Հա

Քաղաքական

24/10/2019 - 09:30

Քաղաքական հետապնդումներ՝ քրէական քողածածկոյթով

Աներկբայ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, իսկ այնուհետեւ նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի նկատմամբ քրէական հետապնդումներ սկսելու մէջ անուրանալի է Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների ներդրումը: Թեթեւակի յիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարեանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելու՝ ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնը ողջունած միակ քաղաքական ուժը եղել է ՀԱԿ-ը, այդ նոյն ՀԱԿ-ն է կանգնած նաեւ փաստաբան Վահէ Գրիգորեանին ՍԴ գործուղելու եւ ՍԴ նախագահ «կարգելու» ծիծաղաշարժ իրողութեան հետեւում:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Աներկբայ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, իսկ այնուհետեւ նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի նկատմամբ քրէական հետապնդումներ սկսելու մէջ անուրանալի է Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների ներդրումը: Թեթեւակի յիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարեանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելու՝ ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնը ողջունած միակ քաղաքական ուժը եղել է ՀԱԿ-ը, այդ նոյն ՀԱԿ-ն է կանգնած նաեւ փաստաբան Վահէ Գրիգորեանին ՍԴ գործուղելու եւ ՍԴ նախագահ «կարգելու» ծիծաղաշարժ իրողութեան հետեւում:

Նիկոլ Փաշինեանն ակամայ տապալել է ՀԱԿ-ի թէ մէկ եւ թէ միւս նախաձեռնութիւնը: Ասում ենք ակամայ, որովհետեւ նա որեւէ շանս չունէր յաջողելու, քանզի ՀԱԿ-ը, որպէս նրան ուղղորդող կառոյց, երբեք էլ աչքի չի ընկել օրէնքի տառին ու ոգուն համահունչ գործելու ունակութեամբ: Մէկ տարուց աւելի է արդէն, բայց ՀՀ իշխանութիւնների մատի ցուցումով աշխատող դատախազութիւնը չի բարեհաճում որեւէ յօդաբաշխ մեկնաբանութիւն տալ այն մասին, թէ ինչպէս կարող են մարդուն դատել մի բանի համար, որ բխում է նրա պաշտօնական պարտականութիւններից, եւ նա ուղղակի պարտաւոր է այդ բանն անել: Այս դէպքում խօսքը երկրի նախագահի կողմից սահմանադրական կարգի պահպանմանն է վերաբերում, ինչն էլ նա կատարել է 2008 թւականին: Եթէ դա յանցանք է, ապա ինչո՞ւ չեն դատում ու կալանաւորում աշխարհի շատ երկրների, այդ թւում եւ եւրոպական, առաջնորդներին, որոնք երբեւէ ստիպւած են եղել կոշտ գործողութիւններ կատարել սահմանադրական կարգի պահպանման կամ վերականգնման համար: Մեզ մօտ, սակայն, անհեթեթ մեղադրանքով ՀՀ երկրորդ նախագահին պահում են կալանքի տակ եւ այլեւս անհասկանալի է, թէ ինչի համար են դատում Քոչարեանին: Մարտի 1-ի զոհերի՞: Կարծես՝ ոչ, որովհետեւ, եթէ նախագահը մարտի 1-ին սահմանադրական կարգ չի խախտել, հետեւաբար նաեւ նրա մեղքով չէ, որ զոհեր են եղել փողոցում: Միւս կողմից բարձրաձայն չի էլ ասւում, որ յարուցւած քրէական գործում սպնութիւնների հարցով մեղադրանք ուղղակի յարուցւած չէ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ: Եւ երբ այս ամէնին աւելացնում ես նաեւ Նիկոլ Փաշինեանի յայտնի յայտարարութիւնը մարտի 1-ի բացայայտւած լինելու մասին, պատկերն ամբողջականանում է ու պարզ է դառնում, որ Քոչարեանի դէմ այս ողջ արշաւը քաղաքական խաղ է, քաղաքական հետապնդում: Ուրիշ էլ ի՞նչ որակում տալ երեւոյթին, երբ դատարանների դէմ Նիկոլ Փաշինեանի բացայայտ արշաւանքների առաջին շարքերում են ՀԱԿ առանցքային դէմքերը՝ Լեւոն Զուրաբեան, Արամ Մանուկեան, Փաշինեանի խօսնակ Վլադիմիր Կարապետեան, նրանց հրահանգով ՀԱԿ մարզային կառոյցներից ու տարբեր ստորաբաժանումներից բերման ենթարկւած ակումբակիցներ եւ հասարակութիւն ծառայող իրենց կամքին ենթակայ մարդկանց բազմութիւն:

Բաւական էր, որ ՍԴ-ն որոշում կայացներ ՀՀ երկրորդ նախագահի կալանքը սահմանադրութեանը չհամապատասխանելու մասին, եւ «յեղափոխութեան» սւիններն ուղղւելու էին ՍԴ-ի դէմ: Այս անգամ խնդիր դրւեց, ինչ գնով էլ լինի, ազատւել ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանից, որին այլեւս համարում էին իրենց յաջողութիւնների գլխաւոր խոչընդոտը: Փաշինեանի իշխանութիւնն այս անգամ արդէն դատապարտւած էր անյաջողութեան նոր՝ ԱԺ մակարդակով: ՍԴ-ն նոյնիսկ քննութեան չառաւ Օրէնսդիր մարմնի քաղաքական մեծամասնութեան՝ այսպէս կոչւած «նախագիծը» ՍԴ նախագահին անվստահութիւն յայտնելու «հիմքերով», ինչը, ոչ աւել ոչ պակաս, սթափեցնող ապտակ էր ընտրովի արդարադատութիւն իրականացնելու մոլուցքով տառապող ՀԱԿ-Փաշինեան տանդեմի երեսին:

Խայտառակւելով ԱԺ մակարդակով՝ ՀՀ իշխանութիւնները որդեգրեցին Հրայր Թովմասեանի դէմ՝ իշխանութիւնը իւրացնելու մեղադրանքով քրէական գործ յարուցելու ճանապարհով նրանից ազատւելու մի խայտառակ գործընթաց, որը, ինչքան էլ չուզենային, նոյնպէս դատապարտւած էր անյաջողութեան: Պարզւեց, որ դա էլ հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրութեանը, այլեւ Եւրոպական եւ Մարդու իրաւունքների միջազգային կոնւենցիայի համապատասխան դրոյթներին եւ կարող է հետեւանքներ ունենալ այդ գործընթացը ձեռնարկողների համար:

Հրայր Թովմասեանի խնդիրը նոր կոնսոլիդացիա է առաջ բերում քաղաքական դաշտում եւ հասարակութեան մտածող հատւածում: Բոլորն են հասկանում, որ ՍԴ նկատմամբ սկսւած արշաւը Ռոբերտ Քոչարեանի դէմ սանձազերծւած քաղաքական հետապնդումների շրաջանակներում է, որի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը հետագայում կենթարկւի իշխանութիւնների կամայականութիւններին եւ իր որոշումներով չի խոչընդոտի նրա ապօրինի քայլերին: Նիկոլ Փաշինեանի մերձաւորագոյն շրջապատին էլ սկսել է յուզել իր դէմ ձեւաւորւող կոնսոլիդացիան, երբ, այսպէս ասենք, «նախկինները» պաշտպանում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանին եւ քննադատում նրա ընտանիքի անդամների դէմ ԱԱԾ ձեռնարկած քայլերը: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետեանը դա մեկնաբանում է քրեական քողածածկոյթով. «Իրենք (նախկին իշխանութիւնների ներկայացուցիչները, Էդ. Ա.) շատ լաւ գիտեն՝ ով է Հրայր Թովմասեանը, գիտեն, որ նա տեղեակ է յանցագործութիւնների մասին, որոնք այն ժամանակ տեղի են ունեցել: Դրանով է պայմանաւորւած աջակցութիւնն իրենց վերջին մոհիկանին: Իրենք քաջ գիտակցում են՝ փոփոխութիւնները, որ անպայման գալու են նաեւ այդ մարմին, ամբողջութեամբ մերկացնելու են այն ժամանակաշրջանի բազմաթիւ խախտումները»: Չենք կարող ասել, թէ այս մեկնաբանութիւնը տրամաբանութեան նշոյլ ունի իր մէջ այն պարզ պատճառով, որ Վլադիմիր Կարապետեանը պարզապէս զանց է առնում իշխանութիւնների քայլերի հետ չհամաձայնելու հիմնական պատճառը՝ այն, որ այս դէպքում բացայայտ ապօրինութիւն է տեղի ունեցել գործող իշխանութիւնների կողմից, որը պարզապէս իրաւունք չունի քրէական պատասխանատւութեան ենթարկել ՍԴ նախագահին՝ ՍԴ համաձայնութիւնը չունենալով: Միւս կողմից էլ վարչապետի մամլոյ քարտուղարը խօսում է նախկինների ենթադրեալ խախտումների մասին՝ մոռանալով, որ նոյն Հրայր Թովմասեանը պակաս տեղեկացւած չէ նաեւ ՀՀ նորագոյն իշխանութիւնների ապօրինութիւններից, որ վերջին տարիներին տեղի են ունեցել ամբողջ երկրով մէկ՝ ամենաբարձր մակարդակներից մինչեւ ամենաստորին մակարդակներ, արտաքին քաղաքականութիւնից մինչեւ ներքին կեանքի տարաբնոյթ ոլորտներ: Դէ իսկ Վլադիմիր Կարապետեանի արտայայտութիւնը փոփոխութիւնների մասին, որ «դեռ գալու են», մեղմ ասած այլեւս չի ոգեւորում, որովհետեւ անցած մէկուկէս տարում այս «յեղափոխական» իշխանութեան բերած եւ ոչ մի փոփոխութիւն դոյզն-ինչ չի նպաստել մեր հասարակութեան առաջընթացին, եթէ չասենք, որ նրան հետ է շպրտել մինչեւ խորհրդային բռնաճնշումների դարաշրջան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։