Հա

Քաղաքական

02/12/2019 - 11:50

«Խայտառակելով Արա Վարդանեանին` խայտառակեցին նաեւ հիմնադրամի գաղափարախօսութիւնը, ազգովի ծիծաղելի իրավիճակում ենք». Յակոբ Աւետիքեանը՝ «Հեռուստամարաթոն 2019»-ի արդիւնքների մասին

«Հեռուստամարաթոն 2019»-ի հանգանակութիւնն այսպիսի ցածր՝ 9.8 մլն. դոլարի արդիւնք գրանցեց կազմակերպչական հարցերի, Սփիւռքին չճանաչելու, «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրէն Արա Վարդանեանի հետ կապւած պատմութեան պատճառով:

«alikonline.ir» - «Հեռուստամարաթոն 2019»-ի հանգանակութիւնն այսպիսի ցածր՝ 9.8 մլն. դոլարի արդիւնք գրանցեց կազմակերպչական հարցերի, Սփիւռքին չճանաչելու, «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրէն Արա Վարդանեանի հետ կապւած պատմութեան պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Ռամկավար-ազատական կուսակցութեան ատենապետ, «Ազգ» թերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը՝ անդրադառնալով նրան, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նւիրաբերւել է 9 մլն. 856 հազար ԱՄՆ դոլար, աւելի քիչ, քան հաւաքւել է վերջին տասը տարիներին։

«Արա Վարդանեանին յանցագործի դիրքով նկարելը, ցոյց տալն ազդեցին Սփիւռքի վստահութեան վրայ: Առանց մտածելու՝ նման բաներն ազդում են, այդպիսի գործողութիւններ էին կատարում, կարող էին ասել՝ անթոյլատրելի բան ես արել, հրաժարական տուր, առանց մեղադրանքի հաստատման, խայտառակեցին` խայտառակելով նաեւ ամբողջ հիմնադրամի գաղափարախօսութիւնը: Սա ամենամեծ հարւածն էր, առանց այն էլ տարեցտարի հանգանակութիւնների գումարը նւազում է:

Նոյնիսկ հոգ չեն տանում Սփիւռքին ճանաչել: Սփիւռքը փոխւել է, մօտեցումներ էլ պէտք է փոխել, շատ լուրջ ուսումնասիրութիւններ կատարել: Նաեւ այլ խնդիր գոյութիւն ունի` զուգահեռ հանգանակութիւնները, որոնք կատարւում են արդէն մէկ տարուց աւել, եւս խանգարող հանգամանք են: Նկատի ունեմ «Իմ քայլը» հիմնադրամը, որն ստեղծւել է: Այն խաչաձեւում է եւ շփոթ է ստեղծում»,- մանրամասնեց նա:

Յակոբ Աւետիքեանի խօսքով՝ պէտք է ուսումնասիրել, թէ այլ երկրներում ինչպէս են իրականացնում հանգանակութիւններ եւ խոշոր գումարներ ներգրաւում: Ըստ նրա՝ ամբողջութեամբ պէտք է փոխել մօտեցումները այս դրամահաւաքի հարցում։

«Հետզհետէ վերջին տասնամեակում խղճուկ արդիւնքներ էինք գրանցում, հիմա այդ թրենդը շարունակւում է, հիմա դառնում ենք ազգովի էլ աւելի ծիծաղելի՝ նկատի ունենալով այն, որ անընդհատ խօսում ենք Սփիւռքից՝ հեռաւոր, մօտ: Կազմակերպման տեսանկիւնից ամբողջը սխալ է, հանգանակութիւնը պիտի այնպէս լինի, որ ոչ թէ կամաւորական սկզբունքով լինի միայն, այլեւ դրանում բարի կամքի դրսեւորմանը զուգընթաց պէտք է պարտադրութիւն լինի»,- ասաց նա:

Յակոբ Աւետիքեանի խօսքով՝ վերջին տարիներին հանգանակութեան միջոցառման անցկացման վայրը նոյնպէս պէտք էր փոխել։ «Մինչեւ հիմա Լոս Անջելէսում էին անում, 1-1.5 մլն. էլ ծախսում էին այնտեղ, ընտրւած տեղը սխալ էր, պէտք էր անընդհատ փոխել, միշտ պէտք է ուշադրութիւն դարձնել ԱՄՆ արեւելեան շրջանին: Արեւելեան ափի քաղաքներն աւանդաբար եղել են գլխաւոր դոնորները համազգային հանգանակութիւններում, սկսած 1919 թւականից, երբ Զօրավար Անդրանիկի գլխաւորութեամբ կազմակերպւած Փրկութեան հանգանակութեան ընթացքում դեռեւս շատ նոսր ամերիկահայութիւնը նւիրաբերեց շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար: Անշուշտ, նորագոյն տեխնոլոգիաների եւ արդիական մեթոդների կիրառումը շատ աւելի արդիւնաւոր կարող է դարձնել մեր նմանօրինակ ձեռնարկումները»,- նշեց նա:

Ըստ նրա՝ կարող ենք դիտարկել նաեւ Իսրայէլի փորձը: «Պէտք է նւազագոյնի հասցնել կառավարութեան ու պետական պաշտօնեաների դերակատարութիւնն այս գործում: Նրանց դերը պէտք է սահմանափակւի ծրագիր-նախահաշիւ-կատարողական հաշւետւութիւն ներկայացնելու ծիրի մէջ: Վերահսկողները իրենք՝ հանգանակիչ մարմիները պիտի լինեն»,- ընդգծեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։