Հա

Քաղաքական

09/12/2019 - 12:00

«Ստիպւած եմ հիասթափեցնել ստայօդ լուրեր տարածողներին. ուզէք-չուզէք, լինելու են մրցակցային ընտրութիւններ». Մասիս Մայիլեանը` իր ընտրապայքարից հրաժարւելու մասին

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը գրառում է կատարել ֆէյսբուքեան իր էջում` նշելով, որ շարունակելու է Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման եւ ընդունման նպատակով հանրութեան առողջ ուժերի լայն համախմբանն ուղղւած ակտիւ ու վճռական գործունէութիւնը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը գրառում է կատարել ֆէյսբուքեան իր էջում` նշելով, որ շարունակելու է Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման եւ ընդունման նպատակով հանրութեան առողջ ուժերի լայն համախմբանն ուղղւած ակտիւ ու վճռական գործունէութիւնը։

«Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստայօդ լուրեր են տարածւում այն մասին, թէ իբր հրաժարւել եմ հետագայ ընտրապայքարից եւ, որ ամենազաւեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։ Թէեւ ինձ ճանաչողները եւ հանրութեան գիտակից-տեղեկացւած մասը հումորով վերաբերւեցին դրան, այնուամենայնիւ, նպատակայարմար եմ գտնում հանրութեան լայն շերտերի համար մէկ անգամ եւս վերահաստատել հոկտեմբերի 8-ի յայտարարութիւնս 2020 թւականի նախագահական ընտրութիւններին իմ ակտիւ մասնակցութեան մասին։

Շարունակելու եմ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման եւ ընդունման նպատակով հանրութեան առողջ ուժերի լայն համախմբանն ուղղւած ակտիւ ու վճռական գործունէութիւնը։ Վայրկեան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդիւնքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, յուսալի, արդար, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական ապագան, մի խօսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը։ Ու այս ընթացքը կասեցնել հնարաւոր չէ, ինչպէս հնարաւոր չէ պատմութեան անիւը յետ շրջել։ Առաւել եւս՝ ֆէյքերով ու մանիպուլեացիաներով։

Սրանց հեղինակները չեն հասկանում, որ փոխւել են ժամանակները, ու որ փոքրիշատէ լուրջ ընկալւելու եւ հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստւերից դուրս գալն է եւ ազնիւ ու բացճակատ մրցակցութիւնը։ Սրա փոխարէն որոշ շրջանակներ տխուր աւանդոյթի ուժով շարունակում են խօսել ընտրութիւնների կանխորոշւած լինելու մասին։ Ստիպւած եմ հիասթափեցնել նրանց՝ չկայ նման բան, եւ, ուզէք-չուզէք, լինելու են մրցակցային ընտրութիւններ։ Ու մենք ամէն ինչ անելու ենք յանուն դրա՝ խափանելով խեղաթիւրման բոլոր փորձերը։ Եւ Նոր Արցախում այսօրինակ ֆէյքային գզւռտոց ու մանիպուլեացիաներ չեն լինելու»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։