Հա

Քաղաքական

18/08/2019 - 14:30

ՀՀ ՊՆ-ն պաշտօնապէս հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը

ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Յովհաննիսեանը հաստատել է տեղեկութիւնն այն մասին, որ հայկական զինուժը բարելաւել է իր դիրքերը Տաւուշի մարզում` Ադրբեջանի հետ սահմանագծում, բայց թւային տւեալներ յայտնելուց ՊՆ խօսնակը ձեռնպահ է մնացել։

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Յովհաննիսեանը հաստատել է տեղեկութիւնն այն մասին, որ հայկական զինուժը բարելաւել է իր դիրքերը Տաւուշի մարզում` Ադրբեջանի հետ սահմանագծում, բայց թւային տւեալներ յայտնելուց ՊՆ խօսնակը ձեռնպահ է մնացել։ Յայտնում է Sputnik Արմենիան:

«Բերէք ես յստակ թւեր, հեկտարներ չասեմ, ես յայտարարութիւն արել եմ հէնց նոյն օրը, որ եթէ մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելաւում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատւածներում, այդ թւում՝ անցած տարի, որ այսպէս ասած, «սեւ փիառով» մեզ նախիջեւանեան ուղղութեամբ փորձեցին էսպէս բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելաւում, դա զինւած ուժերի մշտական աշխատանքն է»,- լրագրողների հետ զրոյցում ասել է Արծրուն Յովհաննիսեանը՝ յաւելելով, որ ՀՀ զինւած ուժերի այս գործողութիւններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել:

Յիշեցնենք, որ պատմաբան, ռազմական փորձագէտ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանն իր Facebook-եան էջում գրառում էր արել` նշելով, որ ՀՀ զինւած ուժերի ստորաբաժանումները կարողացել են աւելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, եւ որ միայն ՀՀ ԶՈՒ արդիւնաւէտ գործողութեան արդիւնքում է յաջողւել կասեցնել թշնամու սադրանքը։

Եղիազարեանի դիտարկմամբ, ադրբեջանական սադրիչ գործողութեան նպատակն է եղել վերահսկողութիւն սահմանել Հայաստան-Վրաստան աւտոմայրուղու վրայ` հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառութեան տակ վերցնելով աւտոմայրուղին:

Փորձագէտի դիտարկմամբ, եթէ ադրբեջանական կողմին յաջողւէր իրականացնել իր ագրեսիւ մտայղացումը, ապա վտանգւելու էր նաեւ Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատար խողովակի անվտանգութիւնը։ Իսկ սա արդէն կենսական խիստ նշանակությութեան օբիեկտ է ՀՀ-ի համար։

Յիշեցնենք՝ վերջին օրերին ադրբեջանական ռազմական-քարոզչական ուղղւածութեան մի քանի կայքեր, յղում անելով այդ երկրի Պետական սահմանապահ ծառայութեանը (ՊՍԾ) , տեղեկութիւն էին տարածել, թէ ադրբեջանական սահմանապահ զօրքերը դիրքային առաջխաղացում են ունեցել ՀՀ Տաւուշի մարզի հետ սահմանին։ Մասնաւորապէս, նշւում էր, թէ ՊՍԾ-ն 4 նոր դիրք է կառուցել Տաւուշի սահմանի մօտ։ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը նախապէս տեղեկատւական սադրանք որակեց ադրբեջանական կողմի այս հաղորդագրութիւնը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանն ի պատասխան իր Facebook-յան էջում գրել էր, որ «Ադրբեջանի ՊՍԾ-ն հերթական տեղեկատւական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպէս բացառիկ ձեռքբերում, որին, ցաւօք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատւական դաշտը»: Նա ընդգծել էր, որ դիրքային տեղաշարժերն առաջնագծում մշտական բնոյթ են կրում, բայց ի տարբերութիւն Ադրբեջանի՝ հայկական կողմը դրանց հնչեղութիւն չի հաղորդում, քանի որ մեր նպատակը ոչ թէ ցանկացած գործողութիւն պատեհ եւ անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիւ առաւելութեան պահպանումն ու նրան վերահսկողութեան տակ պահելը: Յովհաննիսեանը նաեւ զգուշացրել էր, որ եթէ ադրբեջանական կողմը շարունակի իր այս գործելաոճը, ապա նրանց անակնկալներ են սպասւում՝ հայկական զինւած ուժերի պրոֆեսիոնալ գործողութիւնների արդիւնքում ձեռքբերւած օպերատիւ-ռազմավարական առաւելութիւնների ցուցադրմամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։