Հա

Քաղաքական

28/08/2019 - 12:30

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ ԱԻ նախարարի եւ ոստիկանապետի հետ

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին օգոստոսի 27-ին հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակեանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին օգոստոսի 27-ին հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակեանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ համապատասխան գերատեսչութիւնների կայքերից: Սաջջադի-Ցոլակեան հանդիպման ընթացքում, ՀՀ ԱԻ նախարարն իր գոհունակութիւնը յայտնեց դեսպան Սաջջադիին իր պաշտօնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար եւ նշեց, որ Սէյէդ Քազեմ Սաջջադին դիւանագիտական առաքելութեան ընթացքում ստեղծել է բաւարար բարեացակամութեան մթնոլորտ յաջորդ դեսպանի արդիւնաւէտ պաշտօնավարման համար: 

Ներկայում Հայաստանում գրեթէ ամենուր տարբեր չափերի եւ վտանգաւորութեան հրդեհներ են, որոնց ԱԻՆ-ը յաջողութեամբ կարողանում է դիմագրաւել: Նախարարը նշեց, անհրաժեշտութեան դէպքում, հաւատարիմ մնալով հայ-իրանական դարաւոր բարեկամութեանը ւ փոխօգնութեան պատրաստակամութեանը, Հայաստանը օգնութեան նպատակով կը դիմի Իրանին:

Ցոլակեանը գոհունակութեամբ յիշատակեց, որ ՀՀ պատւիրակութեան կազմում Իրան կատարած այցելութիւնը եղել է երկուստեք շատ արդիւնաւէտ, յատկապէս՝ տպաւորւել է Իրանի նախագահ Ռոհանիի խարիզմատիկ կերպարով:

Սէյէդ Քազեմ Սաջջադին նշեց, որ ջերմ զգացմունքներ ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ եւ այսուհետ որտեղ էլ լինի, կաշխատի ուժերի ներածին չափով օգտակար լինել հայ-իրանական բարեկամութեանը:

Նա շնորհակալութիւն յայտնեց նախարարին Իրանին պատուհասած ջրհեղեղի ժամանակ օժանդակութեան համար եւ նշեց, որ Իրանի ղեկավարութիւնը մեծ ցանկութիւն ունի, շարունակելով բարեկամութիւնը, Հայաստանի հետ հաստատել որակական նոր յարաբերութիւններ:

Հանդիպման աւարտին նախարարը հրաժեշտ տալով դեսպանին, յոյս յայտնեց, որ ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը կը շարունակի գոյութիւն ունեցող բարի աւանդոյթը:

Սաջջադի-Օսիպեան հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանապետը կարեւորեց երկու հարեւան պետութիւնների բարեկամական յարաբերութիւնները, ինչի շնորհիւ էլ արդիւնաւէտ համագործակցութիւն կայ Հայաստանի եւ Իրանի իրաւապահ կառոյցների միջեւ:

Օսիպեանը նշեց, որ Հայաստանի ոստիկանութեան եւ Իրանի ներքին գործերի նախարարութեան միջեւ կայ համագործակցութեան առաւել սերտացման հեռանկար:

Սէյէդ Քազեմ Սաջջադին շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար՝ նշեց, որ աւարտում է առաքելութիւնը Հայաստանում: Նա իր գոհունակութիւնը յայտնեց ՀՀ ոստիկանութեանը՝ Իրանի դեսպանութեան հետ սերտ համագործակցութեան համար: Անկախ իր գտնւելու վայրից՝ նա խոստացաւ աջակցել նորանշանակ դեսպանին՝ հայ-իրանական բարեկամութիւնն առաւել ամրապնդելուն ուղղւած միջոցառումներ իրականացնելիս:

Դեսպան Սաջջադին նշեց, որ մեծացել է Հայաստան մեկնող իրանցի զբօսաշրջիկների թիւը, աճել է նաեւ Իրան մեկնող հայ զբօսաշրջիկների քանակը:

Վալերի Օսիպեանը շնորհակալութիւն յայտնեց համագործակցութեան համար եւ Սէյէդ Քազեմ Սաջջադիին մաղթեց յաջողութիւն:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր եւս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։