Հա

Քաղաքական

08/12/2019 - 11:30

«Մօտ է ժամանակը, երբ բարձր սպասումներով «կերակրւած» եւ հիասթափւած յեղափոխական մեծամասնութիւնը Փաշինեանի սուպերվարչապետութիւնը եւ քաղաքական վարքագիծը որակելու է «յանցաւոր ռեժիմ»». քաղաքագէտ

«Մէկ Հայաստան» կուսակցութեան համահիմնադիր, քաղաքագէտ Վլադիմիր Մարտիրոսեանը ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է իշխանութիւնների վարքագծի հանրային ընկալմանը: Նա մասնաւորապէս նշում է, որ ամբոխին հմայելու՝ Փաշինեանի խարիզման եւ նրա թիմի առաջնային դերակատարների արտաբերած մտազեղումները սկսում են ցնդել այն պահին, դառնում են հանրային ռացիոնալ քննարկման առարկայ: Գրառումն ամբողջութեամբ՝ ստորեւ.

«alikonline.ir» - «Մէկ Հայաստան» կուսակցութեան համահիմնադիր, քաղաքագէտ Վլադիմիր Մարտիրոսեանը ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է իշխանութիւնների վարքագծի հանրային ընկալմանը: Նա մասնաւորապէս նշում է, որ ամբոխին հմայելու՝ Փաշինեանի խարիզման եւ նրա թիմի առաջնային դերակատարների արտաբերած մտազեղումները սկսում են ցնդել այն պահին, դառնում են հանրային ռացիոնալ քննարկման առարկայ: Գրառումն ամբողջութեամբ՝ ստորեւ.

«Գիտեմ, որ գրառումս ներկայիս Facebook-եան քաղաքական թրենդայնութեան մէջ դժւար ընկալելի է լինելու բայց...

Ներկայիս «ամբոխավարութեան» ընթացքն ինձ յաճախ ստիպում է մտածել, թէ ո՞րն է մեր երկրի համար առաւել յանցաւոր ու վտանգաւոր երեւոյթը՝ «կոռումպացւած պրոֆեսիոնալիզմը» թէ՞ «անմեղսունակ ինքնավստահութիւնը», երբ վերջինս համեմւում է զանգւածների վրայ ազդեցութիւն թողնելու էմոցիոնալ էնտուզիազմով եւ ձգտմամբ: Եթէ նոյնիսկ այս միտքը առաջին հայեացքից Ձեզ տարակուսման առիթ տա` վստահեցնում եմ այն յայտնելու պատճառները ընկած են այսօրւայ իշխանութեան քաղաքական մենթալիտետի եւ վարքաբանութեան հիմքերում:

Իշխանութիւնը իր լիդերի հեղինակմամբ ասում է` մէջբերում եմ «Մենք սանդուխքով բարձրանալիս լոնքերով 4 ենք թռնում, ընդդիմադիրներն ասում են՝ չէ՛, ո՞նց էք 4 թռնում, 12 թռէք»:

Յարգելի իշխանութիւններ, խնդիրն այն է, որ դա ասում են Ձեր`ընդիմադիրները, շեշտում եմ`Ձե՛ր ընդիմադիրները:

Հասարակութեան յեղափոխական մէկ այլ շերտ ասում է. «Ախր, խօսք էիք տւել եւ բերում էիք հաւաստիացումներ, որ 12-ի փոխարէն համարեայ 120 կարելի է թռնել, եթէ...», յիշէք կախարդական փայտիկի միֆը:

Հասարակութեան մէկ այլ ռացիոնալ, գրագէտ եւ առողջ հատւած Ձեզ ասում է, որ «Ձեր լոնքը յանգեցնելու է շպագատի`այն էլ սանդուխքի վրայ, ինչը շատ տհաճ եւ ցաւոտ երեւոյթ է», որովհետեւ «լոնք» էք գցում կշռադատւած քայլերի փոխարէն: Դեռ աւելին` աւելի շատ խօսում էք «լոնքի» մասին եւ այն հռետորաբանութեան էֆեկտով «թանկ վաճառելու» մեթոդաբանութեամբ, քան այդ «լոնքը» գցելու իրական կարողութեան մասին:

Եթէ նոյնիսկ վերջին ելոյթի ընթացքում վարչապետը «աննախադեէպ» բառը 6-7 անգամւայ փոխարէն 60-70 անգամ օգտագործէր, ապա միեւնոյն է ստեղծւում է տպաւորութիւն, որ կարծես թէ գովազդի տրամաբանութեամբ ինչ-որ բան է ուզում վաճառել իր ընտրողների վրայ: Սակայն աներկբայ է, որ միեւնոյն է հասարակութեան մեծամասնութիւնը այդ «քաղաքական ապրանքն» այլեւս չի գնելու, նոյնիսկ եթէ այն նրան ձրի տան:

Ամբոխին հմայելու՝ Փաշինեանի խարիզման եւ նրա թիմի առաջնային դերակատարների արտաբերած մտքերը սկսում են ցնդել այն պահին, հէնց այդ մտազեղումները հանրային ռացիոնալ քննարկման առարկայ են դառնում, որովհետեւ դրանց բովանդակութեան սնանկութեան վրայ լոյս է սփռւում մեծ արագութեամբ:

Այլեւս մէկ բան եւս աներկբայ է, որ մօտ են այն ժամանակները, երբ բարձր սպասումներով «կերակրւած» եւ հերթական անգամ հիասթափւած յեղափոխական մեծամասնութիւնը Փաշինեանի սուպերվարչապետութիւնը եւ քաղաքական վարքագիծը սկսելու է որակել` որպէս «յանցաւոր ռեժիմ»: Ես նորից դէմ եմ լինելու այդ էպիտետին կամ պնդմանը, քանի որ այն պէտք է անցնի իրական արդարադատութեան մուրճի տակով: Մենք պէտք է վերջապէս իրաւական գիտակցութեան եւ մշակոյթի ընկալումը գերակայող դարձնենք յեղափոխախառը, էժան, անգրագէտ եւ անպատասխանատու պրոպագանդայի նկատմամբ:

Աւելին, ես տեսնում եմ այն լումպեն-դէմքերին, որոնք առանց սոցիալական արմատների եւ էթիկայի նորմերի՝ պատրաստ են հիմա անխոհեմ հնազանդւել Գերագոյն Գլխաւոր Յեղափոխականին (ԳԳՅ-ին), քանի դեռ նա իրական իշխանութիւն ունի, իսկ գահավիժելուց յետոյ նրանք վերածւելու են դեստրուկտիւ նէոպոպուլիստների, որոնք այլեւս համտեսել են պոպուլիզմի թւացեալ յաջողութիւնը: Դրա վառ ապացոյցը` ոմանց Փաշինեանի քաղաքական վարքի եւ ստիլիստիկայի անյաջող կապկումն է:

P.S. Նէոպոպուլիստներ չեն լինելու, առաւելեւս պոպուլիստների անխուսափելի ձախողման դէպքում: Հայաստանում շատ շուտով ամենամեծ եւ արդարացւած քաղաքական պահանջարկը եւ առաքելությունն ունենալու են պրոֆեսիոնալ եւ նւիրեալ ռացիոնալիստները իրենց սկզբունքային քաղաքական արժեհամակարգով: Այլ կերպ ասած` գործ անողներն ու այդ արածը չգերարժեւորողները, առաւելեւս այն ընտրողներին թանկով չվաճառողները: Նրանք չեն ունենալու եւ մերժելու են որեւէ գունային`«սեւ-սպիտակ», եւ ժամանակային «նախկին-նոր» պատկանելիութիւն: Այս «քաղաքական խնոցին» վերջապէս թանն ու կարագն իրարից զատելու է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։