Հա

Քաղաքական

24/12/2019 - 13:40

Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին»

«Մեր հանրութեանը պէտք է պատրաստել պատերազմի: Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին, մեր բնակչութիւնը պէտք է այդ մասին իմանայ, դրան պատրաստ լինի»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը:

«alikonline.ir» - «Մեր հանրութեանը պէտք է պատրաստել պատերազմի: Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին, մեր բնակչութիւնը պէտք է այդ մասին իմանայ, դրան պատրաստ լինի»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը: Յայտնում է Panorama.am-ը:

Նա նշեց, որ իշխանութիւններն անընդհատ վստահեցում են, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացները ժողովրդավարութեան այնպիսի մակարդակի են հասցրել երկիրը, որ ժամանակակից աշխարհում նման ժողովրդավարութիւն ունեցող երկրի վրայ յարձակում պարզապէս բացառւած է:

«Հէնց դա են համարում անվտանգութեան հիմնական երաշխիքներից մէկը, ոչ թէ բանակը, ոչ թէ տնտեսութեան զարգացումը: Իհարկէ, հասկանալի է, որ այս տեսութեանը, ըստ էութեան, բացի իշխանութիւններից որեւէ մէկը չի կարող հաւատալ եւ ժողովրդավարութեան ընկալումն էլ այնպիսին չէ, ինչպէս ներկայացւում է մեր հանրութեանը: Բայց վերջին երկու տարւայ զարգացումները ցոյց են տալիս, որ Հայաստանում կայ հանրութեան բաւական մեծ զանգւած, որը կուրօրէն հաւատում է Նիկոլ Փաշինեանի շուրթերից հնչող ցանկացած խօսքի: Մինչդեռ Ադրբեջանը վերջին մեկուկէս տարում պարբերաբար, մէկը միւսից մեծ մասշտաբային ռազմական զօրավարժութիւններ է անցկացրել, ամէն ինչ արել է պատրաստւելու պատերազմի»,- ասաց քաղաքագէտը:

Նա համոզւած է, միայն մէկ բացատրութիւն կայ, թէ ինչու մինչեւ հիմա Ադրբեջանը պատերազմ չի սկսել՝ հայկական զինւած ուժերի մարտունակութիւնը, պատրաստւածութեան աստիճանը:

Քաղաքագէտը նշեց, որ Ադրբեջանը պատրաստւում է պատերազմի, Հայաստանը չի պատրաստւում պատերազմի, Հայաստանի իշխանութիւնները վաղուց չեն նայում, թէ ինչ է տեղի ունենում շուրջը, Նիկոլ Փաշինեանի հայեացքն ուղղւած է բացառապէս Հայաստանի ներքին զարգացումներին, չունի արտաքին ռիսկերի գնահատման մեխանզիմներ, չկան այդ մարդիկ, չկայ Հայաստանի առջեւ դրւած այդ օրակարգը, չկան այդ ռիսկերին դիմագրաւելու գիտակցութիւն, ցանկութիւն:

Հ. Մելիք-Շահնազարեանի խօսքով, բանակցային գործընթացում միջնորդներն ու միջազգային հանրութիւնը խօսում են մէկ լեզւով, իսկ ՀՀ իշխանութիւններն այդ համագործակցութեան շրջանակներից դուրս է յայտնւել:

«Ըստ էութեան, մեր պետական դիրքորոշումը միջազգային հանրութեանը հակադրւում է: Դրան հասնելու համար Ադրբեջանին շատ մեծ ջանքեր պէտք չեն եղել: Ադրբեջանն օգտւել է նրանից, որ Հայաստանի նոր իշխանութիւնները գաղափար չունէին բանակցային գործընթացի տրամաբանութիւնից, գոյութիւն ունեցող վտանգներից, հնարաւորութիւններից: Առաջին հերթին Ադրբեջանը վերացրել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւններով ստանձնած իր պարտաւորութիւնները՝ այդ ամէնը փոխարինելով վերելակային կարճ, ոտքի վրայ ձեռք բերւած պարտաւորութիւններով»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։