Հա

Քաղաքական

11/01/2020 - 10:30

«Ծիծաղելի եւ անհեթեթ է, երբ ՀՀ ԱԽ քարտուղարը յայտարարում է, որ Հայաստանը կարող է միջնորդ դառնալ Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ»․ Սուրէն Սարգսեան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի ոչ բոլոր անդամներն էին կողմ Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլէյմանիի դէմ իրականացւած օպերացիային։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի ոչ բոլոր անդամներն էին կողմ Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլէյմանիի դէմ իրականացւած օպերացիային։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց միջազգայնագէտ-ամերիկագէտ Սուրէն Սարգսեանը։

Վերջինս նշեց, որ դժւար է ասել, թէ ինչու ԱՄՆ-ն թիրախաւորեց գեներալ Ղասեմ Սոլէյմանիին, յատկապէս, որ վերջինս Նահանգների համար երբեք չի եղել լրջագոյն սպառնալիք։

«Սոլէյմանիի սպանութիւնն Իրանում առաջացրեց ազգային կոնսոլիդացիա։ Եթէ Ամերիկայի նպատակն էր նաեւ Իրանի ներսում սերմանել պառակտիչ գործողութիւններ, ապա սրանով այդ նպատակը տապալւեց, աւելին՝ սրա հետեւանքով գործող իշխանութեան կեանքը երկարեց մօտ 10 տարով», -նշեց Սարգսեանը։

Այժմ ողջ Սիրիայի տարածքում ահաբեկիչները կենտրոնացած են Իդլիբում եւ նախանշաններ կան, որ սիրիական զօրքերը պատրաստ են ներխուժել Իդլիբ, ինչը վկայում է, որ Ամերիկան եւ դաշնակիցները տանուլ տւեցին Սիրիայում որոշիչ դեր խաղալու ընձեռւած հնարաւորութիւնը։ Տարածաշրջանի մէկ այլ երկրում՝ Լիբանանում, մէկ ու կէս ամսւայ լայնածաւալ ցոյցերը, թէեւ յանգեցրին կառավարութեան հրաժարականին, բայց, այնուամենայնիւ երկիրը չգցեցին քաոսային վիճակի մէջ։

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակից Սաուդիան Արաբիան Եմէնի դէմ արիւնալի պատերազմում նոյնպէս չկարողացան չեզոքացնել Իրանի դաշնակիցներին, աւելին՝ եմէնցիները հակահարւած հասցրին Սաուդիան Արաբիայի նաւթատարներին։ ԱՄՆ-ն ու Իսրայէլը յաջողութեան չհասան նաեւ Պաղեստինում։

Հարցին՝ արդեռ՞ք այս ամէնի ֆոնին Միացեալ Նահանգները գնաց նման քայլի՝ ցոյց տալու համար, որ ունի ռազմական ներկայութիւն եւ կարեւոր նշանակութիւն Մերձաւոր Արեւելքում, Սուրէն Սարգսեանը պատասխանեց՝ Ամերիկայի համար Մերձաւոր Արեւելքը կարեւոր տարածաշրջան է, իսկ ԱՄՆ-ի ցանկացած քայլ ունի իր ռազմավարութիւնը, նպատակներն ու ուսումնասիրութիւնները, հետեւաբար, պատահական ոչինչ տեղի չի ունենում։ 

Անդրադառնալով հարցին, թէ ստեղծւած իրավիճակը ինչ վտանգներ կարող է ներկայացնել Հարաւային Կովկասի, մասնաւորապէս Հայաստանի համար՝ Սուրէն Սարգսեանը նշեց, որ Իրանի նկատմամբ Միացեալ Նահանգների պատժամիջոցները կարող են լուրջ հարւած հասցնել Հայաստանի տնտեսութեանը, քանի որ մեր երկիրը տնտեսական սերտ կապեր ունի Իրանի հետ։

Դիտարկմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապէս յայտարարում է, որ Ամերիկայի պատժամիջոցները չպէտք է ազդեն երրորդ երկրների վրայ, Սուրէն Սարգսեանը պատասխանեց՝ այս պարագայում Հայաստանի իշխանութիւնները պէտք է հաշւարկ ունենան, թէ ԱՄՆ պատժամիջոցներն ինչպէս են ազդում մեր երկրի տնտեսութեան վրայ եւ ներկայացնեն Միացեալ Նահանգներին․

«Ցաւոք, նման որեւէ հաշւարկ չի եղել։ Կարծում եմ՝ սա մեր բացթողումներից է»։

Խօսելով ստեղծւծ իրավիճակի վերաբերեալ պաշտօնական Երեւանի արձագանքի մասին՝ միջազգայնագէտը նկատեց, որ Հայաստանի Հանրապետութեան յայտարարութիւնը չեզոք էր․

«Այդպէս էլ պէտք է լինէր, քանի որ ո՛չ այս կողմին, ո՛չ միւս կողմին չէինք կարող պաշտպանել։ Ինքս էլ նկատեցի, որ Հայաստանի արտգործնախարարութիւնը փորձում է խուսափել սպանութիւն բառից, թէպետ թէ իրանական, թէ՛ ամերիկեան կողմն ազատօրէն օգտագործում են սպանութիւն բառը։ Ինձ համար ծիծաղելի եւ անհեթեթ էր ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի յայտարարութիւնը, թէ Հայաստանը կարող է միջնորդ լինել երկու պետութիւնների միջեւ: Շատ ծիծաղելի է, որովհետեւ նման պատրաստակամութիւն յայտնել են այնպիսի գերտէրութիւններ, ինչպիսիք Գերմանիան, Թուրքիան եւ Ռուսաստանն են»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։