Հա

Քաղաքական

02/11/2019 - 10:20

Աբխազիայի ազգային հերոսը՝ ռազմական գործողութիւնների եւ հայ համայնքի մասին

Հայկական 25 պետական դպրոց եւ եկեղեցի․ Աբխազիայում հայ համայնքը իրեն արժեւորւած է զգում։ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնեանը պատմեց, թէ ինչպէս են գրաւել ռազմավարական բարձունքը՝ իր հրամանատարութեամբ գործող «Մարշալ Բաղրամեան» հայկական գումարտակով, որ մարտում է վիրաւորում ստացել եւ զրկւել ոտքից, ինչպէս են նշում Համշենահայերի տօնը՝ Աբխազիայի նախագահի մասնակցութեամբ եւ այլ հետաքրքիր պատմութիւններ։

«alikonline.ir» - Հայկական 25 պետական դպրոց եւ եկեղեցի․ Աբխազիայում հայ համայնքը իրեն արժեւորւած է զգում։ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնեանը պատմեց, թէ ինչպէս են գրաւել ռազմավարական բարձունքը՝ իր հրամանատարութեամբ գործող «Մարշալ Բաղրամեան» հայկական գումարտակով, որ մարտում է վիրաւորում ստացել եւ զրկւել ոտքից, ինչպէս են նշում Համշենահայերի տօնը՝ Աբխազիայի նախագահի մասնակցութեամբ եւ այլ հետաքրքիր պատմութիւններ։

 

- Պարո՛ն Տրապիզոնյեան, յաճա՞խ էք այցելում Հայաստան եւ Արցախ:

- Ողջունում եմ ձեզ իմ պատմական հայրենիքում՝ Հայաստանում։ Ես հայերէն հասկանում եմ, բայց, ցաւօք, չեմ կարող խօսել. դա իմ բացն է։ Այս անգամ եկել եմ իմ ընկերոջ հրաւէրով՝ հարսանիքի։ Արցախի բարեկամների համաժողովին չկարողացայ Արցախում լինել, բայց յետոյ գնացի եւ, ինչպէս միշտ, 4 օր մնացի այնտեղ։

 

- Աբխազիայի հայ համայնքը ե՛ւ ընդհանուր բաներ շատ ունի այլ համայնքների հետ, ե՛ւ ունի առանձնայատկութիւններ, որոնց մասին եւ կուզենայի խօսէինք. չճանաչւած Հանրապետութիւն, Վրաստանի հետ վատ յարաբերութիւններ, երկրի ազգաբնակչութեան թւի համեմատ՝ Աբխազիայի հայկական համայնքի թւի առաւելագոյն ցուցանիշ եւ այլն: Այսօր ի՞նչ վիճակում է հայութիւնն Աբխազիայում, բնականո՞ն է կեանքը, թէ՞ կան անհանգստացնող զարգացումներ:

- 1990-ականների սկզբին հայ համայնքը մասնակցեց Աբխազիայի ազատագրական շարժմանը։ Ես Աբխազիան իմ հայրենիքն եմ համարում, քանի որ արդէն 4-րդ սերունդն է, որ ապրում ենք այնտեղ։ Իմ ազգանունը Տրապիզոնեան է, իմ նախնիները Տրապիզոնից են, իմ պապը Աբխազիա է եկել հայ ժողովրդի համար ողբերգական ժամանակաշրջանում, եւ երբ արդէն եկաւ Աբխազիան պաշտպանելու ժամանակը, բնականաբար, պաշտպանեցինք, առաջին հերթին՝ մեր ընտանիքները, հայրենիքը։

Դժբախտաբար, աւելի քան 244 մեր հայ եղբայրներ զոհւեցին Աբխազիայի ազատութեան եւ անկախութեան համար, մենք ունենք Աբխազիայի հերոս հայրենակիցներ։ Այդ ամէնը հայ համայնքն է։

Այսօր, թերեւս, աշխարհում այդպիսի տեղ չկայ, որտեղ հայերն այդքան հնարաւորութիւններ ունենան, ինչպէս Հայաստանում, Արցախում, նոյնը՝ Աբխազիայում։ Մեզ մօտ այսօր 25 հայկական դպրոց կայ, երեխաները 1-11-րդ դասարաններում ուսում են ստանում հայերէնով։ Դրանք պետական դպրոցներ են, մասնաւոր չեն։

Ցաւօք, Աբխազիայից քիչ երեխաներ են գնում Հայաստան՝ ուսանելու, հիմնական մասը Ռուսաստան է գնում։ Պատերազմից յետոյ ես Աբխազիայի կրթութեան նախարարի առաջին տեղակալն էի. մենք այն ժամանակ պահպանեցինք 39 հայկական դպրոցներ, այսօր դպրոցների թիւը պակասում է ոչ թէ խնդիրների պատճառով, այլ՝ որ գիւղական վայրերում է աբխազական, թէ՛ հայկական դպրոցներ են փակւում։

Ես շնորհակալ եմ Աբխազիայի ժողովրդին եւ ղեկավարութեանը, որ ըմբռնումով է մօտենում, եւ այն դպրոցները, որոնք այսօր կան, գործում են, քանի որ նախաթոշակային տարիքի եւ թոշակառուներ են դասաւանդում. կադրերի հետ խնդիր ունենք։

Աբխազիայի պետական համալսարանում հայկական բաժանմունք կայ, որտեղ ուսանողներին պատրաստում ենք նախնական կուրսերի համար, որի դիմաց վճարում է հայ համայնքը։

Ես այսօր Աբխազիայի հայ համայնքի ղեկավարն եմ։ Պաշտօնական տւեալներով՝ Աբխազիայում 42,200 հայազգի քաղաքացի կայ։ Այդ առումով, իհարկէ, հայ համայնքը պատւով ներկայացնում է հայութիւնը, քանի որ մեր խորհրդարանում 3 հայ կայ՝ ԱԺ փոխխօսնակը՝ Լեւոն Միրզոեւիչ Գալստեանը, ԱԺ պատգամաւորներ Աշոտ Մինասեանը եւ Լեւոն Դաշեանը։ Կառավարութեան կազմում էլ՝ գիւղատնտեսութեան փոխնախարարը։ Նաեւ նշեմ, որ մենք Աբխազիայում առաջին հայկական եկեղեցին ենք կառուցել, որի բացմանը մասնակցեց Աբխազիայի ղեկավարութիւնը։ Ամէն կիրակի Էջմիածնի ներկայացուցիչը պատարագ է մատուցում. սա հայ համայնքը միաւորելու եւս մէկ միջոց է։

 

Կան երկրներ, օրինակ՝ Վրաստանը, որտեղ սահմանին արգելում են հայկական գրքերը տանել երկիր: Աբխազիայի իշխանութիւնները թոյլ տալի՞ս են երկրի սահմաններից ներս տանել հայկական գրքեր, թէ՞ այստեղ էլ կան պրոբլեմներ:

- Բնականաբար, հայերէնի դասագրքեր ստանում ենք Հայաստանից, խնդիրներ չեմ տեսնում։ Պատերազմից յետոյ խնդիրներ կային, քանի որ դասագրքեր ստանում էինք «Ջաւախք» եւ «Արցախ» հիմնադրամներով, ուղղակիօրէն մեզ ոչ մէկը չէր տալիս։ Այսօր նման խնդիրներ չկան, Հայաստանում նոր կառավարութիւն է, ես արդէն հանդիպել եմ Սփիւռքի հարցերով յանձնակատարի հետ, քանի որ առանց նրանց օժանդակութեան հայկական դպրոցները պահելն անհնար է։ Սփիւռքի նախարարութիւնը շատ լաւ ծրագրեր ունէր, օրինակ՝ «Արի տուն» ծրագիրը. մենք երեխաներ ունենք, որոնք Հայաստան են եկել այդ ծրագրով, այդ թւում՝ իմ որդին։ Հայաստան գալուց յետոյ նրանք բոլորը ցանկացան սովորել Հայաստանում, եւ ուսանողների թիւն աւելացաւ։

 

- Շա՞տ են ուսանողները, որոնք Հայաստանում են սովորում։

- Այո, իհարկէ, այս պահին 28 ուսանող սովորում է Հայաստանի տարբեր բուհերում։ Միակ խնդիրը՝ նախկինում ուսման վարձավճարների զեղչեր ունէինք, հիմա միայն մանկավարժական բուհը նման զեղչ ունի, բայց, բնականաբար, բոլորը չեն ուզում մանկավարժ դառնալ, ինչ-որ մէկն ուզում է իրաւաբանական, ինչ-որ մէկը՝ բժշկական սովորել եւ այլն։ Բացի մանկավարժականից, միւս բուհերը վճարովի են, եւ շատերը հնարաւորութիւն չունեն սովորելու։

 

­Ի՞նչ ակնկալիքներ ունէք Հայաստանի իշխանութիւններից, ի՞նչ կուզենայիք ստանալ Հայաստանից, որը չէք ստացել մինչեւ հիմա:

­- Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ դասագրքեր այլեւս չենք ստացել, բայց այսօր հանդիպեցի պատասխանատուներին, եւ ասացին՝ նոյեմբերին հնարաւոր է ստանանք։

 

Ինչի՞ հետ էր կապւած, որ չէք ստացել։

- Դրանք ներքին հարցեր են, որոնց ես չեմ կարող պատասխանել: Հաւանաբար, պայմանաւորւած է նրանով, որ նախկինում այդ հարցերը կարգաւորում էր Սփիւռքի նախարարութիւնը, այսօր՝ կրթութեան, հնարաւոր է՝ տեխնիկական հարցեր կան, որոնք դեռ կարգաւորւած չեն, բայց ասացին՝ նոյեմբերին կը լինի։

 

- Դասագրքերի թիւը բաւարարո՞ւմ է, երբ ստանում էք։

- Այո։ Բաւարար է, որպէսզի մեր դպրոցներն ապահովենք։ Մեզ մօտ հայկական դպրոցներում 2 400, ռուսական դպրոցներում 6000 հայազգի աշակերտ է սովորում: Ինչո՞վ է դա պայմանաւորւած, նրանով, որ հիմնականում բոլորը գնում են սովորելու Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Մոսկւա եւ, բնականաբար, գնում են ռուսական դպրոց, որպէսզի հեշտ լինի ընդունւել ռուսական բուհեր։

 

Այսինքն՝ սա խնդիր է։

- Աբխազիայում այդ խնդիրը կայ. տանը ես նոյնպէս հայերէն եմ խօսում՝ համշէնահայերեն։ Ես ձեզ շատ լաւ հասկանում եմ, բայց Հայաստանի գրական հայերէնով վարժ խօսել չեմ կարողանայ։ Իսկ աշխատավայրում բոլորիս համար հասկանալի լեզուն ռուսերէնն է։

 

- Այդ հարցի լուծումն ինչպէ՞ս էք պատկերացնում. Հայաստանից դասագրքեր ստանում էք Հայաստանի գրական լեզւով, ընտանիքներում խօսում էք համշենահայէրեն, աշխատավայրում՝ ռուսէրեն։ Ստացւում է՝ երեխաները մի քանի լեզւի պէտք է տիրապետեն։

- Իհարկէ, երեխաները ծանրաբեռնւած են, բարդ է մի փոքր, քանի որ կան նաեւ ֆակուլտատիւ ժամեր։ Թէեւ այս տարւայ շրջանաւարտներից Աբխազիայում հայկական դպրոցի միայն մի դասարանում 3 մեդալակիր կայ. սա զգալի յաջողութիւն է։ Հաշւի առէք, որ միայն հայոց լեզուն չէ, այլ առարկաներ էլ են անցնում հայերէն դասագրքերով՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա։ Թէեւ քաղաքի դպրոցներում այս տարի այդ առարկաները մասամբ սկսեցին անցնել նաեւ ռուսերէն դասագրքերով, քանի որ կադրեր չկան։

 

- Այսինքն՝ համշենահայերէնն այլեւս որեւէ տեղ չեն սովորեցնում։

- Ոչ, միայն կենցաղային հարցերում, տանն ենք կիրառում։

 

- Պարո՛ն Տրապիզոնեան, Դուք Աբխազիայի ազգային հերոս էք եւ ունէք ծանրակշիռ տեղ ու դեր երկրում: Պատերազմի տարիներին գլխաւորել էք «Մարշալ Բաղրամեան» հայկական գումարտակը։ Պատմէք այդ շրջանի մասին։

- Այդ ամէնը կազմաւորւեց պատերազմի ժամանակ, երբ սկսեցին ոչնչացնել հայկական գիւղերը՝ Լաբրա, Արագիչ, ռազմաճակատի գիծն անցնում էր Գումիստայով, Շերայով։ Իրենց սանձարձակ էին պահում, նաեւ կադրեր կան, որոնք այդ ամէնը պատկերում են՝ ինչպէս են ոչնչացնում հայկական գիւղերը։ Դրանով ցանկանում էին մեզ վախեցնել։ Ես ապրում եմ Գագրայում: Երբ առաջին դեսանտն իջեցրին, կտրեցին ռուս-աբխազական սահմանը՝ մինչեւ Կոլխիդա՝ այսօր՝ Պսախարա, այդ պահին, բնականաբար, պէտք է պաշտպանէինք մեր տները, քանի որ նրանք եկել էին գրաւելու, իսկ մենք պաշտպանւում էինք։ Բնականաբար, բոլորը ոտքի կանգնեցին իրենց տունը՝ Աբխազիան պաշտպանելու համար։ Այդ ժամանակ հայկական գումարտակ դեռ չկար, միայն ջոկատներով էին կռւում։ Ես սկսեցի հէնց աբխազական մի ջոկատից։ Ես բարձրագոյն կրթութիւն ունեմ՝ պահեստազօրի լէյտենանտ եմ։ Երբ գնացի ռազմաճակատ, նախ՝ աբխազական դասակի հրամանատար դարձայ, ապա՝ վաշտի փոխհրամանատար։

Անյաջող մի քանի ռազմական գործողութիւններից յետոյ, որոնք շատերի զոհւելու պատճառը դարձան, ստեղծւեց հայկական գումարտակը՝ Տապալեան Ալբերտ Գասպարիչի գլխաւորութեամբ. նա այն ժամանակ ԳԽ նախագահի առաջին տեղակալն էր։ Երբ ստեղծեցին հայկական գումարտակը, ինձ տեղափոխեցին այնտեղ՝ իբրեւ վաշտի հրամանատար, եւ ես մասնակցեցի բոլոր ռազմական գործողութիւններին՝ մինչեւ պատերազմի աւարտը։

Ռազմական գործողութիւններից մէկը, որն անցկացւեց իմ հրամանատարութեամբ, եւ որի համար ես հետագայում պարգեւատրւեցի Աբխազիայի ազգային հերոսի կոչմամբ, ռազմավարական մի բարձունքի գրաւումն էր։ Տիրելով այդ բարձունքին՝ մեր վերահսկողութեան տակ էին անցնում Սուխումին մօտեցող բոլոր ենթակառուցւածքները՝ Ցուգուրուկա էր կոչւում. ով տիրում էր Ցուգուրուկային, նա յաղթում էր մարտը։ Բարձունքը գրաւելու երեք անյաջող փորձից յետոյ հայկական գումարտակին հրամայւեց իրականացնել գործողութիւնը։ Ես հրամանատարն էի. 67 կամաիորի հետ դուրս եկանք, յաջող իրականացրինք գրոհը եւ գրաւեցինք բարձունքը։ Ցաւօք, իմ մարտիկները զոհւեցին, զոհւեց փոխհրամանատարս՝ Կեֆերեան Էդիկը, ուղեկցորդս՝ Գալստեան Միշան, վիրաւորւեց Ասատուրեան Յովիկը, էլի շատ վիրաւորներ ունեցանք։ Դա առաջին ռազմական գործողութիւններից էր, որտեղ հայկական գումարտակը ցոյց տւեց իր հմտութիւնները։ Յետոյ մասնակցեցինք Սուխումի՝ մայրաքաղաքի, ազատագրմանը։

Համարւում է, որ պատերազմը սեպտեմբերի 30-ին է աւարտւել, բայց հայկական գումարտակի համար այն դեռ շարունակվւում էր։ 1994 թ.-ին դեռ առաջնագծում էի, երբ նշանակւել էի կրթութեան փոխնախարար։

Հայկական գումարտակի վաստակը միշտ արժեւորւում է, այն համարւում է ամենամարտունակներից մէկը: Մեզ համար էլ հպարտութիւն եւ պատիւ է, որ մասնակցել ենք Աբխազիայի ազատագրմանը եւ անկախացմանը։ Եւ մեր ներդրումը գնահատւում է հայկական դպրոցներին ազատ գործելու հնարաւորութիւն տալով, հայկական եկեղեցի կառուցելու թոյլտւութեամբ։

 

- Առաջին եկեղեցի՞ն էր, հայերը մինչ այդ Աբխազիայում չունէի՞ն եկեղեցի։

- Չեն ունեցել, միայն փոքր վանքեր են եղել՝ գերեզմաններին կից։ Հայերի գերեզմաններն առանձին են եղել, որտեղ նաեւ վանքեր են եղել, բայց դրանց հետքն էլ չի մնացել։ Յայտնի մի մարդ ասել է՝ հայրենիքը քոնն է դառնում, երբ նրա համար արիւն է թափւում։ Ես ասում եմ՝ գալիս եմ գերեզման, այստեղ իմ տատիկն է թաղւած, իմ մարմնի մի մասն արդէն թաղւած է։

Իսկապէս, թանկ գնով պաշտպանեցինք մեր հայրենիքը. Աբխազիայի ժողովրդի հետ, Հիւսիսային Կովկասի կամաւորներով ագրեսորի դէմ պայքարելով, մենք դա արեցինք։

 

- Դուք նաեւ մարտական վիրաւորում էք ստացելպատմէք այդ պատմութիւնը։

- Պատերազմն առանց կորստի չի լինում, երեւի Աստւած ցանկացավ, որ ես ապրեմ։ Մարտերից մէկում ես ականի վրայ պայթեցի։ Բայց 21 օր յետոյ դարձեալ վերադարձայ իմ մարտիկների մօտ, արդէն ռացիայով էի հրամայում եւ յենակներով հասա մինչեւ վերջ՝ իմ մարտիկների հետ։

 

- Ընկերութիւնը պահպանւո՞ւմ է մինչեւ այսօր։ Երբ հաւաքւում էք, ինչի՞ մասին էք խօսում։

- Նրանք ամենանւիրւած մարդիկ են, քանի որ պատերազմի ժամանակ բոլորը մտերմանում են, որպէսզի միմեանց պաշտպանեն։ Ամէն տարի հոկտեմբերի 8-ին հաւաքւում ենք, տօնում հայկական գումարտակի հիմնադրման օրը։ Ցաւօք, շարքերը նոսրանում են, շատ հաշմանդամներ մահանում են, ոմանք հեռացել են։ Հաւաքւում ենք՝ 150-200 մարդ, սեղան ենք բացում, զրուցում։ Ամենակարեւորն այն է, որ մասնակցում է նաեւ մեր երկրի՝ Աբխազիայի նախագահը։

Վերջերս ընտրութիւններ եղան, նոր նախագահ ունենք։ Երբ դեռ փոխնախագահ էր, մենք նրա հետ եղել ենք Հայաստանում, Արցախում։ Հայ համայնքը Աբխազիայում բազմահազարանոց միջոցառումներ է անցկացնում՝ հայկական երգի տօն, համշէնահայերի փառատօն. անցեալ տարի 4000 մարդ էր մասնակցում, եւ նախագահը, կառավարութիւնը, խորհրդարանի անդամները, Աբխազիայում Ռուսաստանի դեսպանը, բոլորը մասնակցում են։ Դա միայն Համշէնի տօն չէ, այլ Աբխազիայի ժողովուրդների միաւորման տօն. բոլոր շրջաններից գալիս են, ամէն շրջան իր կերակրատեսակներն է ցուցադրում, իր մշակոյթը, կենցաղը։

 

- Նախագահական ընտրութիւնները բաևականին աղմկոտ անցան Աբխազիայում, եղաև երկրորդ փուլ: Հայութիւնը, բնականաբար, անտարբեր չէր կարող անցնել այս ամէնի կողքով, ինչպիսի՞ զարգացումներ եղան, եւ ինչպէ՞ս է վիճակը այժմ, կա՞յ նախկին լարւածութիւնը:

- Նախագահական ընտրութիւններին մասնակցեց 9 թեկնածու։ Երկրորդ փուլ անցան գործող նախագահը եւ ընդդիմադիր կուսակցութեան թեկնածուն։ Իհարկէ, երբ ընտրութիւններ են լինում, միշտ էլ լարւածութիւն լինում է։ Բայց պաշտօնական արդիւնքներն արդէն յայտարարւել են, Գերագոյն դատարանը հաստատել է, եւ գործող նախագահը ստանձնել է իր պարտաւորութիւնները։ Աբխազիային կայունությիւն է պէտք. տնտեսութիւնը, կեանքի որակը փոխկապակցւած են դրան։ Վարչապետը, կառավարութեան անդամներն արդէն նշանակւած են, կարծում եմ, որ այդ գործընթացը մէկ շաբաթում կաւարտւի, եւ նորմալ կեանքը կը վերսկսւի։

 

- Մի երկու խօսք ձեր ազգանւան առաջացման մասին. ասացիք, որ այն կապ ունի Տրապիզոն քաղաքի հետ: Ձեր նախնիները ե՞ւս եկել են Արեւմտեան Հայաստանից կամ, աւելի կոնկրետ, Համշէնից, Տրապիզոնից եւ յարակից այլ շրջաններից:

- Աբխազիայի հայերի 98 տոկոսը համշէնահայեր են: Ջաւախքից, Հայաստանից էլ հայեր կան, բայց հիմնական մասը Արեւմտեան Հայաստանից եկածներ են։ Այնպէս ստացւեց, որ իմ նախնիները Տրապիզոնեան ազգանունը վերցրին։ Ես փոքր էի, պապիկիս հետ չյաջոցւեց խօսել այդ թեմայով, մեր ընտանիքի պատմութիւնն այդպէս էլ ինձ անյայտ մնաց, բայց կուզենայի՝ հաւաքւենք, գնանք, տեսնենք մեր ծագման վայրերը։

 

- Հայաստանը հասկանալի պատճառներով չի ճանաչում Աբխազիայի անկախութիւնը: Փոխարէնը՝ Արցախի եւ Աբխազիայի իշխանութիւնների միջեւ կան լաւ յարաբերութիւններ: Ինչպէ՞ս են անդրադառնում այս իրողութիւնները աբխազական իշխանութիւնների եւ հայկական համայնքի յարաբերութիւնների վրայ:

- Պատերազմից յետոյ հայ համայնքը մասնակցում է բոլոր գործընթացներին, եւ այն վերաբերմունքը, որ կայ մեր հանդէպ, շնորհակալանքի է արժանի. մեր փառատօների ժամանակ, որոնք ամբողջովին հայերէն են, երկրի ղեկավարը մեր կողքին է։ Եթէ յարաբերութիւնները լաւ չլինէին, նա մեր կողքին չէր լինի։ Մենք էլ աշխատում ենք ի բարօրութիւն Աբխազիայի։

 

- Ինչո՞ւ Աբխազիան չշարունակեց մնալ Վրաստանի կազմում, ինչպէս ապրել էր Խորհրդային Վրաստանի հետ 70 տարի: Ինչի՞ց կամ ումի՞ց սկսւեց պատերազմը:

- Ինչո՞ւ Արցախը չմնաց Ադրբեջանի կազմում. կարո՞ղ եմ այդպիսի հարց տալ։ Նոյնն էլ՝ այստեղ։ 1989 թ.-ին, երբ առաջին միջադէպը տեղի ունեցաւ, արդէն պարզ էր, որ այնտեղ, բացի վրացի ազգաբնակչութիւնից, միւսներն անելիք չունեն։ Երբ Իլեա 2-րդը յայտարարեց, որ Վրաստանը միայն վրացիների համար է, բնականաբար, բոլոր՝ այնտեղ ապրողներս հասկացանք, որ դա արդէն սպառնալիք է ազգային փոքրամասնութիւններին, քանի որ վրացիները ընդամենը 320,000 էին։ Մեր տարածքներում Վրաստանի տարբեր շրջաններից արհեստականօրէն բերել եւ վերաբնակեցրել էին։ Միտումնաւոր ստեղծել էին ամնեախոշոր շինարարական ընկերութիւնը, որի անհրաժեշտութիւնը Գագրայում չկար, վրացիների էին բերել՝ հանրակացարաններում բնակեցրել, որ այդտեղ աշխատեն, յետոյ նրանց բնակարաններով ապահովեցին։ Իսկ նրանց արտադրած աղիւսներն արտահանում էին Վրաստան: Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ տարածութիւն։ Այն ժամանակ վերաբնակեցման քաղաքականութիւն էր տարւում։ Իսկ ինձ՝ երիտասարդ մասնագէտիս, որը բուհ է աւարտել, իմ հօր տանը չէին գրանցում։ Այդպիսի խնդիրները բազմազան են։ Ես պատերազմից առաջ այդ բացասական շրջանն եմ յիշում. իմ հօր տանն ինձ չէին գրանցում, իսկ առանց գրանցման աշխատանք գտնել հնարաւոր չէր։

Այսպիսի խնդիրներ ոչ միայն ես, բոլորն ունէին, եւ երբ երկրի պաշտպանութեան հարց առաջացաւ, բոլորը ոտքի կանգնեցին՝ առանց մտածելու։

Մտահոգիչ էր նաեւ նրանց վերաբերմունքը հայերի հանդէպ։ Ես մի դրւագ կարող եմ յիշել. երբ մենք գերի էինք վերցրել, եւ ես հարցաքննում էի, ասում եմ՝ ինչո՞ւ էիք հայկական գիւղերը ոչնչացնում, նրանք անզէն գիւղացիներ են, ինչպէ՞ս կարողացաք, վա՞խ էիք ներշնչում, որ նահանջէինք, ասացին՝ այնտեղ մուսուլմաններ էին ապրում, աբխազները մուսուլման են, դրա համար էինք ոչնչացնում։ Ասում եմ՝ դուք նոյնիսկ աբխազների պատմութիւնը չգիտէք, որ միայն 15 տոկոսն է մուսուլման, միւսները քրիստոնեայ են։ Դա մղեց, որ ժողովուրդը միաւորւի ագրեսորների դէմ։ Իսկ երբ սկսւեց պատերազմը, բոլորն արդէն վախենում էին հայկական գումարտակից։

 

- Աբխազիայի ներկայացուցիչը մասնակցում էր Արցախի բարեկամների համաժողովին Աբխազիա-Արցախ յարաբերութիւններն ինչպիսի՞ն են։

- Իհարկէ, մենք հասկանում ենք, որ պաշտօնական Երեւանը որեւէ մակարդակով չի կարող յարաբերւել Աբխազիայի հետ, բայց Արցախի հետ ուղիղ կապ ունենք, Արցախի եւ Աբխազիայի ղեկավարները փոխայցելութիւններ են կատարում, ֆուտբոլային թիմեր, երաժշտական խմբեր են այցելում Աբխազիա եւ Արցախ։ Արցախում Աբխազիայի պատւաւոր հիւպատոս կայ, իսկ Աբխազիայում՝ Արցախի։ Վերջին հանդիպմանը Արցախի եւ Աբխազիայի մշակոյթի նախարարները պայմանաւորւել են երաժշտական խմբերի փոխայցերի մասին։

 

- Գագրայում ունեք խոշոր հանգստեան տուն, մեր միւս հայրենակիցները եւս Աբխազիայում ունեն ոչ միայն ազդեցիկ դիրքեր, այլ նաեւ՝ տնտեսական մեծ հնարաւորութիւններ, աւելի կոնկրետ՝ հանգստեան տներ: Ի՞նչ պէտք է անել, որ Հայաստանի, ինչու չէ՝ նաեւ աշխարհի այլ երկրների հայութիւնն աւելի յաճախ այցելի Աբխազիա, կապը ուժեղանայ, Դուք ի՞նչ առաջարկներ ունէք Հայաստանի իշխանութիւններին, եւ ընդհանրապէս՝ Ձեր կոչը՝ հայութեանը:

- Այս ընթացքում շատերի հետ եմ հանդիպել, խորհրդային շրջանից դեռ նոստալգիա կայ Աբխազիայի հանդէպ։ Շատերն այնտեղ հանգստացել են, այսօր էլ գալիս են։

Զբօսաշրջութեան համար Աբխազիա գալու մեծ ցանկութիւն կայ, բայց խնդիրը մէկն է՝ ուղիղ հաղորդակցութիւն չկայ։ Այսօր միակ ճանապարհը Սոչի-Ադլեր օդանաւակայանն է, 8 կմ-ից Աբխազիան է՝ Գագրան, մէկ տոմսը 22,000 է, ընտանիքի համար՝ 100,000, դա մեծ գումար է։ Աբխազիայում, իհարկէ, ամէն ինչ գեղեցիկ է, եւ գները բարձր չեն, բայց մարդը չի կարողանում հասնել այնտեղ։ Եթէ Հայաստանն ուզենայ իր քաղաքացիների համար ունենալ սեփական՝ ազգային աւիափոխադրող, այդ խնդիրը կը լուծւի։ Այսօր Մոսկւա 2,5 ժամ թռչում ենք, 4 00 ենք վճարում, պատկերացնո՞ւմ էք, իսկ Աբխազիա 15 րոպէ ենք թռչում՝ 22000։ Եթէ այս հարցը լուծւի, առաջին քայլը կը լինի, որպէսզի զբօսաշրջութիւնը զարգանայ։ Այսօր այնքան մարդկանց տեսայ Երեւանում՝ Աբխազիայից. նրանք գալիս են, սիրում են Հայաստանը, այստեղ նաեւ բուժման են գալիս, շատ կարեւոր է սեփական աւիափոխադրող ունենալը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։