Հա

Քաղաքական

23/12/2019 - 13:50

«ԼՂ հարցով բանակցութիւնների հիմքում ընկած ինքնորոշման հարցն էապէս թուլացել է, եւ իշխանութիւններն այդ հարցը գրեթէ չեն հետապնդում». Դաւիթ Շահնազարեան

Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. խօսքը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ օրակարգի մասին է: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական գործիչ Դաւիթ Շահնազարեանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացին:

«alikonline.ir» - Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. խօսքը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ օրակարգի մասին է: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական գործիչ Դաւիթ Շահնազարեանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացին: Գրում է Tert.am-ը:

«Դեռ 2012 թւականից այս հարցը քննարկւում էր, իսկ 2016-ի ապրիլից յետոյ սա միակ հարցն էր, եւ խօսքը վերաբերում էր Արցախ-Ադրբեջան շփման գծին, այլ հարց չէր քննարկւում, իսկ Ադրբեջանը ծուղակի մէջ էր: Ցաւօք սրտի, հիմա այդ օրակարգը կորցւած է հէնց Հայաստանի իշխանութիւնների ջանքերով»,- ասաց նա:

Բացի այդ, Շահնազարեանը նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները անմիջապէս հարց բարձրացրին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները պէտք է անպայման մասնակցեն բանակցային գործընթացին, բայց, քանի որ դա արւեց ոչ պրոֆեսիոնալ ձեւով, արդիւնքում կայ մի իրավիճակ, որով, այսպէս կոչւած, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» լեգիտիմութիւն է ստանում: «Այս մասին Մինսկի խմբի  պետութիւնների ներկայացուցիչներն են նշել, եւ եթէ նկատենք, միջազգային վերլուծական կենտրոններն այդ հարցը առաջ են քաշում, չափազանց վտանգաւոր հարց է»,- ասաց նա եւ յաւելեց, որ ինքնորոշման հարցն է թուլացել, որն ընկած էր բանակցութիւնների հիմքում:

«Բանակցութիւնների հիմքում ընկած ինքնորոշման հարցը էապէս թուլացել է, եւ ներկայիս իշխանութիւնները գրեթէ այդ հարցը չեն հետապնդում: Նետւած է մի բանաձեւ, որ ցանկացած կարգաւորում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի կողմից, ինքն իր ձեւով այս բանաձեւն ամբողջովին հակասում է ինքնորոշման իրաւունքին եւ, ցաւօք սրտի, ներկայ իշխանութիւններն անընդհատ շարունակում են դա պնդել»,- ասաց նա:

Բացի սրանից, Շահնազարեանը նշեց, որ չի նկատել, որ ՀՀ իշխանութիւնները ընդհանրապէս խօսեն կարեւորագոյն հարցերից՝ պատերազմը սկսել է Ադրբեջանը, եւ շարունակել է Ադրբեջանը: «Չի խօսւում այն ռազմական գործողութիւնների վտանգի մասին, որը գալիս է Ադրբեջանի կողմից: Իսկ Ադրբեջանը վերջին ամիսներին իրեն ներկայացնում է որպէս ագրեսիայի զոհ, իսկ ՀՀ իշխանութիւնները այդ մասին չեն խօսում: Առաջին անգամ է, որ միջազգային հանրութիւնն ու Ադրբեջանը մի դիրքում են, իսկ Հայաստանը, կարծես թէ, մէկ այլ դիրքում եւ այդ իմաստով՝ մեկուսացւած: Ուստի ես դրական բան չեմ տեսնում»,- նշեց նա:

Շահնազարեանի խօսքով՝ բանակցային սեղանին դրւած է, այսպէս կոչւած, «փուլ առ փուլ» տարբերակը: «Դա ոչ միայն  Ադրբեջանի պաշտօնեաներն են ասել, սա ասւել է ԱՄՆ կողմից, ասւել է ՌԴ կողմից: Իսկ դա նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրւում է մի կողմ, առաջ է քաշւում որոշակի քանակութեամբ տարածքներ յանձնելը, եւ բացարձակ կարեւոր չէ, թէ խօսքը մէկ-երկու կամ երեք շրջանի մասին է: Սա այն հարցն է, ինչը դրւած է բանակցային սեղանին եւ քննարկւում է: Կայ փաստաթուղթ. Հայաստանից բացի, բոլորն ասում են, որ կայ»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթէ համեմատենք Ռուսաստան-Ադրբեջան ու Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնները, այդտեղ շատ մեծ տարբերութիւն կայ եւ ոչ յօգուտ Հայաստանի: «Իշխանութիւնները բանակցութիւններ վարելիս ներկայացնում են միայն իրենք իրենց, պէտք է ցոյց տալ ռազմավարական գործընկերոջը, որ եթէ նման պայմանաւորւածութիւն են ձեռք բերում Հայաստանի իշխանութեան հետ, դա իրագործւելու որեւէ հնարաւորութիւն չկայ: Ներկայիս իշխանութիւնների ձեռագիրը չափազանց պարզ է, իրենք արդէն սկսել են այդ քննարկումները, սա փաստ է, որքան էլ իրենք ուզում են հերքել»,- ասաց նա:

Ըստ Շահնազարեանի՝ Հայաստանի իշխանութիւնների նպատակն է՝ Արցախում ձեւաւորել իրենց ամբողջապէս ենթակայ իշխանութիւն, որոնք նոյնպէս համաձայնութիւն կը տան այս՝ փուլ առ փուլ տարբերակին:

«Ակնյայտ է, որ ռազմական գործողութիւնների վտանգն էապէս մեծացել է Ադրբեջանի կողմից, ես չեմ ասում, որ վաղը կարող է պատերազմ սկսւի, բայց կարող է սկսւել ցանկացած պահի: Ինձ համար ակնյայտ է, որ այդ դէպքում պէտք է ուղղակի անընդունելի լինի, որպէսզի այս իշխանութիւնը ղեկավարի այդ գործողութիւնը»,- շեշտեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։