Հա

Քաղաքական

13/07/2019 - 08:00

Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի

Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում Անկախութիւնից յետոյ փաստացի իրագործւել է «թոյլ պետութեան» մոդել։ Նէոլիբերալ գաղափարախօսութիւնը տասնամեակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակութեան բացարձակ մեծամասնութեան համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նիւթական եւ սոցիալական վիճակից, ձեւաւորեց մի նոր հասարակութիւն, որտեղ խառնւել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը։

Նէոլիբերալիզմի հետեւանքները. պետական կառավարման վերջը 

Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում Անկախութիւնից յետոյ փաստացի իրագործւել է «թոյլ պետութեան» մոդել։ Նէոլիբերալ գաղափարախօսութիւնը տասնամեակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակութեան բացարձակ մեծամասնութեան համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նիւթական եւ սոցիալական վիճակից, ձեւաւորեց մի նոր հասարակութիւն, որտեղ խառնւել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը։ Հասարակութեան միայն մի փոքր հատւածն ունի պետութեան զարգացման բոլորովին այլ պատկերացում, որը համահունչ է իրական պետութիւն կառուցելու սկզբունքներին ու ձեւերին։ Սակայն աբսուրդը կայանում է հէնց նրանում, որ իրական պետութեան կառուցման գաղափարախօսութիւնը դարձել է մարգինալ՝ կեղծ գաղափարների եւ դատողութիւնների համատարած տարածւածութեան պայմաններում։ 

1991 թւականից յետոյ Հայաստանը որպէս պետութիւն գրեթէ ամբողջութեամբ կորցրեց տնտեսութեան պետական հատւածը, տնտեսութեան վրայ ազդելու պետական լծակները, ինքն իրեն զրկեց արտաքին տնտեսական քաղաքականութիւնից, պետական մարմինները զրկեց կառավարման կարեւորագոյն լծակներից, հրաժարւեց բիւջէտային եւ հարկային քաղաքականութեան կարգաւորիչ դերից (նոյնիսկ կենսաթոշակային համակարգը փաստացի մասնաւորեցւեց), նիւթականացրեց հանրային կեանքի բոլոր ոլորտները, որի արդիւնքում նոյնիսկ սոցիալական վիճակի բարելաւումը չյանգեցրեց համերաշխ հասարակութեան ձեւաւորմանը, քանի որ բարոյական եւ հոգեւոր արժէքների համընդհանուր արժեզրկման պայմաններում ահռելի ծաւալների հասաւ հէնց հոգեւոր աղքատութիւնը։ Այս ամէնը յանգեցրեց կառավարման նոր տեսակի սուբիեկտների ի յայտ գալուն, որոնք, ըստ էութեան, ոչ միայն չէին կայացնում որոշումներ, այլ նաեւ իրենց տեսակով եւ գաղափարական կաղապարւածութեան պատճառով պարզապէս ի վիճակի չէին կայացնել որոշումներ։ Նման «կառավարման» համակարգի պայմաններում անհասկանալի դարձան եւ ըստ էութեան վերացան նաեւ կառավարման oբիեկտները։ Սա իր հերթին բերեց այնպիսի վիճակին, որ նոյնիսկ ցանկութեան դէպքում պետական մարմիններն այլեւս չեն կարող որեւէ հարց լուծել՝ չկան կառավարիչները, չկայ համապատասխան գործիքակազմը եւ իրաւական մեխանիզմը, չկան ազդեցութեան լծակները, իսկ հասարակութիւնը տրամադրւած է ինքն իրեն։ Հասարակութիւնը սկսեց կառավարւել ոչ թէ պետութեան կողմից իրականացւող յստակ նպատակային ռազմավարութիւնների, այլ հանրային «լայն կոնսենսուսի» միջոցով։

 

«Լայն կոնսենսուսի» էութիւնը եւ դրա հետեւանքը. «անպետութիւն» պետութիւն

Անկախութիւնից յետոյ տարիների ընթացքում ձեւաւորւած «համերաշխութեան» բանաձեւը հիմնւած էր չգրւած, սակայն փաստացի գործող հանրային «լայն կոնսենսուսի» վրայ։ Այդ բանաձեւը կայանում էր հետեւեալում. «հասարակութեան իւրաքանչիւր անհատ ստանում է երկրից օգտւելու սեփական փայը»։ Արդիւնքում մի մասը ստացաւ անտառները անխնայ կտրելու, միւս մասը՝ Սեւանի պաշարներն անխնայ օգտագործելու, երրորդը՝ ամէն մի անտառ, ափ կամ թուփ սեփականի տեղ օգտագործելու եւ հայրենակիցներին այնտեղ բնութիւնը այլանդակելու համար վարձով տալու կամ ապօրինի որս իրականացնելու, հասարակութեան մի հատւած՝ կասկածելի պայմաններով երրորդ կարգի երկրներից ցածրորակ ապրանքներ ներկրելու, հազարաւոր մարդիկ՝ մետաղի ջարդոնը մեքենայի անւան տակ երկիր մտցնելու եւ հայրենակիցների վրայ ծախելու, մէկ այլ խումբ էլ՝ աշխատաւոր մարդու ձեռքից շահումով խաղերի կամ տոտալիզատորների միջոցով վերջին գումարը վերցնելու, հազարաւոր մարդիկ՝ անսարք ու ոչ անվտանգ փոխադրամիջոցներով տաքսի քշելու, ներքաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային եւ նոյնիսկ միջպետական փոխադրումներ իրականացնելու արտօնութիւն եւ այլն։ Այս պայմաններում հասարակութեան մի փոքր հատւած էլ ստացաւ մի քիչ այլ մակարդակի արտօնութիւններ՝ մենաշնորհային կարգով ներկրել ապրանքներ, չնչին գումարներով սեփականաշնորհել խոշոր օբիեկտներ, տիրապետել տնտեսութեան ամենահամեղ եւ մեծ պատառներին, խլել միւսների ունեցւածքը եւ այլն։ Աւելորդ է ասել, որ այս բոլոր տեսակի «կարգաւորումները» որեւէ աղերս չունէին պետութեան համակարգւած եւ նպատակային զարգացման հետ, հասարակութիւնը գործում էր կասկածելի հարկման համակարգում, որեւէ մէկը չէր կրում հասարակական պատասխանատւութիւն։

Ըստ էութեան հասարակութեան գրեթէ բոլոր հատւածները այս կամ այն չափով ներգրաււած էին պետութեան առաջընթացի զարգացման տեսակէտից կասկածելի ստւերային գործունէութեան մէջ. մէկը՝ քիչ, միւսը՝ շատ, իսկ երրորդը՝ աւելի շատ չափով։ Եւ այս ամէնը ունէր իր «հզօր» բացատրութիւնը՝ բոլորը «մի կոպեկ փող էին աշխատում՝ ընտանիք պահում»։ Իսկ որտե՞ղ է այս ամէնի մէջ պետութիւնը։ Ո՞ւր է պետութիւնը եւ վերջինիս կարգաւորիչ դերը։ Հայաստանը դարձաւ «անպետութիւն» պետութիւն։ Պետութիւն, որպէս այդպիսին՝ կայ, սակայն պետական հատւած, պետական կառավարում, պետական կառավարիչներ եւ պետութեան կողմից իրականացւող ռազմավարութիւններ՝ չկան։

 

Ինչո՞ւ խախտւեց «կոնսենսուսը» եւ ո՞րն է նոր համերաշխութեան բանաձեւը

Տարիներ շարունակ հազարաւոր քաղաքացիների մօտ կասկածներ էին առաջանում, որ «բաշխումը» այնքան էլ «արդար» չէ։ Եթէ ինքը ապօրինի թալանում է անտառները, լիճը կամ առանց հարկերի, կամ քիչ հարկերով տնտեսական գործունէութիւն իրականացնում, ապա պատկերացնել կարելի է, թէ որքան են թալանում վերեւներում։

Այս ամէնը տարիների ընթացքում տարբեր միջոցներով ներարկւում էր հասարակութեան մէջ, իսկ այդ անարդարութեան զգացումը աւելի էր ուժեղանում երկրի «տէրերի» արհամարհական, անհամեստ եւ ամբարտաւան կեցւածքի պատճառով։ Հասարակութիւնը որոշեց խախտել «կոնսենսուսը», փոխել «ստատուս-քւօն» եւ վերականգնել «արդարութիւնը»։ Եւ քանի որ հասարակութեան իւրաքանչիւր անհատ ունէր փոփոխութիւններից սեփական ակնկալիքը, «նոր» Հայաստանի սեփական պատկերացումը, ապա ունեցանք այն պատկերը, որը ունենք։ Իւրաքանչիւր քայլ, որն ուղղւած է երկրում առկայ բարքերի հատւածական փոփոխութեանը, հանդիպում է հասարակութեան տարբեր շերտերի դիմադրութեանը կամ բողոքին։

Ցանկացած հարկային փոփոխութիւն, ցանկացած օրէնսդրական նախաձեռնութիւն դիտարկւում է բացառապէս նեղ անձնական շահերի կամ քաղաքական կոնիւնկտուրայի տեսանկիւնից։ Այս մթնոլորտում խառնւում եւ կորչում են ճիշտն ու սխալը, կորչում է օբիեկտիւութիւնը եւ ճիշտ լուծումներ գտնելու մշուշոտ յոյսը։ Եւ ընդհակառակը՝ հասարակութեան ցանկացած քննադատութիւն իշխանութեան հասցէին նախկինում առկայ բարքերի կրկնութեան կամ գործող նոր սխալների համար, առաջացնում է իշխանութեան ցաւոտ արձագանքը։

Հին «լայն կոնսենսուսը» այլեւս չի գործում, իսկ նորը դեռ չկայ։ Անհրաժեշտ է ձեւաւորել հանրային նոր լայն կոնսենսուս, սակայն արդէն ոչ թէ պետութիւնում «փայաբաժինները» կիսելու, այլ նոր պետութիւն կառուցելու եւ պետութեանը ծառայելու գաղափարի շուրջ։ Ամենահեշտ լուծումը նաեւ ամենաողբերգականն է՝ իր հետեւանքներով։ Խօսքն այն մասին է, որ հասարակութիւնը որոշի շարունակել հին սկզբունքների հիման վրայ իր կենսագործունեութիւնը։

Այսինքն՝ որոշւի պահպանել Անկախութիւնից յետոյ ձեւաւորւած «լայն կոնսենսուսը», այն է՝ շարքային քաղաքացին անի ինչ ուզում է եւ պետութիւնը որեւէ յաւելեալ պահանջ նրա առջեւ չդնի, իսկ իշխանութիւնը իր հերթին ինչ ուզենայ անի՝ առանց իր եւ հասարակութեան առջեւ նոր խնդիրներ դնելու։ Այս տարբերակը թէեւ կարող է լինել ամենահաւանականը, սակայն չենք ուզում դրան անդրադառնալ հասկանալի պատճառներով։

 

Հանրային համերաշխութեան նոր բանաձեւ եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն յաջորդ սերունդների

Հայաստանը կանգնած է բոլոր ոլորտներում համակարգային փոփոխութիւնների մարտահրաւէրի առջեւ։ Այդ փոփոխութիւնները կարող են եւ պէտք է լինեն բացառապէս յեղափոխական, կտրուկ եւ վճռական։

Բնապահպանական, ֆինանսատնտեսական, սոցիալական, տրանսպորտային, էներգետիկ, առողջապահական, կրթական, մշակութային… չկայ ոլորտ, որն այսօր համապատասխանում է զարգացած պետութեան եւ զարգացած հասարակութեան ամբիցիաներին։ Հայաստանը պէտք է իրականացնի յեղափոխական շրջադարձ դէպի իր համար նոր տեսակի պետութեան կառուցումը, այն տեսակի, որը կարող է երկիրը դարձնել ժամանակակից, մրցունակ եւ իր առջեւ կանգնած բոլոր խնդիրները լուծելուն ունակ։ Եւ այստեղ առաջնային պէտք է լինի պետական շահը, որի սահմանումը դեռ չունենք։ Առաջարկում ենք «պետական շահ» գնահատականը տալ բացառապէս յաջորդ սերունդների շահերի տեսանկիւնից։ Այսինքն, մեզ համար պետական շահը դա յաջորդ սերունդների շահն է։

Հասարակութեան մէջ խորացել է պետութեան նկատմամբ սպառողական մտածելակերպը. ոչ թէ մենք՝ յանուն պետութեան, այլ պետութիւնը՝ մեզ համար։ Հայաստանի համար այդ բանաձեւը կործանարար է, ինչը ապացուցեցին անկախութիւնից մինչ օրս տեղի ունեցած զարգացումները։ Նոր համընդհանուր կոնսենսուսը պէտք է հիմնւած լինի իւրաքանչիւր անձի պատրաստակամութեան վրայ. գնալ անհրաժեշտութեան դէպքում զիջումների, զոհողութիւնների, հրաժարւել նախկին սեփական վարքագծից, վերցնել պատասխանատւութեան սեփական բաժինը եւ դառնալ յաջորդ սերնդի ու երկրի ապագայի համար պատասխանատու։ Եթէ յանուն յաջորդ սերունդների եւ յանուն երկրի ապագայի Սեւանի նկատմամբ ճիշտ պետական մօտեցումը պետք է լինի ափերի ապաառեւտրայնացումը, անհրաժեշտութեան դէպքում տարածքների վերադարձը պետութեանը, լճի էկոհամակարգից մասնաւորի օգտւելու սահմանափակումը, այն իրական արգելոցի վերածումը, անտառների պարագայում՝ անխնայ անտառահատման դադարեցումը, տրանսպորտի պարագայում՝ մետաղի ջարդոնով փոխադրումների դադարեցումը, մեքենաների իրական եւ ամբողջական տեխզննումը, դրանց մի մասի շահագործման դադարեցումը, հարկային դաշտում՝ բոլորի գրանցումը եւ պետութեան առջեւ հարկային պարտաւորութիւնների կատարումը, թանկարժէք գոյքի հարկման բարձրացումը, Աշխատանքային օրէնսգրքի յարգումը, փողոցում տարրական կարգուկանոնի սահմանումը, վատ սովորողներին բուհերից հեռացումը, առողջապահութիւնից բիզնես-մտածելակերպի վերացումը եւ այլն (ցանկը կարելի է անսահմանափակ շարունակել՝ ներառելով ցանկացած ոլորտ, այդ թւում՝ պետական քաղաքականութեան արտաքին հատւածը, անվտանգութեան համակարգը եւ այլն), ապա հասարակութիւնը պէտք է որոշի. կամ գնում է նոր կոնսենսուսի՝ յանուն երկրի ապագայի եւ յաջորդ սերնդի, կամ շարունակում է պետութեան հանդէպ սպառողական մօտեցումը՝ կորզել, պոկել, տանել ամէն ինչ յանուն «ընտանիք պահելու»։

Բայց եթէ ենթադրում ենք, որ ցանկացած քաղաքացի ինքը կամաւոր կարող է եւ կգնա փոփոխութիւնների սեփական վարքագծում կամ գործունեութեան մէջ, ապա առնւազն իրատես չենք։ Համընդհանուր կոնսենսուսը ընդամենը ենթադրում է նպաստաւոր միջավայր արմատական բարեփոխումների՝ իշխանութեան բոլոր մակարդակներում եւ օղակներում վճռական, յեղափոխական եւ լայնամասշտաբ ռեֆորմների համար։ Պետական կառավարիչները, կաշկանդւած չլինելով նախկինում «Օւերտոնի պատուհանների» միջոցով իշխող դարձած եւ իրական պետութեան կառուցման հետ աղերս չունեցող ներկրւած կեղծ գաղափարներով, յստակ գիտակցելով իրենց նպատակները, պետութեան այն մոդելը, որն անհրաժեշտ է կառուցել, ունենալով անհրաժեշտ կամքը, վճռականութիւնը, գիտելիքը եւ հմտութիւնները, շատ արագ եւ կտրուկ պէտք է մոբիլիզացնեն առկայ բոլոր ներքին ռեսուրսները եւ իրականացնեն ցաւոտ, սակայն խիստ անհրաժեշտ ռեֆորմները։ Այս ամէնն ունի իր խնդիրներն ու խոչընդոտները։

Տասնամեակներ շարունակ էգոիզմի եւ պետութիւնից մի բան պոկելու սկզբունքով դաստիարակւած հասարակութեանը դժւար է դրդել ինքնազոհողութեան եւ վերափոխման։ Նոյնիսկ տեսականօրէն ընդունելով այդ ամէնի անհրաժեշտութիւնը, հասարակութեան իւրաքանչիւր անհատ չի ուզում, որ այդ նոր խստութիւնը, նոր կարգուկանոնը վերաբերի հէնց իրեն։ Արդեօ՞ք կարող է պետութիւնը հասարակութեան իւրաքանչիւր անդամին հասցնել իր նպատակները, սեփական ծրագիրը եւ քայլերը, որոնք պատրաստւում է իրականացնել։ Եւ այս ամէնի համար առաջնային պայմաններից է ոչ միայն լայն հասարակական, այլ նաեւ քաղաքական կոնսենսուսը՝ զսպւածութեամբ եւ յստակ ժամանակացոյցով կարտ-բլանշը իրագործելու համար։ Ի վերջոյ կարեւորագոյն հարցերից է պետութեան կառավարման արդիւնաւէտութեան բարձրացումը եւ նախկին նախապաշարմունքներից զերծ իրական պետութիւն կառուցելու ունակութիւնը։ Հարկաւոր է «անպետութիւն պետութիւնից» անցնել «իրական պետութեան» կառուցմանը։

Պետական կառավարումը նոյնպէս մասնագիտութիւն է, ինչպէս ցանկացած այլ յատուկ պատրաստւածութիւն պահանջող լուրջ մասնագիտութիւն։ Պետութեան կառավարումը ունի սեփական կանոնները, ձեւերը, այն նույնպէս իր հերթին պահանջում է համապատասխան գիտելիքներ, անհրաժեշտ փորձառութիւն, յստակ պատկերացում, կառավարման մեխանիզմներին տիրապետում եւ այլն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները եթէ ոչ հասարակութեան իւրաքանչիւր անդամ, ապա գոնէ մտաւորական հատւածը եւ հանրութեան վերնախաւը կոչւելու յաւակնութիւններ ունեցող քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական եւ այլ տեսակի էլիտաները պէտք է գտնեն։ Այսինքն, հասարակական լայն կոնսենսուսին հասնելու համար առնւազն հասարակութեան որոշակի հատւած այնուամենայնիւ գոնէ ինքն իր մէջ այդ համախոհութիւնը պէտք է գտնի, որի պարագայում հնարաւոր կը լինի հասարակութեան լայն համախմբում՝ ապագայի հանդէպ հաւատի եւ համերաշխութեան նոր մթնոլորտի, ինչպէս նաեւ հռչակւած քաղաքականութիւնները իրագործող կառավարիչների շուրջ։

 

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

«Առաւօտ» օրաթերթ, 11.07.2019

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։