Հա

Քաղաքական

02/11/2019 - 13:50

Հերթը հասաւ Վազգէն Մանուկեանին. իշխանութիւն առանց էթիկական կոդեքսի կամ ներքին հակամարտութեան խորքային պատճառները

Այն բանից յետոյ, երբ Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանի ստեղծած «Վերնատուն» ակումբը յայտարարութիւն տարածեց, որում խստօրէն քննադատում էր վարչապետ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը, կառավարական շրջանակները նրա դէմ սուտ մատնութիւն կազմակերպեցին իրեն սպասարկող պատգամաւոր Արման Բաբաջանեանի միջոցով։

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

 

«alikonline.ir» - Այն բանից յետոյ, երբ Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանի ստեղծած «Վերնատուն» ակումբը յայտարարութիւն տարածեց, որում խստօրէն քննադատում էր վարչապետ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը, կառավարական շրջանակները նրա դէմ սուտ մատնութիւն կազմակերպեցին իրեն սպասարկող պատգամաւոր Արման Բաբաջանեանի միջոցով։

Հոկտեմբերի 4-ի` «Վերնատուն» ակումբի յայտարարութիւնում ասւում է, որ իշխանութեան վարած քաղաքականութեան հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւնը, որ Սահմանադրական դատարանի դէմ ապօրինի յարձակումները, դատական համակարգի դէմ ոտնձգութիւնները, քննչական ու դատավարական պրակտիկայում երկակի ստանդարտների կիրառումը, ընտրովի «արդարադատութիւնը» բերում են մենիշխանութեան հաստատմանը, որ «Մարտի 1»-ի դատավարութիւնը քաղաքական հարթութիւն է տեղափոխւել:

Ի պատասխան՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանը «գործուղւում» է հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նայիրի Յունանեանի մօտ եւ դուրս գալուց յետոյ յայտարարում` Վազգէն Մանուկեանն է նրանց դրդրել ոճրագործութեան, ապա` դիմում գրում վարչապետին, որ Վազգէն Մանուկեանին ազատեն Հանրային խորհրդի նախագահի պաշտօնից, քանի որ նա «Վերնատուն» ակումբով քաղաքական յայտարարութիւն է արել։ Ապա` factor.am-ը նիւթ է վերնագրում` «Վազգէն Մանուկեանը մասնակցել է Նայիրի Յունանեանի իրագործած ոճրի ձեւաւորմանը. Արման Բաբաջանեան»։

Բաբաջանեանի հանդիպումը` հոկտեմբերի 24-ին, ընկած է Յունանեանի կողմից վաղակէտ ազատման դիմում ներկայացնելու (հոկտեմբերի 22) ու Քրէակատարողական հիմնարկի կողմից այն մերժելու (հոկտեմբերի 28) արանքում։ Ինչ-որ ներքին սենեակ ստեղծել է այս քրոնիկան, որ Նայիրի Յունանեանը ազատման յոյսի «արանքում» օգտագործւի։

Բաբաջանեանը նաեւ ասել է, որ ինքն է Մանուկեանի անունը եւ մի շարք այլ գործիչների անուններ տւել Յունանեանին, որոնց նա արձագանքել է, եւ որոնք բոլորը «ռեւանշիստներ են», այսինքն՝ իշխանութեան հակառակորդներ։

ԱԱԾ-ում բոլոր հանդիպումները ձայնագրւում են, սակայն այս հանդիպման ձայնագրութեան վերաբերեալ ոչ մի լուր չկայ, հակառակը՝ ԱԱԾ պետի պաշտօնակատար Մարտիրոսեանը միամիտ է ձեւանում՝ ասելով, թէ` «ես չգիտեմ՝ ինչ է խօսացել Արման Բաբաջանեանը»։

Չորեքշաբթի օրւայ մամուլի ասուլիսում Վազգէն Մանուկեանը յայտարարեց, որ Նայիրի Յունանեանի հետ շփւել է 1988-ի շարժման օրերին, երբ նա ուսանողական խմբի ղեկավար էր, ապա մի անգամ էլ տեսել է 90-ականների վերջին, երբ Յունանեանը ցանկացել է անդամագրւել իր ղեկավարած ԱԺՄ կուսակցութեանը եւ մերժում է ստացել։ Մանուկեանն ասաց, որ սա նման է Կիրովի գործին, որին սպանելու մեղադրանքով Ստալինը վերացրեց բազմաթիւ անմեղ մարդկանց։

Նաեւ ասաց, թէ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, եթէ չէր ուզում, որ ինքը զբաղեցնի Հանրային խորհրդի նախագահի պաշտօնը, կարող էր ուղիղ իրեն ասել, եւ ինքը կը հեռանար, կարիք չկար այսպիսի պատմութիւն յօրինելու։

Այսպիսով` վարչապետը նոր դաւ է յօրինել՝ անցանկալի անձանց չէզոքացնելու համար օգտագործում է Նայիրի Յունանեանին` Բաբաջանեանի միջոցով։

Ինչպէս Ստեփան Դանիէլեանն է ասում. «Հոկտեմբերի 27-ի նման գործերով կարելի է տեռորի ենթարկել ամբողջական երկրների քաղաքական համակարգերը։ Բաւական է, որ մի յանցագործ որեւէ մէկի անունը տայ, կամ քննիչը որեւէ մէկին կասկածի, ապա այդ անձինք յայտնւում են թիրախում»։

Բաբաջանեանի ձեռքով իշխանութեան համար անցանկալի անձանց վարկաբեկելու եւ նրանց վրայ գործեր սարքելու փաշինեանական այս մեթոդն արդէն մի քանի անգամ կիրառւում է։ Առաջին թիրախը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանն էր, որի դէմ նա դատախազութիւն դիմում է տւել ու իր թերթում վարկաբեկիչ հերիւրանքներ հրապարակել նրա հասցէին։ Ապա` ընդդիմադիր գործիչ Արփինէ Յովհաննիսեանի դէմ նմանատիպ հերիւրանքներ հրապարակեց։

Բաբաջանեանը հպարտացաւ, թէ իր աշխատանքի արդիւնքում ձերբակալեցին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսէն Բաբայեանին։ Նրան ձերբակալել են միայն նրա համար, որ ՍԴ նախկին նախագահի դիմումը ոչ թէ 2018-ի մարտի 2-ին է մուտք արել էլեկտրոնային համակարգ, այլ մարտի 5-ին։ Նոյն գործի շրջանակում քրէական գործ յարուցւեց Հայաստանի լաւագոյն բժիշկներից մէկի՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյեանի դէմ։ Նրա «մեղքը» նոյնիսկ այսպիսի ամսաթւային շփոթով չի արտայայտւում: Բաբլոյեանը մեղադրւում է իւրացնելու մէջ այն իշխանութիւնը, որից իր դիմումով ինքնակամ հեռացել է Գագիկ Յարութիւնեանը, եւ տեղը ընտրւել է Հրայր Թովմասեանը։

 

Ինչո՞ւ է Փաշինեանը քաղաքական ռեպրեսիաների բանսարկու օղակ ստեղծում

Մայիսին, երբ նա յայտարարեց, թէ իբր Արցախի դաւադիր ուժերը պատերազմ են հրահրում, որ տարածք յանձնեն եւ կառավարութեան վրայ գցեն, այն բանսարկութիւնների ժանրից էր, որը նա օգտագործում էր «Հայկական ժամանակ» թերթում, երբ խմբագիր էր։ Այս անգամ վարչապետի պաշտօնում բանսարկութեան տակից չկարողացաւ դուրս գալ։ Ուրեմն նրան անհրաժեշտ էր մի այնպիսի դերաբաշխում, որ բանսարկութիւնները մէկ ուրիշ բերանից հնչեն, իսկ տեղն եկած դէպքում իր տակ գործող պետական ռեպրեսիւ ապարատը դրանցով գործեր սարքի։

Այդ դերը ստանձնեց ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանը, որն արդէն մի անգամ դատապարտւել էր կեղծարարութեան համար` փաստաթղթեր կեղծելով ազատւել էր զինւորական ծառայութիւնից։

Որպէսզի «հասարակական պահանջի» անունից հանդէս գայ, նա դուրս եկաւ ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութիւնից ու ստացաւ անկախ պատգամաւորի կարգավիճակ։

 

Երկրորդ անգամ Փաշինեանի թիրախում

2007-ի դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ»-ում լոյս է տեսնում ֆէյք ստորագրութեամբ մի ֆէյք նիւթ՝ «Վազգէն Մանուկեանի «MEIN KAMPF» - «ԻՄ ՊԱՅՔԱՐԸ» վերնագրով, որում տպւած էին իբր Վազգէն Մանուկեանին պատկանող` երկրում դաւադրութիւն կազմակերպելու մասին պատմող.ձեռագրերի լուսապատճէններ։ Մանուկեանն իրեն զրպարտելու համար դիմում է դատախազութիւն, որը փորձաքննութիւն է անցկացնում եւ պարզում, որ ձեռագիրը Վազգէն Մանուկեանինը չէ։ Իհարկէ, Փաշինեանը որեւէ հերքում չի տալիս, այսուհանդերձ, Մանուկեանը, բաւարարւելով փորձաքննութեան արդիւնքով, դիմումը յետ է վերցնում՝ էթիկայի այն կոդեքսին հետեւելով, որ խմբագրին, այն էլ` Մարտի 1-ից յետոյ փախուստի մէջ գտնւողին չարժէ քրէական պատասխանատւութեան ենթարկել։

Սակայն էթիկան չի աշխատում այնտեղ, ուր բարոյական կոդեքսներ գոյութիւն չունեն։

«Մենք մեր մասին» ամսագրի` 2007-ի համարում Նիկոլ Փաշինեանն ասում է. «Այսօր յաճախ են խօսում լրագրողական էթիկայի մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղւել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրայ չի տարածւում, մենք ազատ մարդիկ ենք եւ ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»։

Ժամանակակից աշխարհում իւրաքանչիւր մասնագիտութիւն ունի էթիկա, սակայն լրագրութիւնը միւսներից տարբերւում է նաեւ նրանով, որ առանց էթիկայի լրագրութիւն գոյութիւն չունի, լրագրութիւնը հէնց էթիկական հարց է, առաջին հերթին՝ ասել ճշմարտութիւնը։

Եւ Նիկոլ Փաշինեանը ու նրա տիկին Աննա Յակոբեանը եւ դուստրը՝ Մարիամ Փաշինեանը, յաճախ են բողոքում մամուլի յարձակումներից։ Եթէ նրանք իրօք զոհ են մամուլի անարդար հրապարակումների, ապա այն պատճառով, որ այդ հրապարակումներն առաջնորդւում են Նիկոլ Փաշինեանի հռչակած սկզբունքով՝ էթիկան մեզ վրայ չի տարածւում, մենք ազատ մարդիկ ենք: Առանց էթիկայի հակալրագրութեան հիմնադիրներից մէկն է հէնց Նիկոլ Փաշինեանը։ Իսկ հիմա էլ այդ առանց էթիկա, առանց կոդեքսի գործելաոճը նա աշխատեցնում է երկրի ղեկավարի պաշտօնում։

2007-ին Փաշինեանը Վազգէն Մանուկեանին բանսարկութեամբ թիրախ դարձրեց այն պատճառով, որ Մանուկեանի մասնակցութիւնը նախագահական ընտրութիւններին ամէն պահ յիշեցնում էր կեղծարարութիւն. Փաշինեանը պաշտպանում է մի մարդու թեկնածութիւնը՝ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի, որը, ընտրութիւնները կեղծելով 1995, 1996 թւերին, երկիրը մտցրեց կեղծիքներով իշխանութիւնը պահելու ցիկլի մէջ։

Բայց նրա խմբագրային գործունէութեան հիմնական թիրախը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն էր, կարծես այդ թերթը ստեղծւած էր միայն նրան վարկաբեկելու համար։ Օրինակ` էջով մէկ հրապարակում էր Քոչարեանի իշխանութեան տարիներին մահացած կամ սպանւած քաղաքական գործիչների լուսանկարները։ Այդ շարքում ոչ միայն հոկտեմբերի 27-ի զոհերն էին, որ տարիների սեւ քարոզչութեամբ ուզում էին կապել Քոչարեանի հետ, այլեւ իրենց մահով մահացածներ, օրինակ` Կոմկուսի քարտուղար Սերգէյ Բադալեանը, որը Մոսկւայում յանկարծամահ էր եղել 1999-ին։

 

Սուրւիւալիստներ եւ ֆրատերականներ

Ընդամենը վեց ամիս առաջ Փաշինեանը 1996-ի ընտրակեղծիքների համար պետութեան անունից Վազգէն Մանուկեանից ներողութիւն էր խնդրում ու ասում, որ նա զոհն է կեղծիքների համակարգի։

Եւ, կարծես, Մանուկեանի դէմ այս նոր դաւը նրա ընդդիմադիր քաղաքական յայտարարութիւնների պատճառով է։

Սակայն հէնց այն հանգամանքը, որ Մանուկեանը սկսեց քննադատել իրեն Հանրային խորհրդի նախագահի պաշտօնում հաստատած վարչապետին, բացայայտում է նաեւ գաղափարական այն խոր հակադրութիւնը, որ գոյութիւն ունի անկախութիւնից ի վեր։

Այսպէս` Հայաստանում քաղաքական հակամարտութիւնը ոչ թէ գնում է աջերի եւ ձախերի միջեւ, ինչպէս տարածւած է աշխարհի ստւար մասում, այլ ուրիշ վեկտորով, որն ամենացայտուն կերպով արտայայտւում է ղարաբաղեան կարգաւորման խնդրի նկատմամբ վերաբերմունքով եւ արտաքին քաղաքականութեամբ։ Ի՞նչ անուն տալ կողմերին, պայմանական ասած՝ սուրվիւալիստներ (նրանք, ովքեր վտանգ են կանխատեսում) եւ ֆրատերականներ (հակառակորդի մէջ եղբայր են տեսնում)։

Սուրւիւալիստները համոզւած են, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, ուր բազմաթիւ կրօնական, ազգայնական, աշխարհաքաղաքական եւ այլ հակամարտութիւնների պատճառով մօտ ապագայում տեւական խաղաղութիւն անհնար է: Այն խմորումները, որոնք Եւրոպայում աւարտւեցին Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ, Միջին Արեւելքում եւ յարակից տարածքներում նոր թափ են հաւաքում ու յղի են անկանխատեսելի աղէտներով, եւ պոտենցիալ վտանգի նկատմամբ զգօնութեան թուլացումը կը յանգեցնի հայ ժողովրդի նոր ցեղասպանութեան։ Անմիջական վտանգը Ադրբեջանից է, ապա` Թուրքիայից, քանի որ չեն ճանաչում իրենց կատարած մեծ ոճիրը՝ հայերի ցեղասպանութիւնը, ու որպէս դրա շարունակութիւն` չեն ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։ Հետեւաբար, երկրի անվտանգութեան համար անհրաժեշտ է մշտապէս մեծացնել ռազմական պաշտպանութիւնը, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է Հայաստանի միակ իրական ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ յարաբերութիւններն ամրացնել՝ կատարելագործելու համար անվտանգութեան համակարգը։

Ֆրատերականները (եղբայրականներ, կամ Հայաստանի կոնտեքստում՝ քիրւայականներ) համոզւած են, որ երկրների ու ժողովուրդների միջեւ տարբերութիւն չկայ, բոլորը եղբայրներ են` լինի Թուրքիա, Ադրբեջան, թէ` Հոլանդիա կամ Բելգիա, եւ Հայաստանն էլ կարող է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրւա լինել, հարեւաններին նրանց ուզած զիջումներն անելով` կը հասնի եղբայրութեան, ու այնպիսի խաղաղութեան, ինչպիսին Եւրոպայում է, իսկ եւրոպական ու ամերիկեան ժողովրդավարական աջակցութիւնն էլ աւելի կամրապնդի խաղաղութիւնը։ Հետեւաբար, Ռուսաստանի հետ դաշնակցային կապերը պահպանելու ոչ միայն կարիք չկայ, այլեւ այն խանգարում է խաղաղութեանը, նրա պատճառով քիրւայութիւն չի հաստատւում։ Այսպիսով` ֆրատերականները վերածւում են մարտնչող հակառուսների եւ դաշնակիցը Արեւմուտքի, մասնաւորապէս` ԱՄՆ-ի, որ շահագրգռւած է ռուսական բազաները հեռացնել ամէն տեղից, նաեւ` Հայաստանից։ Թուրքիային եւ Ադրբեջանին նոյնպէս ձեռնտու է ֆրատերական շրջանակների հակառուսական քաղաքականութիւնը, որը յանգեցնելու է Հայաստանի անվտանգութեան համակարգի փլուզմանը։ Բնականաբար, Արեւմուտքն էլ մեծ ֆինանսներ է ծախսում «մարդու իրաւունքների» անւան տակ դրամաշնորհային ծրագրերի եւ գործակալական ցանցեր ստեղծելու վրայ՝ ռուսական ներկայութեան դէմ այս ուղղութիւնը հզօրացնելու համար։

Հայաստանում սուրւիւալիստներին նաեւ անւանում են միլիտարիստներ, երբեմն` բազէներ, իսկ ֆրատերականներին` պացիֆիստներ, երբեմն էլ` աղաւնիներ։ Սակայն, եթէ այս անւանումները ընդունելի էլ լինեն, ապա նրանք փոքր, դիմադրող երկրում եւ հզօր կայսերական տիրապետութեան մէջ հակառակ իմաստներ են ստանում: Կայսրութիւններում կամ հզօր տէրութիւններում, ինչպէս օրինակ` ԱՄՆ-ում, միլիտարիստները նւաճողական են, նրանց երկրի ռազմականացումը անհրաժեշտ է իրենց ազդեցութիւնն այլ երկրների վրայ տարածելու համար, իսկ պացիֆիստները դիմադրում են նւաճողականութեանը։ Հայաստանում «միլիտարիստները» դիմադրող են, երկրի ռազմականացումն անհրաժեշտ են համարում դիմադրելու համար նւաճողներին, առաջին հերթին` մի քանի անգամ հզօր տէրութիւններին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դաշինքին, իսկ «պացիֆիստները» դիմադրութիւնը վերացնելու քարոզով նպաստում են նրանց նւաճողականութեանը, ու պատերազմի վտանգը մեծացնում, հետեւաբար` դառնում գործիք դրսի, առանց չակերտի միլիտարիստների ձեռքին։

1998-ի իշխանափոխութիւնը հէնց սուրւիւալիստների եւ ֆրատերականների հակամարտութիւն էր, որի արդիւնքում սուրւիւալիստները իշխանութիւնից գցեցին ֆրատերականներին։

Հակամարտութեան երկրորդ փուլն էր 2008-ի նախագահական ընտրութիւնները եւ Մարտի 1-ի արիւնահեղութիւնը։

Երրորդ փուլը եղաւ 2018-ի յեղափոխութիւնը, որը, «սիրոյ եւ հանդուրժողականութեան» փափուկ բարձ դնելով սուրւիւալիստների գլխի տակ, հնարաւորինս լայն զանգւածներ ընդգրկեց եւ յաջողութեան հասաւ։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նրա զինակիցները եղել են միւս թեւում՝ ֆրատերականների բանակում, 2008-ի նախագահական ընտրութիւներում քիրւայութեան ծրագրով հանդէս եկող թեկնածու Տէր-Պետրոսեանի ամենանւիրւած զինակիցն էր, մարտի 1-ին ցուցարարներին գրոհով տանում էր Տէր-Պետրոսեանի համար իշխանութիւնը գրաւելու։ Բացի այդ` Փաշինեանը աչքի էր ընկել ֆրատերականներին բնորոշ հակառուսական ելոյթներով։

Հոկտեմբերի 27-ի 20-ամեակի տարելիցին յետադարձ հայացքով մի պատկեր է պարզւում, ուր սուրւիւալիստները հերթով չէզոքացւում են:

1999 թւի հոկտեմբերի 27-ին սպանւեց պաշտպանութեան նախկին նախարար, վարչապետ Վազգէն Սարգսեանը, որն առանցքային դեր խաղաց իշխանութիւնից ֆրատերականներին հեռացնելու գործում։

2018-ին կալանաւորւեց եւ մինչեւ այժմ բանտում է սուրւիւալիստական շրջանակը ներկայացնող գլխաւոր դէմքերից մէկը՝ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Նրա կողքին ամբաստանեալի աթոռին են նստած Արցախեան պատերազմի յաղթանակը կերտող գեներալներ Իւրի Խաչատուրովն ու Սէյրան Օհանեանը։

Վարչապետի հրահանգով պաշտօնանկ արւեց Արցախի պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը, ապա` Արցախի անվտանգութեան քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանեանին Երեւանում փորձում են խուզարկել, ապա, կրկին վարչապետի հրահանգով, նա էլ պաշտօնանկ է արւում, ու սկսւում են նրա դէմ ցանցային խուժանի յարձակումն ու վարկաբեկումը։

Իսկ հիմա սկսւեց հերիւրանքների արշաւ նախկին վարչապետ եւ պաշտպանութեան նախկին նախարար Վազգէն Մանուկեանի դէմ։

Արժէ յիշել, որ 1992-ի սեպետմբերին, այն պահին, երբ ադրբեջանական բանակը գրաւել էր Շահումեանն ու Մարտակերտի մեծ մասը եւ առաջ էր շարժւում, անարգել ռմբակոծում էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, մասնաւորապէս` Կապան քաղաքը, Վազգէն Մանուկեանը, ստանձնելով պաշտպանութիւնը կոորդինացնող պետնախարարի, ապա` պաշտպանութեան նախարարի պաշտօնը, կազմակերպեց Կապանը թիրախ դարձրած ադրբեջանական զօրակէտերի ոչնչացումը, որից յետոյ քաղաքը շունչ քաշեց, ապա մի քանի ամիս անց՝ 1993-ի մարտին, Արցախի ղեկավարութեան հետ նախաձեռնեց Քելբաջարի օպերացիան, որը սկիզբ դրեց արցախեան յաղթանակների շղթային։

 

Ֆրատերը եւ օտարերկրեայ գործակալական ցանցը` կառավարութեան յենարան

Ինչպէս ասւեց, նոր իշխանութեան արմատները գալիս են հակառուսական-ֆրատերական շրջանակներից։ Իշխանութեան մէջ նրանք հրաժարւեցին բացայայտ հակառուսական քաղաքականութիւնից, այս կամ այն չափով փորձում են պահպանել նախկին իշխանութիւններից եկող արտաքին քաղաքականութիւնը։ Այսուհանդերձ, ներքին կեանքում ռեպրեսիաներ սկսելով սուրւիւալիստական շրջանակների դէմ, նրանք իրենց համար յենարան են դարձրել հակառուսական շրջանակներին։

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկեան յանձնաժողովին հակառուսական հաշւետւութիւն էին տալիս։

Հինգշաբթի հրապարակւեց Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակի նախագահ Արթուր Սաքունցի զեկոյցը` «Ռուսական ռազմական ներկայութիւնը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրայինայում եւ դրա ազդեցութիւնը մարդու իրաւունքների վիճակի վրայ»։ Հէնց զեկոյցի վերնագիրը եւ հեղինակի անտարբերութիւնը, եթէ չասենք` աջակցութունը Հայաստանում ռեպրեսիաների նկատմամբ, խօսում են այն մասին, թէ ինչպէս են «մարդու իրաւունքների» գաղափարը որպէս գործիք օգտագործում քաղաքական շահերում։ Զեկոյցը ֆինանսաւորել է Եւրոմիութեան Արեւելեան գործընկերութեան ծրագիրը, որի միակ նպատակն է Ռուսաստանի հետ սերտ առնչութիւն ունեցող երկրներին հեռացնել նրանից, եւ ամերիկեան NED կազմակերպութիւնը, որն ամերիկեան յատուկ ծառայութիւնների, մասնաւորապէս` ԿՀՎ-ի հետ է կապւած (այդ մասին տե’ս Human Rights and Media Manipulation եւ «Վաշինգտոն Փոստ»-ի նիւթում՝ INNOCENCE ABROAD: THE NEW WORLD OF SPYLESS COUPS)։ Հէնց NED-ի տնօրէն Միրիամ Լանդսկոյը Հայաստանի ձեռքբերումների մէջ նշում է այն, որ կալանաւորւել եւ դատւում է Պուտինի ընկերը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Երկու օր առաջ մամուլով տարածւեց «Վիքիլիքս»-ի գաղտնազերծած` «Ստրատֆորդ» հետախուզական ընկերութեան գործակալների մէյլերի ցուցակը, որոնց մէջ էր Արման Բաբաջանեանը։

Աւելի յստակեցւեց, թէ որտեղից է գալիս նրա թերթի ընդգծւած հակառուսական քարոզչութիւնը։ Հակառուսական ամենաթարմ օրինակները. Բաբաջանեանի թերթը հոկտեմբերի 27- ը կապում է Ռուսաստանի հետ` այսպիսի վերնագրով նիւթ հրապարակելով` «Հոկտեմբերի 27-ի բացայայտման համար Ռուսաստանը պէտք է ինքնախոստովանութիւն անի», որում ասւում է. «Ռուսաստանը պէտք է ճանաչի ու ընդունի, որ ինքը կատարել է յանցագործութիւն՝ խրախուսելով տեռորիզմը։ Այդ դրւագներից մէկը կը լինի Հայաստանը՝ որպէս զոհ ու թիրախ»։ Իսկ Բաբաջանեանն էլ ՖԲ իր պատին հակառուսական գրառում արեց. «Ինչո՞ւ է Հայաստանը վճարում մեր այլ պետութեան ռազմական միաւորի տեղակայման համար, որը սպասարկում է միայն ու բացառապէս Ռուսաստանի կայսերապաշտական շահեր»։

Այս նոյն օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը յայտարարեց. «Մի շարք ոչ կառավարական կազմակերպութիւններ, օգտագործելով «կերակրւած» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական յարաբերութիւնների մէջ: Միեւնոյն ժամանակ ակնյայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թէ ինչպիսի աղէտալի հետեւանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մօտեցումները ռուս-հայկական սերտ յարաբերութիւնների վրայ»:

Եւ ահա, նրանցից մէկը, որը սեպ է խրում հայ-ռուսական յարաբերութիւններում եւ աղէտի տանում երկիրը, դարձել է վարչապետի գործիքը, նրա նկատմամբ իր վստահութիւնն է յայտնում Հայաստանի անվտանգութեան ծառայութիւնը. Հայաստանի ԱԱԾ պետի պաշտօնակատար Էդոարդ Մարտիրոսեանը ասում է. «Մենք Արման Բաբաջանեանին չվստահելու խնդիր չունենք»:

Այսպիսով` Հայաստանի կառավարութիւնը արտաքինից՝ ֆասադից, Ռուսաստանի հետ յարաբերութիւնները նորմալ է ցոյց տալիս, իսկ «ներսից» օժանդակում է այդ յարաբերութիւնների մէջ սեպ խրողներին եւ ռեպերսիաներ իրականացնում Հայաստան-Ռուսաստան դաշինքի կողմնակից ուժերի նկատմամբ։

Շէնքերը փլւում են այն ժամանակ, երբ «ներսի» ֆունդամենտը վերանում է։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։