Հա

Քաղաքական

17/12/2019 - 14:20

«Վարչապետն ու նախագահը մատը մատին չեն տալիս, որպէսզի Հայ ժոողովուրդն ապրի ու երջանկանայ՝ դարերով հաստատւած իր ազգային-աւանդական հունով». Դաւիթ Վանեան

Դաւիթ Վանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«alikonline.ir» - Դաւիթ Վանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«Ուկրայինական առաջին՝ «Նարնջագոյն» կոչւող յեղափոխութիւնը, որը սկւեց 2004-ին, այդպէս էլ չաւարտւեց, մի նոր թափ ստացաւ 2014-ի «Որակի» յեղափոխութեամբ, ու մինչեւ այսօր շարունակւում է։ Ուկրայինական իշխանութիւնները այլեւս՝ ամբողջովին յեղափոխական են, յեղափոխութիւնն էլ անընդհատ է, պերմանենտ է ու ամենուր։

Այսօրւայ Ուկրայինայում նախագահ Զելենսկին առաջին տեղում է իր բաւական նւազած ռէյտինգային ցուցանիշով, իսկ երկրորդ տեղում Ջորջ Սորոսն է։ Յեղափոխութեան արդիւնքում երկիրը բաժանւեց երկու մասի կամ իրարամերժ բեւեռի, տարածքային կորուստներ ունեցաւ ու գտնւում է ներքին հակասութիւնների ու ատելութեան մէջ։ Ոչ ոք չի կարող ասել, թէ վաղը ինչ կը լինի այդ՝ երբեմնի ծաղկուն, հարուստ, աշխարհաքաղաքական տեղակայման լաւագոյն դիրք եւ ծովով ելք ունեցող երկրի հետ։

Ուկրայինացիները, որ լաւ, ջերմ, ներքին ազատութեամբ օժտւած ժողովուրդ են, արդէն 15 տարի գտնւում են սեփական թերութիւնների ու այդ թերութիւնները մարմնաւորող քաղաքական ապաշնորհ, լկտի դասի ենթակայութեան ներքոյ։ 50 միլիոն բնակչից պակասել, դարձել են քառասուն միլիոն։ Արտագաղթն ուժգնանում է։ Պատերազմելով Ռուսաստանի դէմ, նրանք ամբողջութեամբ տրւել են մէկ այլ տիպի՝ չգիտակցւած թշնամիների կամքին, ովքեր, այս երկիրը կամաց կամաց տրոհելով ու Ռուսաստանին նետելով, փորձում են շարքից դուրս հանել իրենց հին ու հիմնական աշխարհաքաղաքական ախոյանին։ Այսօրւայ իշխանութիւնը գրեթէ միայն օտարազգիների ձեռքին է։

Մենք այդ յեղափոխական ընթացքի առաջին, այսպէս կոչւած՝ թաւշեայ փուլում ենք, սակայն՝ հիմնական դերակատարները այստեղ էլ են Սորոսն ու նրա հայազգի սատրապները, իսկ դատավարական որոշ պրոցեսների հիմնական նպատակը մոնոէթնիկ, միասնական Հայաստանում բեւեռացւած հասարակութեան ստեղծումն է, եւ, ուզե՞ս թէ չուզես, Հայաստանում այն գնալու է Հայաստան - Արցախ ջրբաժանի գծով, եւ այս գործընթացների հեղինակները շատ լաւ են կազմակերպում, իրականացնում այս «Սեւ Խոռոչների» առաջացումը։ Ու, հաւատացած եղէք, դեռ երկրորդ ու երրորդ փուլեր են լինելու, մինչեւ չմաղեն հայ ժողովրդի մնացուկները։

Բաժանման միւս գիծը, ազգային բարոյական ու ազգային գեղագիտական արժէքներով հարուստ, ժայռերի պէս ամուր, հանգիստ Հայաստանում ազգայինի ու համամարդկայինի միջեւ հակասութիւնների ու պայքարի ճակատային գծի առաջացումն է, որին էլ ծառայում են Հայոց լեզւի ու պատմութեան, բանակի, ռազմահայրենասիրական դաստիարակութեան վերաբերեալ տարբեր որոշումներ ու քննարկման դրւած օրինագծեր, կարմիր-կապոյտ վարսերով բազմաբնոյթ գործիչներ, սեռական փոքրամասնական ինքնահաստատւող ինդիւիդումներ եւ այսպէս շարունակ։

Հայաստանի քաղաքական իշխանութիւնները, վարչապետն ու նախագահը, եթէ իրենք չեն այս ամէնի իրագործողները, ապա մատը մատին չեն տալիս, որպէսզի Հայ ժոողովուրդը որպէս բազմահազարամեայ քաղաքակրթական սիւն ու աշխարհակազմիկ երեւոյթ, ապրի ու երջանկանայ՝ իր, դարերով հաստատւած ազգային - աւանդական հունով։ Աւելին։ Ազգային ամէն բան յայտարարւած է՝ կարծես, թշնամական, իսկ երիտասարդները գնում են դէպի մոդա ու ժամանակակից յայտարարւած կեղծ ապրելաձեւ։

Ռուսական մի լաւ ասացւածք կայ՝ Խելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրայ, եւ ոչ թէ սեփական։ Այս յեղափոխութիւն կոչւող բարոյական անկումը հարկաւոր է դադարեցնել։ Նայէք, խնդրում եմ, հարեւան երկրներին ու մի կրկնէք նրանց սխալները։

Համատարած արժէզրկումի ու այլասերումների դարում իսկական յեղափոխութիւնը ամուր ազգային պահպանողականութիւնն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։