Հա

Քաղաքական

05/12/2019 - 18:40

«Նիկոլի «նւէրները» Դաշնակցութեանը». 168.am

Համաձայնէք, քչերի մտքով կանցնէր, որ Հայաստանի հանրային օրակարգում երբեւիցէ կը գայ մի ժամանակահատւած, որ քննարկման կը դրւեն հայագիտութիւնն եւ հայերէնը պահպանող ու ազգային ինքնագիտակցութիւնն ու ինքնագնահատականը բարձրացնող հարցերը։ Սակայն, ինչպէս ասւում է յայտնի խօսքում՝ երբեք մի՛ ասէք՝ երբեք։

«alikonline.ir» - Համաձայնէք, քչերի մտքով կանցնէր, որ Հայաստանի հանրային օրակարգում երբեւիցէ կը գայ մի ժամանակահատւած, որ քննարկման կը դրւեն հայագիտութիւնն եւ հայերէնը պահպանող ու ազգային ինքնագիտակցութիւնն ու ինքնագնահատականը բարձրացնող հարցերը։ Սակայն, ինչպէս ասւում է յայտնի խօսքում՝ երբեք մի՛ ասէք՝ երբեք։ Այսօր արդէն ապրում ենք մի իրականութեան մէջ, երբ իշխող քաղաքական մեծամասնութեան կողմից անհասկանալի կերպով բացայայտ հակահայկական քարոզ է իրականացւում, ու սա ոչ թէ ֆէյք-նիւզ կամ հակայեղափոխական մանիպուլիացիա է, ինչպէս սիրում են վերջին շրջանում անընդհատ կրկնել իշխանութեանը ցմահ հաւատարմութեան երդում տրւած «փորձագէտները», այլ դառն իրականութիւն։

Ինչպէս յայտնի է, արդէն տեւական ժամանակ ուշադրութեան կենտրոնում է Հայոց լեզու եւ Հայոց պատմութիւն առարկաները բուհական պարտադիր ուսուցման ծրագրից հանելու մասին նախաձեռնութիւնը, համաձայն որի՝ այդ առարկների դասաւանդումը դրւելու է տւեալ բուհի նախասիրութեան վրայ, իսկ թէ ինչ ռիսկեր ու սոցիալական բաղադրիչ է իր մէջ պարունակում այս գործընթացը՝ այլ խօսակցութեան առիթ է։

Այս ողջ գործընթացում ամենաուշագրաւն այն է, որ «ազգային» հասկացութեան թեման գործող իշխանութիւնների մօտ գրեթէ բացակայում է, դա ակնյայտ է անգամ նրանց հռետորաբանութեան մէջ․ նրանք գրեթէ չեն օգտագործում այդ ձեւակերպումը։ Անընդունելի է՝ հայագիտութիւնը հալածել Հայաստանում, սա հասկանում ենք բոլորս։ Արդէն ապացուցման կարիք չունի այն փաստը, որ օրւայ իշխանութիւնները հարւածում են այն ամէնին, ինչն ազգային տարրեր է պարունակում (Հայ Առաքելական Եկեղեցի, Երկրապահ, Դաշնակցութիւն եւ այլն)։

Իշխանութիւնների այս հայագիտութեան դէմ բողոքի առաջամարտիկներից մէկի դերը ստանձնած Դաշնակցութիւնը, որը բաւականին լուրջ ու վճռական է տրամադրւած հարցին արմատական լուծում տալու համար, օրեր առաջ իր մաշկի վրայ զգաց, թէ ինչի են պատրաստ ՀՀ իշխանութիւններն իրենց դէմ գնացող իւրաքանչիւր ուժի հանդէպ՝ ապացուցելով, թէ ինչքան խղճուկ են ու ինչպէս են կառչած իշխանական աթոռից։

Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ երիտասարդները, ովքեր Արայիկ Յարութիւնեանի դէմ բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչներն էին, յայտարարել էին, որ ցանկանում են հանդիպել Յարութիւնեանի հետ, սակայն նախարարութիւնից այդ թեման դեկտեմբերի 3-ին մերժւել էր այն յայտարարութեամբ, որ դա սուտ է, ոչ մի հանդիպման մասին խօսք չի եղել։

Այնուհետեւ իշխանութիւնները դիմեցին աւելի կոպիտ ու վճռական քայլերի՝ փորձելով նախարարութեան մերձակայքում գտնւող բողոքի ակցիայի մասնակիցներին հեռացնել տարածքից։ Օրը ցերեկով Երեւանի կենտրոնում լուրջ ոստիկանական ուժեր էին կուտակւել, որոնց թիւն անցնում էր մի քանի հարիւրը (նշենք, որ ակցիային մասնակցում էին մօտ 100 երիտասարդ, այսինքն՝ ոստիկանները մոտ 5-6 անգամ շատ էին բողոքաւորներից)։

Յաւելենք, որ ոստիկանութիւնը բերման էր ենթարկել երկու տասնեակից աւելի ցուցարարի։ Նախօրէին ԱԺ-կառավարութեան հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինեանը բաւականին հեգնական ու մեծամիտ ոճով, կրթութեան ոլորտի հետ կապւած՝ ասել է․ «Չի կարող որեւէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք։ Խօսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացւած իշխանութեան կարեւոր յենասիւներից մէկը, եթէ ոչ աւելին։ Եթէ այդ քաղաքական ուժը չառերեսւի իրականութեան հետ եւ չտայ գնահատականներ իր վերնախաւի մի հատւածի ձեզ յայտնի շրջանի գործունէութեանը, ՀՀ-ում չունի ապագայ։ Հեռացող գնացքի մի հատ երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ, անիւների տրոփիւնն ենք լսում»։

Մի բան պէտք է յստակ ամրագրենք․ իշխանութիւնների, աւելի կոնկրետ՝ Փաշինեանի՝ Դաշնակցութեան հանդէպ տարւող քաղաքականութիւնն ու ընտրւած այս պառակտման գործընթացը, ըստ էութեան, էլ աւելի է համախմբում այդ քաղաքական ուժին՝ մոտիւացնելով ու դարձնելով մի կուռ ամբողջութիւն։ Ապացուցւած է այն թեզը, որ ցանկացած քաղաքական ուժի պարբերաբար «բզբզալով»՝ նրան դարձնում ենք աւելի միասնական։ Նիկոլի առաջին «նւէրը» Արայիկ Յարութիւնեանն է, քանի որ ինչքան չհեռացնի նախարարի պաշտօնից, այնքան ՀՅԴ-ն աւելի է կոնսոլիդացւելու եւ շարունակելու է շարժումը, այն էլ՝ աւելի լայն թափով տանելով առաջ, միւսը «նւէրը»՝ երբ Փաշինեանը փորձում է սեպ խրել Դաշնակցութեան ներսում՝ արհեստական պառակտումներ մտցնելով, իսկ իրականում դա աւելի է միաւորում կուսակցութեանը, եւ երրորդ՝ ինչքան նա կուսակցութեան հասցէին «չուկ-չակ-չարակներով» արտայայտութիւններ հնչեցնի, միանշանակ աւելացնում է ՀՅԴ կշիռը, թուլացնալու փոխարէն՝ էլ աւելի է ուժեղացնում։

Այս ամէնը փաստելով՝ կարող ենք տալ հետեւեալ եզրահանգումը՝ Նիկոլն իրականում չի հասկանում, թէ ինչ կառոյցի հետ գործ ունի։ Այսօր Դաշնակցութիւնն իր քաղաքական դիրքորոշումն ու գնահատականներն է հնչեցնում այս իշխանութիւնների վարած ապիկար քաղաքականութեան փաստացի բոլոր ոլորտներում՝ սկսած Արցախի հարցից ու բանակցային գործընթացից, վերջացրած տնտեսութեան մէջ առկայ կազուսներով ու ազգային հիմնահարցերով։ Պէտք է փաստենք, որ իրականում գոյութիւն չունի «դրսի» եւ «ներսի» Դաշնակցութիւն, քանի որ սա մի գաղափարական ու կուռ կուսակցութիւն է, որը վերապրել է թուրքական սուլթանութեանն ու Աթաթուրքի քաղաքական ռեպրեսիաները, կոմունիստական ողջ շրջափուլը, ՀՀՇ-ի հետապնդումը։ Այլ բնորոշմամբ՝ ծիծաղելի է՝ փաշաներին ու բէյերին վերապրած կուսակցութեանը վախեցնել պոպուլիստական տկարամտութիւններով, ու անկասկած է, որ ոչ մի «թրաշով վարչապետ» չի կարող պառակտել ու երկատել այդ 130-ամեայ կառոյցը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։