Հա

Քաղաքական

29/08/2019 - 10:10

Տիգրան Խաչատրեանն ընդունել է Իրան-Հայաստան առեւտրական պալատի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրեանը հանդիպել է Իրան-Հայաստան առեւտրական պալատի ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրեանը հանդիպել է Իրան-Հայաստան առեւտրական պալատի ներկայացուցիչների հետ. փոխանցում է Aysor.am-ը:

Նախարարը ողջունել է գործարարներին եւ ներկայացրել Հայաստանի տնտեսութեան առանձնայատկութիւնները։ ՀՀ նախարարը իրանական բիզնեսի՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու տեսանկիւնից կարեւորել է Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ մշակութային ընդհանրութիւնները հարեւան պետութիւնների միջեւ։

Տիգրան Խաչատրեանի խօսքով՝ հայազգի գործարարների գիտելիքները եւ պատկերացումները իրանական տնտեսութեան վերաբերեալ՝ մի կողմից, եւ ռուսաստանեան տնտեսական միջավայրի մասին՝ միւս կողմից, կարող են խիստ արդիւնաւէտ լինել համագործակցութեան համար։

Նախարարը կարեւորել է նաեւ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կնքւած ազատ առեւտրի ժամանակաւոր համաձայնագրի առկայութիւնը։ Նախարար Խաչատրեանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցութեան արդիւնքները եւ բացւող տնտեսական հեռանկարները։ 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսական միջավայրին․ «Կառավարութեան վերջին մէկ տարուց աւելի վարւող քաղաքականութեան առանցքային կէտերից է շուկայում գործող եւ մեկնարկող բիզնեսի համար առաւելագոյն հաւասարութեան ապահովումը։ Գործունէութեան  իւրաքանչիւր բնագաւառում նոր կազմակերպութիւն ստեղծելը եւ բիզնեսով զբաղւելը հաւասարապէս հասանելի է ցանկացած կազմակերպութեան համար, մրցակցային պայմանները հաւասար են բոլորի համար: Կառավարութեան նպատակն է բացառել կոռուպցիայի որեւէ դրսեւորում այն յարաբերութիւններում, որոնք վերաբերում են պետական մարմինների եւ մասնաւոր հատւածի միջեւ շփումներին»,- ասել է Տիգրան Խաչատրեանը:

Իրան-Հայաստան առեւտրաական պալատի վարչութեան նախագահ Հերւիկ Եարիջանեանը շնորհակալութիւն է յայտնել նախարար Տիգրան Խաչատրեանին եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանին ընդունելութեան համար՝ ընդգծելով էկոնոմիկայի նախարարութեան հետ քննարկումների կարեւորութիւնը։ Պալատի ներկայացուցիչները նախարարին հարցեր են ուղղել Հայաստանում բիզնես գործունէութիւն ծաւալելու առանձնայատկութիւնների, մաքսային ընթացակարգերի, հարկային կարգաւորումների վերաբերեալ։

Տիգրան Խաչատրեանը նախարարութեան իրաւասու պաշտօնեաներին յանձնարարել է պատւիրակութեան՝ Հայաստանում գտնւելու օրերին հետամուտ լինել նրանց յուզող հարցերի պարզաբանմանը եւ օժանդակել գործարար կապերի հաստատմանը։ Նախարարը յոյս է յայտնել, որ գործարարներն արդիւնաւէտ հանդիպումներ կունենան գործընկերների հետ, ինչը կը յանգեցնի համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։