Ադրբեջանի կողմից Տաւուշի ուղղութեամբ կրակոցները դադարել են ՀՀ ԶՈՒ պատասխան կրակից յետոյ միայն:
«alikonline.ir» - Ադրբեջանի կողմից Տաւուշի ուղղութեամբ կրակոցները դադարել են ՀՀ ԶՈՒ պատասխան կրակից յետոյ միայն:
Տուժածներ չկան՝ Yerkir.am-ի հետ հեռախօսազրոյցում ասաց Կոթիի գիւղապետ Ֆելիքս Մելիքեանն ու հաւաստիացրեց՝ այս պահին գիւղում ամէն ինչ խաղաղ է՝ երեխաները դպրոց, մանկապարտէզ են յաճախում:
Ճշտւում է նիւթական վնասի չափը:
«Գիւղի եւ դիրքերի ուղղութեամբ ինտենսիւ կրակոցներ են եղել: Այդ պահին Կոթիիում հարսանիք է եղել, որը ոչ մի րոպէ չի դադարել մարդիկ երգել են, պարել, ուրախացել։ Կրակոցները թիրախաւորւած էին՝ խաղաղ բնակչութիւնն էր թիրախում։ Բարեբախտաբար որեւէ տուժած չկայ»,- հաւաստիացրեց Ֆելիքս Մելիքեանը։
Յիշեցնենք, որ երէկ՝ կէսգիշերին մօտ Ադրբեջանական ԶՈՒ-երը շարունակել են կրակել Տաւուշի մարզի Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու եւ Կոթի գիւղի ուղղութեամբ։ Ադրբեջանական կողմից կիրառւել են տարբեր տրամաչափի հրաձգային զէնքեր, գնդացիրներ: