Հա

Քաղաքական

24/08/2019 - 08:20

ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ

Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի բացման արարողութիւնը:

Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի բացման արարողութիւնը:

Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

Արարողութեան ժամանակ ՀՄԸՄ կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներն Արցախի նորաստեղծ մասնաճիւղին են փոխանցել ՀՄԸՄ-ի եւ վերջինիս սկաուտական դրօշներն ու կանոնադրութիւնը: Այնուհետեւ հնչել է ԱՀ օրհներգը եւ ՀՄԸՄ քայլերգը:

Ստորեւ ներկայացնում ենք հանդիսաւոր միջոցառման ժամանակ հնչած ելոյթները.

 

ՀՄԸՄ-Ը ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ ՀԱՅ ՍԵՐՈՒՆԴԸ ՀՈԳԵՊԷՍ ԵՒ ՄԱՐՄՆԱՊԷՍ ԿՐԹԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան.

«Հոմենըթմենը ներկայացնում է համահայկական մի կառոյց, որը մեծ դերակատարութիւն ունի հայ սերունդը հոգեպէս եւ մարմնապէս կրթելու հարցում», «Պէտք է փաստենք, որ Հայրենիքը ճանաչելու եւ ճանաչելի դարձնելու, ամբողջ աշխարհում սփռւած հայ երիտասարդներին միաւորելու պատասխանատւութիւնն այս տարիների ընթացքում Հայ Մարմնակրթական ընդհանուր միութիւնը պատւով է իրականացրել: Եւ Արցախի մեկուսի շրջանի հիմնադրումը մեզ յուշում է, որ այդ առաքելութիւնն իր շարունակութիւնն ու նոր որակներն է ունենալու:

Այսինքն, այն մեծ ընտանիքի մի մասնիկն է լինելու, որը Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան մասնաճիղերի օրինակով յաջողութեամբ իրականացնելու է ոչ ֆորմալ կրթական, մարզական միջոցառումներ ու ծրագրեր, սկաուտական շարժումներ, որոնց նպատակը, ինչպէս գիտենք, հայրենասիրական ոգին արթուն պահելն է՝ ազգային դիմագծին համապատասխան»,- ասել է Գրիգորի Մարտիրոսեանը:

 

ՀՄԸՄ-Ն ԱՐՑԱԽԸ ԴԱՐՁՐԵԼ Է ՄՆԱՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՐԿԱՅ

ՀՄԸՄ Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեան.

«Այսօր ՀՄԸՄ-ի արդի պատմութիւնը հարստանում է նոր թւականով. ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում պաշտօնապէս ծնունդ է առնում ՀՄԸՄ-ի 111-րդ մասնաճիւղը:

Այս իրադարձութիւնը 101 տարւայ մեր միութեան համար սովորական իրադարձութիւն չէ, որովհետեւ նորաստեղծ մասնաճիւղը սովորական մասնաճիւղ չէ, ինչպէս աշխարհի հայկական որեւէ համայնքի ստեղծած մասնաճիւղ:

Արդարեւ, Արցախն աշխարհաքաղաքական վայր լինելուց բացի մեզ համար պատմութիւն է, հերոսական հայրենիք եւ դարաւոր հպարտութիւն: Հայրենիքը պահպանելու համար ազգովին վճարել ենք մեծ գին: Բարբարոսներն եկել եւ անցել են այս հողի վրայով, սակայն արցախցիների կամքի եւ աշխարհի հայութեան զորակցութեան շնորհիւ հայրենիքն ազատագրւած, անկախացած եւ լծւած է պետակաշինութեան կարեւոր գործին:

Անցնող 30 տարիների ընթացքում Արցախն եղել է համայն հայութեան կիզակէտը: Հայութիւնը ոչինիչ չի խնայել՝ Արցախը հզօր, իսկ արցախահայութիւնը ամուր տեսնելու համար:

ՀՄԸՄ-ն Արցախը դարձրել է մնայուն ուշադրութեան առարկայ: Արցախն իր կարեւոր տեղն ունի միութեան դաստիարակչական ծրագրերում: ՀՄԸՄ-ականները հասակն են առել Արցախի սիրով՝ Արցախին ծառայելու եւ նրա համար զոհւելու պատրաստակամութեամբ: Եւ չմոռանանք, որ այն իր նահատակներն ունի արցախեան պայքարում. Վարդան Բախշիեանը, Վաչէ Ռոստոմեանը, Վիգէն Զաքարեանը եւ ուրիշներ իրենց արեամբ են կերտել Արցախի նորօրեայ պատմութիւնը:

Մեր միութեան կազմակերպական ներկայութիւնը եւ միութենական գործունէութիւնն երկար տարիներ հնարաւոր չէր իրագործել տարբեր պատճառներով:

Այսօր պայմանները հասունացել են, եւ իշխանութիւնների քաջալերումով մի քանի ամսւայ նախապատրաստութիւնից յետոյ այն 111-րդ մասնաճիւղն է հիմնել Ստեփանակերտում՝ նպատակ ունենալով պատանի սերնդին սկաուտական ճանապարհով եւ մտքով ու մարմնով առողջ մարդ պատրաստելու վեհ աշխատանքին ծառայեցնելու:

ՀՄԸՄ-ն իր քայլերգի բառերով մեր ժողովրդի կամաւոր բանակն է: Բանակ, որ ահա այսօր գալիս է՝ իր բոլոր կարողութիւններն ի նպաստ դնելու Արցախի պետականութեան եւ հայրենիքին ծառայելու նւիրական դաշտին:

ՀՄԸՄ-ն մեր ժողովրդի երիտասարդական մեծագոյն կազմակերպութիւնն է, որ գործում է աշխարհի 26 երկրների մէջ՝ աւելի քան 26000 անդամներով:

Այսօր բոլորի հայեացքներն ուղղւած են այստեղ՝ արցախցի իրենց քոյր եւ եղբայրներին: Բոլորը յաջողութիւն են ցանկանում նրանց:

Այս առիթով՝ յանուն ՀՄԸՄ կենտրոնական վարչութեան, շնորհակալութեան խօսք ունեմ յայտնելու Արցախի պետական պատասխանատուներին, նախագահ Բակօ Սահակեանին, ովքեր անվարան գնահատել են Արցախում մասնաճիւղ ունենալու մեր առաջարկը եւ աջակցել մեզ:

Բարի երթ եւ յաջողութիւն ձեր աշխատանքների եւ ծրագրերի իրագործման մէջ»:

 

ՀՄԸՄ-Ի ԱՐՑԱԽԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեան.

«ՀՄԸՄ-ն Արցախում իր անպաշտօն ներկայութիւնն ունի մօտ 30 տարի: Դրա վկայութիւնը նահատակւած ՀՄԸՄ-ականների անուններն են, որոնք այստեղ հնչեցին»:

«Ուզում եմ փոխանցել այն կարեւոր պատգամը, որ ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղի հիմնումը տեղի է ունենում այս խորհրդանշական հրապարակում, որտեղից նաեւ սկիզբ է առել վերջին 30 տարիների մեր ընդհատւած ազգային-ազատագրական պայքարը: Մի հրապարակ, որտեղից նաեւ տարիներ յետոյ մարտի են մեկնել մեր քաջարի մարտիկները՝ այս դրօշների եւ թմբուկների զարկերի ներքոյ:

Բոլորիս վկայութեամբ ձեր խոստումը վկայում է այն մասին, որ եթէ հարկ լինի՝ պատրաստ կը լինէք ոչ միայն ձեր խոստմանը հաւատարիմ, այլեւ՝ հայրենիքի կանչով ներկայ գտնւելու հէնց հայրենիքի առաջին պաշտպանութեան գծում:

Կրկին շնորհաւորում եմ եւ այդ պարտաւորութիւնն ու պատասխանատւութիւնը, որ կրել է ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքը, փոխանցում ձեզ»,- իր ելոյթում նշել է Դաւիթ Իշխանեանը:

 

ԵՍ ՍՐՏԱՆՑ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀՄԸՄ-Ը ՎԵՐՋԱՊԷՍ ՊԱՇՏԶՕՆԱՊԷՍ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեան.

«Սիրելի ՀՄԸՄ-ականներ: Դուք համաշխարհային եւ համահայկական կազմակերպութիւն էք, որը 100 տարի ի վեր գործում է ազգի համար՝ կրթելով հայ երիտասարդին որպէս հայրենասէր, մտածող եւ կոփւած անձ, որը պատրաստ է յաղթահարելու ցանկացած դժւարութիւն եւ ձեռք բերելու ճիշտ հայեցի մտածելակերպ:

Եւ այսօր ես սրտանց ուրախ եմ, որ ՀՄԸՄ-ը վերջապէս պաշտօնապէս մուտք է գործում Արցախ աշխարհ: Այս առիթով շնորհաւորում եմ Ձեզ եւ մեզ՝ մաղթելով ամենայն բարիք, հայրենասիրութիւն, հաւատ, ազգային միաբանութիւն՝ յանուն մեր ապագայի, այն կարգախօսով, որ մեզ են պատգամել Սուրբ Վարդանանք՝ միշտ ծառայել վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:

 

ՄԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՋԱՆՔ ՈՒ ՈՒԺ ՉԽՆԱՅԵԼ ՄԵՐ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի ատենապետ Վրէժ Ասմարեան.

«Այսօր մենք ականատես ենք մեր նորակերտ պատմութեան բաղձալի օրերից մէկին: Մենք բացել ենք ՀՄԸՄ-ի 111-րդ մասնաճիւղն Արցախում: Համայն հայութեան երազանքն այսօր դարձել է իրականութիւն:

«Բարձրացի՛ր-բարձրացուր»՝ այս է ՀՄԸՄ-ի նշանաբանը:

«Բարձրացի՛ր եւ բարձրացուր», քոյրեր եւ եղբայրներ՝ ոչ թէ ոտնակոխ անելով ուրիշներին: ՀՄԸՄ-ականը հոգով եւ մարմնով միշտ պէտք է բարձր լինի: Որի համար մենք՝ որպէս ՀՄԸՄ-ի վարչութիւն, կարեւորութիւն ենք տալիս մեր երիտասարդների մարմնապէս պատրաստութեանը տարբեր մարզական ձեւերին, կարեւորելով հայոց մշակոյթը, եւ, ամենակարեւորը՝ նրանց դարձնելով հոգեպէս անսասան, անյուսահատ քաղքացի:

Այս ոլորտի զարգացման համար մեր առաջին քայլը լինելու է՝ համախմբել Արցախի ՀՄԸՄ-ն սկաուտական շարքերում:

Ինչպէս Արցախի ազատագրական պայքարի ժամանակ ողջ հայութիւնը թեւ-թիկունք է կանգնել Արցախին, այսօր էլ ՀՄԸՄ-ի ողջ ընտանիքը Սփիւռքում, Մայր Հայաստանում թեւ-թիկունք է կանգնելու, որ Արցախի մասնաճիւղը կայանայ, զարգանայ եւ հարատեւի:

Մեր նորակազմ վարչութիւնը խոստանում է Հայոց աշխարհի Արցախ շրջանում ջանք ու ուժ չխնայել մեր մեծ երազանքի իրականացման համար»:

 

Յ. Յակոբեան

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։