Հա

Քաղաքական

20/07/2019 - 12:10

«Քաղաքական գործիչը, որը յայտարարում է, թէ «չէր նախատեսել», արդէն ընդունում է իր ձախողումը». Արա Ռոստոմեան

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Արա Ռոստոմեանի հետ «Yerkir.am»-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման եւ յարակից այլ հարցերի շուրջ:

«alikonline.ir» - ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Արա Ռոստոմեանի հետ «Yerkir.am»-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման եւ յարակից այլ հարցերի շուրջ:

 

- Պարո'ն Ռոստոմեան, մեր նախորդ հարցազրոյցից անցել է մօտաւորապէս մէկ ամիս, եւ այս ընթացքում քաղաքապետ Հայկ Մարութեանը հասցրել է մի շարք հաշւետւութիւններ ներկայացնել իր կատարած աշխատանքների վերաբերեալ: Ի՞նչ կասէք այդ մասին:

- Եթէ քաղաքապետն ինքն իր հետ անկեղծ լինի, պէտք է խոստովանի, որ, մեծ հաշւով, դեռեւս ոչինչ չի կատարւել. երեւանցիներն այսօր էլ շարունակում են աշխատանքի գնալ գերծանրաբեռնւած «ԳԱԶել»-ներով, աղբի հարցը շարունակում է մնալ չլուծւած, վերելակների վիճակում ոչ մի առաջընթաց, անմխիթար վիճակում գտնւող գետնանցումներ, շարունակ խցանւող ճանապարհներ եւ այլն: Հասկանալի է, որ ամէն ինչ մի քանի ամսում չէր փոփոխւելու, քաղաքապետի ու նրա թիմի համար ժամանակ պիտի պահանջւէր, որպէսզի մանրամասն ծանօթանան խնդիրներին ու համակարգին, սակայն ընդունենք, որ երեք ամիսն աւելի քան բաւարար էր այդ ամէնի համար։ Փաստացի, քաղաքապետի եւ նրան առաջադրած թիմի նախընտրական խոստումների արդիւնքների նշոյլներն անգամ չեն երեւում քաղաքում ու երեւանցու կեանքում։ Ինձ յատկապէս հետաքրքրեց քաղաքապետի` վերջերս տւած հարցազրոյցներից մէկում հնչած այն միտքը, թէ իր պարտականութիւնների կատարմանն անցնելիս պատրաստ չէր առերեսւել այդպիսի մեծ ծաւալի խնդիրների հետ: Բայց չէ՞ որ քաղաքապետն անձամբ երկար ժամանակ քաղաքացիական ակտիւիստ է եղել, նա ու նրան առաջադրած քաղաքական շարժումը ջրի երես էին հանում համակարգային բոլոր խնդիրներն ու նախընտրական քարոզարշաւում մեծ-մեծ խոստումներ տալիս։ Հարց է առաջանում` եթէ պատրաստ չէիք, ինֆորմացիա չունէիք Երեւանում առկայ խնդիրների մասին, ինչո՞ւ էիք օդում կախւած խոստումներ տալիս: Քաղաքական գործիչը (ընդունենք, որ Երեւանի քաղաքապետը որքան վարչական, նոյնքան էլ քաղաքական պաշտօն է), որը յայտարարում է, թէ «չէր նախատեսել», արդէն ընդունում է իր ձախողումը։

 

- Հիմնական թեման, որի շուրջ միշտ բանավէճ է ծաւալւում, տրանսպորտի հարցն է, կա՞յ որոշակի տեղաշարժ այս հարցում:

- Այս հարցում եւս, մեծ հաշւով, դոփում ենք տեղում: Նոյն հարցազրոյցի ընթացքում, որի մասին արդէն խօսեցինք, քաղաքապետը յայտարարեց, որ առնւազն երկու տարի է անհրաժեշտ, որպէսզի Երեւանի տրանսպորտի հարցը կարգաւորւի: Այստեղ տեղին է յիշել, որ իր նախընտրական ելոյթների ժամանակ դեռեւս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանն անընդհատ շեշտում էր, թէ տրանսպորտի հարցն իր ընտրւելուց յետոյ երկու տարւայ ընթացքում իսպառ լուծւելու է, մինչդեռ անցել է աւելի քան 9 ամիս, եւ դեռ խօսում է առնւազն երկու տարու մասին: Գուցէ երկու տարի յետոյ էլ երեւանցին ստիպւած լինի սպասել եւս «առնւազն երկու տարի», եւ այսպէս շարունակ: Մինչ այդ, սակայն, ինչո՞ւ երկու տարի սպասել, եթէ կարելի է գոնէ այսօր գործող տրանսպորտային միջոցներում ծխելու արգելքը պարտադրել, այդ մեքենաներում մաքրութիւն պարտադրել, անսարք մեքենաների տեղաշարժն արգելել` մինչեւ սարքւեն, քանի որ ուղեւորների կեանքի խնդիր է դրւած։ Ինչո՞ւ երկու տարի եւս սպասել՝ տրանսպորտային միջոցների կանգառները կահաւորելու, ճանապարհներին երկրորդ ու երրորդ գիծ կանգնելով` ամբողջ երթեւեկութիւնը կաթւածահար անելը կասեցնելու համար։ Եթէ այդ քայլերը կատարւեն, երեւանցիները կը սկսեն գոնէ նւազագոյն արդիւնքներ տեսնել։

 

- Քաղաքապետն առանձնակի շեշտադրում կատարեց թափառող շների ստերջացման վրայ` նշելով, որ նախկին սպանդի փոխարէն թափառող շներն այժմ ստերջացւում են բարձր որակի վիրահատութեամբ, եւ շաբաթական հարիւր շուն է ստերջացւում:

- Ինձ մօտ տպաւորութիւն է, որ քաղաքապետը պարզապէս տեղեկութիւն չունի իրական վիճակի մասին, կամ նրան ոչ ճիշտ տւեալներ են տալիս, կամ էլ, բազմազբաղ լինելով, շրջում է միայն Երեւանի կենտրոնի մի քանի փողոցներով ու ժամանակ չի ունենում մութն ընկնելուց յետոյ այցելել վարչական շրջանների` մանաւանդ չլուսաւորւած փողոցները։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, աղբի կոյտերում կեր փնտրել, մէկ-մէկ ընկնում են մեքենաների տակ ու օրերով սատկած մնում` ասֆալտին փռւած։ Լաւ են անում, որ օրական հարիւր շուն են ստերջացնում, բայց հարցը շարունակում է մնալ այժմէական, ու գործնապէս արդիւնքները չեն երեւում։

 

- Ի՞նչ կասէք պատմաճարտարապետական շինութիւնների վրայից գովազդների ու ցուցանակների հեռացման մասին:

- Իհարկէ, ցանկալի եւ գովելի է, որ պատմական արժէք ներկայացնող շէնք-շինութիւնների վրայից ապամոնտաժւում են գովազդային վահանակներն ու ցուցանակները։ Մեր ակնկալութիւնն է, որ այս աշխատանքը լինի շարունակական եւ տարածւի Երեւանի բոլոր` պատմական արժէք ներկայացնող շէնքերի վրայ, ու վերացւեն այդ շէնքերի, ինչպէս նաեւ Երեւանի մշակութային յուշարձանների տեսքն ու շրջապատը խաթարող բոլոր ոտնձգութիւնները։ Մեր ցանկութիւնն է նաեւ, որ առաջին հերթին պաշտպանւեն ու իրենց պատմական տեսքին բերւեն ազգային յատուկ արժէք ներկայացնող շէնքերը։ Օրինակ` մենք ամէն օր անցնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութեան շէնքի մօտով, որի պատշգամբից Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանը կարդացել է Անկախութեան հռչակագիրը, եւ առաջին բանը, որ աչքիդ է զարնում, նոյն այդ պատմական պատշգամբից կախւած ցուցանակն է։ Տեսնենք, թէ այս հարցազրոյցի հրապարակումից յետոյ ինչպէ՞ս կարձագանքի Երեւանի քաղաքապետարանը, քանի՞ օր կը պահանջւի, որքա՞ն հետեւողական կը լինեն, որ ապամոնտաժեն այդ ցուցանակը եւ վերականգնեն մեր անկախութեան վերակերտման խորհրդանիշ համարւող շինութեան ամբողջ հմայքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։