Հա

Քաղաքական

14/12/2019 - 10:10

«Արցախի անվտանգութիւնը զիջումների ենթակայ չէ». Աննա Նաղդալեանի պատասխանը Մամեդեարովին

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում Հայաստանի դիրքորոշումը յստակ ներկայացվել է Բրատիսլաւայում վերջերս տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի ելոյթում:

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում Հայաստանի դիրքորոշումը յստակ ներկայացվել է Բրատիսլաւայում վերջերս տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի ելոյթում: Այս մասին, ըստ՝ Yerkir.am-ի ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալեանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի հարցազրոյցին:

Այս փուլում ոչ մի փաստաթուղթ չի քննարկւում: Այս մասին դեկտեմբերի 13-ին ճեպազրոյցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալեանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի հարցազրոյցը: «Նախարարը նշեց, որ Ղարաբաղեան հիմախնդրի կարգաւորումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումն է՝ առանց հարկադրանքի եւ սահմանափակումների: Առանց սահմանափակումների նշանակում է, որ Արցախի ժողովուրդը կարող է ընտրել ցանկացած տարբերակ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնից եւ իրաւազօրութիւնից դուրս: Տարբերակները, որոնք չեն ապահովում այս իրաւունքի իրականացմանը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասաց Աննա Նաղդալեանը:

Ինչ վերաբերում է Մամեդեարովի այն յայտարարութիւններին, թէ իր համար յստակ չէ՝ ինչ է Հայաստանը հասկանում անվտանգութեան մասին խօսելիս, Նաղդալեանը յիշեցրեց, որ երեք տասնամեակ Ադրբեջանի վարած հայերի հանդէպ ատելութեան քաղաքականութիւնը ցոյց է տւել իրերի իրական վիճակը: «Վերջերս Իլհամ Ալիեւը հայերին մեղադրեց Սումգայիթի ջարդերի մէջ: Նման միջավայրում անիմաստ է դիտարկել անվտանգութեան ապահովման հնարաւորութիւնը: Գեղեցիկ խօսքերով ճշմարտութիւնը չես թաքցնի: Արցախի անվտանգութիւնը զիջումների ենթակայ չէ»,- շեշտեց Նաղդալեանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կա՛մ ընկալման խնդիրներ ունի, կա՛մ չի ցանկանում հասկանալ: «Կարծում են, որ նրանք պարզապէս ձեւացնում են, որ արդարացնեն մաքսիմալիստական դիրքորոշումը»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ ընդգծելով, որ չի ստացւի հայկական կողմի հետ սպառնալիքների լեզվւով խօսել:

Խօսելով յաջորդ հանդիպման ժամկէտների մասին՝ Նաղդալեանը յիշեցրեց, որ կողմերը դրա մասին յայտնում են մանրամասները համաձայնեցնելուց յետոյ եւ միաժամանակ: Մանրամասներն առայժմ քննարկւում են, նշեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։