Հա

Քաղաքական

18/12/2019 - 14:20

«Մնացականեանի հետագայ լռութիւնը կը վկայի Մամեդեարովի խօսքերի ճշմարտացիութեան մասին». «Գոլոս Արմենիի»

Տարօրինակ իրավիճակ է ստեղծւում ղարաբաղեան կարգաւորման շուրջ։ Հայաստանի ղեկավարութիւնը վերջին ժամանակներս դիմում է նոր մարտավարութեան, որի համապատասխան՝ իշխանութեանը մօտ կանգնած որոշ անձինք հնչեցնում են տարօրինակ յայտարարութիւններ, որոնք վերաբերում են պետութեան համար բաւական լուրջ հարցերի՝ վկայակոչելով վարչապետին։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։

«alikonline.ir» - Տարօրինակ իրավիճակ է ստեղծւում ղարաբաղեան կարգաւորման շուրջ։ Հայաստանի ղեկավարութիւնը վերջին ժամանակներս դիմում է նոր մարտավարութեան, որի համապատասխան՝ իշխանութեանը մօտ կանգնած որոշ անձինք հնչեցնում են տարօրինակ յայտարարութիւններ, որոնք վերաբերում են պետութեան համար բաւական լուրջ հարցերի՝ վկայակոչելով վարչապետին։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։ «Խօսքը, մասնաւորապէս, «Իմ քայլը» դաշինքի խմբակցութեան անդամ, նախկինում ՀՀՇ անդամ, Լեւոն Տէր-Պետրոսեանի մերձաւոր եւ համոզւած զինակից Յովհաննէս Իգիթեանի յայտարարութեան մասին է։ Մէկ շաբաթ առաջ շատ կցկտուր հարցազրոյցի ընթացքում նախկինում քանիցս մեղանչած սոյն քաղաքական գործիչն ասել էր. «Ադրբեջանի նախագահի գործն է՝ ում հետ գնալ բանակցութիւնների»։

Եւ աւելացրել էր. «Վարչապետն ասաց, որ խնդիր չի տեսնում, որ Ալիեւի հետ բանակցութիւնների գան նրանք, ովքեր իրենց ԼՂ ադրբեջանական համայնք են համարում»։ Թէ որտեղ է Նիկոլ Փաշինեանը նման բան ասել՝ Իգիթեանը չճշտեց։ Դա չճշտեց նաեւ Փաշինեանի մամուլի քարտուղարը, որը չհերքեց ասւածը՝ բոլոր հիմքերը տալով ենթադրելու, որ կամ այդ խօսքերն ասւել են նեղ շրջանակում՝ արտահոսքի նպատակով, կամ Իգիթեանին յանձնարարել են անմաքուր առաքելութիւնը՝ փոխանցել հայկական կողմերի համար չափազանց վտանգաւոր ուղերձը։ «Հրետակոծութիւնն» այդ ընթացքում շարունակեցին Բաքւից։ Մամեդեարովի բաց հարցազրոյցը, որի մի շարք յայտարարութիւնները պահանջում էին Երեւանի յստակ ու մակարդակով համարժէք պատասխանը, էլ աւելի մեծ յամառութեամբ ընդգծեց այն բանի անհրաժեշտութիւնը, ինչը փորձագիտական հանրոյթը եւ հասարակութեան ակտիւ մասը պահանջում էին երկրի ղեկավարութիւնից. հնչեցնել մանրամասներ, թէ ինչ են գրեթէ 4 ժամ խօսել արտաքին գործերի նախարարները Բրատիսլաւայում։  

ԱԳՆ մամուլի քարտուղարի ճեպազրոյցը, որի ընթացքում Աննա Նաղդալեանը բաւական թոյլ եւ ոչ մէկին չհամոզած պատասխաններ տւեց, էլ աւելի սրեց իրավիճակը։ Ժխտելով ներկայ փուլում որեւէ փաստաթղթի քննարկումը՝ նախարարութիւնը շարունակում է պահպանել խոր լռութիւն այն բանի շուրջ, թէ ինչի մասին են խօսում նախարարները։ Այս պայմաններում այն, ինչ գրել է Ֆէյսբուքի իր էջում Դանիէլ Իոաննիսեանը, կարելի է անւանել ոչ այլ կերպ, քան սադրիչ տեղեկութիւն՝ ուղղւած իրավիճակի էլ աւելի սրմանը։ Վաղուց արդէն անախորժ դարձած հասարակական գործիչը, որի «Իրազեկ քաղաքացիների միաւորում» կազմակերպութիւնը, ինչպէս յայտնի է, մի քանի տարի գործում է բացառապէս օտարերկրեայ դոնորների միջոցներով, կազմակերպում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններին, համաձայն տեղեկութեան, ներկայացւել են մանրամասներ բանակցային գործընթացի մասին։ Միեւնոյն ժամանակ, ասես Իոաննիսեանը շարունակում է ձեռք առնել, հանդիպման ձեւաչափը փակ էր, եւ տեղեկութիւնը հրապարակման ենթակայ չէ։ Աւելացնենք. հրապարակման, դատելով ըստ ամենայնի, ենթակայ չեն նաեւ լրագրողների անունները, որոնք հրաւիրւել էին հանդիպմանը, ինչը փորձագէտներին առիթ է տւել տրամաբանօրէն ենթադրելու, որ դրանք բացառապէս իշխանամէտ եւ իշխանութիւնների կողմից վերահսկւող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են եղել։

Արձանագրենք եւս մէկ փաստ. նախարար Մնացականեանը ոչ մի հրապարակային պարզաբանում չի տալիս Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի սադրիչ եւ հասարակութեանը վրդոված հարցազրոյցից յետոյ։ Փոխարէնը պատրաստակամութեամբ գնում է ինչ-որ յայտնի լրագրողների հետ հանդիպման, որը կազմակերպւել է օտարերկրեայ գրանտակեր ՀԿ-ի կողմից, մէկի հրաւէրով, որը բաւական կասկածելի համբաւ ունի հայ հասարակութեան զգալի մասի շրջանում։ Դժւար է աւելի անհեթեթ եւ միաժամանակ սադրիչ բան պատկերացնել։ Այդ թւում եւ այն պատճառով, որ չարժէ կասկածել այն բանում, որ հանդիպումը կազմակերպւել էր Իոաննիսեանի կողմից, առնւազն, իշխանութիւնների գիտութեամբ։ Իրավիճակն իսկապէս չափազանց լուրջ է եւ վտանգաւոր։ Հայկական իշխանութիւնների փաստացի հրաժարումը՝ համապատասխան մակարդակով հերքելու Բաքւի յայտարարութիւնները եւ ներկայացնելու սեփական դիրքորոշումը Մամեդեարովի հնչեցրած հարցերի վերաբերեալ, մինչեւ պայթիւնավտանգ սահման սրում է հանրային կրքերը եւ դիսկուրսը։

Հետագայ լռութիւնն այսպիսի պայմաններում կարող է նշանակել միայն մի բան. այն ամէնը, ինչ ասաց Ադրբեջանի արտգործնախարարը, համապատասխանում է իրականութեանը։ Եւ եթէ հայկական իշխանութիւնները փորձում են հասնել այն բանին, որ հասարակութիւնը գիտակցի հէնց այս դառը ճշմարտութիւնն ու, միեւնոյն ժամանակ, կարմիր գծերն անցնում են այնպիսի օպերետային կերպարի օգնութեամբ, ինչպիսին Դանիէլ Իոաննիսեանն է, ապա նրանց կարելի է միայն ցաւակցել»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։