Հա

Քաղաքական

03/09/2019 - 10:00

Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարները քննարկել են արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանը ընդգծել է Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացում առկայ դրական միտումներին կայուն եւ անշրջելի բնոյթ հաղորդելու կարեւորութիւնը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանը ընդգծել է Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացում առկայ դրական միտումներին կայուն եւ անշրջելի բնոյթ հաղորդելու կարեւորութիւնը։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնների կենտրոնական ապարատների՝ իր ձեւաչափով առաջին համատեղ խորհրդակցութիւնը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական եւ հիւպատոսական ծառայութիւնների ղեկավարների մասնակցութեամբ։

Խորհրդակցութեան ընթացքում Արցախի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլեանը եւ Զոհրաբ Մնացականեանը հանդէս են եկել ելոյթներով։ Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հանրապետութեան արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթութիւնները, նրա միջազգային ճանաչման գործընթացի եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ Արցախի իշխանութիւնների դիրքորոշումը։ Մասիս Մայիլեանը, մասնաւորապէս, նշել է, որ արցախեան պետականութեան ամրապնդումը, ինչպէս նաեւ որոշակի համաշխարհային միտումները, համաձայն որոնց՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրացումը դիտարկւում է որպէս էթնօ-քաղաքական հակամարտութիւնների լուծման հիմք, նոր հնարաււորութիւններ եւ հեռանկարներ են բացել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում։ ԱՀ արտաքին գործերի նախարարը նաեւ ընդգծել է Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացում առկայ դրական միտումներին կայուն եւ անշրջելի բնոյթ հաղորդելու կարեւորութիւնը։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին՝ Մասիս Մայիլեանը գոհունակութեամբ է նշել, որ երկու հայկական պետութիւնների ղեկավարութիւնների դիրքորոշումը՝ պաշտօնական Ստեփանակերտի ուղիղ եւ լիիրաւ մասնակցութեամբ բանակցութիւնների լիարժէք ձեւաչափի վերականգնման հարցում, ամբողջովին համընկնում են՝ միաժամանակ նշելով մի շարք քայլեր՝ սահմանւած նպատակին հասնելու համար։

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգի եւ միջազգային ասպարէզում հայկական երկու պետութիւնների առջեւ ծառացած խնդիրների լուծման համար նոր գաղափարների եւ մօտեցումների մշակման շուրջ։ Այս համատեքստում քննարկւել են համատեղ նախաձեռնութիւնների եւ ծրագրերի իրականացման ուղղութեամբ գործնական քայլեր, ինչպէս նաեւ որոշւել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են նախարարութիւնների եւ նրանց համապատասխան ստորաբաժանումների միջեւ խորհրդակցութիւնների օրակարգին՝ երկու գերատեսչութիւնների միջեւ խորհրդակցութիւնների պլանի համաձայն։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել նման ձեւաչափով պարբերական խորհրդակցութիւնների անցկացման վերաբերեալ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։