Հա

Քաղաքական

25/11/2019 - 12:10

«Եթէ անցնեն սահմանագիծը՝ յեղափոխութիւն արած մարդկանց կը ստիպեն փնտրել նոր քաղաքական ուժ». ԵՊՀ դասախօս

Yerkir.am-ը շարունակում է մտաւորականութեան հետ քննարկել ԿԳՄՍ նախարարութեան առաջարկած «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագիծը:

Այս անգամ զրուցել ենք Երեւանի պետական համալսարանի դասախօս, գրականագէտ, բանաստեղծ, «Աղբիւր» մանկապատանեկան ամսագրի գլխաւոր խմբագիր Թադէոս Տօնոյեանի հետ:

«alikonline.ir» - Yerkir.am-ը շարունակում է մտաւորականութեան հետ քննարկել ԿԳՄՍ նախարարութեան առաջարկած «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագիծը:

Այս անգամ զրուցել ենք Երեւանի պետական համալսարանի դասախօս, գրականագէտ, բանաստեղծ, «Աղբիւր» մանկապատանեկան ամսագրի գլխաւոր խմբագիր Թադէոս Տօնոյեանի հետ:

 

- Ի՞նչ կարծիք ունէք ԿԳՄՍՆ-ի կողմից առաջարկւած «Բարձրագոյն կրթութեան մասին» օրէնքի նախագծի մասին:

- Այն խնդիրները, օրինակ` հայոց լեզւի եւ հայոց պատմութեան դասաւանդումը, որոնք իսկապէս պետական, գերատեսչական վերաբերմունքի ու հսկողութեան կարիք ունեն, իբրեւ թէ թողնւում են բուհերի հայեցողութեանը, իսկ այն խնդիրները, օրինակ՝ ռեկտորի ընտրութիւնը, որ ամբողջութեամբ պէտք է յանձնւեն բուհական խորհուրդների տնօրինութեանը, պահւում են գերատեսչական հսկողութեան ներքոյ: Ինչո՞ւ եմ ասում՝ իբրեւ թէ թողնւում են, որովհետեւ հսկողութեան տակ պահելով բուհի ղեկավարի ընտրութիւնը` ըստ էութեան, ռեկտոր է նշանակւելու այն թեկնածուն, որը տնօրինելու է հայոց լեզւի եւ հայոց պատմութեան դասաւանդումը նոյնպէս. սա փոքրոգի խորամանկութիւն է: Յետոյ՝ խորհրդում տնօրինելով ձայների 50 տոկոսը, նախարարութիւնը, փաստօրէն, ցանկացած պահի կարող է առնւազն վիժեցնել բուհի ներկայացուցիչների իւրաքանչիւր նախագիծ: Եւ այս դէպքում երեսպաշտութիւն չէ՞ յայտարարել, թէ ընդլայնւում է բուհական ինքնավարութիւնը:

Այս պայմաններում՝ տեսնելով, թէ ինչպիսի հեգնական վերաբերմունք կայ հայագիտութեան նկատմամբ, արդէն պարզ է դառնում, որ բուհերում հայոց լեզւի եւ հայոց պատմութեան դասաւանդումը յայտնւելու է աղքատ բարեկամի կարգավիճակում: Ուրեմն անչափ վատ եմ վերաբերւում ներկայացւող նախագծին: Այն յիշեցնում է մեր երկրի վերջին սահմանադրական փոփոխութիւնները, որոնք երկրի գլխաւոր օրէնքը յարմարեցրել են մէկ անձի: Այս նախագծով պահպանւում է նախարարութեան համար բուհերի խամաճիկային վիճակը: Եւ այստեղ որեւէ դրական փոփոխութիւն չկայ: Ուրեմն այս նախագծի նպատակն այլ տեղ պէտք է փնտրել…

 

- Այդ նախագծով նախատեսւում է բուհական ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնել հայագիտական առարկաները, սա ծիծաղելի չէ՞, մանաւանդ, երբ մի շարք օտար լեզուներ մեր երկրում պարտադիր ուսուցման առարկաներ են:

- Շարունակեմ վերեւում կիսատ թողածս «ուրեմն»-ը. ուրեմն՝ այդ «փոփոխութիւնների» նպատակը հէնց բուհական ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու մէջ պէտք է փնտրել: Ոչ, ծիծաղելի չէ: Եթէ հայոց լեզւին բուհական տարեկան ժամաքանակի միայն մօտ մէկ տոկոսն է յատկացւած, ու Հայաստանի ԿԳՄՍ նախարարութիւնը դա էլ է շատ համարում, ողբերգական է: Մի՞թէ առնւազն ձեռքերը լւանալ չէ, երբ ասում են` դուք որոշէք` հայոց լեզո՞ւն էք ընտրում, թէ՞ Բարաբային, կամ` գնացէք, իրար հետ լեզու գտէք...

 

- Նախարարի վարած քաղաքականութեան մէջ միտում տեսնո՞ւմ էք, չէ՞ք կարծում, որ այս ամէնը նաեւ դիտմամբ է արւում:

- Իհարկէ, միտում չտեսնել հնարաւոր չէ, միտում, որ բխում է նրա` մայրենի լեզւի մասին ոչ համապարփակ պատկերացումներից: Նախագծի հիմքում լեզուն սոսկ որպէս հաղորդակցութեան միջոց ընկալելու գռեհիկ օգտապաշտական (պրագմատիստական) կեցւածքն է: Բայց յատկապէս բուհական տարիքում է, որ մարդը սկսում է լեզուն ընկալել որպէս մտածողական գործիք ու մտածողութիւն՝ ընդհանրապէս: Տեսնում եմ միտում անտեսելու ինքնութեան խնդիրներով զբաղւող մասնագէտների կարծիքն ու մեր ինքնութեանը վերաբերող խնդիրների լրջագոյն, օր օրի սրւող մարտահրաւէրները, միտում՝ ջայլամի պէս գլուխներս աւազի տակ թաքցնելով՝ քամակներս (ներողութիւն) եւրոպական քամիներին տալու: Լաւ, մենք չե՞նք կարող մեզ վրայ կենտրոնանալ, մեր կարիքները առաջին հերթին մեր ու յետոյ միայն աշխարհի պահանջներին համապատասխան լուծել: Մենք կարո՞ղ ենք ասել` այսինչ եւրոպական երկիրը բանակ չի պահում, մենք էլ չպահենք...

 

- Անցեալ տարի, նոյն ԿԳՄՍՆ-ի որոշմամբ, գլխատւեց մեր մանկական մամուլը, հայագիտութեան հանդէպ «պատահականութիւնները» շատ չե՞ն:

- Դրանք պատահականութիւններ չեն, կա՛մ մշակւած քաղաքականութեան, կա՛մ սովորական անտեղեակութեան ու անկարողութեան հետեւանք են: Ուզում եմ գոնէ երկրորդը մտածել: ԿԳՄՍ նախարարութիւնում թւաց, թէ աւանդական մանկապատանեկան մամուլը նախորդների հովանաւորեալն է: Երեւի անտեղեակ են, թէ քանի անգամ ենք նախորդ իշխանութիւնների դէմ մահուկենաց կռիւ տւել, որպէսզի ապրեցնենք «Աղբիւր»-ը, «Կանչ»-ը, «Ծիծեռնակ»-ը... Բայց եթէ մենք այնպէս ենք վերակառուցելու դպրոցը, ինչպէս այս տարի «վերակառուցեցինք» դպրոցական օժանդակ գրականութիւնը, այսինքն՝ մանկապատանեկան մամուլը, խօսելն աւելորդ է դառնում: ԿԳՄՍ նախարարութեան հովանաւորութեամբ դպրոցներ է առաքւում անգրագէտ, տառասխալներով, անհաշւելի կէտադրական սխալներով պարբերական: Սա խօսում է նախարարութիւնում հայոց լեզւի, հայեցի դաստիարակութեան նկատմամբ վերաբերմունքի ոչ պատշաճ մակարդակի մասին: Դրանք, փաստօրէն, անկարեւոր են համարւում, կարեւորն այն է, որ մրցոյթ անցկացւի (ընդ որում`միակ` էժան գնի նախապատւութեան չափանիշով), իսկ թէ այդ «մրցոյթի» հետեւանքով ի՞նչ է հասնելու աշակերտին, երկրորդական է... Ու եթէ այս` մանկապատանեկան մամուլի՝ համեմատաբար փոքր հարցում նախարարութիւնը բացայայտօրէն ձախողւում է, ինչպէ՞ս վստահ լինես, որ կը կարողանայ աւելի ընդգրկուն խնդիր լուծել, յօնքը շինելու տեղ աչքը չհանել:

 

- Եթէ նախարարն անդրդւելի մնայ, ի՞նչ էք պատրաստւում անել:

- Նախ՝ կարծում եմ, որ նախարարը չի կարող անդրդւելի մնալ, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ նրա քայլերը սպառնալիք են դառնում յեղափոխութեան վարկանիշին ու նաեւ վարչապետի հեղինակութեանը, քանի որ հայ հասարակութիւնն անչափ զգայուն է իր ազգային ինքնագիտակցութեան, ինքնութեան ու ինքնասիրութեան հարցերում: Եւ պէտք չէ փարիսեցիաբար յայտարարել, թէ՝ ի՞նչ էք ուզում, հայոց լեզուն բուհ ընդունւելու համար պարտադիր է դառնում: Իսկ ուրիշ ի՞նչ կերպ պէտք է լինէր: Թէ՞ պէտք է շարունակւէր այդ հարցում նախկին իշխանութիւնների աչքակապութիւնը:

Ինչ եմ պատրաստւում անե՞լ: «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագծում հայոց լեզւի, հայոց պատմութեան դասաւանդմանը վերաբերող՝ հանիրաւի բարձրացւած հարցը, Ամուլսարի հարցը, տխրահռչակ կոնւենցիայի հարցը շատ-շատ քաղաքացիների մտքում այն սահմանագծերն են, որոնք եթէ իշխանութիւնները հաշւի չառնեն, յեղափոխութիւն արած մարդկանց կը ստիպեն փնտրել նոր քաղաքական ուժ: Ես ինձ համարում եմ յեղափոխութիւնը նախապատրաստած ու արած մարդկանցից մէկը:

 

- Ուսանողների դասադուլին ինչպէ՞ս էք նայում:  

- Տխուր ու նաեւ՝ լաւ, քանի որ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզւի, հայոց պատմութեան ու հայ գրականութեան պարտադիր դասաւանդման հարցն արժանի է նման ծայրայեղ պաշտպանութեան: Ես կոչ արեցի ուսանողներին՝ վերադառնալ լսարաններ ոչ այն պատճառով, որ համաձայն չեմ նրանց հետ, այլ՝ որ նախարարը պատրաստակամութիւն է յայտնել հարցը քննարկել, ու ինձ թւում է՝ հարցը դեռ երկար է մնալու որպէս բաց վէրք, ու պէտք չէ ժամանակից շուտ «արնաքամւել»:

 

- Որո՞նք են լինելու Ձեր առաջիկայ քայլերը:

- Կարծես, այս հարցը վերեւում շօշափեցի, բայց լրացնեմ՝ պէտք է սպասել, մինչեւ «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագծի հեղինակները ճիշտ գնահատեն այն ուժը, որն ընդդիմանում է շրջանառւող փաստաթղթին, մինչեւ որ նրանք դադարեն խաբել իրենց, թէ ընդդիմացողները մի քանի կուսակցականներ են. օրինակ՝ պրոֆեսորադասախօսական կազմի հետ նախարարի հանդիպումը կարող է օգտակար լինել ընդդիմացող թեւի մասշտաբներն իրականին մօտ պատկերացնելու համար: Դասախօսներն ու գիտնականները ոչ միայն ի պաշտօնէ են խօսում, այլեւ որպէս հայ հասարակութեան մէջ տրամադրութիւններ ստեղծելու եւ հասարակութիւնն ուղղորդելու հսկայական ներուժ ունեցող քաղաքացիներ:

Նախագիծը օրէնք դառնալու դէպքում էականօրէն կը նսեմացւի մեր յեղափոխութիւնը, եւ առիթ կը ստեղծւի նրա հակառակորդների համար՝ անընդհատ ջուր պղտորելու: Կարծում եմ՝ նախ պէտք է ակտիւ լինել նախագծի քննարկումների ժամանակ:

 

Գէորգ Գիւլումեան

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ՀԵՄ-ը կը վերսկսի արշաւը ԿԳՄՍ նախարարի պաշտօնավարման դէմ
    ՀՅԴ ՀԵՄ-ը կը վերսկսի արշաւը ԿԳՄՍ նախարարի պաշտօնավարման դէմ

    ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը վերսկսելու է պայքարն ընդդէմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման. 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսեանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթեւը այդ տարւայ իր ակցիաները եզրափակեց Կառավարութեան շէնքի առջեւ: Նրանք նամակ էին բերել կառավարութիւն, որում նշում էին, որ «Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում վերջին մէկ տարում կայացւել են որոշումներ, որոնք խնդրայարոյց են, եւ, որ նախարարն իր պահւածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:

  • Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի աշխատանքը
    Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի աշխատանքը

    Gallup International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացւած հարցումների արդիւնքում պարզւել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են ՀՀ պաշտպանութեան նախարարի աշխատանքից:

  • «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան
    «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք: Յիշեցնենք, որ այս յայտարարութեանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիւիստների եւ ոստիկանութեան միջեւ ԿԳՄՍ նախարարութեան առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը պարզեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի տեսակէտը:

  • Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական
    Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական

    Արայիկ Յարութիւնեանը պատասխանատու է դեկտեմբերի 3-ի դէպքերի համար: Ընդամենը իր հանդիպմանը չգալու պատճառով 24 երիտասարդներ բերման ենթարկւեցին: Սա կարող էր չլինել, եթէ նախարարն իրապէս ժողովրդավար լինէր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը:

  • «Արձանագրւած է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից եւ ընդունակ ամէն ինչի». Նարեկ Մալեանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցածի մասին
    «Արձանագրւած է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից եւ ընդունակ ամէն ինչի». Նարեկ Մալեանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցածի մասին

    «ՎԵՏՕ» շարժումը վաղուց միացել է այս նախաձեռնութեանը։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալեանը, որը նոյնպէս եկել էր ՀՀ աստիկանութեան Կենտրոնի բաժանմունքի դիմաց, բերման ենթարկւածներին աջակցելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։