Հա

Քաղաքական

02/11/2019 - 11:40

«Վարչապետի համար նոր ինքնաթիռի, մեքենայի ձեռքբերումը, առանձնատան վերանորոգումն ինքնահաստատման խնդիր է. սա մեր «քեասիբ» պետութեան համար շատ է». Յակոբ Աւետիքեան

Վարչապետի համար նոր ինքնաթիռի, մեքենայի ձեռքբերումը, առանձնատների վերանորոգումը չասեմ չտեսութիւն է, բայց այստեղ կայ ինքնադրսեւորման, ինքնահաստատման, սխալ պատկերացումների խնդիր: Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց հրապարակախօս, «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը:

«alikonline.ir» - Վարչապետի համար նոր ինքնաթիռի, մեքենայի ձեռքբերումը, առանձնատների վերանորոգումը չասեմ չտեսութիւն է, բայց այստեղ կայ ինքնադրսեւորման, ինքնահաստատման, սխալ պատկերացումների խնդիր: Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց հրապարակախօս, «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը:

«Հայաստանեան հիւանդութիւն է՝ մարդն արժեւորւում է իր ունեցած պալատով, աւտոմեքենայով, հիմա` ինքնաթիռով, վաղը, միւս օրը` զբօսանաւ առնելով: Այս ամբողջը մեր «քեասիբ» պետութեան համար շատ է»,- նշեց Յակոբ Աւետիքեանը:

Նրա կարծիքով՝ աւելի նպատակային կը լինէր մեքենայի, առանձնատների վերանորոգմանը տրամադրւած եւ նոր ինքնաթիռի համար տրամադրւելիք գումարներն ուղղել սոցիալական, կրթական եւ բազմաթիւ այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմանը:

«Այլ երկրներում ընդունւած է, որ քաղաքացին ունի լաւ մեքենայ, իր մեքենան տրամադրում է ղեկավարներին: Այդպիսի բան կարելի է ինչ-որ մէկին առաջարկել: Մարդիկ սիրում են նման բաներ, ասում են՝ իմ մեքենան օգտագործում է վարչապետը կամ նախագահը: Այլ երկրներում սա ընդունւած է: Իսկ Հայաստանում կան մարդիկ` այնպիսի մեքենաներ են բերում, որ զարմանում ես: Եթէ շատ է անհրաժեշտ նոր մեքենան, ճարը կը գտնւի՝ առանց պետբիւջէի վրայ յաւելեալ ծախսերի: Հազար ու մի ծակ ունենք, պէտք է փակենք, ո՞նց ենք անելու»,- ասաց հրապարակախօսը:

Յակոբ Աւետիքեանը՝ լրագրող եւ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի կողմից բարձրաստիճան պաշտօնեաների կատարած ծախսերի քննադատութիւնը եւ հետագայում վարչապետի պաշտօնում նոյն քայլերին դիմելը պայմանաւորում է «մարդկային թուլութեամբ»: «Մենք՝ լրագրողներս քննադատող ենք, ինքն էլ է քննադատել, բայց խորքային, համոզւած չի եղել, պարզապէս կամ նախանձել է, կամ ճշմարիտ խօսք ասելու համար արարել է, բայց այլ բան է՝ թէ կեանքում դու ինչպէ՞ս ես վարւում այդ ամբողջի հետ»,- նշեց «Ազգ» օրաթերթի խմբագիրը:

Յիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ կառավարական ամառանոցների վերանորոգման համար պետբիւջէից յատկացւել է 2 մլն դոլար, ինչպէս նաեւ՝ վարչապետը նոր մեքենա է գնել 540 հազար դոլար արժողութեամբ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանեանը նախօրէին լրագրողների հետ զրոյցում թւեր չէր նշել՝ յղում կատարելով ներկայացուցչական ծախսերի գաղտնիութեանը, բայց, ըստ էութեան, նա չէր հերքել այս հրապարակումները: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաեւ նման յայտարարութիւն էր արել. «Վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել: Դրանք պետական գնումներ են, պետութեան կարիքների համար են»:

«Սպասում էի, որ հէնց նմանատիպ առարկութիւն կանեն՝ ասելով, որ սա իր սեփականութիւնը չէ, այլ՝ պետական է: Միւս կողմից, եթէ վերցնենք «Իմ քայլի» յաւակնոտ յայտարարութիւնները մինչեւ 2050 թ.-ի հետ կապւած, դա արդէն տեւական ժամանակ է: Այնպէս որ, ո՞վ է օգտագործելու: Չեմ ասում՝ ինչ կը պատահի յետոյ, բայց յաւակնութիւններն այսպիսին են: Այդպէս էլ ասելու են՝ սա սեփական չէ, պետութեանն է, իմ յաջորդները կօգտագործեն, բայց յաջորդ ... այստեղ մեծ հարցականներ են գալիս»,- ասաց Յակոբ Աւետիքեանը:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ վարչապետի աշխատակազմի ղեկավարը յայտարարել էր նաեւ, որ քննարկւում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Նոր օդանաւի ձեռքբերման անհրաժեշտութիւնը, ըստ Էդուարդ Աղաջանեանի, 2 պատճառով է. նախ, որ վարչապետին սպասարկող օդանաւը բաւականին հին է, եւ որ այն չի կարողանում հատել ովկիանոսը:

Թէեւ մամուլը գրում է, որ նոր ինքնաթիռի ձեռք բերման համար պետական բիւջէից 55 մլն դոլար է յատկացւելու, բայց Յակոբ Աւետիքեանի համոզմամբ՝ տրանսատլանտեան թռիչքներ իրականացնող օդանաւ հնարաւոր չէ գնել այդ գումարով: Ըստ նրա՝ նմանատիպ ինքնաթիռներն արժեն մինչեւ 175 մլն դոլար՝ կախւած կահաւորանքից:

«Բացի դրանից, որ ինքնաթիռը շատ-շատ թանկ է, մեծ ծախս է նաեւ դրա պահպանումը, սպասարկումը: Երկրորդ՝ առնւազն 2 անձնակազմ է պէտք, որի թրէյնինգը նոյնպէս աստղաբաշխական գումարներ են: Մենք օդաչուներ չունէնք, որ ովկիանոսը հատող թռիչքներ են կատարում: Կարծում եմ, որ սա անհրաժեշտ չէ, յատկապէս եթէ հաշւի առնենք, թէ քանի անգամ պէտք է վարչապետը հատի ովկիանոսը: Այսպիսի ինքնաթիռ ունենալը, այն պահելը պարզապէս «լիւքս» է մեզ համար»,- նշեց Յակոբ Աւետիքեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։