Հա

Քաղաքական

30/10/2019 - 10:20

«Փաստ». «Իշխանութեան անլուրջ մօտեցումը գիտութեանը. հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախագծին յաջորդեց ԳԱԱ-ն լուծարելու առաջարկը»

«Փաստ» թերթը գրում է. «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» նոր օրէնքի նախագիծը վերջին շրջանում հանրութեան մէջ լայն քննարկման եւ քննադատութիւնների առարկայ դարձաւ այն բանից յետոյ, երբ պարզւեց՝ այդ նախագծով որոշւել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների դասաւանդումն այլեւս պարտադիր չի լինի:

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» նոր օրէնքի նախագիծը վերջին շրջանում հանրութեան մէջ լայն քննարկման եւ քննադատութիւնների առարկայ դարձաւ այն բանից յետոյ, երբ պարզւեց՝ այդ նախագծով որոշւել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների դասաւանդումն այլեւս պարտադիր չի լինի:

Սակայն պարզւում է, որ հայագիտական առարկաների դասաւանդման հարցը միակ խնդիրը չէ, որի հետ կապւած լուրջ մտահոգութիւններ կան մասնագէտների շրջանում: 

Եւ այն վերաբերում է Գիտութիւնների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկին, որն, ըստ էութեան, նշանակում է ակադեմիայի լուծարում: 

Եւ զուր չէ, որ «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» նոր օրէնքի նախագիծը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել գիտութեան ոլորտի ներկայացուցիչների մօտ: 

Նրանք կարծում են, որ այդ նախագծով գիտութեան կարգավիճակը իջեցւում է, եւ այն դիտարկւում է միայն բուհական համակարգի սպասարկման տեսանկիւնից:

Իհարկէ, գիտութիւնը շաղկապւած է կրթութեան հետ, բայց գիտութիւնը աւելի լայն հասկացութիւն է, քան կրթութիւնը, եւ առանց գիտութեան կրթութիւն լինել չի կարող, բայց դա չի ենթադրում, որ գիտութիւնը պէտք է խցկել կրթութեան ոլորտ: 

ԳԱԱ թղթակից անդամ, արւեստագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Յովհաննիսեանը նկատել է, թէ իզուր են գիտութիւնը բուհեր տանում, որովհետեւ գիտութիւնը բուհերում արդէն կայ։ 

Ըստ նրա, սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտութիւնը։ 

Իսկ Հր. Աճառեանի անւան լեզւի ինստիտուտի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատւալեանը նկատել է, որ նշւած նախագծով գիտութիւնը գրեթէ ոչնչացւում է, եւ այն դառնալու է օրէնք՝ ակադեմիան լուծարելու մասին։

Գիտութիւնների ազգային ակադեմիան ՀԽՍՀ կառավարութեան որոշմամբ ստեղծւել է 1943 թ. նոյեմբերի 10-ին, որի 23 հիմնադիր-ակադեմիկոսների թւում էին Մ. Աբեղեանը, Ալիխանեան եղբայրները, Հ. Աճառեանը, Աւ. Իսահակեանը, Վ. Համբարձումեանը, Օրբէլի եղբայրները եւ այլք, եւ նպատակ է հետապնդել համախմբել գիտնականներին` գիտութեան տարբեր բնագաւառներում իրականացնելու հիմնարար հետազօտութիւններ, երեւան հանելու եւ վերաիմաստաւորելու ազգի հոգևոր ժառանգութիւնը, ապահովելու ազգային անվտանգութիւն` սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:

Խորհրդային իշխանութեան տարիներին ակադեմիայում կատարւել են համաշխարհային հնչեղութեան յայտնագործութիւններ աստղաֆիզիկայի, հաշւողական տեխնիկայի, կիրառական մաթեմատիկայի եւ մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանութեան, հայագիտութեան եւ գիտական այլ բնագաւառներում:

Ներկայումս ակադեմիան շարունակում է զարգացնել գիտութեան տարբեր բնագաւառները եւ գրանցել նւաճումներ, արդիւնաւէտ համագործակցում է հանրապետական բուհերի, պետական կառոյցների, միջազգային գիտական կազմակերպութիւնների հետ, սակայն ներկայ շրջանում գիտութեան զարգացման հետ կապւած լուրջ խնդիր կայ, որն առաջին հերթին վերաբերում է պետութեան կողմից այս ոլորտին յատկացւած միջոցներին եւ համապատասխան ուշադրութեանը:

Գիտութեան ոլորտին կառավարութեան կողմից տրամադրւող ֆինանսական միջոցները անբաւարար են, եւ չկայ մոտիւացնող որեւէ գործօն գիտական գործունէութիւնը խրախուսելու ուղղութեամբ: 

Ոլորտի մասնագէտները միշտ էլ բարձրաձայնել են, որ գիտութեանը յատկացւող պետական միջոցների առումով Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է: 

2019 թւականին Հայաստանում գիտահետազօտական եւ փորձակոնստրուկտորային աշխատանքների ծախսերի մասնաբաժինը կրճատւել է՝ կազմելով ՀՆԱ-ի 0.23 տոկոսը՝ այն դէպքում, երբ 2016-ին գիտութեան բիւջետային ֆինանսաւորումը կազմում էր ՀՆԱ-ի 0.27 տոկոսը, թէպէտ դա էլ մի երեւելի թիւ չէր, մեղմ ասած: 

2020-ին գիտութեանն ուղղւող ֆինանսաւորումն աւելացել է... 0 տոկոսով: Այնինչ ներկայումս տարբեր երկրներ շահագրգռւած են ամէն տարի գիտութեանը տրամադրւող ֆինանսական միջոցներն աւելացնելու հարցում:

Փաստօրէն ստացւում է մի իրավիճակ, երբ տարբեր բարձրաստիճան պաշտօնեաների անիմաստ գործուղումների եւ այլ գերշքեղ ծախսերի համար գումարի պակաս չկայ, սակայն կարելի է լուծարել իրենից ազգային արժէք ներկայացնող Գիտութւնների ազգային ակադեմիան: 

Սրանից յետոյ արդէն հասկանալի է, թէ որքան արժէք ունեն կառավարութեան անդամների այն յայտարարութիւնները, թէ իրենք շահագրգռւած են գիտելիքահեն տնտեսութիւն ստեղծելու գործում»:

Յարակից լուրեր

  • Ամստերդամի հանրային գրադարանը համալրւել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութեան մասին գրականութեամբ
    Ամստերդամի հանրային գրադարանը համալրւել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութեան մասին գրականութեամբ

    Ամստերդամի հանրային գրադարանում յուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսաւոր արարողութեամբ գրադարանին են յանձնւել Հայաստանի, հայ ժողովրդի պատմութեան, հայկական մշակոյթի եւ հոլանդահայութեան վերաբերեալ շուրջ չորս տասնեակ գրքեր։

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Համաստեղ (Համբարձում Կէլէնեան) (1895-1966)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Համաստեղ (Համբարձում Կէլէնեան) (1895-1966)

    Յիսուն տարի առաջ, 1966-ի նոյեմբերի 26-ի օրը, Կալիֆորնիոյ մէջ իր ծննդեան 70-ամեակին նւիրւած յոբելինական հանդիսութեան աւարտին, երբ օրւան եզրափակիչ իր ելոյթը կունենար, բեմին վրայ յանկարծամահ ինկաւ հայ գրականութեան նոր ժամանակներու մեծագոյն դէմքերէն Համաստեղ։

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Լեռ Կամսար (Արամ Թովմասեան) (1888-1965)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Լեռ Կամսար (Արամ Թովմասեան) (1888-1965)

    22 նոյեմբերին ոգեկոչեցինք յիշատակը հայ գրականութեան մեծատաղանդ երգիծագիրներէն Լեռ Կամսարի, որուն կեանքն ու գործը խօսուն, այլեւ դառն վկայութիւն մը եղան Հայաստանի ու հայ ժողովուրդին պարտադրւած խորհրդային-ամբողջատիրական լուծի աղէտալի հետեւանքներուն եւ ողբերգական տարողութեան մասին:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Աղասի Այւազեան (1925-2007)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Աղասի Այւազեան (1925-2007)

    Նոյեմբերի 21-ին ոգեկոչեցինք մահւան իններորդ տարելիցը հայ գրականութեան մեծատաղանդ արձակագիրներէն եւ մեր ժամանակներու արժանաւոր մտածողներէն Աղասի Այւազեանի:
    Իր գեղարւեստական տաղանդով եւ ստեղծագործական վաստակով՝ Աղասի Այւազեան կը հանդիսանայ հայկական արձակի եւ բեմագրութեան մեծարժէք վարպետ մը, որ վերջին յիսնամեակին նոր հորիզոններ բացաւ հայաստանեան գրականութեան առջեւ:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մինաս Թէօլէօլեան (1913-1997)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մինաս Թէօլէօլեան (1913-1997)

    Նոյեմբերի 24-ին նշեցինք ծնունդը սփիւռքահայ առաջին սերունդի երախտաշատ ներկայացուցիչներէն Մինաս Թէօլէօլեանի, որ իր գրականագիտական ժառանգութեամբ, խմբագրական վաստակով եւ մանկավարժական ծառայութեամբ՝ աւելի քան վեց տասնամեակ հոգե-մտաւոր սնունդ հասցուց տարագիր հայութեան ցիրուցան զաւակներուն, աշխարհի չորս ծագերուն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։