Հա

Քաղաքական

11/11/2019 - 10:40

Ինչո՞ւ է աղմկում Արայիկ Յարութիւնեանը

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անցած շաբաթ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին: Նա, մասնաւորապէս, յիշատակելով ՀՅԴ Երիտասարդական թեւի բողոքի ակցիան՝ նշելով, որ Արայիկ Յարութիւնեանի գործունէութիւնը վաղուց արդէն առաջացնում է հայ հասարակութեան զգալի մասի տարակուսանքը, եւ ընդամենը թեթեւ կայծ էր պէտք, որպէսզի այն վերածւէր բացայայտ հանրային բողոքի։

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անցած շաբաթ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին: Նա, մասնաւորապէս, յիշատակելով ՀՅԴ Երիտասարդական թեւի բողոքի ակցիան՝ նշելով, որ Արայիկ Յարութիւնեանի գործունէութիւնը վաղուց արդէն առաջացնում է հայ հասարակութեան զգալի մասի տարակուսանքը, եւ ընդամենը թեթեւ կայծ էր պէտք, որպէսզի այն վերածւէր բացայայտ հանրային բողոքի։

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Անցած շաբաթ գործող Կառավարութեան «սուպեր-նախարար» Արայիկ Յարութիւնեանը յայտնւեց հերթական սկանդալի կենտրոնում՝ սեփական ֆէյսբուքեան էջում իր քաղաքական ընդդիմախօսներին մեղադրելով ոչ աւել, ոչ պակաս «անդաստիարակութեան» մէջ։ Փորձելով իր անձի շուրջ անյարկի աղմուկ բարձրացնել եւ հերթական անգամ կիրառել նախկիններին մեղադրելու արդէն ծեծւած հռետորաբանութիւնը, նա հասաւ միայն հակառակ արդիւնքի, ուժեղացնելով հանրային դժգոհութեան ալիքը։ Բանը հասաւ նրան, որ նրա գործողութիւնները ստիպւած էր բացայայտ պաշտպանել վարչապետ Փաշինեանը, յընթացս մի շարք սեփական վիճելի մտքերով աւելի սրելով իրավիճակը։

Եթէ փոքր ինչ վերացարկւենք կոնկրետ իրավիճակից, որը առիթ դարձաւ ՀՅԴ Երիտասարդական թեւի հանրային բողոքի համար, ապա պէտք է փաստել, որ Արայիկ Յարութիւնեանի գործունէութիւնը վաղուց արդէն առաջացնում է հայ հասարակութեան զգալի մասի տարակուսանքը, եւ ընդամենը թեթեւ կայծ էր պէտք, որպէսզի այն վերածւէր բացայայտ հանրային բողոքի։ Նշեմ ընդամենը նրա «սխրագործութիւններից» մի քանիսը՝

ա) Նախարարի պատասխանատու պաշտօնը ստանձնելուց անմիջապէս յետոյ, Արայիկ Յարութիւնեանը կոպիտ և անապացոյց մեղադրանքներով հանդէս եկաւ «Այբ» կրթական հիմնադրամի եւ նրա ղեկավարութեան հասցէին։ Այս Կառավարութեան համար արդէն սովորական դարձած ոճով, նա նաեւ անմիջապէս հիմնադրամի ստացած միջոցների ծախսման աուդիտ նախաձեռնեց, սակայն այն միայն փաստեց հիմնադրամի գործունէութեան արդիւնաւէտութիւնը եւ թափանցիկութիւնը։ Մինչեւ հիմա, Արայիկ Յարութիւնեանը ներողութիւն չի խնդրել հիմնադրամի ղեկավարութիւնից եւ բազմաթիւ աջակիցներից, ոչ էլ հանրայնացրել է այդ աուդիտի արդիւնքները։

բ) Մինչեւ «սուպեր-նախարար» դառնալը, Արայիկ Յարութիւնեանը Երեւանի Պետական Համալսարանի շարքային դասախօս էր (ենթադրաբար, գիտական ասպարէզում աւելին դեռ չէր հասցրել, 40 տարեկանում նա ընդամենը 6 գիտական յօդւածի հեղինակ է)։ Պատասխանատու պաշտօն ստանձնելուց յետոյ, նա նմանատիպ սկանդալային արշաւանք սկսեց ԵՊՀ ղեկավարութեան դէմ, չխորշելով վիրաւորանքներից եւ պիտակաւորումից, եւ թունաւորելով մթնոլորտը մայր ԲՈՒՀ-ում։ Այս ամէնի արդիւնքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը ի վերջոյ հրաժարական տւեց, մինչեւ հիմա նրա փոխարէն նոր ռեկտոր չի ընտրւած, լուրեր են պտտւում, որ Արայիկ Յարութիւնեանը այդ կարեւոր պաշտօնը «պահում է» իր անձնական պրոտեժէի համար, թէեւ զուգահեռ չի դադարում խօսել «ԲՈւՀ-երի ապա-քաղաքականացման» անհրաժեշտութեան մասին։

գ) Արայիկ Յարութիւնեանի օրօք փաստացի լուծարւեց Կրթութեան ազգային ինստիտուտը՝ առանց յստակ հիմնաւորման, թէ ով եւ ինչպէս է այսուհետեւ զբաղւելու կրթական ծրագրերի փորձաքննութեամբ, կրթութեան մէջ մանկավարժական նոր մօտեցումների փորձարկմամբ, եւ ուսուցիչների վերապատրաստմամբ։ Ներկայումս բարձր որակաւորմամբ երեք հարիւրից աւել աշխատակիցներ յայտնւել են փողոցում՝ առանց սեփական ճակատագրի մասին հետագայ պատկերացման, իսկ նրանց գործառնութիւնները այլեւս չեն իրականացւում։

դ) Կրթական գերազանցութեան ազգային ծրագիրը, որը մշակւել էր «Այբ» հիմնադրամի եւ ԿԳՆ համատեղ ջանքերով, եւ հնարաւորութիւն էր տալիս Հայաստանի աւագ դպրոցների կրթական ծրագրերը մի քանի տարւայ ընթացքում մօտեցնել համաշխարհային լաւագոյն ստանդարտներին, կասեցւել է՝ եւս անորոշ հեռանկարով։ Նախարարութիւնը փոխարէնը ոչ մի բան չի առաջարկել (եւ դժւար թէ առաջարկի), զրկելով մեր երեխաներին որակեալ կրթութիւն ստանալու եւ աշխարհի լաւագոյն համալսարաններ ընդունւելու հրաշալի հնարաւորութիւննից։

ե) ԲՈՒՀ-երում հայոց լեզւի եւ պատմութեան առարկաների պարտադիր դասաւանդումը դադարեցնելը Արայիկ Յարութիւնեանի հերթական վիճելի նախաձեռնութիւնն է։ Թէեւ այն ունի որոշակի թեր եւ դէմ կողմեր, մասնագէտների մեծամասնութիւնը հակւում են այն մտքին, որ Հայաստանի պայմաններում, երբ դպրոցական կրթութեան մակարդակը խիստ անհամասեռ է, այն վնասակար է, եւ կարող է բերել երիտասարդութեան լեզւական գիտելիքների հետագայ վատթարացման։

զ) Ի լրումն կրթական ոլորտում կատարած վիճայարոյց քայլերի, Արայիկ Յարութիւնեանը հասաւ Մշակոյթի նախարարութեան լուծարմանը, եւ փաստացի որպէս կցորդ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ նրա միաւորմանը։ Այդ պահից սկսած, այս Սուպեր-նախարարութիւնը ֆինանսաւորել է մի շարք էսթետիկ եւ արժէքային իմաստով կասկածելի (մեղմ ասած) մշակոյթային ծրագրեր, որոնք եւ վերջին շրջանում հանրային դժգոհութեան առիթ են դարձել։ Դրան գումարւում է Արայիկ Յարութիւնեանի անձնական յայտարարութիւնները, որոնցում նա անթաքոյց պաշտպանում է այդ նախաձեռնութիւնները, ի ցոյց դնելով սեփական նախապատւութիւները։

է) «Սուպեր-նախարար» դառնալուց ի վեր, Արայիկ Յարութիւնեանի անձնական վարձատրութիւնը մէկ ու կէս տարում պաշտօնապէս աճել է մօտ 10 անգամ, նա ԵՊՀ շարքային դասախօսից թռիչքաձեւ դարձել է ամբողջ համակարգի ճակատագիրը տնօրինող ղեկավար՝ շրջանցելով բազմաթիւ միջանկեալ մակարդակները։ Նոյն ժամանակում, իր ղեկավարած համակարգում վարձատրութիւնները աճել են առաւելագոյնը 10 տոկոսով (այն էլ ոչ ամենուրեք), ուսուցիչները Հայաստանում շարունակում են մնալ առաւել ցածր վարձատրւող մասնագիտական խմբերից մէկը, նրանց միջին աշխատավարձը Հանրապետութեան միջին աշխատավարձից առնւազն երկու անգամ ցածր է, եւ էական փոփոխութիւն չի նախատեսվում նաեւ 2020 թ․ բիւջէով։

Մէկուկէս տարւայ պաշտօնավարման ընթացքում, Արայիկ Յարութիւնեանը հասցրել է իր գործունէութեամբ այնքան հարցեր ծնել, որ շատերի համբերութեան բաժակը այսօր լցւել է, եւ նրա հրաժարականի պահանջը դարձել է ստեղծւած իրավիճակին բնական արձագանք։ Յանուն արդարութեան սակայն, պէտք է նշել սակայն, որ նա մենակ չի։ Պատասխանելով ՀՅԴ երիտասարդների հարցերին, վարչապետ Փաշինեանը նշեց, որ Կրթութեան եւ մշակոյթի ոլորտում քաղաքականութիւնը իրականացնում է ոչ թէ նախարարը, այլ կառավարութիւնը, ուստի այն էլ պատասխանատւութիւն է կրում այդ քաղաքականութեան համար։

Այս անկեղծութիւնը գովելի է, ուստի կամ վարչապետ Փաշինեանը պէտք է իր վրայ պատասխանատւութիւն վերցնի վերը նշած գործողութիւնների համար, եւ բացատրի հանրութեանը, թէ ինչու եւ ինչ նպատակով է այս ամէնը արւում մեր երկրում, կամ էլ ընդունի, որ Արայիկ Յարութիւնեանը գործել է սեփական նախաձեռնութեամբ, եւ ժամանակն է եկել հանրութեանը ազատել նրա հետագայ ծառայութիւնից։ Մինչ այդ, առաջարկում եմ ձեզնից իւրաքնչիւրին ստորեւ ավելացնել ձեր գնահատականները նախարարի պաշտօնում Արայիկ Յարութիւնեանի գործունէութեան վերաբերեալ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։