն հարցերը, որոնք այս կամ այն կերպ առնչւում են համահայկական շահերին, հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամութեանը մշտապէս գտնւում են մեր ուշադրութեան կենտրոնում:

Զերծ կը մնամ Ֆրանսիայի ներքին իրաւական գործընթացները մեկնաբանելուց: Միեւնոյն ժամանակ կարեւորում եմ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ տարբեր մակարդակներում բարեկամական պլատֆորմների ձեւաւորումը եւ զարգացումը՝ այդ թւում տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, եւ այս գործընթացում Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը չպէտք է խոչընդոտ հանդիսանայ եւ շահարկւի: Այս տեսակէտից ողջունելի են բարեկամութիւնը շարունակելու տեղական մարմինների ղեկավարների յայտարարութիւնները:

 

- Անդրադառնանք տնտեսական ցուցանիշներին: Ասացէք խնդրեմ, վերջին տարիներին երկու երկրների առեւտրաշրջանառութեան ինչպիսի՞ցուցանիշներ են գրանցւել եւ ո՞ր ուղղութիւններով: Ինչպիսի ներուժ ունի Հայաստանը՝ գրաւելու ֆրանսիացի ներդրողներին, որ ոլորտները կարող են հետաքրքրական լինել: Զբօսաշրջութեան բնագաւառում ինչպիսի՞ հեռանկարներ կան:

- Ֆրանսիան` Հայաստանի տնտեսութեան մէջ կատարած ներդրումների առումով շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր։ Հայաստանում ներկայ են ֆրանսիական մի շարք յայտնի խոշոր ընկերութիւններ, ինչպէս օրինակ «Վեոլիան», «Քարֆուրը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Պերնօ-Ռիկարը»:

Այդուհանդերձ, երկկողմ տնտեսական համագործակցութեան մակարդակը դեռեւս նկատելիօրէն զիջում է քաղաքական յարաբերութիւնների մակարդակին, եւ երկուստեք քայլեր են արւում այդ ուղղութեամբ համագործակցութեան զարգացման ներուժը իրապէս օգտագործելու համար, մասնաւորապէս՝ նորարարական տեխնոլոգիաների, վերականգնւող էներգետիկայի, զբօսաշրջութեան, ենթակառուցւածքների, գիւղատնտեսութեան, բնապահպանութեան ոլորտներում:

Անցեալ սեպտեմբերին Փարիզում աշխատանքային այցով գտնւող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ֆրանսիայի ձեռնարկութիւնների միութեան (MEDEF) կողմից կազմակերպւած գործարար հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում գործարար միջավայրի բարելաւման եւ հաւասար մրցակցային պայմանների ապահովման ուղղութեամբ կառավարութեան կողմից ձեռնարկւող քայլերը, ինչը նպաստաւոր պայմաններ է ստեղծում ֆրանսիական ընկերութիւնների եւ ներդրումների առաւել գործուն մուտքը հայկական շուկայ ապահովելու համար: Հայաստանի անդամակցութիւնը 170 միլիոնանոց շուկայ եւ առանց մաքսատուրքերի տարածք ապահովող Եւրասիական տնտեսական միութեանը, ինչպէս նաեւ Եւրոպական միութեան հետ առեւտրային «GSP+» համակարգը՝ զուգակցելով Հայաստանում տնտեսական եւ հարկային բարեփոխումներին, կարծում ենք, համագործակցութեան նոր հնարաւորութիւններ կուղենշի երկու երկրների գործարարների համար:

Երկկողմ համագործակցութեան կարեւոր ներուժ ունեցող ճիւղերից է բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Ընդամենը շաբաթներ առաջ Փարիզի հանրայայտ «Vivatech 2019» տեխնոլոգիական համաժողովին առաջին անգամ ներկայացւած էր նաեւ Հայաստանը՝ առանձին տաղաւարով՝ մէկ տասնեակից աւելի հայկական ստարտափներով, որոնք հնարաւորութիւն ունեցան իրենց իւրօրինակ մտայղացումներով կիսւել ՏՏ ոլորտի ֆրանսիացի եւ համաշխարհային կարեւոր դերակատարների հետ: Համաժողովին ներկայ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Յակոբ Արշակեանը կարեւոր հանդիպումներ ունեցաւ համաշխարհային առաջատար մի շարք ընկերութիւնների ղեկավարների հետ՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարաւորութիւնները բարձր տեխնոլոգիական ոլորտում:

Վերջին տարիներին կայուն աճում է Ֆրանսիայից Հայաստան այցելող զբօսաշրջիկների թիւը: Վերջիններիս շարքում անկասկած մեծ թիւ են կազմում հայկական արմատներով Ֆրանսիայի քաղաքացիները, սակայն Հայաստանի նկատմամբ զբօսաշրջային հետաքրքրութիւնն աճել է նաեւ ֆրանսիացիների շրջանակում:

 

- Ի՞նչ միջոցառումներ են նախատեսւում այս ոլորտում առաջիկայում: Կան արդեօք ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնաւուրի յիշատակին նւիրւած միջոցառումների ծրագրեր:

- Մէկ ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Ֆրանսիայում նշւեց Շառլ Ազնաւուրի ծննդեան 95-րդ տարեդարձը: Այդ կապակցութեամբ մայիսի 21-ին Փարիզում այն տան մօտ, որտեղ իր կեանքի առաջին տարիներն է անցկացրել Ազնաւուրը, բացւեց մեծ երգչին նւիրւած յուշատախտակ: Նոյն օրը, Փարիզի քաղաքապետարանի առջեւ գտնւող հրապարակում անցկացւեց բացօթեայ մեծ համերգ: Առաջիկայ ամիսներին նախատեսւում է Փարիզում Ազնաւուրի արձանի բացումը, եւ Փարիզի սրտում գտնւող Երեւանի պուրակի շարունակութեամբ գտնւող ծառուղու անւանակոչումը մեծ արտիստի անունով։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, օրինակ, Կլիշի, Շաւիլ, Մարսէլ, Ալֆորւիլ, Իսի-լէ-Մուլինօ եւ այլն, հրապարակներ, համերգասրահներ անւանակոչւեցին Շառլ Ազնաւուրի անունով:

 

- ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրն արդէն վաւերացրել է 15 պետութիւն: Ի՞նչ փուլում է Ֆրանսիայի կողմից համաձայնագրի վաւերացման գործընթացը:

- Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցութիւնը Հայաստան-ԵՄ համագործակցութեան համատեքստում: Վստահ ենք, որ ՀԸԳՀ-ն նոր հարթակ կը հանդիսանայ երկկողմ համագործակցութեան խորացման համար:

Մարտի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը միաձայն հաւանութեան է արժանացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի վաւերացումը նախատեսող օրէնքի նախագիծը եւ նախատեսւում է, որ առաջիկայում Ֆրանսիան կը վաւերացնի համաձայնագիրը:

 

- Նախագահ Էմանուէլ Մակրոնն ապրիլի 10-ին Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ինչպէ՞ս էք գնահատում Ֆրանսիայի քայլերը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում:

- Ֆրանսիան առանցքային դերակատարութիւն է ունեցել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում։ Այն աշխարհում առաջին պետութիւնն է, որ 2001-ին օրէնքի ուժով ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Ֆրանսիայի նախագահը Երեւանում ներկայ էր Ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչման արարողութեանը: Ֆրանսիայի տարածքում մի քանի տասնեակ յուշարձաններ, փողոցներ, հրապարակներ, պուրակներ նւիրւած են Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Հայոց մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ուղղութեամբ շատ կարեւոր հանգրւան էր նախագահ Մակրոնի նախաձեռնութեամբ եւ հրամանագրով Ապրիլի 24-ի՝ որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրւայ ամրագրումը Ֆրանսիայի պետական օրացոյցում եւ հետեւաբար՝ այսուհետ ոգեկոչումը պետական մակարդակով: Այս տարի Ֆրանսիայի աւելի քան եօթ տասնեակ քաղաքում անցկացւել են յիշատակի միջոցառումներ՝ պատգամաւորների, սենատորների, քաղաքապետների մասնակցութեամբ։ Ինչպէս անշուշտ տեղեակ էք, Փարիզում կայացած միջոցառմանը ներկայ գտնւեցին եւ ելոյթով հանդէս եկան Ֆրանսիայի վարչապետը, Փարիզի քաղաքապետը, ներկայ էին տասնեակ նախարարներ քաղաքապետեր, խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական գործիչներ։ Յիշատակի օրւան լայն անդրադարձ կատարւեց տասնեակ լրատւամիջոցներով։ Նախագահ Մակրոնը յատուկ ուղերձ յղեց՝ ի համերաշխութիւն հայ ժողովրդի հետ։

 

- Տիկին դեսպան, նախագահ Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի վերոնշեալ ընթրիքի ժամանակ յայտարարել էր նաեւ Հայաստան այցելելու իր մտադրութեան մասին: Այցի ժամկէտների վերաբերեալ ի՞նչ յստակեցումներ կան:

- Իրաւացի էք: Նախագահ Մակրոնը հրապարակավ վերահաստատել է առաջիկայում Հայաստան պետական այցով այցելելու մտադրութիւնը: Առաջիկայ ամիսներին, երկուստեք դիւանագիտական խողովակներով, աշխատանք կը տարւի՝ այցի ժամկէտների յստակեցման ուղղութեամբ: Վստահ եմ, որ այն նոր կարեւոր լիցք կը հաղորդի հայ-ֆրանսիական ամուր բարեկամութեանը։

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Յարութիւնեանին
    Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Յարութիւնեանին

    Ֆրանսահայ դաշնակցական երիտասարդները ՀՀ վարչապետի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանին դիմաւորել են նրա հրաժարականը պահանջող պաստառներով եւ կարգախօսներով:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։