Հա

Քաղաքական

11/01/2020 - 08:40

«Ղարամեանին անհիմն են քննադատել». իրանագէտ

Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արշաւիր Ղարամեանի յայտարարութիւնը իրանցի գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան վերաբերեալ օրեր առաջ օգտագործւել է Իրանում ադրբեջանական ապատեղեկատւութիւնը չէզոքացնելու համար:

«alikonline.ir» - Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արշաւիր Ղարամեանի յայտարարութիւնը իրանցի գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան վերաբերեալ օրեր առաջ օգտագործւել է Իրանում ադրբեջանական ապատեղեկատւութիւնը չէզոքացնելու համար: Այս մասին «Երկրի մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդման տաղաւարում նշել է Իրանից վերադարձած իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Մեր իրանցի գործընկերները, որոնք իրենց երկրում հայ-իրանական յարաբերութիւնների խորացման լոբբինգով են զբաղւում, այդ օրերին ադրբեջանական ապատեղեկատւութիւնը չէզոքացնելու համար Իրանի տեղեկատւական դաշտում տարածում էին հէնց Ղարամեանի յայտարարութեան պարսկերէն թարգմանութիւնը: Մենք պէտք է սովորենք դերաբաշխում իրականացնել, եթէ ցանկանում ենք իրօք հզօր պետութիւն ունենալ»,- նշել է Վարդան Ոսկանեանը։

Յիշեցնենք, որ Ղարամեանը կարծիք էր յայտնել, որ Սոլէյմանին անձնւիրաբար իր պետութեանն ու ժողովրդին է ծառայել, եւ նրա սպանութեան համար վրէժխնդիր լինելն Իրանի համար արժանապատւութեան հարց է: Ղարամեանի այս յայտարարութիւնը քննադատութեան արժանցաւ՝ որակւելով որպէս կողմնակալ եւ իրանամէտ դիրքորոշում՝ Վաշինգտոն-Թեհրան առճակատման պայմաններում: Դրան զուգահեռ իրանական տեղեկատւական դաշտում ադրբեջանական օժանդակութեամբ ապատեղեկատւութիւն էր տարածւել, թէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը գեներալ Սոլէյմանիի սպանութեան կապակցութեամբ շնորհաւորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։