Հա

Քաղաքական

09/12/2019 - 10:10

«Մեր բանակցային դիրքորոշումը թոյլ չի տալիս ակնկալել Արցախի անկախութեան միջազգային ճանաչում` ներկայիս սահմաններով. ՀՀ նոր իշխանութիւնները չեն յաղթահարել այս հակասութիւնը». Արման Մելիքեան

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Բրատիսլաւայում կայացած հանդիպման շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանի հետ: Վերջինս կարծում է, որ արտգործնախարարներ Մնացականեանի եւ Մամեդեարովի բրատիսլաւեան հանդիպման շրջանակներում կողմերի հրապարակաւ յայտնած դիրքորոշումների վերլուծութիւնը բերում է այն եզրակացութեան, որ պաշտօնական Երեւանն ու Բաքուն դեռեւս շարունակում են կառուցել իրենց բանակցային մօտեցումները Մադրիդեան սկզբունքների տրամաբանութեան ու բանաձեւումների շրջանակում:

«alikonline.ir» - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Բրատիսլաւայում կայացած հանդիպման շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանի հետ: Վերջինս կարծում է, որ արտգործնախարարներ Մնացականեանի եւ Մամեդեարովի բրատիսլաւեան հանդիպման շրջանակներում կողմերի հրապարակաւ յայտնած դիրքորոշումների վերլուծութիւնը բերում է այն եզրակացութեան, որ պաշտօնական Երեւանն ու Բաքուն դեռեւս շարունակում են կառուցել իրենց բանակցային մօտեցումները Մադրիդեան սկզբունքների տրամաբանութեան ու բանաձեւումների շրջանակում:

 

- Պարո՛ն Մելիքեան, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Բրատիսլաւայում, հանդիպումը տեւել է շուրջ 3.5 ժամ, եւ յայտնի չէ թէ ինչ է քննարկւել. ի՞նչ վիճակում է հիմա բանակցային գործընթացը, ըստ Ձեզ, որեւէ նոր բան կա՞յ բանակցային գործընթացում: 

- Արտգործնախարարներ Մամեդեարովի եւ Մնացականեանի բրատիսլաւեան հանդիպման շրջանակներում կողմերի հրապարակաւ յայտնած դիրքորոշումների վերլուծութիւնը բերում է այն եզրակացութեան, որ պաշտօնական Երեւանն ու Բաքուն դեռեւս շարունակում են կառուցել իրենց բանակցային մօտեցումները Մադրիդեան սկզբունքների տրամաբանութեան ու բանաձեւումների շրջանակում: Ահա այստեղ է, որ մենք դեռ շատ կարեւոր անելիք ունենք: Բանն այն է, որ ադրբեջանական կողմի մօտեցումները ներդաշնակեցւած են Մադրիդեան սկզբունքների հետ եւ, ադրբեջանական շահերի համատեքստում, դրանց համահունչ լուծում են նախատեսում Արցախի ապագայ կարգավիճակի, հայ բնակչութեան անվտանգութեան ապահովման եւ փախստականների վերադարձի մասով: Ադրբեջանական դիրքորոշման հիմքում դրւած է այն մօտեցումը, ըստ որի Հայաստանն ագրեսոր-պետութիւն է, ապօրինաբար զաւթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը եւ եթէ դուրս բերի իր զօրքերն «ադրբեջանական» տարածքներից, ապա բոլոր խնդիրներն ինքնաբերաբար կը լուծւեն: Պաշտօնական Երեւանն առ այսօր չի կարողացել Մադրիդեան սկզբունքների շրջանակներում ձեւակերպել իր բանակցային մօտեցումներն այնպէս, որ Արցախի ներկայիս տարածքային ամբողջականութեան պահպանման գերկարեւոր խնդրի լուծումն իրաւաքաղաքական տեսանկիւնից հակասութեան մէջ չմտնի Արցախի ապագայ կարգավիճակի ճանաչման խնդրի հետ: Պարզ ասած՝ մեր բանակցային դիրքորոշումն այնպէս է ձեւակերպւած, որ մենք չենք կարող ակնկալել Արցախի անկախութեան կամ ՀՀ հետ վերամիաւորման միջազգային ճանաչումը` Արցախի ներկայիս սահմաններով:

 

- Կարծիք կայ, որ բանակցային գործընթացում թէ՛ ՀՀ վարչապետը, թէ՛ ԱԳ նախարարը վերադարձել են Սերժ Սարգսեանի բանակցային ֆորմուլային, Դուք ի՞նչ էք կարծում: Կարելի՞ է ԱԳ նախարարի՝ Բրատիսլաւայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ելոյթից նման եզրակացութեան գալ:

- Չեմ կարծում, որ ճիշտ է Մադրիդեան սկզբունքները կոչել Սերժ Սարգսեանի բանակցային ֆորմուլա, քանի որ դրանք ձեւակերպւել են նախքան պարոն Սարգսեանի պաշտօնավարման սկիզբը: Չեմ բացառում, որ պարոն Սարգսեանը որոշակի մասնակցութիւն ունեցել է դրանցում տեղ գտած ձեւակերպումների նախնական քննարկմանը, բայց բացառապէս իր անւան հետ դրանք կապելը մեծ չափազանցութիւն կը համարեմ: Արձանագրեմ միայն, որ, ամէն դէպքում, ՀՀ նոր իշխանութիւններն, իրենց նախորդների պէս, չեն կարողացել իմ կողմից վերը նշւած հակասութիւնը յաղթահարել: Իսկ դա անհրաժեշտ է անպայման անել:

 

- ՀՀ արտգործնախարարն իր ելոյթի վերջում նշում է, որ Հայաստանը հաւատարիմ է բանակցային գործընթացին եւ շարունակելու է հետեւողականօրէն աշխատել խաղաղ կարգաւորման ուղղութեամբ։ Բացի այդ, նախարարի ելոյթում խօսք չկար Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ իշխանութեան առաջ քաշած թեզի մասին, ըստ Ձեզ ինչո՞ւ: Առհասարակ ինչպէ՞ս կը մեկնաբանէք նախարարի այդ ելոյթը:

- Արդէն ասացի, որ կողմերի հրապարակաւ յայտնած դիրքորոշումները կառուցւած են եղել Մադրիդեան սկզբունքների տրամաբանութեան համապատասխան: Իսկ դա նշանակում է, որ մեր նախարարը չէր կարող իր խօսքում ներառել Արցախի տարածքային ամբողջականութեան անվերապահ պահպանման թեզը եւ սա շարունակում է մնալ մեր բանակցային դիրքի ամենաթոյլ կէտը:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում միջհամայնքային այցերը Հայաստան եւ Ադրբեջան, (լրագրողների փոխադարձ այցեր եւ այլն): Եթէ կոնֆլիկտը տեղափոխւի միջհամայնքային տրամաբանութեան դաշտ, արդեօ՞ք Արցախի սուբիեկտայնութեանը հարւած կը հասցւի:

- Ադրբեջանի օրէնսդրութիւնը այդ երկրի համայնական կառուցւածքի վերաբերեալ որեւէ թեզ չի պարունակում, ուստի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների, լրագրողների, հասարակական կամ պետական գործիչների որեւէ շփում չի կարող դիտարկւել որպէս միջհամայնական: Այդ մասին արժէ յիշեցնել նաեւ միջնորդներին, քանի որ վերջիններս սկսել են յաճախ օգտագործել «Արցախի ադրբեջանական համայնք» անհեթեթ եւ, բառիս բուն իմաստով, անօրինական եզրոյթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։