Հա

Քաղաքական

14/01/2020 - 10:40

«Որեւէ մակարդակում չկայ քննարկում Իրանի շուրջ զարգացումներում Հայաստանի հեռագնայ ծրագրերի մասին»․ Վարդան Ոսկանեան

Պէտք է փորձենք դուրս գալ մեզանում, ցաւօք սրտի, տարածւած եւ մեր ուղեղները խժռող կենցաղային հակասութիւններից, թող ներւի ասել՝ գզւռտոցից եւ կարողանանք գոնէ հասարակական կամ մշակութային մակարդակում ձեւաւորել լուրջ խոսոյթ մեր պետութեան ապագայի վերաբերեալ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան  ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարւած յարաբերութիւններից մեր երկրին սպառնացող վտանգներին։

«alikonline.ir» - Պէտք է փորձենք դուրս գալ մեզանում, ցաւօք սրտի, տարածւած եւ մեր ուղեղները խժռող կենցաղային հակասութիւններից, թող ներւի ասել՝ գզւռտոցից եւ կարողանանք գոնէ հասարակական կամ մշակութային մակարդակում ձեւաւորել լուրջ խոսոյթ մեր պետութեան ապագայի վերաբերեալ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան  ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարւած յարաբերութիւններից մեր երկրին սպառնացող վտանգներին։

Հասկանալու համար, թէ ինչ վտանգներ եւ մարտահրաւէրներ կան Հայաստանի համար, նրա համազմամբ, պէտք է ունենանք Հայաստանի տեսլականը՝ ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում տեսնել, այնինչ դա չկայ։

«Որեւէ մէկը, ցաւօք սրտի, այդ հարցի պատասխանը չի կարող տալ, որովհետեւ մենք չենք էլ ունեցել քննարկում այդ խնդրի վերաբերեալ՝ հասարակական, քաղաքական, մշակութային մակարդակում։ Որեւէ մակարդակում չկայ խօսոյթ Հայաստանի տեսլականի, Հայաստանի հեռագնայ ծրագրերի մասին։ Հետեւաբար, եթէ մենք չունենք տեսլական, եթէ մենք չունենք ծրագիր, շատ դժւար է լինելու գնահատել մեր առջեւ ծառացող վտանգները կամ մարտահրաւէրները եւ դրանց լուծումները»,- ասաց նա։

Հեռագնայ ծրագրերը, նրա խօսքով, պէտք է բխեն Հայաստանի՝ մեր ունեցած տեսլականից։

«Հակառակ պարագայում կենցաղային մակարդակի խօսոյթները մեզ հնարաւորութիւն չեն տա ունենալու մեր պետութեան լուրջ ծրագիր, որը պարբերաբար մեզ համար ստեղծելու է մարտահրաւէրներ ոչ միայն Իրանի հետ կապւած զարգացումներում, այլեւ ընդհանրապէս աշխարհում»,- ասաց նա։  

Մինչդեռ Մերձաւոր Արեւելքը նաեւ Հայաստանին հարող, Հայատանի հարեւան տարածաշրջան է, ընդգծեց նա, նոյնիսկ համարելով, որ մենք էլ Մերձաւոր Արեւելքի մի մասն ենք։

Իրանի զինուժի կողմից ուկրայինական «Բոինգի» խոցումը, նրա գնահատմամբ, ցաւալի պատահականութիւն էր, որովհետեւ մինչեւ այդ միջադէպը Իրանը գրանցում էր զգալի յաջողութիւններ։

Հակակառավարական ցոյցերի ժամանակ բերման ենթարկւեց Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ինչին կոշտ արձագանքեց Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը։ Վարդան Ոսկանեանի դիտարկմամբ՝ միայն յատուկ ծառայութիւնները կարող են պատասխանել՝ արդեօք դեսպանը ցոյցի՞ն էր մասնակցում, թէ՞, ինչպէս ինքն է պնդում, գնացել էր յարգանքի տուրք մատուցելու զոհւածների յիշատակին։

«Այդուհանդերձ, յարգանքի տուրք մատուցելու գործողութեան ընթացքում հնչել են հակակառավարական լոզունգներ եւ, բնական է, որ Իրան պետութիւնը պէտք է արձագանքեր։ Անշուշտ դա նոյնպէս լարւածութիւն է ստեղծում Իրան-Մեծ Բրիտոնիա յարաբերութիւններում»,- ասաց նա։

Վարդան Ոսկանեանը նկատեց, որ Իրանի շուրջ եւ Իրանից ներս տեղեկատւական պատերազմ է ընթանում, սա հաշւի առնելով են կասկածները, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը մասնակցել է հակակառավարական ցոյցին։ Բացի այդ, Իրանի հասարակութեան շատ շերտեր միանշանակ չեն մօտենում Իրանում Մեծ Բրիտանիայի պատմական եւ այժմեան ներկայութեանը։

«Պատմականորեն էլ բրիտոնացիները չափազանց բացասական դեր են խաղացել Իրանի քաղաքական համակարգում։ Յիշենք միայն այն, որ նաեւ Մեծ Բրիտանիայի խոշոր միջամտութեան հետեւանքով Իրանի ազգային առաջնորդը՝ վարչապետ Մոհամմադ Մոսադդեղը, որը ազգային գաղափարների եւ Իրանի ժողովրդավարական տենչերի մարնաւորումն էր, հեռացւեց իշխանութիւնից»,- ասաց իրանագէտը՝ յիշեցնելով նաեւ Մեծ Բրիտանիայի գաղութատիրական դերակատարութիւնը տարածաշրջանում։

Հետեւաբար, նրա խօսքով, նոյնիսկ Իրանի հասարակ քաղաքացիների շրջանում գրեթէ ցանկացած երեւոյթ կապւում է բրիտանական դաւադիր գործողութեան հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերէն գրառմամբ աջակցութիւն յայտնեց Իրանի հակակառավարական ցոյցի մասնակիցներին։ Վարդան Ոսկանեանի համար ակնյայտ է, որ գործ ունենք քաղաքական գործչի հետ, որը փորձում է օգտւել իրավիճակից իր պետութեան համար շահաւէտ պտուղներ քաղելու համար։

«Սա առաջին դէպքը չէ, որ Թրամփը թւիթ է կատարում պարսկերէնով։ Նախագահ Թրամփի հիմնական նպատակը ԱՄՆ-ի բարգաւաճումն է եւ չեմ կարծում, թէ խիստ մտահոգւած է սովորական իրանցիների բարգաւաճմամբ կամ ժողովրդավարական ապագայով։ Մանաւանդ որ պատժամիջոցներից տուժում են հէնց նոյն այդ մարդիկ։ Պատժամիջոցների հետեւանք էր, որ Իրանում ստիպւած եղան բենզինի գները բարձրացնել, պատժամիջոցների հետեւանքով Իրանում հասարակ մարդիկ ստիպւած եղան զգալ տնտեսական դժւարութիւնների բացասական հետեւանքները։ Հետեւաբար, միամտութիւն կը լինի կարծել, որ նախագահ Թրամփը մտածում է ոչ թէ սեփական շահերի, այլ որեւէ այլ պետութեան ժողովրդի բարեկեցութեան մասին»,-ասաց իրանագէտը։

Իրաքից ամերիկեան ռազմաբազաներն դուրս չբերելը Վարդան Ոսկանեանը չի շտապում ԱՄՆ-ի յաղթանակ գրանցել։ Նկատում է, որ Իրաքի խորհրդարանը առաջին անգամ որոշում ընդունեց, որ այդ ռազմակայանները պէտք է դուրս բերւեն։

ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրութիւններից, Ոսկանեանի խօսքով, իրանցիներն սպասում են, որ Թրամփը կարող է պարտութիւն կրել եւ իրենց քաղաքականութիւնը կառուցում են նաեւ այդ սցենարը հաշւի առնելով։

Իրանը խորհրդարանական ընտրութիւնների շեմին է, որը եւս ազդում է պետութեան արտաքին քաղաքականութեան վրայ։

Իրանագէտը յիշեցնում է, որ լարւածութեան ներկայ վիճակը սկսւեց, երբ ԱՄՆ-ը դուրս եկաւ Միջուկային համաձայնագրից եւ անհրաժեշտ ու տրամաբանական է համարում, որ երկու պետութիւնները վերադառնան Միջուկային համաձայնագրին։

Ղասեմ Սոլէյմանիի սպանութեամբ ստեղծւած լարւածութեան սրացման կիզակէտը Վարդան Ոսկանեանը յետեւում է համարում, բայց զգուշացնում է, որ այն շիկացած մթնոլորտը, որը տիրում է Մերձաւոր Արեւելքում եւ, մասնաւորապէս, Իրանի շուրջ, յղի է վտանգեներով իւրաքանչիւր վայրկեան, մանաւանդ որ, այս տարածաշրջանում կուտակւած է հսկայական սպառազինութիւն եւ մարդուժ։

«Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանը ենթարկւել է պարբերական միջամտութիւնների, փորձ է կատարւել պետութիւնները ներսից պայթեցնել։ Որեւէ մէկը կարո՞ղ է ասել Սիրիայի համար պատասխանատւութիւն ո՞վ պէտք է կրի։ Բաշշար Ասադին հռչակում էին դիկտատոր, բայց ո՞վ էր այլընտրանքը։ Մենք տեսանք այլընտրանքը՝ ԴԱԷՇ ահաբեկչական կառոյցը, որի համար հազարաւոր մարդկանց կեանքը զրոյական արժէք ունէր։ Միջամտութիւնների արդիւնքում տեսնում ենք, թէ ինչ վիճակում է այժմ Իրաքը՝ քանի հազար խաղաղ բնակիչ է զոհւել։ Լիբիան․ այժմ, կարծում եմ, շատերը երազում են, որ վերադառնայ նախկին ռեժիմը, որովհետեւ ամէն օր մարդ է զոհւում։ Պէտք է նկատի ունենանք, որ Մերձաւոր Արեւելքը չափազանց զգայուն եւ վտանգաւոր տարածաշրջան է, որտեղ կառավարելի քաոսներ ստեղծելը անհնար է»,- ասաց Վարդան Ոսկանեանը։

Նա զգուշացրեց, որ եթէ որեւէ պետութիւն Մերձաւոր Արեւելքում ձգտի կառավարելի քաոսի, ապա կը ստանայ անկառավարելի քաոս, որի արդիւնքում կարող են յարձակման ենթարկւել նրա դեսպանատները, որի արդիւնքում կարող են հրթիռակոծւել նրա ռազմակայանները, որի արդիւնքում կարող են, ցաւօք սրտի, զոհւել խաղաղ բնակիչներ։

«Ամենակարեւորը այդ խաղաղ բնակիչների կեանքն է․ որեւէ մէկը չի մտածում այդ մարդկանց մասին, բոլորը հետապնդում են քաղաքական շահեր։ Դրա համար պէտք է դուրս գանք քաղաքագիտական կլիշէներից եւ մտածենք Մերձաւոր Արեւելքի ճակատագրի մասին»,- ասաց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։