Հա

Քաղաքական

04/08/2019 - 11:50

«Հայ-իրանական սահմանի փակման հետ կապւած իւրաքանչիւր հնարաւոր ճնշում պէտք է խեղդւի խանձարուրում». իրանագէտ

Ստորեւ ներկայացնում ենք Factor.am-ի հարցազրոյցն իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

«alikonline.ir» - Ստորեւ ներկայացնում ենք Factor.am-ի հարցազրոյցն իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

 

- Պարո՛ն Ոսկանեան, ամերիկեան պատժամիջոցների հերթը հասաւ Իրանի ԱԳ նախարարին: Թէեւ նոյնիսկ Վաշինգտոնում ոչ բոլորն են համաձայն Մոհամմադ Ջաւադ Զարիֆին պատժամիջոցների ցուցակում ներառելու որոշման հետ: Դուք ինչպէ՞ս էք գնահատում այն: Կարծում էք՝ մինչեւ ո՞ւր կարող է հասնել Իրանի դէմ պատժամիջոցների այս քաղաքականութիւնը:

- Իրականում մի քիչ տարօրինակ է պատժամիջոցներ կիրառել պետութեան ԱԳ նախարարի նկատմամբ, առաւել եւս, եթէ այդ պատժամիջոցները որեւէ արդիւնաւէտութիւն, ըստ էութեան, չեն կարող ունենալ: Պէտք է հաշւի առնել, որ Իրանի ԱԳ նախարարն ակնյայտօրէն չափազանց խելացի մարդ է, եւ եթէ նոյնիսկ որեւէ ոլորտում հնարաւորութիւն կար այդ միջոցով ազդելու Իրանի վրայ, կարծում եմ՝ շատ վաղուց այդ բոլոր ոլորտները փակւել են: Հետեւաբար՝ այս պատժամիջոցը եւս չի կարելի գնահատել արդիւնաւէտ, ինչպէս ընդհանրապէս ԱՄՆ-ի պատժամիջոցային ողջ համակարգը: Այն միտւած է Իրանում վարչակարգի փոփոխութեանը: Դրա մասին ամերիկեան պաշտօնեաները չեն բարձրաձայնում, բայց ակնյայտ է, որ համար մէկ թիրախն Իրանի վարչակարգի փոփոխութիւնն է եւ այս պետութեան ներսում խամաճիկային վարչակարգի հաստատումը, որը կառավարելի կը լինի Միացեալ Նահանգների կողմից՝ ինչպէս Մերձաւոր Արեւելքի որոշ երկրներում: Բայց դա ԱՄՆ-ին չի յաջողւում:

 

- Թեհրանն ու Մոսկւան յայտարարեցին Հորմոզի նեղուցում համատեղ զօրավարժութիւններ անցկացնելու մտադրութեան մասին: Դրանից անմիջապէս յետոյ ԱՄՆ-ն էլ յայտնեց նեղուցում Իրանի դէմ գործողութիւն սկսելու մասին: Ինչպէ՞ս էք գնահատում ԱՄՆ-ի այս արձագանքը:

- Հորմոզի նեղուցը չափազանց կարեւոր աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածք է, որտեղից անցնում է համաշխարհային նաւթային զարկերակներից ամենախոշորը: Հետեւաբար՝ այս նեղուցում ցանկացած գործողութիւն իր հետեւում ենթատեքստ ունի: Այն թոյլ է տալիս տւեալ գործողութիւնն իրականացնող կողմին պնդելու, որ ինքն այս տարածքներում ունի գերակայ դիրքեր: Ակնյայտ է, որ Իրանը, նոյնիսկ առանց ՌԴ-ի հետ համատեղ զօրավարժութիւնների, Հորմոզի նեղուցում ամենաուժեղ խաղացողն է տարածաշրջանային ուժերի մէջ: ԱՄՆ-ն նոյնպէս ունի խոշոր ներկայութիւն, այդ թւում՝ ռազմական, Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում, եւ, նաեւ, Հորմոզի նեղուցի հատւածում: Այս իմաստով այստեղ ուժերի կուտակումը, բնականաբար, բերելու է լարւածութեան որոշակի աճի: Բայց խնդիրն այն է, որ Իրանը զանազան գործընթացներում՝ թէ՛ Մերձաւոր Արեւելքի տարբեր հատւածներում, թէ՛ Հորմոզի նեղուցի հատւածում, օգտւում է հնարաւորին շատ դաշնակիցներ ձեռք բերելու տրամաբանական քաղաքականութիւնից: Եւ այս պարագայում ակնյայտ է, որ ռուս-իրանական համատեղ գործողութիւններն այս տարածաշրջանում լրջօրէն բարելաւում են Իրանի դիրքերը, որովհետեւ Իրանը կարողանում է որպէս դաշնակից ներգրաւել այնպիսի խոշոր միջուկային տէրութեան, ինչպիսին ՌԴ-ն է: Եթէ մենք այս ամէնը դիտարկենք Հայաստանի շահերի տեսանկիւնից, ակնյայտ է, որ իւրաքանչիւր լարւածութիւն չի բխում մեր պետութեան շահերից: Բայց եթէ դիտարկում ենք Իրանի տարածքային ամբողջականութիւնը պահպանելու, որպէս կայունացնող գործօն՝ հզօր պետութիւն լինելու տեսանկիւնից, ապա ակնյայտ է, որ սա ձեռնտու է մեզ:

 

- Խօսեցիք լարւածութեան աճի մասին: Այդ լարւածութիւնն ինչի՞ կարող է վերաճել, կարո՞ղ է ռազմական գործողութիւնների յանգեցնել:

- Չեմ կարծում, թէ խոշորածաւալ ռազմական գործողութիւններ հնարաւոր են կամ, այլ կերպ ասած, ԱՄՆ-Իրան պատերազմ հնարաւոր է՝ առնւազն մօտակայ ամիսներին կամ նոյնիսկ մօտակայ տարիներին, եթէ չլինի չափազանց արտառոց ինչ-որ միջադէպ: Բայց մենք արդէն արտառոց միջադէպ տեսանք. իրանցիները յստակօրէն կարմիր գծերն ի ցոյց դրեցին ամբողջ աշխարհին, յատկապէս՝ ԱՄՆ-ին՝ խոցելով ամերիկեան անօդաչու թռչող սարքը, որը գտնւել է իրանական տարածքում: Այս իմաստով իրանական կողմն ինչ-որ առումով յստակօրէն ցոյց տւեց, թէ մինչեւ ուր կարող է գնալ: Ընդ որում՝ իրանցիները յայտարարեցին, որ կարող էին խոցել նոյնիսկ անձնակազմ ունեցող ամերիկեան ինքնաթիռ, բայց դա չեն արել՝ մարդասիրական մղումներից ելնելով:

 

- Պարո՛ն Ոսկանեան, Վրաստանում նորից հակառուսական տրամադրութիւններն ակտիւացան եւ ռուս-վրացական յարաբերութիւններում նորից խնդիրներ առաջացան: Եթէ Իրանի հետ էլ չկարողանանք մեր յարաբերութիւնները նորմալ զարգացնել, ի՞նչ պէտք է անի Հայաստանի: 2008 թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ կենսական նշանակութեան խնդիրներ լուծելու առաջ էին կանգնել, եթէ հիմա էլ Իրանի հետ սահմանի խնդիրն առաջանայ, Հայաստանն ի՞նչ վիճակում կը յայտնւի, Դուք ի՞նչ ելքեր էք տեսնում:

- Հայաստանը գտնւում է տարածաշրջանային բաւական բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, բայց դրանք մեզ պէտք է ստիպեն աւելի ջանասիրաբար գործել՝ ի շահ մեր պետութեան եւ ի շահ մեր քաղաքացիների: Դժւարին պայմաններում գտնւելու հանգամանքը պէտք է մեզ դրդի շատ ճարպկօրէն տարբեր գործընկերների հետ աշխատել, կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը: Յետանկախութեան տարիներին առնւազն երկու անգամ Իրանը մեզ համար եղել է կեանքի ճանապարհ. մէկը՝ արցախեան պատերազմի ծանրագոյն ժամանակաշրջանում, որտեղ իրանական ուղին ապահովում էր Հայաստանի ամենօրեայ կեանքը, երկրորդը՝ ռուս-վրացական Ձեր նշած պատերազմը, երբ, ըստ էութեան, փակւել էր Հայաստանի հիւսիսային սահմանը եւ կեանքի ճանապարհ էր մնացել Իրանը, որտեղով էլ առաջին անհրաժեշտութեան բազմաթիւ ապրանքներ հասցւեցին Հայաստան: Իրանն իր սահմանների ամբողջ երկայնքով տարբեր կէտերում պարբերաբար ունեցել է լարւածութիւն, այդ թւում՝ Ադրբեջանի հետ, բայց հայ-իրանական սահմանը եղել է խաղաղութեան սահման: Կարծում եմ՝ Հայաստան-Իրան սահմանի փակւելու մասին իւրաքանչիւր խօսակցութիւն, իւրաքանչիւր հնարաւոր ճնշում պէտք է խեղդւի խանձարուրում: Սա նշանակում է՝ փակել մեր պետութեան թթւածնի կարեւորագոյն խողովակներից մէկը, եւ այս իմաստով Հայաստանը պէտք է լրջագոյն աշխատանքներ իրականացնի:

 

ԹԱՄԱՐԱ ՅԱԿՈԲԵԱՆ

 

 

 

 

 

 

 

Յարակից լուրեր

  • «ԱՄՆ-ը փորձում է չարաշահել ինքնաթիռի ողբերգական աղէտը». Կարէն Խանլարեան
    «ԱՄՆ-ը փորձում է չարաշահել ինքնաթիռի ողբերգական աղէտը». Կարէն Խանլարեան

    Ամերիկացիների սիրտը երբեւէ չի ցաւում ինքանթիռի աղէտի զոհերի համար, այլ, փորձում են զոհերի եղերական մահն օգտագործել որպէս Իրանի դէմ քաղաքական ճնշման միջոց: Այս մասին «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

  • ««Էյն ալ Ասադի վրայ Պահակազօրի հրթիռային յարձակումը ոչնչացրեց ԱՄՆ հեգեմոնիան»». Ժորժիկ Աբրահամեան
    ««Էյն ալ Ասադի վրայ Պահակազօրի հրթիռային յարձակումը ոչնչացրեց ԱՄՆ հեգեմոնիան»». Ժորժիկ Աբրահամեան

    «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանն անդրադարձել է երէկ՝ յունւարի 18-ին, ուրբաթօրեայ աղօթքի ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթին:

  • Երկու երկրաշարժ` Հայաստանում
    Երկու երկրաշարժ` Հայաստանում

    Յունւարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գիւղից 10 կմ. հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, գրանցւել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

  • Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ
    Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ

    Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ ՍԴ մասին արւած յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը՝ երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

  • Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...
    Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը...

    1- 2020 թւականի հէնց սկզբից Իրանի Իսլ. Հանրապետութիւնը պետական ողջ համակարգով, ահա, դիմագրաւում է արտաքին՝ քաղաքական, տնտեսական եւ քարոզչական եթէ ոչ աննախադէպ, բայց ծանրագոյն ճգնաժամեր, որոնք յաջորդեցին Բաղդադում յունւարի 3-ի գեներալ Սոլէյմանիի տեռորին՝ ԱՄՆ նախագահի անմիջական հրահանգի արդիւնքում…

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։