Հա

Քաղաքական

16/01/2020 - 08:20

Արցախի Հանրապետութեան ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլեանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

Յունւարի 15-ին կայացել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ արտաքին քաղաքական գերատեսչութեան 2019 թ. գործունէութեան վերաբերեալ։

Յունւարի 15-ին կայացել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ արտաքին քաղաքական գերատեսչութեան 2019 թ. գործունէութեան վերաբերեալ։

Ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլեանը ներկայացրել է հաշւետու ժամանակաշրջանում արտաքին քաղաքական ոլորտում իրականացւած աշխատանքը՝ ուղղւած Արցախի անկախութեան միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը, Արցախի անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարէզում Արցախի շահերից բխող նախաձեռնութիւնների իրականացմանը:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի արտաքին քաղաքականութեան անկիւնաքարն են հանդիսանում Արցախի միջազգային ճանաչման եւ միջազգային համագործակցութեան շրջանակների ընդլայնումը, Արցախի եւ այլ պետութիւնների միջեւ փոխգործակցութեան ու բարեկամական կապերի ամրապնդումը եւ խաղաղ կարգաւորման գործընթացում հանրապետութեան ներգրաււածութեան ընդլայնումը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքական գերատեսչութեան հիմնական ջանքերն ուղղւած են եղել այս գործընթացներում յաջողութիւն ապահովելուն:

Անդրադառնալով առաջադրւած նպատակների իրականացմանը՝ Մասիս Մայիլեանը նշել է, որ տարին բաւականին արդիւնաւէտ էր. ոչ միայն շարունակւել են ջանքերը՝ ուղղւած Արցախի առկայ միջազգային կապերի ամրապնդմանը, այլեւ քայլեր են ձեռնարկւել՝ ընդլայնելու Արցախի միջազգային համագործակցութեան աշխարհագրութիւնը։ Այսպիսով, կայացել են Արցախի պատւիրակութեան աշխատանքային այցերն Ուրուգւայ, Արգենտինա, Աւստրալիա, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա եւ Եգիպտոս, որոնց շրջանակներում տեղի են ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավարի հանդիպումները տւեալ պետութիւնների քաղաքական, հասարակական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների արդիւնքում ձեռք են բերւել համագործակցութեան զարգացման վերաբերեալ պայմանաւորւածութիւններ: Այցերի շրջանակներում կայացել են նաեւ աւանդական դարձած հանդիպումներ սփիւռքի հայկական կազմակերպութիւնների հետ:

Արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի եւ տարբեր երկրների վարչատարածքային միաւորների միջեւ ապակենտրոնացւած համագործակցութեան ընդլայնմանն ուղղւած ջանքերի շարունակականութիւնը: Այս կապակցութեամբ Մասիս Մայիլեանը նշել է, մասնաւորապէս, Ստեփանակերտի եւ Աւստրալիայի Ռայդ քաղաքի միջեւ բարեկամական յարաբերութիւնների հաստատման մասին բանաձեւի ընդունումը՝ Արցախի պատւիրակութեան Աւստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին: Աւստրալիայում ստեղծւել է Արցախի հետ Բարեկամութեան շրջանակ, որին անդամակցում են Դաշնային խորհրդարանի պատգամաւորներ եւ սենատորներ, նախարարներ, ինչպէս նաեւ Նոր Հարաւային Վելզ նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին եւ ստորին պալատի խօսնակները, գիտնականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ եւ մշակոյթի գործիչներ։ Բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման շարունակութեան մասին են վկայում նաեւ 2019 թւականի սեպտեմբերին Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրւած Բարեկամութեան հռչակագիրը, ինչպէս նաեւ 2019 թւականի հոկտեմբերին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլեանի եւ Ֆրանսիայի Օւերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիէի կողմից ստորագրւած համատեղ հռչակագիրը:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած տարւայ գլխաւոր քաղաքական իրադարձութեան` «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» Արցախի բարեկամների համաժողովի կարեւորոթիւնը, որը կազմակերպւել էր Արցախի Հանրապետութեան ԱԳՆ եւ ՀՅԴ կողմից: Համաժողովին մասնակցել են խորհրդարանական բարեկամութեան խմբերի եւ շրջանակների, քոյր քաղաքների, ինչպէս նաեւ Արցախի անկախութիւնը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող տարբեր երկրների վարչատարածքային միաւորների ներկայացուցիչներ. ընդհանուր առմամբ` շուրջ 30 երկրներից 150-ից աւելի ներկայացուցիչներ: Համաժողովի արդիւնքներով միջոցառման մասնակիցներն ընդունել են հռչակագիր, որում կոչ են արել միջազգային հանրութեանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդավարութեան առաջմղմանը, ինչպէս նաեւ տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդմանն ուղղւած միջազգային համագործակցութեանը Արցախի լիարժէք մասնակցութեան խոչընդոտները վերացնելու նպատակով: Համաժողովի շրջանակներում որոշում է կայացւել նաեւ ստեղծել Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրօ Արցախ»՝ միջազգային հարթակում Արցախի մասին իրազեկւածութիւնը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրաւմանն աջակցելու նպատակով։

Մասիս Մայիլեանը յայտնել է, որ միջազգային կառոյցներում Արցախի ԱԳՆ գործունէութիւնը հասնում է նոր մակարդակի. մասնաւորապէս՝ արցախեան կողմը սկսել է, առաջին հերթին` մարդու իրաւունքների ոլորտին առնչւող միջազգային համաձայնագրերի դրոյթների իրականացման վերաբերեալ ազգային զեկոյցներ ներկայացնելու գործընթաց: Այսպիսով, առաջին անգամ Արցախը Միաւորւած ազգերի կազմակերպութիւնում որպէս պաշտօնական փաստաթուղթ տարածել է «Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին» միջազգային դաշնագրի դրոյթների իրականացման վերաբերեալ պարբերական զեկոյցը: Մեկնարկել են «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների մասին» միջազգային դաշնագրի դրոյթների կատարման վերաբերեալ զեկոյցի մշակման աշխատանքները: Այս գործընթացի շրջանակներում Արցախի Հանրապետութիւնը ծրագրում է միանալ մարդու իրաւունքների մասին միջազգային առանցքային կոնւենցիաներին։ Արցախը նաեւ ընդլայնում է իր ներգրաււածութիւնը գլոբալ խնդիրների եւ միտումների քննարկման գործընթացներում: Հէնց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Արցախի միանալը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգին», որի շրջանակներում Արցախում ստեղծւել է Կայուն զարգացման ազգային խորհուրդ, նախապատրաստւել եւ ՄԱԿ է ներկայացւել կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ ազգային զեկոյցը:

Արցախի ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին՝ նշելով, որ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրաււածութեան ընդլայնման եւ հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ բանակցութիւնների հետ կապւած գործընթացները ընթանում են զուգահեռ: Միեւնոյն ժամանակ, նա ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղւած նախաձեռնութիւնները եւ արձանագրւած յաջողութիւնները ոչ միայն թոյլ կը տան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլեւ կը նպաստեն Արցախի անվտանգութեան եւ տարածաշրջանային կայունութեան մակարդակի բարձրացմանը: Մասիս Մայիլեանը շեշտել է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու եւ հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժէք եռակողմ ձեւաչափը՝ պաշտօնական Ստեփանակերտի լիիրաւ մասնակցութեամբ:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը հիմնականում ուղղւած էր տարածաշրջանում կայունութեան ապահւմանը: Նշւել է, որ ընդհանուր առմամբ, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանին պահպանւել է հրադադարի ռեժիմը: Ընդգծելով պատերազմի հեռանկարները բացառելու եւ հակամարտութեան գօտում կայունութիւն ապահովելու կարեւորութիւնը` Մասիս Մայիլեանը նշել է, որ Արցախի իշխանութիւնները շարունակել են աջակցել ԵԱՀԿ առաքելութեան կողմից հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկումների պարբերական անցկացմանը: Արտգործնախարարը յաւելել է, որ տարւայ ընթացքում հակամարտութեան կողմերի միջեւ համաձայնեցւել եւ իրականացւել են վստահութեան ամրապնդմանն ուղղւած մի շարք միջոցառումներ՝ միտւած խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մասիս Մայիլեանը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչակի հետ հանդիպման կարեւորութիւնը, որի ընթացքում Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է հանրապետութեան դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ: Արտաքին գործերի նախարարութեան աջակցութեամբ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միութեան ղեկավար Սարասար Սարեանին հնարաւորութիւն է ընձեռւել ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնելու Արցախում փախստականների խնդրի հետ կապւած իրավիճակը: Նախարարը նաեւ նշել է, որ տարւայ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ այցելել են Ստեփանակերտ, հանդիպումներ ունեցել Արցախի նախագահի, ինչպէս նաեւ ԱԳՆ ղեկավարի եւ պաշտպանութեան նախարարի հետ:

Մասիս Մայիլեանն ընդգծել է, որ 2019 թ. լրացել է ադրբեջան-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում կարեւորագոյն փաստաթղթի՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրւած Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամեակը, որը թոյլ է տւել հակամարտութեան լուծումը տեղափոխել դիւանագիտական դաշտ: Այս կապակցութեամբ մայիսի 10-ին Արցախի Հանրապետութեան ԱԳՆ նախաձեռնութեամբ Ստեփանակերտում կազմակերպւել է խորհրդաժողով, որին մասնակցել են քաղաքական եւ հասարակական գործիչներ Արցախից, Հայաստանի Հանրապետութիւնից եւ Ռուսաստանից: Խորհրդաժողովին որպւս յատուկ հիւր մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլեանը մատնանշել է Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնների միջեւ համագործակցութեան բարձր մակարդակը, ինչը Ստեփանակերտին թոյլ է տալիս Երեւանի գործընկերներին ներկայացնել Արցախի դիրքորոշումը համահայկական օրակարգի այս կամ այն առանցքային ասպեկտների, ինչպէս նաեւ խաղաղ գործընթացին առնչւող հարցերի շուրջ: Այս համատեքստում Մասիս Մայիլեանը կարեւորել է յուլիսի 5-ին Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնների միջեւ 2019-2020 թթ. խորհրդատւութիւնների պլանի ստորագրումը, ինչը թոյլ է տալիս երկու արտաքին քաղաքական գերատեսչութիւններին խորացնել համագործակցութիւնը ինստիտուցիոնալ մակարդակում:

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին գործերի նախարարութեան նախաձեռնութեամբ վերանայւել է օտարերկրեայ զբօսաշրջիկներին մուտքի արտօնագրերի տրամադրման կարգը: Այս քայլը՝ Արցախում կազմակերպւած եւ անցկացւած համազգային եւ միջազգային քաղաքական, մարզական եւ մշակութային միջոցառումների հետ մէկտեղ, որոնցից են, մասնաւորապէս, Արցախի բարեկամների համաժողովը, Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եւրոպայի առաջնութիւնը, Համահայկական խաղերը, թոյլ են տւել արձանագրել Արցախ այցելած օտարերկրեայ քաղաքացիների թւի ռեկորդային աճ։ 2019 թւականին նախորդ տարւայ համեմատ աճը կազմել է շուրջ 47%։

 

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան

տեղեկատւութեան բաժին

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։