Print this page
26/10/2019 - 10:20

Երկիրը փորձադաշտ չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին արցախեան պատերազմի մասնակից Իգոր Սարգսեանն ազատւել է բնապահպանութեան եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտօնից: Սա որոշ դաշնակցականներ որակեցին՝ կադրային ջարդ, որը շարունակւում է յատկապէս ՀՅԴ անդամների նկատմամբ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին արցախեան պատերազմի մասնակից Իգոր Սարգսեանն ազատւել է բնապահպանութեան եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտօնից: Սա որոշ դաշնակցականներ որակեցին՝ կադրային ջարդ, որը շարունակւում է յատկապէս ՀՅԴ անդամների նկատմամբ:

168.am-ի հետ զրոյցում բժիշկ-ազատամարտիկ Տարօն Տօնոյեանն ասաց, որ դեռեւս չի կարող ասել, թէ իրենց ընկերն ինչ պատճառով է ազատւել աշխատանքից, որովհետեւ դեռ չեն հասցրել տեղեկութիւն ստանալ կամ քննարկել այդ հարցը:

 

- Առհասարակ, այսօր արցախեան պատերազմի մասնակիցները, հերոսները արժանի ձեւով գնահատւո՞ւմ են:

- Եթէ մէկ բառով ասեմ՝ ոչ: Այսօր արցախեան ազատամարտի մասնակիցներին գնահատելը ոչ այնքան նրանց է պէտք, որքան աճող սերնդին, մեր հայրենիքի ապագային, որն այսօր, ես տեսնում եմ՝ խիստ վտանգւած է: Մեր երկրի մէջ արժէքը դարձել է 2018-ի ապրիլ-մայիսի յեղափոխութիւնը, դրանից աւելի բարձր արժէք չկայ: Ես սա եմ տեսնում:

 

- Ի՞նչ կասէք Արցախի հերոսների եւ ՀՀ իշխանութիւնների, քաղաքական տարբեր ուժերի միջեւ երբեմն դուրս մղւող հակասութեան մասին: Մեղաւորութիւնը երկու կողմի՞նն է, թէ՞

- Դա շատ ծաւալուն թեմա է, անհատական մօտեցում, առանձին գնահատական է պէտք իւրաքանչիւրին: Բայց այն, որ ընդհանուր առմամբ արժեզրկւում է հայրենիքի պաշտպանի գաղափարը, մարդիկ, որոնք իրենց կեանքը եւ առողջութիւնն են նւիրել, դա միանշանակ է: Այդ տեսակը չի յարգւում, չի խրախուսւում, եւ սա լի է լուրջ վտանգներով:

 

- Պատերազմով անցած անձանց քաղաքականութիւն մտնելուն ինչպէ՞ս էք վերաբերւում, արդեօք ամէն մէկը կարո՞ղ է քաղաքացիական կեանքում իրեն ճիշտ դրսեւորել, քաղաքական գործիչ դառնալ:

- Պատերազմով անցած մարդը նոյնպէս քաղաքացի է եւ կարող է մտնել քաղաքականութիւն, մանաւանդ, որ պատերազմով անցած մարդը լուրջ փորձառութիւն ունի, աւելին, բաւականին լուրջ կամք եւ բնաւորութիւն ունի դրա համար: Կարծում եմ՝ իրենց մեծամասնութիւնը նաեւ շիտակ մարդիկ են եւ ազնիւ: Ես սա դրական կողմով եմ ասում: Օրինակ, ես բժիշկ եմ, բայց եղել է ժամանակ, որ փորձել եմ մտնել քաղաքականութիւն, ՀՅԴ ցուցակով դառնալ ԱԺ պատգամաւոր: Դա անճարութիւնից է: Այսինքն՝ դու մտածում ես, որ քո բժիշկ չլինելու բացը լրացնողներ կը լինեն, բայց քաղաղաքականութեան մէջ տեսել ես այդ մեծ բացը եւ փորձել ես այդպէս լրացնել այն՝ անձնական զոհաբերութիւնների հաշւին: Ես գիւղերն ընկած աւելի շատ քարոզում էի՝ փող մի՛ վերցրէք, մի՛ վնասէք մեր երկրի ապագայի անվտանգութիւնը:

 

- Գործող իշխանութիւնն ասում է, որ խորհրդարանական վերջին ընտրութիւնն ամենաարդարն է եղել, մարդիկ փողով չեն ընտրել:

- Ես ընդունում եմ դա: Եւ ոչ միայն ընդունում եմ, այլեւ՝ գնահատում: Բայց մի ուրիշ բան կարող եմ ասել. եթէ յանկարծ միւս ընտրութիւններին փող բաժանեն, թոյլտւութիւն լինի, ժողովուրդը նորից փող է վերցնելու:

 

- Այսինքն՝ հասարակութեան գիտակցութիւնը դեռ պիտի փոխւի:

- Պէտք է ձեւաւորւի էլիտա, որն օրինակ կը ծառայի մեր ժողովրդին: Իսկ այսօր… գոնէ նախորդ իշխանութիւնների ժամանակ արւեստագէտը գնահատւում էր, հիմա իրենք, իրենցից բացի, ուրիշ ոչ մէկի չեն տեսնում: Ես ցաւում եմ, գիտեմ, որ երիտասարդ են, դա բնորոշ է երիտասարդութեանը, բայց երկիրը փորձադաշտ չէ:

 

- Բայց նախորդ իշխանութիւնների ժամանակ էլ կային որոշ արւեստագէտներ, որ գնահատւած չէին, այսինքն՝ որոշակի խումբ էր գնահատւում, տներ եւ մեդալներ ստանում, հիմա էլ այլ խումբ է գնահատւում, մեծ հաշւով:

- Թէ այն ժամանակ, որ խումբն էր գնահատւում… իսկ միւս ձեր ասածն արատաւոր երեւոյթ է: Բայց ես այսօր յստակ այդ միտումը տեսնում եմ…: Թեմայից շեղւեմ եւ անդրադառնամ ՍԴ-ի շուրջ զարգացումներին, ինչպէս նաեւ Հրայր Թովմասեանին: Տպաւորութիւն է, որ մեր ազգի բոլոր խնդիրները լուծւած են, մնացել է Հրայր Թովմասեանը, եւ, եթէ նրան բռնենք, բոլոր հարցերը լուծւելու են, լաւ ենք ապրելու, մեր երկիրը, ասենք, ունենալու է առնւազն 90-100 տանկ:

 

- Իսկ այն, որ վիրահատութեան ընթացքից կամ գուցէ իր նախընտրած ժամին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյեանը ՀՔԾ հարցաքննութեան է հրաւիրւել

- Երկուստեք լսել եմ: Ես մի փաստ արձանագրեմ՝ սկզբից մի յօդւածով տանում են, յետոյ զգում են, որ դա համաներման տակ է ընկնելու, փոխում են իրենց որոշումը: Սա ինձ վախեցնում է՝ որպէս ՀՀ քաղաքացի, եւ յստակ երեւում է, որ արդարադատութիւնն ընտրովի է, ոչ թէ հաւասար:

Ինչ վերաբերում է Բաբլոյեանին, գիտենք նրա վաստակը մեր ժողովրդին, բժշկագիտութեանը, ՀՀ-ին, այդքան երեխաներ է վիրահատել, կեանքեր փրկել: Ի՞նչ է նշանակում այդ հապճեպութիւնը, որ պէտք էր անպայման լեարդի փոխպատւաստման բացառիկ վիրահատութեան օրը, երբ դրսից մարդ կար հրաւիրւած, տանէին հարցաքննութեան: Այս երեւոյթներից տեղս չեմ գտնում:

 

Մարիամ Պետրոսեան

Յարակից լուրեր