Հա

Քաղաքական

08/12/2019 - 13:40

Ինչո՞ւ Բրատիսլաւան ցնցեց Հայաստանը

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը, որն անցկացւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ: Նմանատիպ հաղորդագրութիւններ արցախեան խնդրի կարգաւորման այս երկարուձիգ ժամանակահատւածում շատ ենք լսել:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը, որն անցկացւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ: Նմանատիպ հաղորդագրութիւններ արցախեան խնդրի կարգաւորման այս երկարուձիգ ժամանակահատւածում շատ ենք լսել:

Կարելի է ասել՝ փոխւում են միայն անունները, ու նոյն տեքստը հրամցւում է հերթական անգամ՝ տպաւորութիւն ստեղծելով, թէ ինչ-որ բան, այնուամենայնիւ, տեղի է ունենում նոր անունների՝ նոր մարդկանց մասնակցութեամբ: Բրատիսլաւան էլ հերթական անգամ ցոյց տւեց, որ «անունը կայ, ամանումը չկայ»:

Նոյն երգերն են՝ Մամեդեարովն ասում է, որ հայկական կողմի պատճառով առաջխաղացում չկայ կարգաւորման գործընթացում, իսկ Մնացականեանն էլ պնդում, որ տեղում դոփելու պատճառը Ադրբեջանի վարած քաղաքականութիւնն է: Յատկանշական է, որ ՀՀ արտգործնախարարը, չնայած բազմաթիւ քննադատութիւններին, փորձել է բոլորին զարմացնել եւ Ադրբեջանին նեղը դնել Նիկոլ Փաշինեանի ամենաարտառոց եւ ամենափակուղային յայտարարութիւններից մէկով, թէ ցանկացած կարգաւորում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Կարծում եմ՝ չարժէ եւս մէկ անգամ յիշատակել, թէ որոնք են մի կողմից Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, իսկ միւս կողմից՝ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի «կարգաւորումները», բայց արժէ պարոն Մնացականեանին առնւազն յուշել, որ Բրատիսլաւայում հաւաքւած լսարանը վաղուց տեղեկացւած է, որ «Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներ» ասւածը մէկ ժողովուրդ է, եւ այս դէպքում չի կարող այնպիսի կարգաւորում լինել, որ համաչափ տարածւի 3 ժողովուրդների վրայ: Հասկանալի է, չէ՞, թէ խօսքն ինչի մասին է: Եւ, ուրեմն, ճիշտ է վարւել ՀՀ արտգործնախարարը, որ շատ չի ոգեւորւել եւ ներկաներին չի յիշեցրել Նիկոլ Փաշինեանի մէկ այլ յայտարարութիւն, որ ՀՀ ղեկավարը մանդատ չունի Արցախի ժողովրդի փոխարէն որոշումներ կայացնելու համար:

Ինչեւէ, արձանագրենք, որ այս անգամ էլ, կարծես, «մեռնելուց պրծանք», եւ մեզ որեւէ «ղազագիր» դէմ չտւեցին եւ չպարտաւորեցրին արցախեան լեռներում մուղամներ հնչեցնել, որպէս Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների «ներառական դիւանագիտութեան» առհաւատչեայ: ՄԽ համանախագահող երկրների պատւիրակութիւնների ղեկավարների բրատիսլաւեան յայտարարութիւնը, կարելի է ասել, «քարտ-բլանշ» էր հակամարտող կողմերին: Մեզ էլի մի որոշ ժամանակ քարկտիկ խաղալու հնարաւորութիւն տւեցին, թէեւ չզլացան հասկացնել, որ այդպէս յաւէրժ չի կարող շարունակւել. «Պատւիրակութիւնների ղեկավարները եւս մէկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քւոն անընդունելի է»: Յաւելենք նաեւ, որ արցախեան կարգաւորման տասնամեակների պատմութեան մէջ առաջին անգամ համանախագահող երկրները, չմոռանալով հաւասարութեան նշան դնել կողմերի միջեւ, կոչ արեցին չվարել էքսցենտրիկ եւ մանաւանդ «դուխով» քաղաքականութիւն, այլ վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղասիրական ջանքերին. «Պատւիրակութիւնների ղեկավարները վստահութիւն են յայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը շարունակում է անփոփոխ հիմնակէտ լինել կայուն կարգաւորման հասնելու համար: Կոչ ենք անում կողմերին՝ համագործակցել միմեանց եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց մենք կը հրահանգենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը»:

Իսկ հիմա գանք վերնագրում առկայ հարցադրմանը՝ ինչո՞ւ Բրատիսլաւան ցնցեց Հայաստանը: Եթէ մէկ նախադասութեամբ բնութագրելու լինենք, ապա կարելի է ասել, որ պատճառն առաջին հերթին մենիշխանութեան հանդէպ մեր ունեցած անհանգստութիւնն էր, որ այդպէս էլ չյաղթահարւեց 2015 թ. սահմանադրական փոփոխութիւններից յետոյ: Լեւոն Տէր-Պետրոսեանի գահակալութեան առաջին օրից մինչեւ Սերժ Սարգսեանի պաշտօնավարման վերջին օրը, երբ «թօթափւեց» նախագահական ռեժիմը, առաջին դէմքերի հայրենասիրական յայտարարութիւններից բացի մենք ոչ մի երաշխիք չենք ունեցել, որ հեռաւոր քաղաքներից մէկում մի հիմար թուղթ չի ստորագրւի, ու չենք յայտնւի մեր հերոսների արեան գնով ձեռք բերւած յաղթանակներից տխմարաբար հրաժարւելու փաստի առաջ: Ես նկատի չունեմ նախագահներից որեւէ մէկի անձը: Խօսքը մեզ համար ամենաաննպաստ տեսլականի մասին է, որ, Աստւած մի արասցէ, կարող էր իրականութիւն դառնալ նրանց կամքից անկախ՝ աշխարհաքաղաքական հզօր երկրաշարժերի արդիւնքում: Խորհրդարանական կառավարման անցնելու մի հրամայականն էլ այն էր, որ երկիրը հնարաւորինս հեռու մնար մէկ մարդու ստորագրութիւնից կախւած լինելու տխուր իրողութիւնից: Գործող Սահմանադրութիւնը, եթէ կուզէք, առաջին հերթին հէնց դրա մասին է:

Բայց: Մեր յարգարժան ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինեանը, որին բաժին էր ընկել անցումային փուլի ոչ դիւրին խնդիրների մեծ մասը, հրաժարւեց այդ հոգսից ու ձեռնամուխ եղաւ Հայաստանում մի նոր՝ չտեսնւած ու չլսւած միապետական մոդելի ստեղծմանը, որ շատ աւելի խոցելի է, քան ուզածդ նախագահական եւ կիսանախագահական մոդել: Միակ հարց լուծողի, եթէ կուզէք՝ «միակ տղամարդու» սինդրոմը Փաշինեանին օրինաչափօրէն հասցրել է մի կէտի, որտեղից նա արդէն վերադարձ չունի: Սուպերվարչապետութիւնից ցանկացած յետքայլ, նրա իսկ տրամաբանութեամբ, դիտարկւում է որպէս խայտառակութիւն կամ պարտութիւն: Փաշինեանի աքիլեսեան գարշապարն է դարձել ռէյտինգը, որի անկմանը նա հետեւում է, սուտ չասեմ՝ սարսափով: Իսկ դա շատ վտանգաւոր է: Նա պատրաստ է ամէն քայլի, միայն թէ ցուցադրի, որ ինքը դեռ յեղափոխութեան օրերի «տղեն» է:

Կառավարութիւնն ու խունտան միմեանցից տարբերւում են ծրագիր ունենալով-չունենալով: Կարելի է անկանխատեսելի եւ անծրագիր ցանկացած կառավարութիւն անւանել խունտա՝ խումբ, «որն իշխանութեան է եկել բռնի ճանապարհով իրականացւած յեղաշրջման արդիւնքում եւ, որպէս կանոն, իրականացնում է բռնապետական կառավարում` տեռորի ճանապարհով»: Արդեօք այս ձեւակերպումը մեզ չի՞ յիշեցնում Փաշինեանի թաւշեայ կառավարութիւնը: Երկրի օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնները եւ մնացած պետական կառոյցները չեն կարող ղեկավարւել մէկ մարդու մատի շարժումով, եթէ այդ մարդը չի դիտարկւում որպէս տւեալ երկրում իշխանութեան եկած խունտայի առաջնորդ: Իսկ Փաշինեանը դիտարկւում է հէնց այդպիսին եւ մի բան էլ աւելի: Եւ այս ամէնը՝ Բրատիսլաւայից առաջ:

Բրատիսլաւայի հանդիպման նախօրեակը բաւականին թէժ ստացւեց մեր խորհրդարանում: Կառավարութեան ընդամենը 6 նախարարի գլուխն անցած սուպերվարչապետը շնորհ էր արել այցելել ԱԺ՝ պատասխանելու ժողովրդի ընտրեալների հարցերին: Ու քանի որ բարեհաճել էր ընդամենը 6 նախարարի ուղեկցութեամբ, ստիպւած էր ամէն անգամ ինքը մօտենալ ամբիոնին եւ փարատել երեսփոխանների անհանգստութիւնները: Բայց հնչեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի կապակցութեամբ «շատ պատահական» հարցը, եւ Փաշինեանը, դարձեալ «շատ պատահական», մտաւ իր հարազատ կերպարի մէջ: Պէտք էր մի նոր «հոկտեմբերի 2» խաղարկել, եւ նա դա արեց մեծ վարպետութեամբ՝ այս անգամ հարւածներն ուղղելով բացառապէս այն քաղաքական ուժին, որ ՀՀ բոլոր ժամանակների իշխանութիւններից պահանջել է մէկ բան՝ Արցախի հարցում չգնալ կործանարար զիջումների, որոնք սպառնալիք են Արցախի եւ Հայաստանի անվտանգութեանը: Արձանագրենք՝ սա նոյնպէս Բրատիսլաւայից առաջ:

«Շատ պատահականօրէն» այդ օրւայ «Հայկական ժամանակ» թերթը լոյս էր տեսել մի անհասցէ եւ անստորագիր նամակով, որտեղ «մի խումբ» դաշնակցական ուսանողներ, իբր, շատ դժգոհ ՀՅԴ ներսում ժողովրդավարութեան բացակայութիւնից, արդարութիւն էին պահանջում: Ու քանի որ պարզ չէր նաեւ, թէ նրանք ումից էին արդարութիւն պահանջում, եւ, առհասարակ, ում էր ուղղւած նամակը, մնում է ենթադրել, որ նամակի հրապարակումը նաեւ հող էր նախապատրաստում Փաշինեանի խորհրդարանական «բոցերի» համար: Ում հետաքրքիր է, կարող է այս «շատ պատահական» նամակի տեքստը համեմատել խորհրդարանում հնչած «շատ պատահական հարցի» եւ, ամենակարեւորը՝ Փաշինեանի «շատ պատահական» յայտարարութիւնների հետ: Հաւատացնում եմ՝ դուք նոյնիսկ առանց ակնոցի կը նկատէք ուսանողների եւ Փաշինեանի շեշտադրումների ոչ միայն նոյնականութիւնը, այլեւ դրանց հերթականութիւնը: Եւ սա՝ նոյնպէս Բրատիսլաւայից առաջ:

Բրատիսլաւայից անմիջապէս առաջ մեղադրանք առաջադրւեց նաեւ ՀՀ երրորդ նախագահին, ինչից այնպիսի աղմուկ բարձրացաւ, որ խլացրեց անգամ «ԿամԱԶ»-ների ու շէյխերի հետ կապւած սկանդալների առաջացրած վայնասունը: Հրապարակւեց նաեւ «գործ տւողի» անունը՝ Սերգօ Կարապետեան, ում մասին գիտէինք միայն, որ ժամանակին գիւղնախարար էր դարձել Սերժ Սարգսեանի հետ ունեցած ամենաջերմ յարաբերութիւնների պատճառով: Գոնէ Արման Բաբաջանեանը գործ տւած լինէր, կասէինք՝ հա, բայց Սերգօ Կարապետեա՞նը: Ու ո՞նց, որտեղի՞ց են պեղել այդ անշառ մարդկային կերպարանքը՝ Սերժ Սարգսեանին մեղադրելու համար: Չգիտեմ՝ ով ինչպէս ընդունեց արդարադատութեան այս վերջին ճիչը, բայց իմ ուղեղը կտրուկ հրաժարւեց մտածել եւ անմիջապէս մատնացոյց արեց Բրատիսլաւան:

Շարունակելով կործանարար աղմկարարութեան թեման՝ նշենք, որ հայրենի պողոսները բաւականին թոյլ են արձագանքում Փաշինեանի կառավարութեան անդամների ձերբակալութիւններին: Այնպէս որ՝ Փաշինեանը չի կարող յոյս դնել, որ «նախկինների» լիմիտն սպառելուց յետոյ կարողանալու է սեփական կադրերին ձերբակալելու սկանդալային պատմութիւններով հասարակութեան ուշադրութիւնը շեղել գալիք բրատիսլաւաներից: Եկէք ընդունենք, որ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գէորգ Լոռեցեանի՝ Արայիկ Յարութիւնեանի տեղակալի կալանաւորումն էն էֆեկտը չտւեց: Մարդիկ ափսոսանքով գլուխները տարուբերեցին՝ այդքան երիտասարդ ու այդքան կոռումպացւա՞ծ… Մի խօսքով՝ աղմուկ բարձրացնելու համար միանգամայն չաշխատող տարբերակ է իմքայլականներին խայտառակել-կալանաւորելը: Մնում է թերեւս սատանաներ բռնելը, ինչը, եթէ Նիկոլ Փաշինեանին յաջողւի, պակաս խառնաշփոթ չի ստեղծի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների համատեքստում: Ինչպէս գիտէք, սատանայի նախկինն ու ներկան չի լինում, ճիշտ այնպէս, ինչպէս չի լինում մատնութիւններով հաց վաստակողների նախկինն ու ներկան:

Բայց ամենալաւ տարբերակն այն է, որ վարչապետն ընդհանրապէս հրաժարւի սատանաների հետ համագործակցելուց, որպէսզի մենք էլ ամէն անգամ ցնցումների մէջ չընկնենք՝ մտածելով, թէ, ահա, այս աղմուկի տակ մեզնից թաքուն հարցեր են լուծում:

 

«Հրապարակ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։