Հա

Քաղաքական

28/08/2019 - 10:30

Չերչիլն ու Խանջեանը

Հայաստանի՝ որպէս իրաւական պետութեան կայացման մասին, ի տարբերութիւն ժողովրդավարութեան, խօսակցութիւններն սկսւեցին աւելի ուշ, հաւանաբար 1995 թ. սահմանադրական նախագծերի քննարկումների ժամանակ։ Ինչպէս մինչ այդ ժամանակաշրջանը, այնպէս էլ այսօր, ենթադրում եմ, որ մեր հասարակութեան գերակշիռ մեծամասնութեան համար, իրաւական պետութիւն հասկացութիւնն, այն է՝ իրաւունքի եւ օրէնքի երկիր ունենալը, ոչ միայն առանձնապէս ընկալելի, նաեւ ընդունելի չի. «… Մէկն ըլնի ժողովրդի մասին մտածի… ի՛նչ օրէնք, ի՛նչ բան, բոլորին նստցնել… Էս Նիկոլը խի՞ չի սաղին նստցնում եւ այլն»:

Աւետիք Իշխանեան

 

Հայաստանի՝ որպէս իրաւական պետութեան կայացման մասին, ի տարբերութիւն ժողովրդավարութեան, խօսակցութիւններն սկսւեցին աւելի ուշ, հաւանաբար 1995 թ. սահմանադրական նախագծերի քննարկումների ժամանակ։ Ինչպէս մինչ այդ ժամանակաշրջանը, այնպէս էլ այսօր, ենթադրում եմ, որ մեր հասարակութեան գերակշիռ մեծամասնութեան համար, իրաւական պետութիւն հասկացութիւնն, այն է՝ իրաւունքի եւ օրէնքի երկիր ունենալը, ոչ միայն առանձնապէս ընկալելի, նաեւ ընդունելի չի. «… Մէկն ըլնի ժողովրդի մասին մտածի… ի՛նչ օրէնք, ի՛նչ բան, բոլորին նստցնել… Էս Նիկոլը խի՞ չի սաղին նստցնում եւ այլն»:

Միաժամանակ, այդ մեծամասնութիւնը պատրաստ է դիմելու իր շահերից բխող ցանկացած անօրինականութեան, բռնւելու դէպքում էլ. «…Արա, էս երկիր չդառաւ, ո՞նց էք ստեղ ապրում…»։ Իրապէս իրաւական պետութեան կառուցմանը հնարաւոր է հասնել միայն իշխանութեան ճիւղերի յստակ տարանջատմամբ, ողջ դատաիրաւական համակարգի (քննչական մարմիններ-դատախազութիւն-դատարաններ շղթայի) օրէնսդրօրէն ինքնուրոյնութեան եւ անկախութեան երաշխաւորմամբ: Բայց, արդեօ՞ք միայն։

Անհրաժեշտ է եւս մի քանի կարեւոր հանգամանք հաշւի առնել՝ տւեալ ժողովրդի իրաւական մշակոյթը, յատկապէս, այսպէս կոչւած անցումային շրջանում, դատաիրաւական համակարգի նոյնիսկ սահմանադրա-օրէնսդրական երաշխիքների պարագայում, գործադիր իշխանութեան եւ նրա ղեկավարի պետական լծակներին տիրապետելու հզօրութիւնը, ինչպէս նաեւ նոյն դատաիրաւական համակարգի աշխատողների ներքին կաշկանդւածութիւնն ու հպատակութեան զգացողութիւնը երկրի ղեկավարի նկատմամբ։ Այս պարագայում չափազանց անհրաժեշտ է հէնց պետութեան ղեկավարի անձնական օրինակը։ Նկատի ունեմ, որ պետութեան ղեկավարը չգայթակղւի ունեցած մեծ լիազօրութիւններով, չտրւի արքունիքի հաճոյախօսութիւններին, ազգական-բարեկամ-ընկերների յորդորներին, ամենակարեւորը՝ «ժողովրդի ցանկութիւններին» եւ այլն։

Ինչո՞ւ յանկարծ որոշեցի այսպիսի մտքեր ներկայացնել։ Համարէք, որ վերը շարադրւածը նախաբան էր։ Ուղղակի յիշեցի դեռեւս 2000-ականների սկզբներին այս թեմայով արւեստագէտ Հենրիկ Յովհաննիսեանի հետ սուրճի շուրջ մեր զրոյցը։ Հենրիկ Յովհաննիսեանը շատ հետաքրքիր, երկու նմանատիպ օրինակներ բերեց աշխարհագրօրէն, պատմական ու մշակութային տարբեր աւանդոյթներ ունեցող երկրներից՝ Անգլիա եւ, որքան էլ զարմանալի թւայ, Խորհրդային Հայաստան։ Փորձեմ յիշողութեամբ վերականգնել Հենրիկ Յովհաննիսեանի պատմածը.

Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը (ի դէպ՝ միայնակ, առանց թիկնապահների) գնացքով մէկնում է որսի։ Արդէն գնացքի ընթացքի ժամանակ հսկիչը մտնում է վագոն եւ ստուգում ուղեւորների տոմսերը։ Չերչիլը մոռացած է լինում տոմս գնելը։ Եւ չնայած հսկիչը ճանաչում է հանրայայտ վարչապետին, այնուամենայնիւ, նրան տուգանում է, իսկ Չերչիլը ոչ միայն չի դիմադրում, այլեւ ողջունում է հսկիչի արարքը։

ՀԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջեանը երեկոյեան որոշում է գնալ թատրոն։ Ներկայացման սկզբից մի քանի րոպէ ուշանում է, եւ թատրոնի պահակը նրան ներս չի թողնում, պատճառաբանելով, որ երրորդ զանգից յետոյ արգելւում է դահլիճ մտնել։ Խանջեանին ուղեկցող օգնականը (հաւանաբար՝ թիկնապահ) պահակին զգուշացնում է, որ Աղասի Խանջեանն է, Կենտկոմի առաջին քարտուղարը։ Պահակը հանգիստ պատասխանում է, որ ինքը շատ լաւ ճանաչեց ընկեր Խանջեանին, բայց չի կարող օրէնք խախտել։ Խանջեանը շնորհակալութիւն է յայտնում պահակին եւ վերադառնում տուն։

Ահա, այսպիսի աներեւակայելի բաներ…

«Aravot.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։