Հա

Քաղաքական

05/11/2019 - 09:30

«Նախագահի պաշտօնը հնարաւորութուն է նւիրւելու երկրիդ». Արմէն Սարգսեանի սիւնակը The World հանդէսում

Հեղինակաւոր The World հանդէսում հրապարակւել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի սիւնակը՝ իր անցած ճանապարհի ու կեանքի տարբեր փուլերի եւ ապագայ աշխարհի զարգացման միտումների մասին: 

«alikonline.ir» - Հեղինակաւոր The World հանդէսում հրապարակւել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի սիւնակը՝ իր անցած ճանապարհի ու կեանքի տարբեր փուլերի եւ ապագայ աշխարհի զարգացման միտումների մասին: «Արմէնպրես»-ը ներկայացնում է հրապարակումն ամբողջութեամբ.

«Երբ ծնւում ենք, գիտե՞նք արդեօք, թէ ինչ ճակատագիր է մեզ սպասում: Յատկապէս հիմա՝ արհեստական բանականութեան արագ տեխնածին դարում: Բայց կայ ինչ-որ բան, որն ի սկզբանէ դրւած է մեր մէջ: Հէնց դա է որոշում մարդկային ճակատագիրը: Իմ մէջ այդպիսի «անձայն կարգաւորիչ» դարձաւ հետաքրքրութիւնն աշխարհի բազմազանութեան նկատմամբ:

Հայրս ճարտարապետ էր, բայց վաղ հեռացաւ կեանքից՝ չհասցնելով ինձ փոխանցել սէրն այդ մասնագիտութեան հանդէպ: Մայրս երազում էր, որ ես դաշնակահար դառնամ:

Երաժշտութիւնը եւ մաթեմատիկան մանկութիւնից ինձ հետ էին. թէ՛ մէկը, թէ՛միւսը ընդմիշտ ինձ հետ են մնացել: Այստեղից էլ՝ գիտութեան հանդէպ իմ սէրը եւ մարդկանց, երկրների միջեւ ներդաշնակ յարաբերութիւններ հաստատելու ցանկութիւնը:

Անվերապահ ներդաշնակութիւնը բնորոշ է երկու՝ երաժշտութեան եւ մաթեմատիկայի աշխարհներին: Յատկապէս, երկրորդին. այդ աշխարհում ինձ միշտ «իւրային» եմ զգացել՝ թէ՛ դպրոցում, եւ թէ՛ համալսարանում: Հպարտ եմ, որ ե՛ւ համալսարանում, ե՛ւ ասպիրանտուրայում եղել եմ լենինեան կրթաթոշակառու: Վաղ հասակից սկսել եմ զբաղւել ֆիզիկայով:

ԽՍՀՄ-ում կային բացառիկ գիտական դպրոցներ: Խորհրդային Միութեան ժամանակ գործում էր հիանալի դասական կրթական համակարգ: Որպէս ֆիզիկոս-տեսաբան՝ ես պէտք է հնարաւորինս շատ բան իմանայի գիտութեան մասին, ճիշտ այնպէս, ինչպէս դաշնակահարը պէտք է անգիր իմանար Բեթհովենի, Մոցարտի, Շոպենի բոլոր սոնատները: Երբ աշխատելու գնացի Քեմբրիջ, բացայայտեցի, որ, ի տարբերութիւն մեզ, այնտեղ գիտնականին բաւարար էր տիրապետել նեղ մասնագիտական գիտելիքների: Այդպէս էր նաեւ Հարւարդում եւ Բերկլիում: Ես կարող էի դասաւանդել հինգ-վեց տարբեր սեմինարներում, քանի որ կրթութիւնս դա թոյլ էր տալիս:

Խորհրդային Միութեան տեսական ֆիզիկայի դպրոցն ուժեղագոյնն էր:

Արդէն տարիներ անց, մի մեծ ընդունելութեան ժամանակ, որին ներկայ էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը, խօսում էինք կրթութեան մասին: Երբ հարցրեցին իմ կարծիքը, պատասխանեցի, որ դպրոցը պէտք է իւրաքանչիւր մարդու մէջ տաղանդ բացայայտի: Կրթութեան խորհրդային համակարգի հիմքում մարզիկ, երաժիշտ, մաթեմատիկոս բացայայտելու կարողութիւնն էր, որը ներկայում շատ երկրներում այլեւս չկայ, կորսւած է:

1991 թւականից յետոյ սկսւեց նոր դարաշրջան. Խորհրդային Միութիւնը, որի անսասանութեան մէջ համոզւած էի մանկուց, փլուզւեց: Հայաստանը դարձաւ անկախ, եւ սկսւեց իմ երկրորդ կեանքը: Անգլիայում համալսարանական պրոֆեսոր էի, երբ այդ երկրում դեսպանութիւն բացելու առաջարկ ստացայ Հայաստանի նախագահից: Մի քանի ամիս անց՝ սփիւռքի օգնութեամբ մենք բացեցինք մեր առաջին դեսպանատունը Արեւմուտքում: Ապա՝ Փարիզում, իսկ յետոյ նշանակւեցի Եւրոպայում աւագ դեսպան: Լոնդոնը, Եւրոպական միութիւնը, Բելգիան, Լիւքսեմբուրգը, Նիդեռլանդները, ՆԱՏՕ-ն, Վատիկանն իմ դիւանագիտական ծառայութեան վայրերն էին: Այդ երկրորդ կեանքը պայծառ եւ հետաքրքիր էր, բայց, ցաւօք, հնարաւորութիւն չէր տալիս համատեղել դիւանագիտութիւնը եւ գիտութիւնը:

1996 թւականին ես դարձայ Հայաստանի վարչապետ, եւ բացւեց իմ կեանքի յաջորդ էջը: Սակայն 1997 թւականին շատ լուրջ հիւանդութեան պատճառով ստիպւած եղայ հրաժարական տալ: Այսպէս սկսւեց իմ կեանքի պատմութեան երրորդ՝ ամենադժւար գլուխը՝ երկու տարւայ պայքար, որպէսզի այն չդառնար վերջինը:

Ճշմարտութիւնն այն է, որ մենք, երբեմն, մինչեւ վերջ չենք հասկանում, թէ որքան ուժեղ ենք: Իր ներքին ուժի գիտակցումով մարդն աւելի ազատ է դառնում:

Երրորդ կեանքս շատ հնարաւորութիւններ ընձեռեց եւ կեանքի համի նոր զգացողութիւն տւեց:

Կեանքիս չորրորդ հատւածում ես կրկին զբաղւում էի գիտութեամբ, զարգացնում բիզնեսը: Շարունակում էի աշխատել որպէս դիւանագէտ: Յաջողութեամբ կարողանում էի համատեղել ինձ դուր եկող շատ բաներ:

2018 թւականի երդմնակալութիւնից յետոյ սկսւեց հինգերորդ կեանքը: Իհարկէ, նախագահի պաշտօնը կեանքդ սեփական ըմբռնումներով եւ ցանկութիւններով տնօրինելու որոշ ազատութիւն է խլում, սակայն, փոխարէնը, տալիս է հնարաւորութիւն` նւիրւելու երկրիդ, որն ինձ համար մշտապէս եղել է իմ գլխաւոր եւ սիրելի Տունը:

Հայաստանը իւրայատուկ է: Այստեղ մինչ օրս զգացւում են հնագոյն քաղաքակրթութիւնների հետքերը, միեւնոյն ժամանակ, այն ներդաշնակօրէն համահունչ է գլոբալիզացիայի եւ ցնցող փոփոխութիւնների աշխարհին, եւ այստեղ հակասութիւն չկայ: Վերապրելու հազարամեայ փորձը թափառում է նրա արեան մէջ, իսկ մշակոյթների ներդաշնակ համաձուլւածքը, հոգեւոր հարստութեան ոսկին սնում են երկրի հոգին: Լսել եմ՝ շատ քաղաքական գործիչներ սկսել են խօսել այն մասին, որ 21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի դարը: Եւ այստեղ զարմանալու ոչինչ չկայ: Հզօր ազգը, որն ինչ-որ մի ժամանակ յայտնւել էր ոչնչացման եզրին, կարողացել է ոչ միայն ողջ մնալ, այլեւ ոտքի կանգնել եւ կառուցել սեփական երկիրը: Յետեւում է մնացել սեփական «ես»-ի համար հազարամեակների պայքարն այս բազմադէմ եւ բազմալեզու աշխարհում: Գուցէ եւ հէնց այն պատճառով ենք ողջ մնացել, որ մշտապէս փնտրել ենք աւելին, քան նիւթական կեանքն է: Ոգին եղել է ամէնից բարձր, իսկ այն դուրս է ժամանակից եւ տարածութիւնից: Այդ իսկ պատճառով Հայաստանը հնագոյն եւ, միեւնոյն ժամանակ, երիտասարդ ու ժամանակակից երկիր է:

Մենք ապրում ենք բարդ, սակայն չափազանց հետաքրքիր ժամանակահատւածում: 21-րդ դարը մի ժամանակաշրջան է, երբ շատ բան արագօրէն փոփոխւլու է: Առայժմ ամէն ինչ անորոշութեան դաշտում է՝ քաղաքականութիւնը, աշխարհաքաղաքականութիւնը, նոր տեխնոլոգիաները, որտեղ ամենակարեւոր ուղղութիւններից մէկը արհեստական բանականութեան ստեղծումն ու զարգացումն է: Այն ծրագրային արտադրանք է, որը կարողանում է գտնել սեփական սխալները, սովորել դրանց վրայ եւ հետագայում կատարելագործւել: Այն չի համարւում մարդու պատճէնը վիրտուալ տարածութեան մէջ, պէտք չէ դրանից վախենալ: Կարծում եմ՝ ապագայում արհեստական բանականութիւնը կօգնի լրջօրէն ամրապնդել մեր սեփական ներուժը, հասկանալ ինքներս մեզ:

Մարդիկ փոխւում են աւելի արագ, քան մարդկութեան պատմութեան որեւէ այլ ժամանակահատւածում: Դա յատկապէս տեսանելի է ամենապատանիների դէպքում, ովքեր ներկայում ծնւում են բոլորովին այլ տարածութիւնում, նրանք, ասես, այլ մոլորակից են: Ես դա տեսնում եմ երեք թոռներիս օրինակով: Մեր առաջին խաղալիքները «չխկչխկաններն» էին, իսկ նրանց ձեռքում յայտնւած առաջին սարքերից էին IPhone-ը կամ Ipad-ը: Եւ նրանք սկսում են դա օգտագործել մէկ կամ մէկուկէս տարեկանից: Փոքրիկները սովորում են հաղորդակցւել՝ դեռեւս տառեր, բառերը կամ քերականութիւն չիմանալով: Մարդը վերադառնում է դէպի ակունքներ՝ յետ, դէպի հազարամեակներ, նախագրային ժամանակներ, որովհետեւ application-ները հիերոգլիֆներն են: Եւ ստացւում է, որ երեխաների համար շատ հեշտ է շփւել հիերոգլիֆների միջոցով, նրանք իրենց խաղերն են գտնում Ipad-ում: Յետոյ, երբ նրանց գիրք ես տալիս, փորձում են այն թերթել մատով հպւելու միջոցով՝ ասես, գիրքն էլ Ipad է, ու զայրանում են, երբ դա նրանց չի յաջողւում: Մեծանում է մի սերունդ, որի համար գիրքը չաշխատող գաջեթ է: Մենք աւելի ուշ կը հասկանանք՝ լա՞ւ է դա, թէ՞ վատ: Նրանք լողում են տեղեկատւական հոսքերի մէջ: Նրանք, գուցէ եւ բարեբախտաբար, չեն հասկանայ, թէ ինչ է տեղեկատւական քաղցը, որի միջով անցել է մեր սերունդը: Համոզւած եմ, որ ժամանակի ընթացքում եւ արհեստական բանականութեան զարգացման հետ մարդը կը դառնայ գերանհատականութիւն: Ուրախացնում է նաեւ նոր միտումը՝ կատարելագործւել ոչ միայն ինտելեկտուալ առումով, այլեւ՝ ֆիզիկապէս: Աւելի ու աւելի շատ երիտասարդներ են տարւում առողջ ապրելակերպով, այն դառնում է նորմ. մեր ժամանակ սա չտեսնւած բան էր: Մարդիկ ծխում էին, խմում, մտածում էին, որ, եթէ մարդ զբաղւում է սպորտով, ապա մտաւոր թերզարգացւածութիւն ունի: Իսկ հիմա հակառակն է, բոլոր խելացի երիտասարդները, որոնք աւարտում են հեղինակաւոր համալսարաններ, զբաղւում են սպորտով, որպէսզի բոլոր առումներով դառնան աւելի լաւը:

Ապագան սրընթաց մօտենում է, սակայն, ինչ յաջողութիւններ էլ գրանցեն տեխնոլոգիաները, հազիւ թէ պէտք է սպասել «մեքենայից Աստծոյ» յայտնւելուն: Քանի որ, նոյնիսկ ամենակատարեալ համակարգը, մեզ չի յուշի անթերի, անբասիր, վերջին ատեանի տեսքով ճշմարտութիւնը: Այդ դէպքում ի՞նչ անենք մենք՝ մարդիկ, որ ցանկանում ենք իմանալ աշխարհի, մեր ապրած վայրի, մեր մասին յաւերժական հարցերի պատասխանները: Կարծում եմ՝ պարզապէս, սիրենք սեփական երկիրը, Տունը, որտեղ մեր արմատներն են, գործը, որով զբաղւում ենք։ Այն ամէնը, ինչ չի փոխւի, անգամ, ժամանակի ընթացքում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։