Հա

Քաղաքական

30/10/2019 - 09:30

ՀՀ ԱԳ նախարարի հարցազրոյցում խոցելի պահեր կային

Զոհրաբ Մնացականեանի հարցազրոյցում անընդունելի շեշտադրումներ կային, հարցազրոյցի միջնամասում իրականութեանը չհամապատասխանող յայտարարութիւններ եղան, եւ սայթաքումները տեսանալի էին: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ փոխխօսնակ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով BBC-ի Hardtalk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հարցազրոյցին:

«alikonline.ir» - Զոհրաբ Մնացականեանի հարցազրոյցում անընդունելի շեշտադրումներ կային, հարցազրոյցի միջնամասում իրականութեանը չհամապատասխանող յայտարարութիւններ եղան, եւ սայթաքումները տեսանալի էին: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ փոխխօսնակ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով BBC-ի Hardtalk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հարցազրոյցին:

«ԱԳ նախարարի հարցազրոյցի մէջ խոցելի մի քանի պահեր կային. նախեւառաջ նա Արցախը ներկայացրեց մի տարածք, որտեղ հայրենակիցներ են ապրում: Մենք այդ նոյն կերպ կարող ենք ներկայացնել, որ Բէյրութը, Լոս Անջելէսը տարածք է, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում: Արցախի Հանրապետութիւնը դա տարածք չէ, որտեղ հայեր են ապրում, այն Հայաստանի մասն է, ինչպէս որ Հայաստանի մի մասն է Հայաստանի Հանրապետութիւնը: Այսինքն՝ ինչպէս Արցախի Հանրապետութիւնն է Հայաստանի մաս, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութիւնն է Հայաստանի մաս: Հարցն այս ձեւով պէտք է ներկայացւէր»,- յայտարարեց նա:

Ըստ Վահրամ Բալայեանի՝ Արցախը ոչ թէ տարածք է, այլ հայկական երկրորդ պետութիւն, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: «Այսինքն՝ Հայաստանի մի հատւածում գոյութիւն ունի հայկական երկրորդ պետութիւն, որտեղ հայ մարդն է ապրում, այս ձեւով պէտք է ներկայացւէր եւ լրագրողին իր տեղը ցոյց տրւէր, քանի որ հաղորդավարն անընդհատ նշում էր՝ լաւ, ընդունեցինք որ հայ մարդիկ են ապրում, բայց տարածքը հայկական չէ: Պէտք է ասւէր՝ ի՞նչ է նշանակում հայկական չէ, բա ո՞ւմ տարածքն է այդ դէպքում, եթէ հայ մարդն այնտեղ Գանձասար, Ամարաս է կառուցել, նոյնիսկ ուրարտական արձանագրութիւններում է նշւում Արցախի մասին, բա ո՞ւմ տարածքն է, կարո՞ղ է՝ թուրք է ապրել, կամ քոչւոր մարդ է ապրել»,- ընդգծեց նա:

Երկրորդ հանգամանքը, ինչը դուր չի եկել Բալայեանին ԱԳ նախարարի պատասխանից, կապւած է հաղորդավարի այն հարցի հետ, թէ հայկական կողմից յարձակումներ են եղել 20 տարի շարունակ: «Ամբողջ խնդիրը հետեւեալի մէջ է. տպաւորութիւն է ստեղծւում, որ հայկական բանակը ինչ-որ սխալ գործ է կատարում, իրականում այդպէս չի, չէ՞: Բոլորի համար էլ ակնյայտ փաստ է, որ հայ զինւորն այստեղ միայն ու միայն մէկ առաքելութիւն է կատարում՝ պաշտպանել Արցախի Հանրապետութեան սահմանն ու հայ մարդու անվտանգութիւնը: Դա է անում այս բանակը, ուրիշ բան չի անում: Այս բանակը չի ուզում ադրբեջանցի սպանի, պարզապէս իր առաքելութիւնն է կատարում, ինչպէս ընդունւած է աշխարհում, պաշտպանում է իր պետականութիւնը եւ իր ժողովրդի անվտանգութիւնը: Այս պահը լաւ չի ընդգծւած: Այստեղ էր, որ լրագրողը մի քանի անգամ հարցադրումներ ներկայացրեց եւ անընդհատ փորձում էր կրկնել, որ պէտք էր շեշտւէր այս պահն ու հանգամանքը, ինչը չարւեց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին՝ Բալայեանն ասաց, որ անընդհատ խօսւում էր Լեռնային Ղարաբաղի մասին, այնինչ պէտք է խօսւէր Արցախի Հանրապետութեան կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մասին: «Հասկանալի է, որ միջազգային իրաւական նորմով ճանաչւած չէ, բայց դա չի նշանակում, որ մենք չկանք: Մենք կանք, եթէ մենք չլինէինք, ապա Միացեալ Նահանգների 9 նահանգներ մեզ չէին ճանաչի, կամ Աւստրալիայի նահանգները մեզ չէին ճանաչի, կամ մեզ հետ բարեկամական խմբեր չէին ձեւաւորւի տարբեր երկրների պառլամենտներում: Այնպէս որ աշխարհին պէտք է իրականութիւնը ցոյց տրւէր, որ կայ այսպիսի երկիր, այսպիսի հանրապետութիւն, որտեղ հայ մարդն է ապրում եւ փորձում է ինտեգրւել աշխարհին, խաղաղութիւն բերել աշխարհին»,- ասաց նա:

Բալայեանը նկատեց, որ անընդհատ Լեռնային Ղարաբաղ շեշտելը սխալ էր: «Պէտք է կարգավիճակը ցոյց տրւէր, որովհետեւ տպաւորութիւն է ձեւաւորւում, որ Հայաստանի Հանրապետութիւնը գալիս է տարածքների համար պայքարի, ինչն իրականում այդպէս չէ: Իրականում ՀՀ-ն ոչ մի տարածքի համար չի պայքարում, այստեղ վէճը երկու նախկին խորհրդային սուբիեկտների միջեւ է, որի մի կողմում ներկայիս Արցախի Հանրապետութիւնն է, միւսում էլ՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը, եւ այլ բան է, որ ՀՀ-ն օժանդակում է իր հայրենակիցներին, բայց ՀՀ-ն այս կոնֆլիկտի՝ տարածքի կամ ինչ-որ այլ բաների հետ ոչ մի առնչութիւն չունի: ՀՀ-ն պարզապէս այստեղ ապրող իր հայրենակիցների անվտանգութեան երաշխաւորն է հանդիսանում եւ միջազգային հարթակում այդպէս է հանդէս գալիս, այսինքն պէտք է այս տեսանկիւնից ցոյց տրւէր Արցախի Հանրապետութեան սուբիեկտայնութիւնը»,- ասաց նա:

Անդրադառնալով Մնացականեանի հնչեցրած մէկ այլ մտքին, թէ Արցախեան հակամարտութեան լուծման տարբերակը պէտք է բաւարարի նաեւ Ադրբեջանի ժողովրդին, նա նշեց, որ ցանկութիւններն ու իրականութիւնը տարբեր բաներ են: «Այսօր Ադրբեջանի ղեկավարը անընդհատ ֆաշիստական լոզունգներ է առաջ քաշում, անընդհատ խօսում է ոչ միայն Արցախի տարածքի մասին, այլ նաեւ նրա, որ Զանգեզուրը իրենց ձեռքից խլել են հայերը: Նա խօսում է Զանգեզուրի, Երեւանի մասին, Սեւանայ լճի մասին: Մի մարդ, որն անընդհատ նման հակումներ ունի եւ անընդհատ իր ժողովրդին ներկայացնում է, որ Հայաստան չկայ, դա իրենց տարածքն է, ինչպէ՞ս կարելի է խօսել այդ երկրի շահերի մասին, դա անհնարին բան է, դու չես կարող սպիտակ աղաւնու դերի մէջ մտնել, երբ քո դիմաց գայլ է կանգնած: Այդպէս չի լինի, այդպէս մեր ժողովրդի դիմադրողականութիւնը կը կոտրւի, այնպիսի տպաւորութիւն կը ստեղծւի, որ մենք անմեղ գառնուկ ենք, իրենք էլ մեզ պիտի յօշոտեն: Չէ, մենք այդպիսին չենք, մենք արժանապատւութիւն ունեցող ժողովուրդ ենք եւ պատրաստ ենք մեր արժանապատւութիւնը բոլոր հնարաւոր եւ անհնար միջոցներով պաշտպանել»,- ընդգծեց Վահրամ Բալայեանը:

Դիտարկմանը՝ նշւում է, որ նախարարի պատասխանները թոյլ էին եւ չէին բխում Հայաստանի ու Արցախի շահերից, ուստի Մնացականեանը պէտք է հրաժարական տայ, Բալայեանն ասաց. «Ես որպէս Հայաստան աշխարհի մէկ հատւածի պետութիւն ներկայացնող պաշտօնեայ՝ չեմ կարող խօսել Հայաստանի միւս հատւածի՝ ՀՀ-ի պաշտօնեաների կարգավիճակի հետ կապւած հարցերի մասին, քննարկել դրանք: Դա ՀՀ քաղաքացու կոմպետենտութեան մէջ մտնող հարց է, իրենք պէտք է արձագանքեն՝ արդեօ՞ք ԱԳ նախարարը կարող է շարունակել պաշտօնավարել, թէ՝ ոչ: Այստեղ զգայուն պահեր կան, ես կողմնակից եմ նրան, որ ներքին խնդիրների մէջ չխորանանք, շատ խորանալու դէպքում ծնւում են հակասութիւններ, եւ դրանից թշնամին օգտւում է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։