Հա

Քաղաքական

09/11/2019 - 11:20

«Մահակի սկզբունքը վերջերս խիստ գերակայ է». Նարինէ Դիլբարեանը՝ Արայիկ Յարութիւնեանի՝ ՀՅԴ-ի բերած դատարկ արկղերը քրգործերով լցնելու յայտարարութեան մասին

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանի թիրախաւորումը չէր կատարւի, եթէ այս աշխատանքային տարբերակի քննարկումից առաջ մասնագիտական, շահագրգիռ քննարկումներ ծաւալւէին:

«alikonline.ir» - ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանի թիրախաւորումը չէր կատարւի, եթէ այս աշխատանքային տարբերակի քննարկումից առաջ մասնագիտական, շահագրգիռ քննարկումներ ծաւալւէին: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ԵՊՀ Հայոց լեզւի պատմութեան ամբիոնի դոցենտ Նարինէ Դիլբարեանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ում քննարկման դրւած «Կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագծին, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայոց պատմութիւն» առարկաների դասաւանդումը  բուհերում պարտադիր չի լինելու։

Նարինէ Դիլբարեանը ուրախութեամբ արձանագրեց, որ երիտասարդներն առանց հրահրումների բողոքի ակցիաներ նախաձեռնեցին։ Նա նաեւ նշեց, որ ԵՊՀ Հայ բանասիրութեան ֆակուլտետի կողմից քայլեր ձեռնարկելը՝ դասադուլ, նստացոյց, խօսում է այն մասին, որ ուսանողներն իրենց ապագայի մասին են մտածում:

Նարինէ Դիլբարեանը նաեւ նշեց, որ մասնագիտական քննարկումների ընթացքում, նախագծի հայրերից մէկին՝ Սամուէլ Կարաբէկեանին, առաջարկել են փոխել անւանումը՝ «Հայոց լեզու» եւ «Գրականութիւն» առարկաների փոխարէն ուսուցանել դիցուք՝ «Հայոց խօսքի մշակոյթի հիմունքներ»:

«Բուհերում կուտակւած խնդիրներն իսկապէս մեծ են, բայց չի կարող բուհը ծաղկել եւ լինել առաջադիմութեան կղզեակ, եթէ  ամբողջ հանրութեան մէջ այդ ծաղկումը ուշանում է, ընդհակառակը՝ վհատութեան տեսք է ստանում: Մեր բուհերը մեր պետութեան մանրակերտն են. ինչպէս զարգանում է պետութիւնը, այդպէս էլ՝ բուհը»,- ասաց մասնագէտը եւ յաւելեց, թէ ընդունում է, որ այս հարցում իրենց մեղքն էլ կայ, սակայն պէտք չէ ասել, որ բուհերում հայերէնի իմացութեան մակարդակը ցածր է:

«Բուհերում կատարում են այն նոյն սխալները, ինչ մնացեալ հիմնարկներում՝ կառավարութիւնում, նախարարութիւններում: Ուստի, եթէ մենք փոփոխութիւններ են կատարում, ապա կառավարական ողջ համակարգում պէտք է փոփոխութիւն կատարւի: Այդ դէպքում կարող ենք ասել, թէ բուհերն ինչքանով են մեղաւոր»,- ասաց նա:

Դիլբարեանի դիտարկմամբ՝ այս հարցը քաղաքականացնելը սխալ է: Անդրադառնալով նախարարի յայտարարութեանը, որում վերջինս «անդաստիարակութիւն» բառն էր օգտագործել երիտասարդների ակցիայի մասին խօսելիս, մասնագէտը նշեց, որ դէմ է նման որակումներին։

«Մենք ամէն կերպ քաղաքականացնում, կուսակցականացնում եւ սկսում ենք քրէականացնել ամէն ինչ: Հէնց մի բան ես քննադատում՝ ուզում են քո կենսագրութեանը դիպչել: Ընդդիմախօսին անմիջապէս ասել, որ դու քրէական կամ այլ տիպի հետք ունես՝ փաստարկների բացակայութեան արդիւնք է»,- նկատեց մասնագրտը:

«Մեր յարաբերութիւններում մահակի սկզբունքը վերջերս խիստ գերակայ է: Անհանդուրժողականութեան զարմանալի դրսեւորումներ կան: Բուհերը եղել են կառավարութեան կամքի կատարման հայելային արտացոլումը: Դրա համար, եկէք իրար չմեղադրենք եւ փորձենք փոխել համակարգը»,- նշեց մասնագէտը:

Նարինէ Դիլբարեանը ծիծաղելի համարեց մէկ առանձին նախարարութիւնը թիրախաւորելը եւ ասաց, որ հիմա բուհերի խնդիրներն անորոշ են եւ պէտք է մասնագիտական հարցեր քննարկւեն: «Յեղափոխութիւնից յետոյ մարդկանց մի զգալի մաս կարծում էր՝ վերջ, եթէ հեռացել է այն վարչակարգը, որը իրենց երկար ժամանակ ճնշել է, ուրեմն ամէն ինչ լաւ է: Բայց փորձը ցոյց տւեց, որ անձերի հեռացումը, առանց համակարգը փոխելու ոչ մի լաւ արդիւնքի չի յանգեցնում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։