Հա

Քաղաքական

28/09/2019 - 13:00

«Փաշինեանի ամե­րի­կեան այ­ցը՝ ան­ձե­ռակերտ «թան­գա­րան»՝ նւիր­ւած յեղա­փո­խու­թա­նը». «Փաստ»

«Փաստ»- թերթը գրում է. Աւարտւեց վարչապետ Փաշինեանի՝ հնգօրեայ այցը ԱՄՆ, որի համար պետբիւջէից ծախսւել է առնւազն 165 մլն դրամ (որոշ հաշւարկներով՝ աւելի քան 330 մլն), եւ զարմանալի չէ, որ հանրութիւնը ցանկանում է իմանալ, թէ այցն ինչ դրական արդիւնքներ ունեցաւ մեր պետութեան համար, բացի Թրամփի ու իւր կնոջ մոմէ արձանների հետ նկարւելը։ Այս հարցին պատասխանելու համար պէտք է դիտարկենք այցի բուն նպատակներն ու ընթացքը։

«alikonline.ir»- «Փաստ» թերթը գրում է. Աւարտւեց վարչապետ Փաշինեանի՝ հնգօրեայ այցը ԱՄՆ, որի համար պետբիւջէից ծախսւել է առնւազն 165 մլն դրամ (որոշ հաշւարկներով՝ աւելի քան 330 մլն), եւ զարմանալի չէ, որ հանրութիւնը ցանկանում է իմանալ, թէ այցն ինչ դրական արդիւնքներ ունեցաւ մեր պետութեան համար, բացի Թրամփի ու իւր կնոջ մոմէ արձանների հետ նկարւելը։ Այս հարցին պատասխանելու համար պէտք է դիտարկենք այցի բուն նպատակներն ու ընթացքը։

Ի սկզբանէ պարզ էր, որ վարչապետը պէտք է մէկնի ԱՄՆ, քանի որ նախատեսւում էր վերջինիս մասնակցութիւնը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որտեղ պէտք է ելոյթով հանդէս գար, ուստի Փաշինեանը որոշեց այս առիթն օգտագործել, մի քանի օր շուտ մեկնել ԱՄՆ եւ հանդիպել սփիւռքահայերի հետ։

Սակայն ուշագրաւ է, որ հարցականի տակ էր վարչապետի եւ ամերիկեան պաշտօնական շրջանակների միջեւ հանդիպումների հարցը, իսկ այդ դէպքում կառավարութեան ղեկավարի այցը քննադատութիւններին չէր կարող դիմանալ, դրա համար էլ նախատեսւեց, որ պէտք է հաւաք անցկացնել Լոս Անջելէսի Գրանդ պարկում, քանի որ վարչապետը միտինգներ անցկացնելու մասնագէտ է, եւ նման միջոցառումների ժամանակ վերջինիս յաջողւում է ոգեւորութիւն առաջացնել մարդկանց շրջանում։

Ակնկալւում էր, որ հաւաքին կը մասնակցի մօտ 30-35 հազար մարդ։ Այնուամենայնիւ, հաւաքի անցկացումը ցոյց տւեց, որ այն ակնկալւածից աւելի սակաւամարդ էր։

Ըստ ամերիկեան լրատւամիջոցների տւեալների, հաւաքին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, կան նաեւ այլ տւեալներ, որ մասնակիցների թիւը հազիւ կազմել է 6-7 հազար։ Լոս Անջելէսում ապրող մեծաթիւ հայկական համայնքից նման քիչ թւով հայերի մասնակցութիւնը բոլորովին էլ յաջողութիւն չի կարելի համարել։

Ուշագրաւ է, որ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ-ամերիկեան յարաբերութիւնների մակարդակի բարձրացման հարցն այդպէս էլ չշոշափւեց, ու մեծապէս զարմանալի է, որ Փաշինեանի՝ Լոս Անջելէսեան ուսուլիսի ժամանակ ոչ ոք հարց չուղղեց վարչապետին այդ մասին, իսկ հարցուպատասխանն ընթացաւ բացառապէս Հայաստանի ներքաղաքական օրակարգի շուրջ։ 

Այցի շրջանակներում ունեցած միւս հանդիպումների ընթացքում վարչապետի ելոյթների գլխաւոր շեշտադրումները եւս վերաբերում էին թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ Հայաստանի արձանագրած «ձեռքբերումներին», կոռուպցիայի դէմ պայքարին եւ այլն, մի խօսքով՝ բանաւոր, անձեռակերտ «թանգարան»՝ նւիրւած իշխանափոխութեանը (կամ՝ յեղափոխութեանը, ոնց կուզէք)։

Այցի օրակարգը լցնելու եւ սփիւռքահայերին շահագրգռելու համար Փաշինեանը փորձեց անգամ այնպիսի յայտարարութիւններ անել, որոնք հիմքեր կը ստեղծեն սփիւռքում իր վարկանիշի բարձրացման համար։ Օրինակ՝ վարչապետը նշեց, թէ խնդիր է տեսնում օրէնսդրական այն կարգաւորման մէջ, որ կառավարութեան անդամները պէտք է պաշտօնի նշանակւելուց առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի եղած լինեն եւ Հայաստանում ապրած լինեն։

Ըստ նրա՝ սա արհեստական խոչընդոտներ է ստեղծում սփիւռքահայերի ներուժը ներգրաւելու տեսանկիւնից։

Վարչապետի այցի՝ արտաքին յարաբերութիւններին վերաբերող բաղադրիչը այդպէս էլ չյաջողւեց ապահովել, իսկ, օրինակ՝ Հայաստանի եւ Կալիֆորնիա նահանգի միջեւ համագործակցութեան պայմանագրի կնքումը, որը փորձ է կատարւում ներկայացնել իբր մեծ ձեռքբերում, գրեթէ ոչինչ չի տալու հայ-ամերիկեան յարաբերութիւնները խորացնելու տեսանկիւնից, քանի որ բազմաթիւ այդպիսի պայմանագրեր ունենք:

Հաշւի չէր առնւել նաեւ ամերիկեան քաղաքականութեան որոշ նրբութիւններ, օրինակ՝ Գրանդ պարկում հաւաքին մասնակցելու համար հրաւիրւած է եղել 53 կոնգրեսական եւ սենատոր, սակայն միջոցառմանը մասնակցել է միայն մէկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ով լինելով դեմոկրատական կուսակցութեան կարկառուն ներկայացուցիչ, նախագահ Թրամփի քաղաքական հակառակորդներից է։

Չնայած ամէն դէպքում աւելի նախընտրելի է, որ գոնէ մի կոնգրեսական մասնակցեց հաւաքին, քան ընդհանրապէս չմասնակցութիւնը։

Փաստօրէն, վարչապետի՝ օրեր տեւած ամերիկյան այցը չունեցաւ այն ռեզոնանսը, որ ակնկալւում էր, քանի որ հայ-ամերիկեան օրակարգը մղւեց երկրորդ պլան, իսկ կայացած հանդիպումներն աւելի շատ սփիւռքահայերի տրամադրութիւնները շոշափելու եւ սփիւռքում վարչապետի վարկանիշը բարձրացնելու նպատակ էին հետապնդում։ Մի քիչ էլ՝ ներհայաստանեան իմիջը պահելու խնդիր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։