Հա

Քաղաքական

10/12/2019 - 10:30

«Դաշնակցութեան ներսում տեղի ունեցող գործընթացներին քամահրանքով մօտեցողները խորապէս սխալւում են». Ստեփան Դանիէլեան

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Հայաստանում կան սիտուատիւ կուսակցութիւններ, որոնք ինչ-որ պահի կարող են ունենալ իշխանութիւն, սակայն իշխանութիւնը կորցնելուց յետոյ անէանալ, ըստ էութեան դադարել գոյութիւն ունելուց: Այսինքն նրանց գոյութիւնը պայմանաւորւած է իշխանութիւն ունենալով, կամ իշխանութեան մասնիկը լինելով:

Դրա վառ օրինակներն են ՀՀՇ-ն, Օրինաց Երկիրը եւ այլն: Այսպէս կը լինի նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» հետ, դա ժամանակաւոր կառոյց է, որի ստեղծման նպատակն էր գալ իշխանութեան, ոչ աւելին, եւ իշխանութեան կորստից յետոյ այն դէ ֆակտօ կը դադարի գոյութիւն ունենալ: Դաշնակցութեան պարագայում դա այդպէս չէ: Սա կարեւոր է հասկանալ դրա պատճառները, որպէսզի կարողանանք ճիշտ եզրակացութիւններ անել: Սակայն դա այլ խօսակցութեան թեմա է։

Միւս կարեւոր պահը ներկուսակցական քննարկումների, կամ առճակատման փաստարկներն ու հակափաստարկներն են: Կողմերը պարբերաբար բերում են կուսակցութեան կանոնակարգից յղումներ, որոնք մեկնաբանում են ու դրանցով հիմնաւոր իրենց տեսակէտ յայտնելու իրաւունքը: Միւս կուսակցութիւնների դէպքում մենք նման բան չենք տեսել, անգամ նման բան պատկերացնել չի լինի: Մասնաւորապէս, դա հնարաւոր չի պատկերացնել «յեղափոխական», սակայն միաձայն քւէարկող, ներկուսակցական դիսկուսիայից զերծ իշխող ՔՊ-ում։ Այնտեղ ինքնուրոյն տեսակէտներ չկան, կամ եթէ կան, իւաքանչիւրի հոգու խորքում, չափազանց խորը պահւած։ Մենք գործ ունենք առերեւոյթ տեսակէտ չունեցող, ժամանակից շուտ յարմարւողական դարձած հնազանդ «յեղափոխական» զանգւածի հետ։

Միւս կուսակցութիւնների համար կանոնակարգերն ունեն ձեւական բնոյթ: Դա նոյնպէս շատ կարեւոր է ներկուսակցական յարաբերութիւնները հասկանալու համար:

Միւս կարեւոր պահն այն է, որ դա միակ կուսակցութիւնն է, որտեղ հրապարակային ներկուսակցական դիսկուսիա է սկսւել, որը նշանակութիւն ունի երկրի քաղաքական կեանքի համար: Միւս կուսակցութիւններում մենք նման ներկուսակցական դիսկուսիա դեռեւս չենք տեսել (թերեւս, ժամանակին, ՀՀՇ-ում նման դէպքեր կային):

Կարեւոր է նաեւ, որ կոնֆլիկտն ընթանում են երիտասարդական կառոյցների միջեւ ու բաւականին գրագէտ ու բովանդակային քննարկում է ընթանում: Եթէ կայ ներկուսակցական առճակատում, դա նշանակում է, որ կեանքը չի մարել այդ կուսակցութեան ներսում, առաւել եւս, որ դա տեղի է ունենում ամենապահպանողական կուսակցութեան ներսում:

Յ․Գ․ Այնքան էլ շատ չեն մարդիկ, որոնք իմ չափ քննադատել են Դաշնակցութեանը։ Բայց ցանկացած քննադատութիւն պէտք է օբիեկտիւ կերպով արւի։ Նաեւ կարեւոր է, որ քննադատելու բան լինի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։