Հա

Քաղաքական

14/11/2019 - 10:10

«Հայոց լեզուն այլ մասնագիտական ֆակուլտետներից հանելը ոճրագործութեան հաւասար բան կը լինի». Վարդան Դեւրիկեան

Հին յոյները Դեմոսթենեսի մասին ասում էին, որ կակազելով եւ ուսը ցցելով էր խօսում։ Իր լեզուն կանոնաւորելու համար սուրը կախում է ուսի վերեւը, որպէսզի այն գիտակցումը ունենայ, որ յանկարծ չցնցւի, յանկարծ կակազելով չխօսի, որպէսզի խօսքը հաւաք դարձնի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում այս պատմութիւնը յիշեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը՝ անդրադառնալով «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների՝ այլ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելու մտադրութեանը։

«alikonline.ir» - Հին յոյները Դեմոսթենեսի մասին ասում էին, որ կակազելով եւ ուսը ցցելով էր խօսում։ Իր լեզուն կանոնաւորելու համար սուրը կախում է ուսի վերեւը, որպէսզի այն գիտակցումը ունենայ, որ յանկարծ չցնցւի, յանկարծ կակազելով չխօսի, որպէսզի խօսքը հաւաք դարձնի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում այս պատմութիւնը յիշեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը՝ անդրադառնալով «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների՝ այլ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելու մտադրութեանը։

«Հին յոյներն այսքան կարեւորութիւն են տւել՝ պատկերաւոր այն միտքը յայտնելով, որ եթէ դու չես կարողանում մտքերդ նորմալ արտայայտել, աւելի լաւ է՝ սրով խոցւես»,- ընդգծեց նա։

Հայոց լեզւի դասաւանդումը երբեմն կապում են հայրենասիրութեան հետ․ Վարդան Դեւրիկեանին մտահոգում է «հայրենասիրութիւն» հասկացութեան հանդէպ վերաբերմունքը․ «Այնպիսի մի քամահրանքով են արտասանում, կարծես կոռուպցիոն դրսեւորում է, ինչ է»։

Բայց խնդիրն անգամ սա չէ, նա բացատրեց պարզ բաներ՝ լեզուն առաջին հերթին հասարակական հաղորդակցման միջոց է, որով մտքերն են շարադրում․ «Պատկերացրէք, քաղաքական գործչից սկսած՝ եթէ կմկմալով, անարտայայտիչ խօսի, չի կարող քաղաքական գործիչ լինել։ Նոյնն էլ մասնագէտը՝ կարող է երեւոյթները շատ լաւ հասկանալ, բայց եթէ չկարողանայ շարադրել, ուրեմն չի կարող լաւ մասնագէտ լինել»։

Որպէս գիտնական եւ ՀՀ քաղաքացի նա մեծ վտանգ է տեսնում հայոց լեզուն այլ մասնագիտական ֆակուլտետներից հանելու մէջ․ «Որովհետեւ սա ուղղագրութեան խնդիր չէ, սա, ինչպէս ասում ենք՝ «ոհ, դու մեծասքանչ լեզու», այս արտայայտութիւնների խնդիրը չէ, այլ պարզապէս ՀՀ նորմալ քաղաքացի, գրագէտ քաղաքացի եւ լաւ մասնագէտ լինելու հարցն է»։

Նա միտում է տեսնում որոշակի շերտերի մօտ, որոնք ուզում են ազգային մտածողութիւնը ջնջել, ներկայ մի կէտից սկսել․ «Այդպէս չի կարող լինել, հայ ժողովուրդը հազարամեակների խորքից է եկել, լեզուն յիշողութիւն է եւ բառերը ստուգաբանւում են։ Բարբառներն իրենց մէջ պահում են հնդեւրոպական ընդհանուր մայր լեզւի օրինաչափութիւնները, հետեւաբար՝ հեռացումը հայոց լեզւից, ըստ էութեան, հեռացում կը լինի նաեւ անցեալից, մեր յիշողութիւնից․ այս առումով եւս անթոյլատրելի է հայոց լեզուն բուհերից հանելը»։

Հայոց պատմութեան դասաւանդումը եւս ոչ միայն արժեհամակարգի, այլեւ հէնց քաղաքացիական նկարագրի տեսանկիւնից է կարեւորում Վարդան Դեւրիկեանը։

Մասնագիտական քննարկումների հարց կարող է դառնալ, թէ ոչ մասնագիտական ֆակուլտետներում ինչպէս պէտք է դասաւանդել, ո՛ր կուրսերում դասաւանդել այս առարկաները, բայց հանելու հարցը նա համարում է  ոճրագործութեան հաւասար բան․ «Ես չեմ խուսափում այս բառը օգտագործելուց, որովհետեւ հայոց լեզւի բառերը քչից-շատից հասկանում եմ եւ միակ յարմար բառը ես համարում եմ «ոճրագործութիւնը»»։

Նրա համար անհասկանալի է՝ եթէ այլ մասնագիտական ֆակուլտեներում հայոց լեզու չանցնեն, մասնագիտական գրականութիւնն ո՞վ է թարգմանելու․ «Հո այլմոլորակայինները չե՞ն թարգմանելու, այսինքն՝ «մարդ է, որ գործէ զերկիր»»։

Գործող իշխանութիւնները միտումնաւո՞ր են այս կարգի հարցեր առաջ քաշում, թէ՞ ոչ, Վարդան Դեւրիկեանը չգիտի, բայց համոզւած է, որ  կոշտ լինի, թէ մեղմ՝ «պէտք է մտցնել պատասխանատուներից նրանց գլուխը», ովքեր դա չեն հասկանում։

Կարծես անընդհատ կռիւ գնայ յիշողութեան հետ՝ նկատում է Վարդան Դեւրիկեանը․ «Եթէ գիտական քո իւրաքանչիւր քայլը չես յարաբերում քո անցեալի հետ, քո պատասխանատւութեան հետ, դա շատ աղէտալի հետեւանքներ կարող է ունենալ»։

Գիտակրթական ոլորտի մէկ այլ աբսուրդ նախաձեռնութիւն՝ Գիտութիւնների ազգային ակադեմիան հիմնադրամ դարձնելու եւ Ակադեմիայի ինստիտուտները Համալսարանին միաւորելու մտադրութիւնը Վարդան Դեւրիկեանը բացատրում է «կոմունիստների մեղքով»․ ակադեմիական հաստատութիւնները շատ լաւ շէնքերում են տեղաւորել, այդ պատճառով էլ բոլորի «աչքի փուշն» են դարձել եւ անընդհատ պայքար է գնում այդ շէնքերը վերցնելու համար։

«Այս նախաձեռնութիւնը նաեւ ինչով քննադատութեան չի դիմանում, որ բուհերը դեռ ձեւաւորման մէջ են, դու դրանց միաւորում եւս մէկ այլ բան։ Եթէ մի բան չի ձեւաւորւել, դու ո՞ւր ես տանում, կամ ի՞նչն ես տանում՝ մարդկա՞նց ես տանում, լաբորատորիանե՞րն ես տանում․․․ հլա հումանիտար գիտութիւնները, որոնք թղթի-գրքի հետ կապ ունեն, էլի հասկանալի է, բա կիրառական հետազօտութիւններ կատարող, լաբորատորիաներ ունեցող ինստիտուտները տեխնիկապես ի՞նչ ձեւով են գնալու մտնեն համալսարանների մէջ»,- ասաց նա՝ անընդունելի համարելով կայուն ձեւաւորւած գիտական համակարգը ջարդելն ու ինչ-որ մի էքսպերիմենտ կատարելը։  

Հայկական պետութեան լոկոմոտիվներից միւսի՝ Երեւանի պետական համալսարանի 100-ամեակը փոխադարձ մեղադրանքների ու հաշւեհարդարների թատերաբեմում չէզոքացաւ․ Վարդան Դեւրիկեանն անգամ ծայրայեղ միջոց է առաջարկում, յաջորդ տարի մէկ անգամ եւս նշել յոբելեանը եւ դա անել իմաստաւորւած ձեւով։

Բուհերը ապաքաղաքականացնելու յայտարարութիւններով՝ դրանց ներքին գործերին միջամտելու գործելաոճին Վարդան Դեւրիկեանը հակադարձում է՝ բուհերի ինքնուրոհնութիւնը պէտք է ապահովել  ռեկտորի ընտրութիւնը հնարաւորինս լայն սպեկտրով կատարելով՝ նախկին իշխանութիւնների ժամանակւայ պէս՝ հոգաբարձուների մեծ կազմով։

«Միտքը կառավարելիութեան հետ անհամատեղելի է, միտքը պէտք է ինքնուրոյն լինի։ Չի կարելի որեւէ մէկին դարձնել որեւէ մէկի պիոները»,- ասաց նա։

Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտները մէկ տեղում միաւորելը եւ ծանրաշարժ, տարասեռ մարմին ստեղծելը նա անհասկանալի եւ անընդունելի է համարում․ «Մանաւանդ որ, գիտութիւնն ու մշակոյթը իրենց բնոյթով հակոտնեայ են, մի տեղ չեն կարող լինել․ գիտութիւնը աշխարհի երեւոյթներին մի հայեացքով է նայում, մշակոյթը՝ միանգամայն այլ, գիտութիւնը երեւոյթների օբիեկտիւ իրականութիւնն է որոշում, մշակոյթը դա հոգեւոր վերիմաստաւորումների է ենթարկում։ Եւ այդ ոլորտի պատասխանատուները գիտութեան աշխարհի ներկայացուցիչների կարծիքը գրեթէ չեն հարցնում»։

Քաղաքական նոր ղեկավարութեան գործողութիւններում Վարդան Դեւրիկեանի համար մտահոգիչ է քամահրական վերաբերմունքը ազգային արժէքներին, ինչը համարում են յետամնաց, անգամ ծաղրելի։ «Նոյնիսկ ազգային չէ՝ համամարդկային, բնականոն ընտանիքից սկսած մի ձեւի յետամնացութիւն է դիտւում։ Այսինքն, վտանգ կայ խաթարելու ոչ միայն մեր ազգային արժեհամակարգը, այլեւ ընդհանրապէս՝ բարոյական, մարդկային արժեհամակարգը»,- նկատում է Վարդան Դեւրիկեանն ու կոչ անում պայքարել կեղծ լուսաւորեալներից կամ տարբեր տեղերից սնւողներից մեր ընտանիքն ու աւանդական կացութաձեւը պաշտպանելու համար։

Նրան զարմացնում է «Մեր հայրենիք» հիմնի դէմ տարւող հետեւողական թունաւորումը։  

Ազատամարտին մասնակցած գիտնականը մի պատմութիւն է պատմում․ Դիրքային հերթապահութեան ժամանակ, երբ մարտական ակտիւ գործողութիւնները դադարել էին, մի ռադիոընդունիչ էին գտել։ Երեկոյեան ժամը 12-ին, երբ «Մեր հայրեիքը» հնչում էր, բարդ խնդրի առաջ էին կանգնում՝ եթէ օրհներգի ժամանակ կանգնէին՝ հակառակորդը դիմացից կը խփէր, բայց նաեւ չէին կարող նստած կամ մէկ այլ ձեւով լսել։ Եւ տղաներով որոշեցին, որ ծնկաչոք՝ խրամատում դիրքերում ծնկած լսել՝ ինչքան էլ անյարմար է, այդ ձեւով էին լսում «Մեր հայրենիքը»։

Վարդան Դեւրիկեանն ընդգծեց․ «Դա միայն այն հարցը չէր, որ մեր երկրի օրհներգն էր, դա հէնց «Մեր հայրենիքն» էր եւ այն բոլոր տարբերակները, որ այսօր առաջարկում են, դրանք ոչ մէկը ծնկաչոք չի լսի եւ դէպի կռիւ չի գնայ»։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

  • Հայոց լեզւին սպառնո՞ւմ է լատիներէնի ճակատագիրը, կամ ինչպէ՞ս պահպանել մայրենին
    Հայոց լեզւին սպառնո՞ւմ է լատիներէնի ճակատագիրը, կամ ինչպէ՞ս պահպանել մայրենին

    Sputnik Արմենիայի սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանն անդրադարձել է հայոց լեզւի դասաւանդման շուրջ բարձրացած աղմուկին` արդեօ՞ք բուհերում այն պէտք է պարտադիր ուսումնասիրել, թէ ոչ։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Չփորձէ՛ք անհետացնել հայերէնը...
    «Հայրենիք»-ի խմբագրական. Չփորձէ՛ք անհետացնել հայերէնը...

    Ամիսներ առաջ հայրենի օրհներգը փոխելու առաջարկ մը մեծ ընդվզում յառաջացուցած էր եւ հաւանաբար այդ իսկ պատճառով հարցը փակուած ու մոռացութեան ենթարկուած էր։

    Այս անգամ կարգը եկած է հայերէն լեզուին եւ հայեցի ուսուցումը համալսարանական մակարդակի վրայ չպարտադրելուն, որ բարբարոսաբար եւ «բրուտոսաբար» առաջարկուած է զայն պաշտպան նկատուող, պաշտպանող, հովանիին տակ առնող եւ գուրգուրացող կրթութեան նախարարութեան կողմէ։

  • Ազգային մտածող մարդը իրաւունք չունի լռել նոյնիսկ աշխատանքը կորցնելու պարագայում
    Ազգային մտածող մարդը իրաւունք չունի լռել նոյնիսկ աշխատանքը կորցնելու պարագայում

    Երբ ՀՀ ԿԳՍՄ նախարարը օրէնքի նախագիծ է բերում, որով բուհերի «հայեցողութեանն» է թողնում պատմութեան եւ հայոց լեզւի դասաժամերի դասաւանդումը` հիմնաւորմամբ, որ դպրոցում այդ առարկաները անցել են, նշանակում է այն կամաւոր-պարտադիր հրահանգ է դառնում բուհերի ղեկավարներին` հանել այդ առարկաները:

  • Արեւմտահայերէնի անվտանգութեան երաշխաւորը
    Արեւմտահայերէնի անվտանգութեան երաշխաւորը

    ԻՒՆԵՍԿՕ-ի կողմէ «վտանգուած լեզու» հռչակուած արեւմտահայերէնը վերջապէս պիտի դրուի ՀՀ օրէնսդիր իշխանութեան օրակարգին վրայ, եթէ անշուշտ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ տիկ. Նարինէ Թուխիկեանի նախաձեռնութիւնը անհրաժեշտ զօրակցութեան արժանանայ խորհրդարանական մեծամասնութեան կողմէ, որուն կը պատկանի ինք։ Պէտք է ջերմօրէն ողջունել տիկ. Թուխիկեանի այս կարեւոր քայլը եւ մաղթել, որ ան անյապաղ իրականութեան վերածուի եւ վերածուի ակնկալուած որակով եւ նրբազգացութեամբ։

  • Նոր Ջուղայում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած դասախօսական-գեղարւեստական միջոցառում
    Նոր Ջուղայում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած դասախօսական-գեղարւեստական միջոցառում

    Երեկոյին ներկայ էին՝ թեմիս կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, Հայաստանից հրաւիրւած բանասիրական գիտութիւնների դոկտոր եւ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ եւ հոծ ժողովուրդ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։