Հա

Քաղաքական

17/09/2019 - 14:00

«Մեր «թաւշէ արքան» մերկ է, երէկ այդ կոլեկտիւ հալուցինացիայի շղարշը պատռեց իշխանութեան առանցքային ֆիգուրներից մէկը՝ ամենազօր ԱԱԾ պետը»․ Աւետիք Չալաբեան

Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Արթուր Վանեցեանի հրաժարականին, եւ հարցին՝ ի՞նչ է տեղի ունենալու հիմա։

«alikonline.ir» - Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Արթուր Վանեցեանի հրաժարականին, եւ հարցին՝ ի՞նչ է տեղի ունենալու հիմա։

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Հանս-Քրիստիան Անդերսէնի յայտնի հեքիաթում, աներեւոյթ բայց թանկ «զգեստ» կրող արքան իր շքախմբի հետ երկար ճեմում է սեփական քաղաքի փողոցներով, հպատակների ամբոխի հիացական բացականչութիւնների ներքոյ, մինչեւ վերջապէս մի մանչուկ պատռում է կոլեկտիւ հալուցինացիայի շղարշը, եւ սկսում է գոռալ, որ արքան մերկ է։ Դանդաղ, բայց հետեւողական, մարդիկ սկսում են ուշքի գալ, եւ բնականաբար, պատճառաբանութիւններ որոնել, թէ ինչպէս իրենք կարող էին չնկատել այդպիսի մի ակնյայտ բան, իսկ "մերկացւած" արքան էլ անփառունակ հեռանում է։

Այն, որ մեր «թաւղէ արքան» մերկ է, մեզ ակնյայտ էր դեռեւս անցեալ տարւայ կէսերից, ոմանց՝ էլ աւելի շուտ։ Այն, որ այդ մերկութիւնը վաղ թէ ուշ ակնյայտ է դառնալու բոլորին, եւս կասկած չէր հարուցում։ Դրա մասին խօսում էին բազմաթիւ իրատես «մանչուկներ», բայց մեր բարեսիրտ մարդկանց մեծ մասը վանում էին իրենցից այդ միտքը՝ չէ որ «թաւշէ արքան» վերջին յոյսն էր՝ նախկինների ռեժիմը անվերադարձ մերժելու, անխտիր բոլոր մեղաւորներին պատժելու, թալանած բոլոր փողերը յետ բերելու, եւ ի վերջոյ՝ մեր տառապած երկրում յաւէրժական արդարութեան արքայութիւն հաստատելու։

Այն, որ այս ամէնը պրիմիտիւ ուտոպիա է, մանրամասն նկարագրւած Ջորջ Օրուէլի եւ Այն Ռանդի խորաթափանց գրքերում, շատերի համար էական չէր (շատերը թերեւս այդ գրքերը չէին էլ կարդացել, բայց նոյնիսկ կարդացողներն էին մոռացել)։ Այն, որ այս ամէնի միջով աշխարհի բազմաթիւ երկրներ են անցել, եւ եկել նոյն դառը հետեւանքների (վկան՝ Կուբան կամ Վենեզուէլան), եւս էական չէր։ Այն, որ այս ամէնը կարող է նաեւ ողբերգական աւարտ ունենալ, մարդիկ առաւել եւս փորձում էին իրենցից հեռու վանել՝ ինչպէս կարող է վատ վերջանալ մի բան, որ այդպէս լաւ էր սկսւել (թէեւ մեր հետ դա բնաւ առաջին անգամ չի տեղի ունենում, բաւական է յիշել ՀՀՇ թռիչքն ու անկումը)։ Մարդիկ պատրաստ են համառօրէն կառչել իրենց պատրանքներից, եւ չտեսնել իրականութիւնը, դա, ցաւօք, ժամանակակից աշխարհում տարածւած պարադոքսալ իրողութիւն է։

Երէկ սակայն, այդ կոլեկտիւ հալուցինացիայի շղարշը պատռեց ոչ թէ եւս մէկ հերթական «մանչուկ», այլ գործող իշխանութեան առանցքային ֆիգուրներից մէկը՝ ամենազօր ԱԱԾ պետը։ Նա ոչ միայն ասեց, որ «արքան» մերկ է, այլեւ որ ինքը այլեւս չի կարող գտնւել այդ «արքայի» կողքին, քանի որ մերկ, բայց ինքնահաւան ու ինքնասիրահարւած այս շարասիւնը տանում է մեր պետականութիւնը դէպի անկառավարելի փորձութիւններ։ Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա այս կոշտ ապահարզանը, դրանում օտարերկրեայ հետք տեսնելով (թերեւս այն կայ), կամ սեփական քաղաքական ամբիցիաներին վերագրել (եւս չի բացառւում), սակայն հիմքում մի ակնյայտ փաստ է՝ «թաւշեայ» իշխանութեան խոհանոցում յայտնւած հայ կադրային սպան ի վերջոյ գիտակցել է այդ իշխանութեան ողջ «մերկութիւնը»՝ մակերեսայնութիւնը, կարճատեսութիւնը, կամակորութիւնը, անհետեւողականութիւնը, թերեւս նաեւ այն օտար ազդեցութիւնները, որոնք կան այդ իշխանութեան վրայ, եւ որոնք նրան տանում են անխուսափելի անկման ճանապարհով։ Գիտակցել է, եւ որոշել է այս փուլում լւանալ ձեռքերը, ապագայում իրեն գործողութիւնների ազատութիւն թողնելու նպատակով։

Ի՞նչ է տեղի ունենալու հիմա։ Իշխանութեան առաջին արձագանքը լինելու է մերժողական (եւ արդեն եղել է), փորձելով նւազեցնել այս իրադարձութեան դերը եւ կարեւորութիւնը, «ինքդ ես մերկ» պիտակաւորում իրականացնել, բացայայտելով հեռացող ԱԱԾ պետի մասին «պիկանտ» դրւագներ, եւ այլն։ Սակայն ակնյայտ է, որ այս հրաժարականը արդէն իսկ շոկային ազդեցութիւն է թողել ողջ իշխանական համակարգի վրայ, եւ որ նրան հետեւելու են այլ հրաժարականներ՝ մի կողմից, սկսելու են հեռանալ պետական կառոյցում մնացած այն խելամիտ գործիչները, եւ որոնք հասկանում են, որ այս իշխանութիւնը գնում է ինքաոչնչացման ճանապարհով,եւ նրա կողքին մնալը այլեւս յղի է ծանր հետեւանքներով։ Միւս կողմից, փախնելու են նաեւ այն նորելուկ «քաղաքական առնետները», որոնք մէկ տարի առաջ իրենց համար տեսան սրընթաց քաղաքական կարիերայի հնարաւորութիւն, սակայն որոնց յոյսերը հիմա արագօրէն ի դերեւ են գալիս։ Իշխանութիւնը դրան պատասխանելու է հռետորաբանութեան կոշտացմամբ, խաղի մէջ է մտցնելու ակնյայտ մարգինալ ուժեր (որոնք եւս խիստ ակտիւացել են վերջին շաբաթներին), փորձելու է գնալ ռեպրեսիաների եւ էլ աւելի հոգեցունց քայլերի, հասարակութեան արմատական հատւածը եւս մէկ անգամ իր շուրջը համախմբելու, եւ անկասելի անկումը կանխելու համար։ Սա կարող է աւարտւել արագ, կամ ձգւել երկար, բայց արդէն ակնյայտ է, որ առաջիկայ օրերին եւ ամիսներին մեզ նոր ցնցումներ են սպասում, մինչեւ վերջնական հանգուցալուծում։

Ի՞նչ ենք անելու այս իրադրութիւնում մենք։ Մեզ համար կարեւորագոյն ազգային արժէքը մեր պետականութիւնն է, եւ մեր նպատակն է թոյլ չտալ, որ այս իշխանութիւնը, օգտագործելով հասարակութեան մէջ կուտակւած արդար դժգոհութիւնը նախկին իշխանութիւնից, խարխլի այդ պետականութեան բուն հիմքերը, ինչպէս նա տարբեր ձեւերով փորձում էր անել վերջին մէկ տարւայ ընքացքում։ Մեր նպատակն է նաեւ, որ այս իշխանութեան անխուսափելի հեռացումը ապագայում չբերի մեր պետականութեան համար անշրջելի կորուստների, տեղի ունենայ խաղաղ եւ օրինական, եւ բերի երկրում ժողովրդավարական հասարակարգի եւ օրինականութեան ամրապնդման, այլ ոչ թէ դիկտատուրայի եւ ռեպրեսիաների նոր ալիքի, կամ պատերազմի նոր սրացման։ Ուստի մենք աշխատելու ենք համախմբել մեր հասարակութեան պետականամէտ, առողջ եւ իրատես հատւածը, ինչպէս նաեւ համագործակցել այլ առողջ եւ իրատես ուժերի հետ, հակազդելու այս իշխանութեան յետագայ արկածախնդիր դրսեւորումներին, եւ ապագայում նաեւ խաղաղ անցում կատարելու դէպի «յետյեղափոխական» կառավարման ժամանակաշրջան։ Մինչ այդ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ օր, եւ սթափ ու իրատեսական մտքեր»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։