Հա

Քաղաքական

13/08/2019 - 10:40

Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

«alikonline.ir» - Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

7or.am-ի հարցերին պատասխանում է «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրէն Ահարոն Ադիբէկեանը։

 

- Նիկոլ Փաշինեանը պոպուլիստ է, ու դրանով ամէն ինչ ասւած է։ Պոպուլիստ քաղաքական գործչի «ճակատագիրն» է` ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել. իրատեսական ծրագրեր ներկայացնելը նրան ուղղակի հակացուցւած է։ Եթէ նոյնիսկ 2050 թ. հասնենք 5 միլիոնի, տնտեսական վիճակն այնպիսին է, որ Հայաստանն այդքան մարդ չի կարող կերակրել։

Եթէ յոյսը ծանր արդիւնաբերութիւնը զարգացնելն է, ինչի մասին վերջերս ազդարարեց Ֆէյսբուքեան իր էջում (երեւի ինքն էլ հասկանում է, որ գիւղատնտեսութիւնը, առեւտուրը եւ վերամշակման ոլորտը չեն կարող անգամ այսօրւայ 2.5-3 միլիոնին ապահովել, չեմ ասում`բարեկեցիկ, գոնէ միջին բարեկեցիկ կեանքով), ապա պէտք է հիասթափեցնեմ վարչապետին. ծանր արդիւնաբերութիւնը զարգացնելը լուրջ խնդիր է եւ տասնեակ, հարիւրաւոր միլիարդների ներդրում է պահանջում։ Որտեղի՞ց է բերելու այդ միլիարդները` ոչ մէկը չգիտի։ Սա` մէկ։

Երկրորդ` էդ խոստումները, որ տալիս է` բնակչութեան թիւը հասցնել 5 միլիոնի, 15 անգամ աւելացնել ՀՆԱ-ն, վերացնել աղքատութիւնը եւ այլն, ընդամենը լոզունգներ են։ Դրանց տակ պէտք է լինեն ռէալ ծրագրեր, որտեղ գրւած լինի` ո՞ր ոլորտների հաշւին, ի՞նչ միջոցներով, ի՞նչ ենք արտահանելու արտաքին շուկաներ, բացի հումքից, ձկնեղենից ու լոլիկից։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաները, որոնց հետ մեծ յոյսեր են կապում, բաւական համեստ տեղ են զբաղեցնում ՀՆԱ-ում. մեր տւեալներով` այդ ոլորտում ընդամենը 50 հազար մարդ է զբաղւած։ Հետեւաբար, սրանք ընդամենը ամբոխահաճոյ յայտարարութիւններ են, որոնցով շարունակում է սնել իրեն դեռեւս աջակցող «հպարտ քաղաքացիներին»։

Պէտք է հասկանալ, որ մեր վիճակում գտնւող երկիրը չի կարող յենւել միայն մասնաւորի` մասնաւոր բիզնեսի վրայ։ Մասնաւորը չունի այնքան ռեսուրսներ եւ այնքան գրագէտ չի, որ կարողանայ իր ապրանքը ներկայացնել միջազգային շուկայում, հասկանայ մարկետինգի, մրցակցութեան, որակի խնդիրները եւ այլն։ Երկրորդ` մենք չունենք մարդիկ, որոնք կարող են խոշոր ներդրումներ անել տնտեսութեան մէջ, ստեղծել նոր աշխատատեղեր եւ զարգացնել արդիւնաբերութիւնը։

 

- Փաշինեանը դրա հետ կապւած` խնդիր չի տեսնում. «ընդամենը» 30 տարում պատրաստւում է 1.5 միլիոնից ոչ պակաս նոփ-նոր աշխատատեղ ստեղծել...

- Ճապոնիայում մէկ աշխատատեղ ստեղծելն արժէ 100 հազար դոլար, Հայաստանում թող լինի` 10 հազար։ Այսինքն, պէտք է 150 միլիարդ դոլար ծախսես, որպէսզի ստեղծես այդքան աշխատատեղ, որոնք կարողանան դրսում պահանջարկ ունեցող մրցունակ արտադրանք տալ։ Դրա համար պէտք է նախ ուսումնասիրես միջազգային շուկան, եւ այստեղ մեծ է պետութեան դերը։ Իսկ ինքը ասում է` աղքատութիւնը հանէք ուղեղներից, զբաղւէք բիզնեսով, հարստացէք եւ ուրիշներին էլ ապահովէք աշխատանքով։

Եթէ նայէք, կը տեսնէք` բոլոր այն երկրներում, որոնք ճգնաժամից դուրս են եկել, պետութիւնը ստեղծել է խառը տնտեսութիւն` պետական եւ մասնաւոր, ներդրումներ է արել, սուբսիդաւորել գիւղատնտեսութիւնը, աջակցել ֆերմերային տնտեսութիւններին, ոչ թէ մի կողմ է քաշւել` ամէն ինչ թողնելով մասնաւորի ուսերին։

 

- Բա «հայկական կապիտա՞լը»։

- Եթէ խօսքը Սփիւռքի մասին է, ես դրա հետ առանձնապէս յոյսեր չեմ կապում։ Ինչի՞ պէտք է Սփիւռքը ներդրում անի Հայաստանում. գայ Հայաստանում արտադրի, որ Ամերիկայում վաճառի՞, որտեղ ո՛չ ճանապարհների, ո՛չ ենթակառուցւածքների խնդիր չունի։ Մեր ամենամեծ պրոբլեմը կոմունիկացիաներն են` հումքի եւ պատրաստի արտադրանքի տեղափոխման, արտահանման եւ ներմուծման մեծ ծախսերը։ Չունենք որակեալ աշխատուժ, որը կարողանայ ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան մրցունակ ապրանք թողարկել։ Կան հնարաւորութիւններ` ճեղքում արձանագրելու տնտեսութեան մէջ, բայց դրա համար պէտք է դուխ, ոչ թէ «դուխով» գլխարկ ունենաս։

Յեղափոխութիւնը խօսքով չի, այլ` գործով։ Լեւոն Տէր-Պետրոսեանի օրօք տնտեսութիւնը կաթւածահար վիճակում էր` բիւջէն, ՀՆԱ-ն չէր աճում։ Ռոբերտ Քոչարեանի օրօք բիւջէն աճեց 5 անգամ, ՀՆԱ-ն` 8 անգամ, հասաւ 11 միլիարդ դոլարի, 2008-2009 թ. ճգնաժամից յետոյ իջաւ 10 միլիարդի, մինչեւ հիմա 10 միլիարդի վրայ կանգնած ենք` մի քիչ աւել, մի քիչ պակաս։ Այսինքն` մենք գիտենք, ով, երբ եւ ինչպէս է զարգացրել տնտեսութիւնը ոչ թէ խօսքով, այլ գործով։ Դրա համար պէտք են աշխատող ծրագրեր, ոչ թէ` կոպեկները, այսպէս կոչւած` «թալանը» յետ բերել բիւջէ, որ կարողանաս վճարել թոշակները կամ պետական աշխատողների աշխատավարձերը։

 

- «Թալանը» յետ բերելու հարցը գոնէ կարողանո՞ւմ են լուծել, թէ՞ այս դէպքում էլ է խոփը քարին դէմ առել։

- Մի հատ ծրագիր կայ` մի խումբ կայ, որը ուզում է օգնել կառավարութեանը, մօտ կէս տարի է` մի նախարարութիւնից, մի վարչութիւնից միւսն են տշում։ Էս միջոցներով կարելի է միառժամանակ ինչ-որ հարցեր լուծել, բայց էդ ռեսուրսը սպառւում է, որովհետեւ, ինչպէս իրենք են ասում` էլ չեն գողանում, էլ բիւջէին պարտք չեն մնում` ինչ կայ, մուծում են պետութեանը։ Այսինքն` «թալանը» յետ բերելը հարցի լուծում չի։

 

- Ստամբուլեան կոնւենցիայի վաւերացման թնջուկի՞ն ինչպէս էք վերաբերւում։

- Չեմ կարծում, թէ դա ակտուալ հարց է մեր հանրութեան համար։ Նոյնիսկ Գերմանիան օրէնք է ընդունել, ըստ որի, երկու տղամարդու, երկու կնոջ միութիւնը ընտանիք չէ` դա համարում է ընդամենը սոցիալական կապ, եւ ասում է` գնացէք, նոտարի մօտ ձեր յարաբերութիւնները գրանէք։ Ընտանիքը, ամուսնութիւնը տղամարդու եւ կնոջ կապն է` ուղղւած նոր սերնդի ստեղծմանը։ Երկու տղամարդ, երկու կին նոր սերունդ չեն ստեղծում, ուրեմն` արդէն ընտանիք չեն։ Այսինքն, կան բոլոր հիմքերը` մերժելու այդ փաստաթղթի վաւերացումը։

Երկրորդ` հայ կինը ունի բոլոր հնարաւորութիւնները` զբաղւելու հանրօգուտ աշխատանքով, ունենալու սեփականութիւն եւ այլն։ Ուղղակի նա արարմամբ երկրորդն է` կրտսերն է, եւ խրատի կարիք ունի։ Երբ աղջիկն ամուսնանում է, հարցնում են` հնազա՞նդ ես, եթէ ասում է` չէ, չեն ամուսնացնում, որովհետեւ նա ունի կամքի ազատութիւն։ Նման բան Եւրոպան չի ունեցել, Ռուսաստանն էլ չի ունեցել։ Աւելին` մեր մենթալիտետը կնոջը շատ բարձր է դասում` տանտէրը կինն է. եթէ ամուսինը բաժանւում է, ամէն ինչ թողնում է կնոջը, երեխաներին, ինքը` հեռանում։ Պատմութիւն չգիտեն, չեն հասկանում հայի մենթալիտետը, դրա համար են ճոռօ-ճոռօ բաներ խօսում Հայաստանում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին։

 

- Փաշինեանն օրերս հրապարակեց 5 տարւայ վաղեմութեան «գաղտնի» մի փաստաթուղթ` չյստակեցնելով, ով է հեղինակը, որից իբր հետեւում է, թէ Հայաստանը «ինստիտուցիոնալ առումով ամբողջութեամբ ձախողւած պետութիւն» է։ Այդ «սենսացիոն բացայայտման» նպատակը ո՞րն էր, Ձեր կարծիքով։

- Այն, ինչ արեց Փաշինեանը, իրենից առաջ ուզում էր անել Սերժ Սարգսեանը` երիտասարդացնել կառավարման համակարգը։ Այդ փաստաթղթում հաւանաբար գրւած է, թէ ինչ ապագայ է սպասւում Հայաստանին, եթէ կառավարման ապարատում կտրուկ փոփոխութիւններ չլինեն։ Փաշինեանն ուզում է ասել` այն, ինչ ես անում եմ` իրե՛նք էլ գիտէին, բայց դուխ չունեին անելու, իսկ ինքը դուխ ունի եւ անում է...

 

Հարցազրոիցը վարեց ԼԻԼԻԹ ՊՕՂՈՍԵԱՆԸ

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Նիկոլ Փաշինեանի անուրջները եւ իրականութիւնը». Աւետիք Չալաբեան
    «Նիկոլ Փաշինեանի անուրջները եւ իրականութիւնը». Աւետիք Չալաբեան

    «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի գործունէութեանը։

  • Վարչապետը մանիպուլեացնում է հարցի էութիւնը
    Վարչապետը մանիպուլեացնում է հարցի էութիւնը

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանը կրկին մանիպուլեացիայի է ենթարկում հարցի էութիւնը, այս պայքարը միայն ֆիլմի համար չէ, հարցն աւելի գլոբալ է՝ ազգային արժէքների պահպանում, ազգային քաղաքականութեան իրականացում, իսկ նա մանիպուլեացիա է անում եւ անձնաւորում է հարցը, կոնկրետ մենք եւ Դաշնակցութեան երիտասարդները Մելինէ Դալուզեանի հետ հարց չունենք:

  • Դա դէմ է մեր ազգի բարոյական արժեհամակարգին. աշխարհի չեմպիոնը՝ վարչապետի կողմից տրանսգենդերին աջակցելու մասին
    Դա դէմ է մեր ազգի բարոյական արժեհամակարգին. աշխարհի չեմպիոնը՝ վարչապետի կողմից տրանսգենդերին աջակցելու մասին

    Հայ ծանրամարտիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն (2018), Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (2016), 2019 թւականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2019 թւականի Եւրոպայի առաջնութեան չեմպիոն եւ ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։