Հա

Քաղաքական

08/12/2019 - 11:40

«Ադրբեջանի հետ պիտի խօսենք իր լեզւով, Արցախի եւ Հայաստանի միջեւ օր առաջ պէտք է ռազմաքաղաքական դաշինք կնքւի». Արցախի ԱԺ փոխխօսնակ

Ադրբեջանն ուժի սպառնալիքի լեզւով պատասխանեց Նիկոլ Փաշինեանի՝ Արցախեան հիմնախնդիրը երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով լուծելու վերաբերեալ նախաձեռնութեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանն ուժի սպառնալիքի լեզւով պատասխանեց Նիկոլ Փաշինեանի՝ Արցախեան հիմնախնդիրը երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով լուծելու վերաբերեալ նախաձեռնութեանը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխխօսնակ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով պաշտօնական Բաքւի կողմից ԵԱՀԿ Նախարարների խորհրդի անդամներին ներկայացրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ փաստաթղթին, որում Ադրբեջանը հիմնախնդրի կարգաւորումը հնարաւոր է համարում միայն միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների հիման վրայ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան համատեքստում:

«Երեք ժողովուրդների համար ընդունելի լուծումը ցանկալի գաղափար է, բայց՝ չաշխատող: Այդ գաղափարը ներկայ իրողութիւնների հետ համահունչ չէ, մենք չենք կարող մշտապէս բարի ցանկութիւններ ներկայացնել, փափուկ խօսել, երբ հարեւանը մշտապէս խօսում է ուժի սպառնալիքի լեզւով: Ադրբեջանը 1994-ի զինադադարի ստորագրումից առ այս պահը ոչ միայն Արցախի մասին է խօսում, այլեւ՝ Զանգեզուրի, Երեւանի»,- մանրամասնեց Վահրամ Բալայեանը:

Նրա խօսքով ՝ Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի, հոխորտանքների պատասխանը կը լինի օր առաջ ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:

«ՀՀ-ն այդպէս աւելի անխոցելի կը լինի նաեւ դիւանագիտութեան ասպարէզում, միւս կողմից էլ Ադրբեջանը յստակ կը հասկանայ, որ երկու հայկական հանրապետութիւններն էլ մշտապէս պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի ռազմական հռետորաբանութեանը, եւ պատերազմի դէպքում երկու-երկու հայկական հանրապետութիւնների ժողովրդին պաշտպանելու»,- նկատեց նա՝ յաւելելով, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ուղղութեամբ այս պահին տեսանելի ոչ մի գործընթաց չկայ:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլաւ Լայչակի յայտարարութեանն առ այն, որ Ղարաբաղեան հակամարտութեան էսկալացիայի իրական սպառնալիք կայ, ԱՀ ԱԺ փոխխօսնակն ասաց.

«Էսկալացիայի վտանգ միշտ կայ: Եթէ զանգեն, ասեն, որ մէկ ժամից ռազմական գործողութիւններ են սկսում, ես դրանից չեմ զարմանայ, այստեղ ապրող իւրաքանչիւր քաղաքացի գիտի, որ սահմանապահ է եւ պարտաւոր է համարժէք իրեն դրսեւորել: Սա է իրականութիւնը, չենք կարող փափուկ բարձը դնել մեր գլխի տակ ու ասենք բանակցում են, պատերազմ չի լինի: Էսկալացիայի վտանգը միշտ կայ, լարւածութիւնը միշտ կայ, այն արտայայտւում է սահմանին, ինչպէս նաեւ դիւանագիտութեան մէջ տարբեր փոխհրաձգութիւնների տեսքով, յիշենք՝ ապրիլեան պատերազմը»,- նկատեց նա:

Անդրադառնալով հարցին, թէ ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների 3.5 ժամ տեւած հանդիպումից որեւէ դրական տեղաշարժ կարո՞ղ ենք ակնկալել, Վահրամ Բալայեանն ասաց.

«Ես ընդհանուր առմամբ կողմնակից եմ, որ հանդիպումներ լինեն, որովհետեւ եթէ չեն խօսում, ապա նրան յաջորդողը պատերազմն է, բանակցել պէտք է, բայց ակնկալել, որ էական բան կը լինի, այդպէս չէ: Համոզւած ենք, որ հայ ժողովուրդը միայն ու միայն բանակը, պետականութիւնը հզօր պահելու, ժողովրդական ինստիտուտները հզօրացնելու մասին պէտք է մտածի»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։