Հա

Քաղաքական

18/01/2020 - 14:10

«Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայութեան հանդէպ իրագործւած ցեղասպանութեան կազմակերպիչներին եւ իրականացնողներին պատասխանատւութեան ենթարկելու հարցում». Աշոտ Ղուլեան

30-ամեայ հեռաւորութիւնից կատարւած ոճրի անցքերն ուսումնասիրելիս մի պարզ ու մարդկային հարց է առաջանում՝ ինչպէ՞ս կարող էր նոյն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկւել մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել. ըստ Yerkir.am-ի՝ այսօր Բաքւի ջարդերի 30-ամեայ տարելիցին նւիրւած՝ Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական յանձնաժողովի համատեղ յատուկ նիստում ելոյթ ունենալիս նշեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը:

«alikonline.ir» - 30-ամեայ հեռաւորութիւնից կատարւած ոճրի անցքերն ուսումնասիրելիս մի պարզ ու մարդկային հարց է առաջանում՝ ինչպէ՞ս կարող էր նոյն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկւել մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել. ըստ Yerkir.am-ի՝ այսօր Բաքւի ջարդերի 30-ամեայ տարելիցին նւիրւած՝ Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական յանձնաժողովի համատեղ յատուկ նիստում ելոյթ ունենալիս նշեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը:

«Պատասխանը մէկն է՝ ստեղծագործ եւ արարող հայը չի սպանել իր մէջ մարդասիրութիւնը, չի լքել իր ժառանգութիւնը՝ ամէն անգամ յաղթահարելով իր ցաւը:

Այն, ինչ տեղի է ունեցել Բաքւում 1990-ին, յանցագործութիւն է մարդկութեան դէմ, կազմակերպւած եւ իրագործւած հարեւան պետութեան իշխանութիւնների կողմից: Մէկ շաբաթ շարունակ Բաքւի հայութիւնն իր բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական եւ այլ հաստատութիւններում ենթարկւել է նւաստացման, խոշտանգումների եւ ջարդի, որի հետեւանքով հարիւրաւորները զոհւել են, իսկ հազարաւորները տեղահանւել ու արտաքսւել:

Այն, որ տեղի ունեցածը կոծկւելու էր հարեւան երկրի իշխանութիւնների կողմից, պարզ էր հէնց սկզբից: Այդ գործողութիւնները մաս էին կազմում 1988-ին ազատութեան համար պայքարի ելած Արցախի հայութեանը ճնշելու ամբողջական քաղաքականութեան, որ դրսեւորւել է 1988-ի փետրւարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, իսկ 1990-ին՝ Բաքւում: Ցաւալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցեալի հանդէպ պատասխանատւութիւնից խուսափելու վարքագիծը, յունւարւան դաժան օրերի սլաքները այլ ուղղութեամբ տանելու եւ իրեն որպէս զոհ ներկայացնելու միջոցով:

Հայատեացութիւնը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականութեան գերակայութիւն՝ արտայայտւելով անգամ կրթութեան, գիտութեան, սպորտի ու մշակոյթի ոլորտներում: Վերջին օրերին մենք ականատես եղանք դրա հերթական դրսեւորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարւեց նույն բեմում հանդէս գալ հայ երգչուհու հետ: Ի՞նչ է սա, եթէ ոչ ուղղորդւած եւ պետականօրէն հովանաւորւող այլատեաց քաղաքականութեան արդիւնք:

Բաքուն միջմշակութային մայրաքաղաք ներկայացնելու յամառ ջանքերի ֆոնին, միաժամանակ խլացւում են հայ եւ այլ ազգերի մշակութային ժառանգութիւն հանդիսացող մշակութային կոթողները: Պատահական չէ, որ 1990-ի ողբերգական օրերի զոհերն էին ոչ միայն հարիւրհազարաւոր հայերը, այլեւ Բաքւում գործող հայկական մշակութային արժէքները, որոնցից Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին հրդեհւել է Բաքւի ջարդերից ընդամենը օրեր առաջ, իսկ հազարաւոր խաչքարեր ու գերեզմաններ ուղղակի ոչնչացւել են:

20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թէպէտ արձանագրւել եւ դատապարտւել է միջազգային հանրութեան կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որեւէ իրաւական պատասխանատւութեան չեն ենթարկւել: Միւս կողմից՝ Ադրբեջանից արտաքսւած եւ Արցախում ապաստան գտած մարդիկ այդպէս էլ միջազգային կարգավիճակ ու աջակցութիւն չեն ստացել, եւ պատերազմի շեմին կանգնած ու սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայրենիքի հետ իր ուսերին էր վերցրել ադրբեջանահայութեանն ընդունելու եւ կենսական պայմաններով ապահովելու պարտականութիւնը:

Արցախի Հանրապետութիւնը մշտապէս բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրութեանը, իրաւապաշտպան կազմակերպութիւններին ու խորհրդարանական կառոյցներին՝ իրաւական գնահատական տալ տեղի ունեցածին եւ կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացւող հայատեաց քաղաքականութիւնը:

Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայութեան հանդէպ իրագործւած ցեղասպանութեան կազմակերպիչներին եւ իրականացնողներին պատասխանատւութեան ենթարկելու հարցում»,- յայտարարեց Աշոտ Ղուլեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։