Հա

Քաղաքական

22/12/2019 - 12:00

«Փաշինեանը ձգտում է մաքսիմալ ճոխութեան եւ պետական ռեսուրսը ծառայեցնում է իր ընտանիքի բարեկեցութեան եւ մանկութեան երազանքների իրականացման համար». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Պարզ է մի բան, որ Նիկոլ Փաշինեանը մեր պետական ռեսուրսը ամէն կերպ ծառայեցնում է իր ընտանիքի բարեկեցութեանը, իրենց մանկութեան երազանքների իրականացմանը:

«alikonline.ir» - Պարզ է մի բան, որ Նիկոլ Փաշինեանը մեր պետական ռեսուրսը ամէն կերպ ծառայեցնում է իր ընտանիքի բարեկեցութեանը, իրենց մանկութեան երազանքների իրականացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի դուստր Մարիամ Փաշինեանի համար 27 հազար դոլար արժողութեամբ մեքենայ ձեռք բերելուն: 

«Երբ լսում էինք Նիկոլ Փաշինեանի «հիմնաւորումները», թէ ինչու պէտք է Վեհափառը չունենայ անվտանգութեան ուղեկցող մեքենայ եւ դրանից յետոյ, երբ լսում ենք, թէ ինչու իր դուստրը պէտք է ունենայ անվտանգութեան աշխատողներ եւ նոր մեքենայ, միանգամից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինեանը ստում է եւ փաստերը փորձում է ներկայացնել այնպէս, ինչպէս դա յարմար է ոչ թէ պետութեանը, հանրային շահին, այլ իր ընտանիքի անձնական շահին»,- ասաց նա:

Քաղաքագէտը տարօրինակ համարեց, որ վարչապետը «հիմնաւորումներ» է ներկայացնում, յետոյ պարզւում է, որ նրա ներկայացրած փաստաթղթերով նման գնումներ չեն եղել: «Այդ ամբողջ հիմնաւորումները կարող են բաւարարել այն մարդկանց, որոնք կուրօրէն հաւատում են Փաշինեանին եւ նրա ամէն խօսքին, եւ անգամ նրան Յիսուսի պէս են ընկալել»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարեանը նշեց, որ դէմ չէ, որ վարչապետը ստի, քանի որ հասկանում է, որ նրա ամէն մի սուտը հանրութեան եւս մի փոքր հատւածի աչքերն է բացում: «Այդպէս ստելով` իր դէմ է տրամադրում մարդկանց, որոնք կարծում էին, թէ Փաշինեանը կարող է լուծումներ տալ երկրի առաջ ծառացած խնդիրներին: Այդ մեքենայի գնումը պարզ ճոխութիւն է, եւ մենք առաջին անգամ չէ, որ այդ ճոխութեան ականատեսն ենք լինում: Պարզ է, որ Նիկոլ Փաշինեանը բոլոր հարցերում ձգտում է մաքսիմալ ճոխութեան, եւ իրենց մօտ դա ընտանեկան խնդիր է, իր տիկինն է այդպիսին, իր զաւակներն են այդպիսին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարական ամառանոցից վարչապետի ընտանիքի «փախուստի» տեսանիւթին, երբ նրանք տանից դուրս էին եկել առանց թիկնապահների, քաղաքագէտն ասաց. «Ինձ համար դժւար է միշտ տրամաբանութեան շրջանակներում բացատրութիւններ տալ Փաշինեանի այս կամ այն որոշմանը, ըստ էութեան՝ դրանք քաղաքագէտի մեկնաբանելու խնդիրներ չեն, այլ մասնագէտներ են այստեղ պէտք. հնարաւոր է՝ հոգեբաններ, հոգեբոյժներ: Պարզ է, որ նրանք փորձում են ցոյց տալ հանրութեանը, թէ այդ ամէնի կարիքը չունեն, սակայն եթէ իսկապէս չունեն, պարզապէս կարող են այդ ամէնը չանել, սակայն նրանք շարունակում են անել` բազում տեխնոլոգիաներ օգտագործելով»:

Հրանտ Մելիք-Շահնազարեանը նկատեց, որ Նիկոլ Փաշինեանն իշխանութեան է եկել՝ նման երեւոյթները մերժելով, սակայն այսօր Փաշինեանի անվտանգութեան ծառայութիւնը այնքան մեծ է, որքան երբեք Հայաստանի ոչ մի ղեկավար չի ունեցել, եւ նրա ընտանիքն էլ աւելի պաշտպանւած է, քան Հայաստանի որեւէ ղեկավարի ընտանիք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։