Հա

Քաղաքական

15/01/2020 - 14:20

«Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին

Միհրան Յակոբեանն իր ֆէյսբուքեան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.

«alikonline.ir» - Միհրան Յակոբեանն իր ֆէյսբուքեան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.

«Յարգելի Arsinée Khanjian,

Բաւականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չէք երեւացել: Մինչդեռ ժողովրդական, թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութիւնն իր պտուղներ է տալիս, որը սրտի դառը կսկիծով ստիպւած առանց Ձեզ ենք վայելում: Անշուշտ, Հայաստանում անձամբ Ձեր կողմից իշխանութեան բերւած ժողովրդի վարչապետի տնտեսական յեղափոխութիւնը նոյնպէս բարձրունքներ է նւաճում: Երեւի գիտէք, թէ ինչպէս է Հայաստանի տնտեսութիւնը ստախանովեան տեմպերով աճում եւ բարգաւաճում: Ճիշտ է, հիմա Հայաստանում մեծ խառնակչութեան օրեր չեն, ոչ էլ Երեւանի կենտրոնում մարդ են սպանում, բայց յանուն յեղափոխութեան արժէքների վերջնական հաստատման` ճիշտ կը լինէր, որ Ձեր յայտնի տեսախցիկը վերցնէիք եւ գայիք Հայաստանում ֆիլմ նկարելու:

Հաւատացէք, Հայաստանի եւ Սփիւռքի, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան համար շատ հետաքրիր եւ ուսուցողական կը լինէր, եթէ ֆիլմ նկարէիք «նոր» Հայաստանում կոռուպցիայի դէմ պայքարի մասին: Ֆիլմը կարող էք վերնագրել` «Կոռուպցիայի վախճանը. օրինակ ողջ աշխարհի համար»: Յուշէմ սցենարը. Րաֆֆի անունով ոմն սփիւռքահայ հայրենադարձւել է, եւ Ձեր իրականացրած թաւշեայ, ժողովրդական, ոչ բռնի յեղափոխութիւնից յետոյ, ոգեշնչւելով ժողովրդի վարչապետի տնտեսական յեղափոխութեան կոչերով, Արդարադատութեան նախարարի հետ «TR LAW FIRM» անունով իրաւաբանական ծառայութիւններ մատուցող բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ: Բիզնեսի հիմնադրման պահին նախարարի կինը, լինելով այդ բիզնեսի ղեկավարը, նաեւ պետական աշխատող է եղել: Սցենարային ինտրիգը պահպանելու համար կարող էք առանձին դրւագով անդրադառնալ փաստին, որ Րաֆֆին բիզնեսը հիմնադրել է նախարարի կնոջ հետ, յետոյ որոշել է, որ նախարարի հետ բիզնես ստեղծելու գործում պէտք է պարիտետը պահպանել եւ նախարարի օրինակով իր մասնաբաժինը ձեւակերպել է կնոջ անունով: Այո, կոռուպցիայի դէմ պայքարի աւելի լաւ օրինակ ժամանակակից աշխարհում դժւար թէ կարողանաք գտնել:

Որպէսզի սցենարն աւելի դիտարժան լինի, կարող էք նաեւ համեմատականներ անցկացնել նախկին չար ու նախանձ, կոռումպացւած իշխանութեան հետ: Հայրենադարձ Րաֆֆին նախկիններին կը մեղադրի հնարաւոր բոլոր մեղքերում եւ ֆիլմում հաստատ կը բարեհաճի պատմել, թէ ինչպէս է թաւշեայ, ժողովրդական, ոչ բռնի յեղափոխութիւնից առաջ Հայաստանում եղել մի քանի ընկերութիւնների հիմնադիր եւ տնօրէն: Նախկին չար ու նախանձ ռեժիմի օրերի մասին կը բարեհաճի հրապարակային ցուցմունք տալ, թէ ում եւ ինչքան է կաշառք տւել, որ իր բիզնեսները չխլեն կամ իրեն չխանգարեն: Հաւանաբար կը խօսի նաեւ հանրահռչակ 50 տոկոսների մասին` անշուշտ անուններ հնչեցնելով: Ֆիլմում Րաֆֆին կը բացատրի նաեւ, թէ ինչպէ՞ս է ստացւել, որ նախկին չար ու նախանձ իշխանութեան տարիներին այսօրւայ յեղափոխական փոխվարչապետը չրերի բիզնեսով էր զբաղւում ու կառավարութիւնից արտօնեալ վարկեր ստանում, յայտնի երաժիշտ ու համատեղութեան կարգով յեղափոխական կառավարութեան աշխատակազմի ղեկավարի ռեստորանային եւ էլեկտրոտեխնիկայի առեւտրի բիզնեսները ծաղկում ու բարգաւաճում էին, մինչդեռ այդ տարիներին պետական բարձրաստիճան պաշտօնեաներ կային, որ զրօ առնչութիւն են ունեցել բիզնեսի հետ: Կարծում եմ, հետաքրքիր համեմատականներ կը ստացւի՝ ֆիլմը դիտողին հնարաւորութիւն ընձեռելով եզրակացութիւններ անել, թէ իրականում ովքեր են միշտ մօտ եղել ժողովրդի վարչապետի բառապաշարով ասած՝ «լափամանին»:

Ֆիլմը կարող էք եզրափակել Ձեզ հերթական անգամ ՀՀ անձնագիր շնորհելու բանկետի էպիզոդով, որտեղ Ձեր ուրախութիւնը Ձեզ հետ միասին կիսում է նաեւ հայրենադարձ Րաֆֆին: Միայն մէկ խնդրանք. որպէսզի շփոթմունք չառաջանայ, ֆիլմում անպայման նշէք, թէ սա Ձեր ՀՀ անձնագիր ստանալու որերո՞րդ դէպքն է, եւ կոնկրետ ու՞մ շնորհած անձնագիրն էք «թրջում»` նախագահ Ռոբերտ Քոչարեանի՞, թէ՞ ժողովրդի վարչապետի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։