Հա

Քաղաքական

22/12/2019 - 14:20

«Սթափւենք ու ներենք իրար». Դաւիթ Վանեան

Դաւիթ Վանեանը ֆէյսբուքեան էջում գրում է․

«alikonline.ir» - Դաւիթ Վանեանը ֆէյսբուքեան էջում գրում է․

«Գրեթէ ամէն օր գրում եմ՝ մի բողոք, մի ընդդվզում, մի անհամաձայնութիւն։ Արդէն երեսուն տարի, ես իմ կռիւն եմ տալիս։ Տալիս եմ ուղիղ աչքերում ասելով, կամ սահմանում կռւելով, արձակով կամ բանաստեղծութեամբ, քաղաքական ակտիւութեամբ կամ հրապարակախօսութեամբ, մշակութային գործունէութեամբ կամ աշխարհի այս կամ այն մասում երիտասարդական կազմակերպութիւններ հիմնելով, հասարակական-քաղաքական գործունէութեամբ կամ համայնքների կազմակերպութեամբ։

Ես էլ մի բարի պտուղ չեմ, մարդ եմ, իմ բոլոր պրոբլեմներով, սակայն հայրենասիրութեան հարցում շահախնդրութիւններ չունեմ։

Ահռելի փորձ ունեմ, անասելի գիտելիքներ՝ հաւաքած իմ ճամբին, անհասանելի բարձր ու յամառ ընկերներ ու ծանօթներ, ովքեր հայրենիքի համար կեանքը կը տան։ Սա է իմ հարստութիւնը, որը, ցաւօք, ոչ մէկին պէտք չէ այսօր, որովհետեւ այսօրւայ Հայաստանի տեսակին ես չեմ համապատասխանում։

Ընդհանրապէս, այս անհամապատասխանութիւնը՝ իմ ու իմ սերնդի կեանքի կարմիր գիծն ու ողբերգութիւնն է։ Մենք ծնւել ենք քսաներորդ դարում, դաստիարակւել այդ դարին յատուկ ասպետականութեամբ ու ակամայ յայտնւել ենք անսեռ, անդէմ, անծագում քսանմէկերորդ դարում, որտեղ, շատերը կուլ գնացին դրամին, էժան արժէքներին ու նման բաների։

Կռիւն էլ, որ ես տալիս եմ, աշխարհի ու նրա արժեզրկման դէմ է, եւ այն երբեմն մենակ եմ տալիս, երբեմն ընկերներիս հետ, որ խելառ են ու անկաշառ, նւիրեալ են ու անշահախնդիր, ու ինձ պէս նրանք էլ են փորձում վիհ ընթացող այս գնացքի սթոփ - բռնակը քաշել, կամ՝ անիւը սեպել։

Այս երկար տարիների ընթացքում մի բան եմ հասկացել։ Հասկացել եմ, որ զզւում եմ պետական պաշտօնեաներից, եւ մարդու այն տեսակից, ով իշխանութեամբ օժտւած լինելու պատճառով փոխւել է, մոռացել, թէ ինչպիսի առասպելական անձնաւորութիւն էր, կամ կարող էր դառնալ։ Չեմ սիրում։ Անընդհատ նոյնն եմ տեսնում՝ իշխանութիւն տուր ու սպասիր նրանց նենգութեան դրսեւորմանը։ Նենգութիւնն էլ, հին ազգերի ներկայացուցիչների համար երբեմն չափ ու սահման չունի։

Թաւիշը երբ սկսւեց, հոգուս խորքում յոյս էի փայփայում, որ մենք կը տարբերւենք ուրիշներից, որ մենք այս յեղափոխութիւն կոչւածով, առնւազն, վեր կը կենանք ու հզօր ազգային պետութիւն կը ստեղծենք։ Այդ օրերին աշխատում էի Երկիր Մեդիայում, եւ իմ եթերներում զգացւոում էր այդ ներքին անհամաձայնութիւնն ու դրան հակառակ մի ցանկութիւն, որ նորից չկոտրեն մեր ժողովրդի մէջքը, նորից չխաբեն նրան, նորից խոստումներ չտան ու յետոյ զբաղւեն իրենք իրենցով։ Առաջին իսկ օրերին, երբ ինձ հարցնում էին, թէ ի՞նչ է սա, ի՞նչ է լինելու մեզ հետ, ես ազնւօրէն ասում էի, որ սա գունաւոր յեղափոխութիւն է, սակայն մենք պիտի անենք ամէն բան, որ այն վերադարձնենք մեր ազգային հազարամեայ հունին։ Եւ ամէն օր ես ծառայել ամ այս նպատակին։

Հիմա ասելիք ունեմ։ Նրանք, ովքեր մեզ բաժանել են մասերի, մեր պատմութեան ամենազզւելի ու ստոր արարածներն են։ Կապ չունի, թէ որ իշխանութիւնն էին նրանք ներկայացնում։ Սա ասում եմ, որպէսզի անմիջապէս Ձեր ուղեղում չսկսէք հոլովել երէկւայ ու այսօրւայ իշխանութիւնների համեմատական վերլուծութիւնները։ Իշխանութիւնը իշխանութիւն է, երէկ, թէ այսօր։ Մեր խնդիրը ներազգային համաձայնութիւնը, կոնսենսուսը, ես կասէի ներդաշնակութիւնը պահելն է, սիրոյ իրական վերադարձն է ու միասնականութիւնը։ Ատելով ապրել չի լինի։ Եթէ մենք թոյլ տանք փոխադարձ ատելութիւնը լցնի մեր հոգիները, ուրեմն՝ նրանք յաղթեցին։ Ուրեմն սորոսականութիւնը իրականացաւ։

Վերադարձէք ազգային արմատներին, վերադարձէք եկեղեցի, վերադարձէք նորմալ հայկական ընտանիք, վերադարձէք հարեւանների սեղանին, վերադարձէք ընկերականութեանը։ Լսէք Ձեր հոգու ձայնը։ Դուրս եկէք նրանց պատմած հեքիաթներից։ Գրողի ծոցը կորչեն պաշտօնեաներն ու նրանց ճղճիմ քաղաքականութիւնը։ մենք ընդամենը երեք միլիոն ենք այստեղ, կամ աւելի քիչ։ Մեր բանակը մեր եւ առողջ ռեզերւի կարիք ունի, մենք պիտի միակամ լինենք ու շատանանք։ մենք այս համասեռամոլութեան շքերթի ու՝ անուսում, անկիրք, անիմաստ, ապազգային քաղաքականութեան կարիքը չունենք։

Սթափւենք ու ներենք իրար, սիրելի Հայեր։ Սթափւենք ու վերականգնենք այն Հայաստանը, որը Արցախում յաղթեց։ Յիշու՞մ էք 1992-94 թւականները։ Հաց չկար, ուտելիք չկար, էլեկտրականութիւն չկար, ճանապարհ չկար, վառելիք չկար, ջերմութիւն չկար։ Ամէն օր նահատակի դիակ էինք ընդունում ու յանձնում հողին։ Տարիներով հարսանիքի ձայն չկար։ Սակայն մեր սրտերով իրար տաքացրինք։ Մեր սէրը, մեր միասնականութիւնը մեզ բաձրացրեց ժամանակներից ու մենք փոքրաթիւ՝ տապալեցինք մեր թշնամուն։ Այսօր այդ սիրոյ կարիքը կայ, այդ կենարար ներազգային համաձայնութեան, ոչ թէ թաւիշի ու աչքերին փոշի փչելու»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։