Հա

Քաղաքական

10/10/2019 - 09:00

ՀՀ նախագահ Սարգսեանն ընդունել է «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատւիրակութեանը

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ՝ հոկտեմբերի 9-ին ընդունել է «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատւիրակութեանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանի գլխաւորութեամբ:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ՝ հոկտեմբերի 9-ին ընդունել է «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատւիրակութեանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանի գլխաւորութեամբ: Այս մասին Yerkir.am-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից։

Մարիօ Նալբանդեանը տեղեկացրել է, որ պատւիրակութեան կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչւած անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիւանագէտներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի եւ Արցախի հետ յարաբերութիւնների զարգացման ջատագովներ են: Խօսելով Ստեփանակերտում առաջիկայում կայանալիք համաժողովի մասին՝ նա նշել է, որ Արցախի արտաքին գործերի նախարարության և ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպվելիք միջոցառման նպատակն Արցախի հետ միջազգային կապերի զարգացումն է:

ՀՀ նախագահ Սարգսեանը ողջունել է Լատինական Ամերիկայի բարեկամ երկրների ներկայացուցիչների այցը Հայաստան ու Արցախ եւ շնորհակալութիւն յայտնել հիւրերին ի նպաստ Հայաստանի եւ Արցախի նրանց գործունէութեան համար: «Ուրախ եմ, որ ձեր այցը կապւած է Արցախի հետ: Բոլոր այն երկրներում, որոնք դուք ներկայացնում էք, հանդիպել եմ հայերի, որոնք, յատկապէս Մեծ Եղեռնից յետոյ, իրենց նոր հայրենիքն են գտնել ու դարձել այդ նոր հայրենիքի լաւ քաղաքացիներ: Ի դէմս Հայաստանի, Արցախի եւ ողջ հայ ժողովրդի՝ դուք ունէք լաւ բարեկամներ: Բարձր եմ գնահատում ձեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,- նշել է նախագահը՝ արդիւնաւէտ աշխատանք մաղթելով նրանց արցախեան համաժողովում:

Հանդիպմանը ներկայ՝ համաժողովի պատւիրակները նշել են, որ իրենց միաւորում է հիացմունքն ու սէրը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք պատրաստակամութիւն են յայտնել այսուհետ եւս շարունակել ակտիւ ջանքերն ի շահ Հայաստանի եւ Արցախի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։