Հա

Քաղաքական

20/01/2020 - 10:30

Այլընտրանքը պէտք է վերացւի. Փաշինեանը չի հանդուրժի Վանեցեանի ակտիւութիւնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառուցած քաղաքական համակարգը չի հանդուրժի քաղաքական այլընտրանք` ի դէմս ՀՀ ազգային անվտանգութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը։

«alikonline.ir» - ԱԱԾ նախկին տնօրէնի` վերջին շրջանի ակտիւացումից յետոյ, մինչ նրա մուտքը ակտիւ քաղաքականութիւն` իշխանութիւնը որոշել է տարատեսակ միջոցներ կիրառել Վանեցեանի վարկանիշը գցելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառուցած քաղաքական համակարգը չի հանդուրժի քաղաքական այլընտրանք` ի դէմս ՀՀ ազգային անվտանգութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը։

Յունւարի 12-ին Նիկոլ Փաշինեանի դուստրը` Մարիամ Փաշինեանը, Facebook սոցցանցի իր էջում հրապարակել էր «Հայկական ժամանակ» թերթի յօդւածը, որտեղ նշւում է, որ Վանեցեանն է կազմակերպել եւ այժմ էլ շարունակում է մամուլում արշաւը վարչապետի ընտանիքի դէմ։

«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ընտանիքի անդամների, մասնաւորապէս կնոջ` Աննա Յակոբեանի եւ դստեր` Մարիամ Փաշինեանի դէմ քարոզչական արշաւը համակարգւում եւ կառավարւում է ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի կողմից, որին էլ աջակցում է «Վստրեչի ապէր» մականունով յայտնի հեղինակութիւն Արամ Վարդանեանը:

Աւելի ուշ Վանեցեանն Instagram-ի իր էջում յայտարարել էր, որ ընտանիքն իր համար սրբութիւն է, իսկ միւսներին վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերն անընդունելի են։ Վերջում ԱԱԾ նախկին տնօրէնը յայտնել էր, որ յօդւածն անպատասխան չի մնայ, դրանով արդէն զբաղւում են իր փաստաբանները։

Թերթի վարկածի համաձայն՝ հիմա, երբ Վանեցեանն այլեւ չի գլխաւորում ԱԱԾ-ն, նրան վարչապետի ընտանիքի դէմ քարոզարշաւի հարցում օգնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի փեսայ Միքայէլ Մինասեանն ու ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելեանը։ «Ֆէյքերի» բանակի օգնութեամբ նրանք իբր թէ փորձում են վարկաբեկել վարչապետին ու իշխանափոխութեան երկարաժամկէտ խնդիր են դնում։

Արմէն Բադալեանը նշեց, որ ԱԱԾ տնօրէնի պաշտօնից հեռանալու մասին` Վանեցեանի ոչ միանշանակ յայտարարութիւնից յետոյ նա քաղաքական դաշտում է գտնւում, թէեւ` համեմատաբար պասիւ դիրքում։

«Քաղաքականութեան մէջ մտնելու համար բաւական չէ միայն յայտարարութիւններ անել։ Դա բարդ գործընթաց է, որը պահանջում է անհրաժեշտ պայմաններ, բարենպաստ հանգամանքներ։ Նախկինում հաւաքած կապիտալը կարող է շատ հեշտ ցրւել ու յետոյ անհնար կը լինի հաւաքել այն»,- նշեց Բադալեանը։

Քաղաքական «շոուի» տարբերակը Վանեցեանի դէպքում չի գործում, այդ միջոցը հակացուցւած է նրան։ Ամէն գործիչ իր կերպարն ունի, որը հասկանալի է նրան համակրող մարդկանց համար։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ հանրութիւնը կտրուկ սկսել է քննադատել Վանեցեանին, ապա դա ԶԼՄ-ներում ու սոցցանցերում վերջերս դրսեւորւած ակտիւութիւնն է խթանել այդ արձագանքը։ Քաղտեխնոլոգը նշում է, որ հնարաւոր խորը պատճառները թաքնւած են սուպերվարչապետական համակարգում, որը ստեղծել է նախկին իշխանութիւնը։

Այդ ինստիտուտը նպաստում է միահեծան իշխանութեան ձեւաւորման։ Փաշինեանն այժմ այդ ճանապարհով է գնում։

«Միահեծան իշխանութեան համակարգը որոշակի կանոններ ունի. այն այլընտրանք չի հանդուրժում։ Այսօր բոլոր կառոյցներն այդ համակարգին են ենթարկւում (նոյնիսկ համեմատաբար փոքր կառոյցները, օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու Հանրային խորհուրդը)»,- նշեց Բադալեանը։

Այժմ իշխանութիւնը մտադիր է վերացնել Սահմանադրական դատարանի անկախութիւնը որպէս ինստիտուտի, ու Վանեցեանի անկախութիւնը որպէս քաղաքական գործչի։

Դրանից յետոյ կը մնան եւս երեք ինստիտուտ՝ Արցախի իշխանութեան համակարգը, Հայ Առաքելական Եկեղեցին ու ԶԼՄ-ները։

«Հէնց այդ պատճառով է հիմա այդպիսի յարձակում իրականացւում Վանեցեանի ու ՍԴ-ի նկատմամբ»,- ասաց Բադալեանը։

Օգտագործւում է նաեւ կոմպրոմատների տեխնոլոգիան։ Փաշինեանի դստեր յայտարարութիւնը պէտք է «իջեցնէր» Վանեցեանի ակտիւութեան մակարդակը մինչեւ Մարիամի հետ երկխօսութեան մակարդակի։ Դա քաղտեխնոլոգիաներում ընդունւած պրակտիկա է, սակայն այն չաշխատեց, քանի որ ԱԱԾ նախկին տնօրէնը պատասխանեց ոչ թէ Մարիամին, այլ Փաշինեանի վերահսկողութեան տակ գտնւող ԶԼՄ-ին։

Չի բացառւում, որ գաղտնալսման գործի շրջանակում Փաշինեանի ՍԴ գնալն ակնարկ էր Վանեցեանին։

Նշենք նաեւ, որ օրերս Քննչական կոմիտէն յայտարարել էր՝ քրէական գործը, որի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինեանին Քննչական կոմիտէ էին կանչել, կապւած էր ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրեանի հեռախօսազրոյցի գաղտնալսման հետ։

Յիշեցնենք` 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում յայտնւած 8 րոպէանոց հեռախօսազրոյցի ընթացքում Վանեցեանն ու Խաչատրեանը քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանքը, ինչպէս նաեւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի եւ ՊՆ նախկին ղեկավար Միքայէլ Յարութիւնեանի դէմ յարուցւած քրէական գործերը։

Վանեցեանը Յատուկ քննչական ծառայութեան ղեկավարին պատմում էր դատաւորի հետ զրոյցի մասին, որին հրահանգ է տրւել ամէն գնով «նստեցնել» Քոչարեանին։ Այնուհետեւ անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարին ոչ մի դէպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները փչացնելու վտանգ կայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։